• Կաթողիկէ սրբերի բույլն ավելացավ ևս յոթով.Քահանայապետի նոր սրբադասումները

    Բարեխօսեցէ՛ք վասն մեր…


     

    Կիրակի օրը՝ 2016թ. հոկտեմբերի 15-ին Սրբազան Քահանայապետը Կաթողիկէ Եկեղեցու սրբերի շարքն է դասել յոթ նոր սրբերի:

     

    Նրանցից երկուսը նահատակներ են: Խոսե Սանչեզ Դել Ռիոն՝ 14-ամյա մի տղա, ով  սպանվեց Մեքսիկայում 1928թ.՝ Cristeros-ների քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նա ընդդիմացավ կառավարության հակակաթողիկէ և հակակղերական քաղաքականությունը: Չնայած խոշտանգումներին, Ժոզեն հրաժարվեց ուրանալ իր հավատը: Նրա ձեռագիր երկտողում, որն ուղարկվեց նրա մորը և գտնվեց տղայի դիակի վրա, գրված էր հետևյալը.

     

    «Խոստանում եմ, որ երկնքում բոլորիդ համար տեղ կպատրաստեմ: Ձեր Խոսեն մահացավ՝ պաշտպանելով կաթողիկէ հավատքը՝ Տեր Քրիստոսի և Տիրամայր Գվադելուպեի սիրո համար»:

     

    Առաջին նահատակը, ով պատկանում էր La Salle կրոնական համայնքին, սպանվեց ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1792թ.: Նրա անունը Սողոմոն Լեքլերք (Salomone Leclercq) էր, նա ևս մահացավ իր հավատը պաշտպանելու համար:

     

    Այնուհետև Կուրա Բրոշերոն (Խոսե Գաբրիել դել Ռոզարիո Բրոշերո), արգենտինացի մի քահանա, ով «հովվեց ոչխարներին» և 19-րդ դարում, ջորու վրա նստած՝ կտրեց-անցավ հսկայական տարածություններ՝ աղքատներին բերելու մխիթարություն և Քրիստոսի փրկության ավետիսը:

     

    Պալենսիայի իսպանացի եպիսկոպոս Մանուել Գոնսալեզ Գարսիան  «Նազարեթի հաղորդության միսիոներների», «Սբ. Հովհաննեսի աշակերտները» և  «Հատուցման երեխաները» միաբանությունների հիմնադիրն էր: Նա հայտնի էր Սբ. Հաղորդությանը նվիրված լինելով և հայտնի դարձավ որպես՝ «Տապանակի Եպիսկոպոս»: Նա մահացավ 1940թ.:

     

    Իտալական Բրեշիա քաղաքի  Հայր Լյուդովիկո Պավոնին «Անարատ Մարիամի որդիներ» կամ «Պավոնիներ» կրոնական միաբանության հիմնադիրն է: 19-րդ դարի արդյունաբերական հեղաշրջման ժամանակ նա հիմնեց աղոթատուն՝ քրիստոնեական կրթության համար և իր աշխատակից եղբայրների հետ միասին աղքատներին ուսուցանեց արհեստներ և քրիստոնեական՝ այն համոզմամբ, որ սոցիալական պայմանները բարելավելը կբարելավի հոգևոր կյանքը և հոգևոր կյանքը բարելավելը կբարելավի սոցիալական պայմանները:

     

    Ալֆոնսո Մարիա Ֆուսկոն Հարավային Իտալիայի Սալերնո քաղաքի մի քահանա էր՝ «Սբ. Հովհաննես Մկրտչի Քույրերը» միաբանության հիմնադիրը: Նրանց առաքելությունն էր ավետարանել, կրթել և խթանել երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր ամենաաղքատներն էին, լքված և վտանգված: Նա հատկապես շփվում էր հարավային Իտալիայի աղքատ և արհամարհված հողագործների հետ՝ 1861 թ-ի Իտալիայի միավորումից հետո:

     

    Եվ վերջապես ֆրանսիացի կարմելյան միաբան, գրող և միստիկ Երրորդության Ելիզաբեթը, ով մահացավ 1906թ.՝ 26 տարեկան հասակում, Ադիսոնի հիվանդության հետևանքով: Չնայած որ նրա մահը ցավալի էր, այնուամենայնիվ, Ելիզաբեթն իր տառապանքն  ընդունեց որպես Աստծուց ստացած նվեր: Նրա վերջին բառերը եղան. «ես գնում եմ դեպի Լույսը, դեպի Սերը, դեպի Կյանքը»:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց