• Պապի դեկտեմբերի 7-ի քարոզը՝ հույսի մասին.խոսք, որը հասցեական է, հատկապես, աղետը վերապրածների համար

    Պատմությունը կերտում են ոչ թե այս աշխարհի հզորները, այլ՝ աննշան մարդիկ՝ Աստծո հետ միասին:


     

    Ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ արված Վատիկանի Սբ. Պողոս 6-րդի դահլիճում, 2016թ. դեկտեմբերի 7-ին՝ Հրապարակային Ունկնդրության ժամանակ:

     

    «Բարի՛ առավոտ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր:

     

    Այսօր մենք սկսում ենք քրիստոնեականի նոր շարքը, որի թեման քրիստոնեական հույսն է: Այն շատ կարևոր է, քանի որ հույսը չի հիասթափեցնում: Լավատեսությունը հիասթափեցնում է, սակայն հույսը՝ ոչ: Հիմա մենք այնքան շատ ենք զգում այդ հույսի կարիքն այս խավար ժամանակներում, որտեղ երբեմն մեզ թվում է, թե մենք պարտված ենք՝ ի դեմս չարի ու վայրագության,  որը շրջապատում է մեզ, ի դեմս մեր բազմաթիվ եղբայրների ցավերի: Մենք հույսի կարիք ունենք: Մենք պարտված ենք զգում և ինչ-որ տեղ նաև՝ հուսահատված, քանի որ մենք մեզ տկար ենք համարում և թվում է, թե այս խավարը երբեք չի վերջանա:

     

    Սակայն, չպետք է թողնենք, որ հույսը լքի մեզ, քանի որ Աստված Իր սիրով քայլում է մեզ հետ: «Ես հույսով լի եմ, քանի որ Աստված իմ կողքին է». մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել սա: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ասել. «Ես հույսով լի եմ, ես հույս ունեմ, քանի որ Աստված քայլում է ինձ հետ»: Նա ինձ հետ քայլում և իմ ձեռքը բռնած՝ առաջնորդում է ինձ: Աստված մեզ մենակ չի թողնում: Տեր Հիսուս հաղթել է չարին ու մեզ համար կյանքի նոր ուղի է բացել:

     

    Եվ ապա, հատկապես Հիսնակաց շրջանում, որը սպասումի ժամանակահատվածն է, երբ մենք պատրաստվում ենք մեկ անգամ ևս ընդունել մարդեղության սփոփիչ խորհուրդը և Սուրբ Ծննդյան լույսը, շատ կարևոր է անդրադառնալ հույսին: Եկե՛ք  Տիրոջից սովորենք, թե ինչ է նշանակում հուսալ: Դրա համար էլ մենք լսում ենք Սուրբ Ավետարանի խոսքերը, որոնք սկսվում են Հիսնակաց մեծն մարգարեի, հույսի մեծագույն բանբերի՝ Եսայի մարգարեի խոսքերով:

     

    Իր գրքի երկրորդ մասում Եսային մխիթարության հռչակմամբ դիմում է մարդկանց. «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, – ասում է Աստուած, – դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թո’ղ նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տի֊րոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։ (Ես. 40:1-5)

     

    Հայր Աստված մխիթարում է՝ մխիթարողներ պատրաստելով, որոնց Նա խնդրում է քաջալերել մարդկանց, Նրա զավակներին՝ հայտարարելով, որ պատերազմն ավարտվում է, վիշտն ավարտվում է, մեղքին ներում է շնորհվում: Ահա սա է բուժում չարչարված ու սարսափող սիրտը: Հետևաբար, մարգարեն խնդրում է պատրաստել Տիրոջ ճանապարհը՝ ինքներս մեզ բացելով Նրա փրկության շնորհների առջև:

     

    Մարդկանց համար մխիթարությունը սկսվում է՝ Աստծո ճամփով քայլելով, նոր ճամփով, որը ուղիղ է և անցանելի. ճանապարհ պատրաստել անապատում, որպեսզի մարդը կարողանա անցնել այդ ճանապարհով և վերադառնալ հայրենիք: Քանի որ այն մարդիկ, որոնց մարգարեն կոչ էր անում, Բաբելոնում ապրում էին աքսորի ողբերգությունը, իսկ հիմա, նրանք գիտեն, որ կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք՝ հեշտ ու լայն ճանապարհով՝ ուղիղ ճանապարհով, առանց հովիտների ու լեռների, որոնք ճանապարհը դարձնում են հոգնեցնող: Հետևաբար, այդ ճանապարհը հարթելը նշանակում է պատրաստել փրկությանը, ազատվել ամեն տեսակի խոչընդոտներից ու արգելքներից:

     

    Աքսորն Իսրայելի պատմության մեջ մի ողբերգական հատված է, երբ մարդիկ կորցրեցին ամեն ինչ: Նրանք կորցրեցին իրենց հայրենիքը, ազատությունը, արժանապատվությունն ու նույնիսկ վստահությունն առ Աստված: Նրանք իրենց լքված ու հուսահատ զգացին: Փոխարենը, լսեցե՛ք մարգարեի խնդրանքը, որը նրանց սրտերը վերաբացում է հավատքի առաջ: Անապատն այնպիսի մի վայր է, որտեղ ապրելը շատ դժվար է, սակայն դա հենց այն տեղն է, որտեղով նրանք կկարողանան վերադառնալ ոչ միայն իրենց հայրենիք, այլ նաև՝ Աստծո մոտ, և հուսալ ու կրկին ժպտալ: Երբ մենք խավարի, դժվարությունների մեջ ենք, մենք չենք կարող ժպտալ և, ըստ էության, հույսն է, որ մեզ սովորեցնում է ժպտալ, գտնել այն ուղին, որը տանում է Աստծո մոտ: Առաջին բանը, որ պատահում է մարդկանց հետ, ովքեր ձանձրացել են Աստծուց, այն է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր չեն կարողանում ժպտալ: Հավանաբար, նրանք կարող են քահ քահ ծիծաղել, նրանք անում են դա մեկը մյուսի հետևից: Սակայն ժպիտ չկա: Միայն հու՛յսն է ժպիտ պարգևում: Դա Աստծուն գտնելու հույսի ժպիտն է:

     

    Կյանքը հաճախ անապատ է, դժվար է քայլել դրա միջով, սակայն, եթե մենք ինքներս մեզ վստահենք Աստծուն, այն կարող է դառնալ գեղեցիկ ու լայն՝ ինչպես մայրուղին: Այս առումով բավական է երբեք չկորցնել հույսը, բավական է շարունակել միշտ հավատալ՝ չնայած ամեն ինչի: Երեխայի առջև հայտնվելով՝ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, բայց մի ժպիտ է գալիս ներսից, քանի որ մենք ինքներս մեզ գտնում ենք հույսի առջև.երեխան հույս է: Եվ մենք կյանքում պետք է կարողանանք տեսնել հույսի ուղին, որն օգնում է մեզ գտնել Աստծուն.Աստված, Ով մեզ համար Մանուկ դարձավ:Եվ սա մեզ  կստիպի ժպտալ, այն մեզ բոլորիս ժպիտ կպարգևի:

     

    Ըստ էության, Եսայի մարգարեի այս խոսքերը ավելի ուշ օգտագործել է Հովհաննես Մկրտիչն՝ իր քարոզի ժամանակ, որը մեզ կոչ է անում վերափոխվել: Եվ նա ասում է. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանա֊պարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները» (Մտթ. 3:3): Սա մի ձայն է, որ կանչում է, և որը թվում է, թե ոչ ոք չի կարող լսել, իսկ ո՞վ կարող է լսել անապատում: Այդ կանչերը կորչում են հավատքի ճգնաժամի պատճառով: Մենք չենք կարող ժխտել, որ ներկայիս աշխարհը հավատքի ճգնաժամի մեջ է: Մարդն ասում է. «Ես հավատում եմ Աստծուն, ես քրիստոնյա եմ: Ես դավանում եմ այդ կրոնը»: Սակայն ձեր կյանքը շատ հեռու՛ է քրիստոնեական լինելուց, այն շատ հեռու է Աստծուց: Կրոնի, հավատքի հիմքում ընկած է հետևյալ արտահայտությունը. «Արդյո՞ք ես հավատում եմ»: Այո՛: Սակայն հավատալը դարձն է առ Աստված և Նրա ճանապարհով քայլելը՝ Նրան գտնելու համար: Նա սպասում է մեզ: Սա Հովհաննես Մկրտչի քարոզն է: Հանդիպել այն Զավակի հետ, ով մեզ հետ կվերադարձնի մեր ժպիտը: Երբ Մկրտիչը հռչակում է Հիսուսի գալուստը, Իսրայելցիներին թվում էր կարծես, թե նրանք դեռևս աքսորի մեջ էին, քանի որ նրանք գտնվում էին հռոմեական տիրապետության ներքո, ովքեր նրանց անծանոթներ էին դարձրել իրենց սեփական հայրենիքում՝ կառավարվելով հզոր զավթիչների կողմից, ովքեր վճռում էին նրանց ճակատագիրը:

     

    Սակայն, ճշմարիտ պատմությունը կերտում են ոչ թե հզորները, այլ՝ Աստված՝ Իր աննշան մարդկանց հետ միասին: Ճշմարիտ պատմությունը, որը մնալու է հավիտենականության մեջ, այն է, որն Աստված գրում է Իր աննշանների հետ միասին՝ Աստված՝ Մարիամի հետ, Աստված՝ Հիսուսի հետ, Աստված՝ Հովսեփի հետ, Աստված՝ աննշանների հետ: Այս աննշան ու հասարակ մարդիկ, որոնց մենք գտնում ենք Հիսուսի շուրջը, ով լույս աշխարհ էր գալու՝ Զաքարիան և Եղիսաբեթը՝ այս անպտուղներ տաերցեները, Մարիամը՝ երիտասարդ կույս մի աղջիկը, Հովսեփի նշանածը, հովիվները, որոնց արհամարհում էին, համարելով՝ ոչնչություն: Հենց այդ աննշան մարդիկ են իրենց հավատքով մեծ գործեր կատարում, հենց աննշան մարդիկ են ունակ շարունակել հուսալ: Եվ հույսը աննշանների առաքինությունն է: Հզորները, ինքնահավան մարդիկ չգիտեն, թե ինչ է հույսը:

     

    Աննշան մարդիկ են, որ Աստծո և Հիսուսի հետ միասին, աքսորի, հուսահատ մենության ու տառապանքի անապատը դարձնում են մի հարթ ճանապարհ, որի վրայով մարդիկ քալում են, որպեսզի հանդիպեն Աստծո փառքին: Եվ, հետևաբար, մենք թույլ ենք տալիս ինքներս մեզ կրթվել հույսով: Եկե՛ք վստահորեն սպասենք Տիրոջ գալստյանը, անկախ այն բանից, թե ինչն է մեր կյանքի անապատը, յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ անապատի միջով է նա քայլում, և այդ անապատը դառնալու է ծաղկուն պարտեզ: Հույսը չի հիասթափեցնում:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց