Վարչական բարեփոխումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլորը, ովքեր աշխատում են Ծերակույտում «նորոգվեն», այլ ոչ թե պարզապես փոխարինվեն:
Սրբազան Քահանայապետը 2016թ. դեկտեմբերի 22-ին, կոչ է արել Սուրբ Աթոռի Ծերակույտին (Roman Curia) ընդունել բարեփոխման գործընթացն՝ ասելով, որ Սուրբ Ծնունդը «Աստծու սիրալիր խոնարհության տոնն է, Աստծո, Ով ցավում է մեր տրամաբանական սպասումների և սահմանած կարգի համար»:
Այս խոսքերը նա ասել է Ծերակույտին ուղղված Սուրբ Ծննդյան ուղերձի ժամանակ:
«Սուրբ Ծննդյան տոնին մենք կոչված ենք մեր հավատքով «այո՛» ասելու, ոչ թե տիեզերքի Տիրոջը, և ոչ էլ նույնիսկ ամենաազնիվ գաղափարներին, այլ հենց այս Աստծուն, Ով սիրում է խոբարհությամբ». ասել է Քահանայապետը:
Սուրբ Աթոռի Կարդինալների Ծերակույտին հասցեագրված իր ուղերձում, Քահանայապետն, ինչպես նախորդ երկու տարիների ուղերձներում, այս տարի ևս անդրադարձել է վարչական բարեփոխման թեմային՝ սահմանելով հիմունքներ, կողմնորոշիչ սկզբունքներ:
«Քանի որ Վարչությունը անշարժ բյուրոկրատական ապարատ չէ, բարեփոխումը նախևառաջ, մի նշան է եկեղեցական կյանքի, որն առաջ է ընթանում իր ուխտի ճանապարհին, մի Եկեղեցու, որ կենդանի է և, հետևաբար, «մշտապես բարեփոխվող» (semper reformanda) և միշտ բարեփոխման կարիք ունի, քանի որ կենդանի է». ասել է Քահանայապետը:
Նրա խոսքերով, «բարեփոխումը պետք է համաձայնեցվի Բարի Լուրի հետ, որը պետք է ուրախությամբ և խիզախությամբ հռչակել բոլորին՝ հատկապես աղքատներին, աննշաններին և թշվառներին, և որ այն պետք է ուղեկցվի եկեղեցագիտությամբ և ուղղված լինի բարությանն ու ծառայությանը (in bonum et in servitium), ինչպիսին որ Հռոմի Եպիսկոպոսի ծառայությունն է»:
Նա ասել է, որ բարեփոխման նպատակը գեղագիտական չէ՝ դեմքի կոսմետիկ փոփոխության նման. «կնճիռների մասին չէ, որ պետք է մտահոգվենք Եկեղեցում, այլ՝ սխալների»:
Սրբազան Քահանայապետն ասել է, որ վարչական բարեփոխումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլորը, ովքեր աշխատում են Ծերակույտում «նորոգվեն», այլ ոչ թե պարզապես փոխարինվեն:
«Մշտական կազմավորումը բավական չէ. մենք ամենից առաջ կարիք ունենք նաև մշտական դարձի և մաքրագործման: Առանց մտածողության փոփոխության՝ գործնական բարելավման ջանքերն ապարդյուն կլինեն»:
Նա նշել է, որ բարեփոխման գործընթացի հանդեպ դիմադրությունն առողջ է՝ այն պայմանով, որ վատ մտադրություններից չբխի:
Նկարագրելով դիմադրության երեք տեսակները՝ Սրբազան Քահանայապետն ասել է, որ «բաց դիմադրությունը բարի կամքի և անկեղծ երկխոսության ծնունդ է, իսկ թաքուն դիմադրությունը գալիս է կարծրացած սրտերից, ովքեր գոհանում են ինքնագոհ հոգևոր բարեփոխումների դատարկ հռետորաբանությամբ», վնասակար դիմադրությունը ծագում է «մոլորեցնող մտադրություններում և ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ չարը ոգևորում է վատ մտադրությունները»:
Այնուհետև Սրբազան Քահանայապետը սահմանեց բարեփոխման կողմնորոշիչ սկզբունքներն, որոնք հետևյալն են.
Անհատական պատասխանատվություն (անձի վերափոխում)
Հովվական խնամակալություն (հովվական վերափոխում)
Միսիոներական ոգի (քրիստոսակենտրոնություն)
Արդար կազմակերպություն
Բարելավված գործունեություն
Արդիականացում (թարմացում)
Խոհեմություն
Կարեկցություն
Սինոդալություն
Կաթողիկէություն
Մասնագիտացում
Աստիճանավորում (տարբերակում)
Ամփոփելով իր ծավալուն ուղերձը՝ Սրբազան Քահանայապետը վերահաստատել է, որ Սուրբ Ծնունդը Աստծուն սիրելի խոնարհության տոնն է և կրկնել է Հայր Մատտա էլ Մեսկինի աղոթքը, որն ուղղված էր Բեթղեհեմում ծնված Տեր Հիսուսին:
«Շնորհի՛ր մեզ Քո նման փոքր դառնալու պարգևը, որպեսզի մենք կարողանանք մոտենալ Քեզ և Քեզանից ընդունենք առատ խոնարհություն և հեզություն: Մի՛ հեռացրու մեզ մեր սրտերում եղած Քո Ծննդյան հայտնությունից, որպեսզի դրա միջոցով մենք կարողանանք բուժել մեր հպարտությունն ու ամբարտավանությունը: Մեզ ահրաժեշտ է, որ Դու մեր մեջ բացահայտես Քո պարզությունը՝ մոտեցնելով մեզ և, անշուշտ, Եկեղեցուն, ամբողջ աշխարհին, դեպի Քեզ»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը