«Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ ասեմ նրան. Հա՛յր, մեղայ երկնքի եւ քոյ առաջ»:
Մեծ Պահքի երրորդ կիրակին Հայ Եկեղեցու տօնացոյցով կոչւում է «Անառակի կիրակի»: Եկեղեցին մեզ հրաւիրում է խորհրդածելու Ղուկասի աւետարանում պատմուող յայտնի առակի մասին, որը մեզ առատ նիւթ է տալիս անդրադառնալու մեր մեղաւոր ընթացքին եւ Աստուծոյ անհուն ողորմութեանը, որը ստիպում է մեզ վերանայել մեր վարքը` թէ՛ Աստուծոյ եւ թէ՛ մերձաւորի հանդէպ:
Կրտսէր որդին խնդրում է հօրը իրեն տալ ունեցուածքի իր բաժինը, եւ Հայրը բաժանում է իր որդիներին իր ունեցուածքը.գրաբար տէքստում գրուած է.«բաժանեաց նոցա զկեանսն», Ղկ.,15,12, հունարէնը ունի bion, որ նշանակում է կեանք: Այս մարդն իր զաւակներին բաշխեց իր ամբողջ կեանքի վաստակը, իր ձեռքբերումները, այսինքն՝ իր ամբողջ կեանքը: Այս պատկերը մեզ հուշում է մտածել, որ Աստուածս եւս առաւելապէս, որպէս Հայր, մեզնից իւրաքանչիւրին բաժանում է Ի՛ր կեանքը՝ Իր ներկայութիւնը, Իր պատկերն ու նմանութիւնը, հաւիտենութեան սերմը՝ մեր ծննդեան պահից եւ առաւել եւս՝ մկրտութեան աւազանից սկսած: Նա տալիս է մեզ իր շնորհները եւ պարգեւները, որպէսզի մենք պատասխանատւութեամբ եւ երախտագիտութեամբ օգտագործենք եւ բազմապատկենք դրանք: Ամէն մի ծնող նոյնն է կամենում իր զաւակի համար, ուրեմն որքա՛ն եւս առաւել Աստուած կամենում է, որ իր զաւակները պատասխանատւութեամբ օգտագործեն իրենց շնորհուած ազատութիւնը, որ Իր հետ նմանութեան ամենակարեւոր հատկանիշներից է: Սուրբ Պողոսը կորնթացիներին հորդորում է զգոյշ լինել, որ չլինի թէ ի զուր ընդունած լինեն Աստծոյ շնորհը (Բ Կրնթ., 6, 1-2): Այդ կրտսէր որդին ի զուր վատնեց իր հօր նուերը, կամ Աստծոյ շնորհը, ապրեց հորից հեռու, փողի վերածեց ամէն ինչ, ապրեց անառակ կեանքով:
Այսօր մարդկութեան մի ճնշող զանգուած ապրում է Աստծուց հեռու, աւելորդ շռայլութեան, անառակութեան մեջ՝ իրենց աստուածատուր պարգեւները մսխելով՝ միայն աւելի շատ փող ունենալու եւ հաճոյքներին տրուելու համար: Բայց քանի՞սն են իրոք այս առակի կրտսէր որդու նման անդրադառնում, որ իրենք նոյնիսկ խոզերի՛ց էլ վատն են.«ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, եւ ոչ ոք նրան չէր տալիս», 15,16: Նա հասել էր իր անկման վերջնակէտին, հատակին. նոյնիսկ խոզերն աւելի՛ պէտք էին մարդկանց, քան ինքը: Եւ իր թշվառ վիճակին անդրադառնալիս՝ հիշում է այն երանելի վիճակը, ինչից ինքն իրեն զրկեց իր անմտութեան, հեշտասիրութեան պատճառով: Հիշեց, որ կա մի տեղ, ուր ինքը կարող է սիրված, գնահատուած լինել, որտեղ իրեն սպասող կա, որովհետեւ ծնողը միշտ սպասում է իր զաւակին: Նա հիշեց, որ իր հոր ագարակում վարձկաններն անգամ առատ հաց ունեն, իսկ ինքը սովամահ կորչում է: Ինքը, որ զաւակ է եւ ժառանգ, զրկուած է այդ հացից: Այսպէս, քրիստոնեաներ, ովքեր շարունակում են ապրել մեղքի ճահճում, զրկուած են Տիրոջ զօրացուցիչ ներկայութիւնից, որ մեզ տրւում է առաւելապէս Սբ. Պատարագի ժամանակ՝ Տիրոջ Մարմնի եւ Արեան միջոցով, իսկ իրենց եղբայրները, ովքեր գիտակցում են Տիրոջ ագարակում՝ Նրա ներկայութեան մեջ, Նրա խորհրդաւոր Մարմնի մեջ՝ Եկեղեցում ապրելու կարեւորութիւնը, առատ Հաց ունեն, Հացը, որը յաւիտենական կեանք է պարգեւում (Յվհ., 6): Այս վիճակի գիտակցութիւնը կարող է տանել խորագոյն զղջման, ինչպես այս առակի կրտսեր որդուն.
նա հասկացաւ, որ միակ երջանկութիւնը ոչ թէ աշխարհի հաճոյքներն են, այլ՝ հօր մօտ ապրելը.
«Յարուցեալ գնացից առ հայր իմ եւ ասացից զնա.Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի քոյ: Ոչ եւս եմ արժանի կոչել որդի քո, արա զիս իբրեւ զմի ի վարձկանաց քոց»: Գրաբար տեքստը շարունակում է, որ նա յարուցեալ՝ գնաց իր հօր մօտ:
«Յարուցեալ» բառը, իր մեջ աւելի խոր իմաստ ունի, քան «վեր կենալը»՝ աշխարհաբար թարգմանութեան մէջ: Դա անկեալ վիճակից ազատագրուե՛լն է, հաղթե՛լն է սեփական թուլութեանը, հաղթելն է մեղքի գերութեանը, վերածնունդ է, նոր կեանք սկսելն է: Այս նոյն բառն է օգտագործւում մահուան հանդէպ Տիրոջ հաղթանակի համար՝ յարեաւ: Եւ երբ որդին յարուցեալ գնում է հօր մօտ, հայրը նրան տեսնում է՝ «մինչդեռ հեռագոյն էր», մինչ շատ հեռու էր: Նա սպասում էր իր որդու վերադարձին՝ նա՛խքան, որ որդին որոշում առաւ վերադառնալու: Այդպէս էլ Հայրն Աստուած մշտապէս սպասում է իր հեռացած որդիների վերադարձին՝ անկախ նրանից՝ մենք որոշում ենք վերադառնալ իր գիրկը թէ ոչ: Եւ Ղուկասն ասում է, տեսաւ նրան Հայրը եւ գթացաւ, անկաւ զպարանացաւն նորա եւ համբուրեաց զնա: Որքա՛ն մեծ սէր ունի այս հայրը իր զաւակի հանդէպ, որը, սակայն, վատնեց իր ամբողջ ժառանգութիւնը, իր կեանքը, որ ստացաւ Հօրից: Այս Հայրը, սակայն, Աստծոյ կերպարի միայն դժգոյն մի նկարագիրն է. Աստուած շա՛տ աւելի ողորմած Հայր է: Նա շատ աւելի՛ է ուրախանում իր կորուսեալ որդիների վերադարձի համար, քան այս հայրը, որ հրամայեց պարարտ եզը մորթել, փոխել նրա նախկին պատմուճանը, տալ մատանի եւ կօշիկներ, այսինքն՝ վերադարձնել նրա կորսուած արժանապատւութիւնը: Մարդ, Տիրոջ մօտ վերադառնալով, վերականգնում է իր մարդկային արժանապատւութիւնը, իր ազատութիւնը, իր ճշմարիտ տեղը Աստծոյ առաջ եւ մերձաւորի մօտ, արարչագործութեան մէջ, վերագտնում է իր ներքին ներդաշնակութիւնը եւ ներդաշնակութիւնը Աստծո հետ, արարչագործութեան հետ:
Երկորդ կարեւոր կէտը, որ պէտք է անդրադառնանք՝ աւագ որդու դիրքորոշումն է, որ մեզ պէտք է առիթ տա խորհելու, թէ մենք ինչպէս ենք վարւում մեր այն եղբայրների հանդէպ, ովքէր ուզում են վերադառնալ Աստծոյ մօտ: Աւագ որդին նախանձեց այն վերաբերմունքի համար, որ հայրը ցուցաբերեց իր եղբօր հանդէպ, որ հեռացել էր իր հայրական տնից, մինչդեռ ինքը քանի տարի էր ծառայում էր հօրը եւ երբեք, ասաց, պատուիրանները զանց չառաւ, իսկ հայրը մի ուլ իսկ չտուեց նրան: Ուշադրութիւն դարձնենք, որ գրուած է, թէ հայրը, դուրս գալով «աղաչէր զնա»: Մարդկայնօրէն եթէ մտածենք, հայրը չպէտք է սկսեր աղաչել որդուն, որ նախանձում էր եղբօրը, այլ պէտք է մնար իր հայրական դիրքում: Բայց սա Աստծո՛յ կերպարն է, որ երբէք չի դադարում տարբեր միջոցներով համոզել իւրաքանչիւրիս դարձի գալու: Աստծոյ համար մեզ հետ հարաբերութիւններում իւրաքանչիւրիս փրկութիւնը ամենակարեւո՛րն է. Աստուած մարդուն այնքան սիրեց, նոյնիսկ նրա մեղաւոր վիճակում, որ չխնայեց իր Որդուն անգամ, ուրեմն՝ Ինքն Իրեն երբէ՛ք չի խնայի՝ մեզ փրկելու համար:
Հետեւաբար, մենք էլ, եթէ մեզ համարում ենք Քրիստոսի աշակերտները, պարտաւոր ենք Հօր նման ուրախանալ, երբ տեսնում ենք, որ մեր կորուսեալ եղբայրներից, քոյրերից մէկը վերադառնում է Հօր մօտ: Երբ տեսնում ենք, որ մեղաւոր մէկը, դարձի գալով, և Սբ. Պատարագին մասնակցելով հաղորդւում է Տիրոջ Մարմնին եւ Արեանը, կամ արժանանում է նոյն պատուին, ինչ մենք ինքներս, որ տարիներ շարունակ եկեղեցում ենք եղել եւ ջանացել հաւատարիմ մնալ: Չպէտք է արգելք լինենք զղջացող որևէ մէկին, այլ հարկ է, որ աջակցենք, ուրախանանք, յիշելով, որ Աստուա՛ծ է ուրախանում նրա համար: Յիշե՛նք Հօր պատասխանը աւագ որդուն.«Որդեա՛կ դու հանապազ ընդ իս ես, եւ ամենայն որ ինչ իմ է, քո է, այլ ուրախ լինել եւ խնդալ պարտ էր, զի եղբայր քո այս մեռեալ էր եւ եկեաց. կորուսեալ եւ գտաւ»:
Մտածե՛նք հետեւեալ հարցերի շուրջ, որ բնաւ հռետորական չեն:
Արդեօ՞ք մենք ընդունակ ենք առակի հօր նման գրկաբաց ընդունել Տիրոջ մօտ վերադարձող եւ յարուցեալ զաւակներին, վստահել նրանց, օգնել, սիրել, ներել, նոյնիսկ, եթէ հարկ լինի մեր «դիրքը» զոհելու գնով, աղաչել, հորդորել միմեանց, որ սիրենք իրար,
Արդեօ՞ք հասկանում ենք Աստծո ողորմութեան, սիրոյ չափը՝ մեր անձի հանդէպ,
Երախտապարտ ե՞նք արդեօք Տիրոջը եւ համապասխան ձեւով ապրում ենք մեր կեանքը, որպէս Քրիստոսին հաւատացող:
Տ. Յովսէփ քհնյ. Գալստյան
2017թ.