• Արտաքսումն Ադամայ ի դրախտէն, Բ կիրակի քառասնորդաց, քարոզ

    «Եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի», Մտթ., 5:20:


    Մարտի 5-ին, Սբ. Եկեղեցին տօնեց Բ Կիրակի Քառասնորդաց, որ կոչւում է նաև «Արտաքսումն Ադամայ ի դրախտէն»: Անցեալ կիրակի՝ Բուն Բարեկենդանին, տօնեցինք Մուտն Ադամայ ի դրախտն՝ հիշելով այն երանելի վիճակը, որ առաջին մարդիկ վայելում էին դրախտում, նախքան մեղք գործելը: Այս կիրակի հրավիրուած ենք խորհրդածելու այդ երանելի վիճակի կորստեան մասին, որ եղաւ մեղքի պատճառով: Ադամի եւ Եւայի հպարտութիւնը եսասիրութինը, չարի և բարու մասին գիտութեան մեծամիտ փափագը, Աստծուն հաւասարուելու ցանկութիւնը մեղքը բերեցին աշխարհ, մարդս դարձաւ մահկանացու, ամբողջ մարդկութիւնը իր բնութեամբ ժառանգեց այդ նախնական մեղքը՝ իր ապականող հետևանքներով հանդերձ: Բայց Աստծո Ողորմութեան դէմքը՝ Քրիստոս, իր Մահով ու Հարությամբ մեզ մաքրեց այդ մեղքի ժառանգությունից.մեր մկրտութեամբ մենք ազատւում ենք այդ ծանր ժառանգութիւնից, բայց հետևանքները՝ մեր մեղսաւոր հակումները, ապականութիւնը, մահը մնում են և ծնում են այլ մեղքեր, որոնց հիմքը դարձեալ նոյն աղբիւրից է, նոյն կնիքով՝ հպարտութիւն:

    5f2418196ea6978df7285ff354d15d69

    Վարագոյրը, որ այս քառասուն օրերի ընթացքում ծածկում է Սուրբ Խորանի Սեղանը, այլ խոսքով՝ Երկինքը, Դրախտը, Աստծո ներկայութիւնը, մեր մեղաւոր հայացքից, նշանն է մեր մեղքերի, աւելին, մեր խղճի խայթը, այն պատնէ՛շը, որ մարդն իր կամաւոր ընտրութեամբ դրեց եւ դնում է իր և Աստուծոյ միջեւ՝ նախընտրելով երջանկութեան հասնել՝ առանց Աստուծոյ, ապաստանելով սեփական «ես»ին:

     

    Ուստի, սիրելինե՛ր, այս քառասուն օրերին մի առանձնայատուկ պարտաւորութիւն ունենք խղճի քննութիւն կատարելու, որպէսզի մի կողմ թողնենք խաւարի գործերը և արթնանանք մեր հոգեւոր քնից, ինչպես ասում է Սբ. Պօղոսը հռոմեացիներին ուղղված իր թղթում (13:11): Այսօրվա հատուածը նոյն թղթից է.Պօղոսը խոսում է մի շատ կարևոր նիւթի մասին՝ ասելով.

    «…պատրաստէ՛ք ձեր մարմինները՝ որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ.այդ է ձեր բանական պաշտամունքը», 12:1:

    Մարդ, ով բռնել է ապաշխարութեան ուղին, զղջումի ցաւոտ, բայց լուսաւոր ճանապարհը, պարտաւոր է իր մարմինը պատրաստել որպէս մաքուր, անարատ զոհ՝ Տիրոջը ընծայելու համար, ինչպէս այն զատկական անարատ, անպակաս գառը (Ելք, 12), որի արիւնը եղաւ փրկութիւն եգիպտական գերութիւնից եւ եղաւ նախօրինակը Ճշմարիտ Սուրբ Զոհի, որ Յիսուս Քրիստոս Ինքն է՝ Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի (Յվհ., 1:29): Մենք էլ, ուրեմն, Այդ Սուրբ Զոհի Մարմնի ու Արեան շնորհիւ մի թանկագին հնարաւորութիւն ունենք մաքրելու ինքներս մեզ, պատրաստելու մեր մարմինները՝ միանալով այդ Սուրբ Զոհին, որի Խորհրդաւոր Մարմնի անդամներն ենք մենք՝ լուսաւորուելով այդ անսպառ շնորհների աղբիւրից, առանց որի ոչինչ չենք կարող անել (Յվհ.,15:5), սրբուելով Սրբութեան Աղբիւրից:

     

    Որոգինեսի մեկնությամբ, Պօղոսը մեր այդ զոհը «կենդանի է» է կոչում, որովհետև իր մէջ կեանք ունի, այսինքն՝ Քրիստոսին, յիշեցնելով Պօղոսի մէկ այլ խոսքն՝ ուղղված Կորթնացիներին.«Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մէջ» (Բ Կրնթ., 4:10), և անուանում է «սուրբ», որովհետև Սուրբ Հոգին ապրում է մեր մէջ.արդարեւ «Աստուծոյ տաճարն էք դուք»:

     

    Ուրեմն, մշտապես պետք է այն յստակ գիտակցութիւնն ունենանք, որ Աստծո տաճարն ենք, իսկ Տիրոջ բնակատեղին չի կարող լինել ապականուած, մեղքերով աղտեղուած, այլ պիտի լինի սրբուած մի անօթ, բացառապէս աղօթքի՛ վայր: Յիսուսի օրինակով խարազանը պետք է վերցնենք մեր ձեռքը եւ մեր միջից դուրս վռնդենք ամեն աղտեղութիւն, ամեն միտք ու ցանկութիւն, որ խանգարում է բանական կամ ճշմարիտ աստուածապաշտութեանը, ամեն ժամանակաւոր մտայոգութիւն, որ արժանի չէ մեր հաւատքի վսեմութեանը եւ չպէտք է խանգարի մեր խաղաղութիւնը, որը պետք է հիմնենք միայն Յիսուսի վրա՝ որպէս անխախտ Վէմի:

     

    Շարունակելով իր խոսքը՝ Պօղոսն յորդորում է չկերպարանուել այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգուել մտքի նորոգութեամբ՝ քննելով Աստծոյ կամքը: Ուրեմն մտքի նորոգութիւնը հնարաւոր է միայն Աստծոյ կամքի համաձայն մտածելու, մեր մտածողութիւնը Յիսուսի մտածողութեամբ կառուցելու, Նրա մտքի ու կամքի հետ ներդաշնակուելու միջոցով, աշխարհին Նրա՛ դիտակէտից նայելով: Արդե՛ն իսկ նորոգութիւն է, երբ մենք հաճախակի անդրադառնանք, թե ի՛նչ է Աստուծոյ կամքը՝ մեր կեանքի տուեալ իրավիճակի համար.դա նոր կեանքի սկիզբ է մեզ համար:

     

    Պօղոսը շարունակում է բարոյախութեամբ, որտեղ առանձնանում են կարևոր սկզբունքներ.

    «դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը»,

    իսկ մի քանի համար հետո ասում է.

    «մի՛ մեծամտացէք, խոնարհ եղէ՛ք…դու ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք», 12:16:

    Մեր անձը խոնարհեցնելո՛վ միայն կարող ենք համերաշխ ապրել Աստուծոյ եւ մերձաւորի հետ: Մենք բոլորս մէկ մարմին ենք Քրիստոսով եւ միմեանց անդամ ենք, բացատրում է Պօղոսը, կամ՝ մէկ հաց մէկ մարմին: Քրիստոս մեզ մեկ դարձրեց՝ սիրով ապրելու եւ Աստծուն մեր միութեա՛մբ փառաբանելու համար: Սա ենթադրում է նախեւառաջ՝ ներում, սէր՝ առանց կեղծիքի, ատելով չարը՝ ընթանալ միայն բարու յետեւից (Հռմ., 12:9), լինել եղբայրասէր, գթասիրտ՝ յիշելով, որ Տէ՛րը նախ գթաց մեզ և իր ողորմութիւնը մեր հանդէպ ցոյց է տալիս ամեն վայրկեան:

    «Եռացէ՛ք հոգով», գրում է Պօղոսը՝ կոչ անելով չլինել գաղջ, թույլ, քչով բաւարարուող՝ հաւատքի գործերի եւ նուիրումի մէջ: Չարի փոխարէն չար մի՛ հատուցէք…բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահէք, ինչ չափով որ ձեզ համար հնարաւոր է, 12:18: Բարիք գործել  թշնամիներին եւ բարիո՛վ յաղթել չարին:

     

    Այս բոլոր խրատները հիմնուած են Տէր Յիսուսի պատուիրանների վրա, որոնք սովորեցնում էին նաև առաքյալները: Այսօրվա Ավետարանի հատուածը լեռան քարոզից է, որ քրիստոնէական ամբողջ բարոյականի յուրօրինակ մի խտացումն է: Հիմնական սկզբունքը Տէր Յիսուսի համար անկեղծ պաշտամունքն է.միայն անկեղծութեամբ կարելի է կատարել օրէնքը, լրացնել եւ ապրել Օրէնքը, միայն լինելով ավելի անկեղծ, քան էին ժամանակի կրոնական առաջնորդները.

    «Եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի», Մտթ., 5:20:

     

    Յիսուս լեռան քարոզի մէջ մեզ համար իր պարզ բայց հատու, արմատական խոսքերով կառուցում է բարոյական կանոնների մի անխախտ հուշակոթող, որ լրացնում է Տասը պատուիրաններին: Մերձաւորի հանդէպ ատելութեան կատարեալ բացառում, Տիրոջ եւ մերձաւորի հանդէպ պատասխանատւութեան անվերապահ յանձնառութիւն՝ գիտակցելով, որ մեզ սպասում է կա՛մ Տիրոջ հետ համերաշխութեան եւ դրախտային երանութեան վերականգնումը կա՛մ գեհենը.«…որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն», Մտթ., 5:30:

     

    Ուրեմն, մեր պահեցողութիւնը, ապաշխարութիւնը կատարելիս շարժուենք այս տրամաբանութեամբ՝ սիրել Աստծուն, որ տանում է դէպի կեանք կամ սիրել աշխարհը, որ տանում է դէպի մահ (Յկբ., 4,4):

     

    Տ. Յովսէփ քհնյ. Գալստեան

Օրացույց

Օրացույց