«Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին» (Ես. 40:1):
Չնայած, որ Առանձնահատուկ Հոբելյանական Տարին եզրափակվեց, այնուամենայնիվ մենք դեռ ապրում ենք «ողորմության ժամանակներում»: Սա Սրբազան Քահանայապետի ուղերձն է՝ նոր առաքելական նամակում, որը վերնագրված է «Ողորմություն և թշվառություն (Misericordia et misera)» և հրապարակվել է Երկուշաբթի օրը՝ Ողորմության Տարվա փակումից հետո:
Վերնագիրը՝ «Ողորմություն և թշվառություն» վերաբերում է Հիսուսի և մի շնություն կատարած կնոջ հանդիպմանը՝ Սբ. Հովհաննեսի Ավետարանի ութերորդ գլխում: Ավետարանի մասին իր մեկնաբանությունում Սբ. Օգոստինոսն այդ հանդիպման մասին ասել է. «Նրանք երկուսն էլ՝ Հիսուս և այդ կինը, մենակ մնացին.ողորմություն՝ թշվառության հետ»: «Ավետարանի այս ուսմունքը չի ծառայում միայն Առանձնահատուկ Հոբելյանական Տարվա եզրափակմանը լույս սփռելուն, այլ նաև՝ նշելու այն ուղին, որին մենք կոչված ենք հետևել ապագայում». գրում է Քահանայապետը:
«Ողորմության մեծ շնորհների» լույսի ներքո, որը մենք ստացանք այս Հոբելյանական Տարվա ընթացքում, մեր առաջին արձագանքն է Աստծուն շնորհակալություն հայտնել՝ Իր տված պարգևների համար: Բայց առաջ գնալիս՝ մենք պետք է նաև շարունակենք տոնել ողորմությունը՝ հատկապես Եկեղեցու ծիսական տոնակատարությունների ժամանակ, այդ թվում՝ Պատարագի Սուրբ Զոհի և այլ Խորհուրդների, հատկապես՝ բուժիչ երկու խորհուրդների՝ Հիվանդների օծման և խոստովանանքի ժամանակ:
Սրբազան Քահանայապետն առաջարկել է մի քանի գաղափարներ՝ ողորմությունը տոնակատարելու համար, այդ թվում նաև՝ մի ամենամյա օր՝ նվիրված Ավետարանն ավելի ճանաչելի դարձնելուն և ավելի լայնորեն տարածելուն: Քահանայապետը նաև կոչ է արել հավատացյալներին վերահաստատել Հաշտության խորհրդի կենտրոնական տեղը՝ քրիստոնեական կյանքում:
Քահանայապետը նաև երկարաձգել է մի շարք նախաձեռնություններ, որոնք արդեն սկսվել էին Սուրբ Տարում՝ խնդրելով Ողորմության միսիոներներ խոստովանահայրերին շարունակել իրենց ծառայությունը: Նաև անորոշ ժամանակով երկարաձգել է Սբ. Պիուս 10-րդի հոգևոր հասարակության քահանաների՝ աբորտի մեղքից թողություն շնորհելու լիազորությունը: «Ես ցանկանում եմ վերահաստատել հատուկ շեշտադրությամբ, որ հղիության արհեստական ընդհատումը ծանր մեղք է, քանի որ այն վերջ է դնում անմեղ կյանքին». ասել է Քահանայապետը: «Բայց ես կարող եմ և պետք է ասեմ, որ չկա այնպիսի մի մեղք, որին Աստծո ողորմությունը չկարողանա հասնել և մաքրել, երբ այն գտնում է ապաշխարող սիրտ, որը ձգտում է հաշտվել Տիրոջ հետ». իր նամակում շարունակում է Քահանայապետը:
«Չնայած որ Հոբելյանական Տարին ավարտվեց, այնուամենայնիվ, մեր սրտերի ողորմության դուռը շարունակում է լայնորեն բացված մնալ». ասել է Քահանայապետը: Նա կոչ է արել հավատացյալներին շարունակել կատարել ողորմության նոր գործեր և նոր ուղիներ գտնել՝ ավանդական գործերին արտահայտություն տալու համար: «Ողորմության նյութական և հոգևոր գործերը մեր օրերում, որպես սոցիալական արժեք, շարունակում են լինել ողորմության անսահման դրական ազդեցությունը». ասել է Սրբազան Քահանայապետը: Նույն կերպ Եկեղեցին պետք է շարունակի աչալուրջ լինել և համերաշխություն առաջարկել՝ դիմադարձելով մարդկային արժանապատվության վիրավորանքներին:
«Ողորմության ժամանակն է, քանի որ ոչ մի մեղավոր չպետք է երբևէ հոգնի ներողություն խնդրել, բոլորը կարող են զգալ Տիրոջ գրկաբաց ընդունելությունը». ամփոփել է Սրբազան Քահանայապետը:
Մի քանի այլ առանցքային տողեր՝ «Ողորմություն և թշվառություն (Misericordia et misera)»՝ ըստ Zenit.org պարբերականի ծաղկաքաղի
Ինչպես փոթորկալի, սակայն, առողջարար մի քամի, Աստծո բարությունն ու ողորմությունը տարածվել է ամբողջ աշխարհում:
Մենք կոչված ենք տոնելու ողորմությունը:
Եկեղեցական աղոթքում, ողորմության վրա հիմնվելը, հեռու լինելով պարզապես հորդորներ լինելուց, մեծապես կատարողական են, ինչը նշանակում է, որ երբ մենք հավատով հայցում ենք ողորմություն, այն շնորհվում է մեզ և քանի որ մենք խոստովանում ենք, հետևաբար մեր խոստովանությունը պետք է լինի կենսական ու իրական, այն վերափոխում է մեզ:
Ճշմարտությունը թևանցուկ գնում է գեղեցկության ու բարության հետ, այնպես, որ հավատացյալների սրտերը կարողանան ուրախանալ ողորմության վեհության առջև:
Սուրբ Գիրքը Աստծո Ողորմության հրաշալիքների մի մեծ պատմությունն է: Դրա ամեն մի էջն առանձնահատուկ տեղ ունի Տիրոջ սիրո մեջ, Ով արարման պահից ի վեր ցանկացել է Իր սիրո նշանները դրոշմել տիրեզերքի վրա:
Հաշտության Խորհուրդը պետք է վերականգնի իր կենտրոնական տեղը՝ քրիստոնեական կյանքում: Սա պահանջում է այնպիսի քահանաներ, ովքեր ունակ են իրենց կյանքը դնել «հաշտեցման» ծառայության մեջ, այնպիսի ձևով, որ յուրաքանչյուր անկեղծորեն զղջացող մարդ անարգել մոտենա Տիրոջ սիրուն, Ով սպասում է նրա վերադարձին, և բոլորը հնարավորություն ունենան զգալու ներման ազատագրող զորությունը:
Ողորմության մյուս երեսը մխիթարությունն է: «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին (Ես. 40:1)». սա այն սրտառուչ աղերսանքն է, որն այսօր մարգարեն շարունակում է կատարել, այնպես, որ հույսի խոսքը կարողանա հասնել բոլոր նրանց, ովքեր կրել են տառապանք ու ցավ:
Այնուամենայնիվ, մահվանը պետք է դիմակայել և պատրաստվել դրան՝ որպես ցավալի ու անխուսափելի իրողության, բայց ահռելի նշանակությամբ, քանի որ այն սիրո առավելագույն մի քայլ է նրանց նկատմամբ, ում մենք լքում ենք և Աստծո նկատմամբ, Ում մենք գնում ենք ընդառաջ՝ հանդիպելու:
Քրիստոսին մոտ լինելու ցանկությունը մեզանից պահանջում է մոտ լինել մեր եղբայրներին ու քույրերին, քանի որ ոչինչ այնքան չի գոհացնում Տիրոջը, որքան՝ ողորմության ճշմարիտ մի նշան:
Ժամանակն է տրվելու ողորմության ստեղծարարությանը՝ սկսելու նոր նախաձեռնություններ, որ շնորհի պտուղն է:
Այսօր շատ մարդիկ Աստծո ներկայության փորձառությունը չունեն, և դա մարդկային կյանքի անխախտ արժանապատվության ճանաչման ճանապարհին ամենամեծ աղքատությունն ու լրջագույն խոչընդոտն է:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը