• Նորին Սրբությունը սկսում է ողորմության մասին քարոզների նոր շարք

    «Վախենում եմ, որ Հիսուս կարող է անցնել իմ կողքով և ես չճանաչեմ Նրան, որ Տերը կարող է անցնել իմ կողքով, այդ փոքր մարդկանց մեջ և ես չգիտակցեմ, որ նրանց մեջ Հիսուսն է».Սբ. Օգոստինոս Երանելի:


     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցած չորեքշաբթի օրվա հրապարակային ունկնդրության ժամանակ հայտարարեց, որ նա նոր քրիստոնեականի շարք է նվիրելու նյութական և հոգևոր ողորմության գործերին:

     

    «Աստծո ողորմությունը մեր կյանքում զգալը բավական չէ.-նշեց Քահանայապետը:- Նրանց համար, ովքեր ստանում են այս ողորմությունը, այն  պետք է լինի նշան և գործիք ուրիշների համար: Սա մեծ ջանքեր գործադրելու կամ գերմարդկային քայլեր անելու հարց չէ: Տերը մեզ ավելի հեշտ ուղի է ցույց տալիս՝ գծված փոքրիկ քայլերից, բայց որը Նրա աչքում մեծ արժեք ունի և ամենակարևորը, որ մենք հենց սրա համաձայն ենք դատվելու: Հիսուս ասում է, որ ամեն անգամ, երբ մենք սովածին կերակուր ենք տալիս և ծարավին՝ ջուր,  երբ մենք հագցնում ենք մերկ մարդուն և անծանոթին մեր մեջ ենք առնում կամ այցելում ենք հիվանդին կամ բանտարկյալին, մենք նույն կերպ վարվում ենք նաև Նրա հետ: Եկեղեցին այս քայլերը կոչում է «ողորմության նյութական գործեր», քանի որ դրանք օգնում են մարդկանց բավարարել իրենց նյութական կարիքները»:

     

    «Սակայն կան ևս յոթ ողորմության հոգևոր գործեր, որոնք այլ՝ ոչ պակաս կարևոր, կարիքների համար են, հատկապես մեր օրերում, քանի որ այդ կարիքներն ազդում են անձի առավել անձնական կողմի վրա և հաճախ ստիպում նրան ավելի շատ տառապել». նշեց Քահանայապետը:

     

    «Վստահ եմ, որ մենք բոլորս հիշում ենք մի խոսք, որ արդեն սովորական մի խոսք է դարձել. համբերատար դիմանալ նրանց, ովքեր սխալ են եղել մեր հանդեպ: Դա կարող է աննշան թվալ, կամ ծիծաղ առաջացնել մեզ մոտ, բայց հակառակը՝ այն պարունակում է մեծ եղբայրասիրության զգացում, և սա վերաբերում է նաև մնացած վեց գործերին, որոնք հիշելը լավ է.դրանք են՝ հաստատել երկմիտներին, ուսուցանել տգետին, խրատել մեղավորին, մխիթարել տառապյալներին, ներել վիրավորանքները և աղոթել ողջերի ու մեռյալների համար»:

     

    Ավելի լավ է սկսել այն ամենահեշտերից, որոնք Տերը ցույց է տալիս մեզ՝ որպես ամենակարևորները: Աշխարհում, որը ցավոք տառապում է անտարբերության վիրուսով, ողորմության գործերն ամենալավ հակաթույներն են: Դրանք անշուշտ ուսուցանում են մեզ առավել ուշադիր լինել մեր այն եղբայրների ամենատարրական կարիքների նկատմամբ, ում մեջ գոյություն ունի Քրիստոսը: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս միշտ աչալուրջ լինել՝ խուսափելով այն բանից, որ Քրիստոս կարող է անցնել մեր կողքով և  մենք  նրան չճանաչենք: Սբ. Ավգուստինի խոսքն եմ հիշում.

     

    «Վախենում եմ, որ Հիսուս կարող է անցնել իմ կողքով և ես չճանաչեմ Նրան, որ Տերը կարող է անցնել իմ կողքով, այդ փոքր մարդկանց մեջ և ես չգիտակցեմ, որ նրանց մեջ Հիսուսն է»:

     

    Ողորմության գործերը մեր մեջ կրկին արթնացնում են հավատը կենդանի պահելու և բարեգործությամբ ապրելու անհրաժեշտությունն ու կարողությունը: Ես համոզված եմ, որ այս հասարակ ամենօրյա քայլերով մենք կարող ենք իրականացնել իրական մշակութային հեղափոխություն: Եթե մեզանից յուրաքանչյուրն ամեն օր սրանցից մեկն աներ, ապա սա հեղափոխություն կլիներ աշխարհում: Բայց մենք բոլորս, յուրաքանչյուրս պետք է անենք:

     

    Քա՜նի ու քանի սրբեր են հիշվում մինչև այժմ՝ ոչ թե իրենց արած մեծ գործերի համար, այլ այն սիրո, որը նրանք կարողանում էին փոխանցել ուրիշներին: Օրինակ՝ վերջերս սրբադասված Մայր Թերեզան.մենք նրան չենք հիշում այն բազմաթիվ տների համար, որոնք նա բացեց ամբողջ աշխարհում, այլ՝ այն բանի համար, որ նա ծնկի եկավ բոլոր այն մարդկանց առաջ, ում հանդիպեց փողոցում, նրանց արժանապատվությունը իրենց վերադարձնելու համար: Քա՜նի ու քանի լքված երեխաների առավ իր թևի տակ, քա՜նի ու քանի մահացող մարդկանց ուղեկցեց դեպի հավիտենականություն՝ նրանց ձեռքը բռնած»:

     

    «Այս ողորմության գործերը Հիսուս Քրիստոսի դիմագծերն են, ով հոգ է տանում իր եղբայրների մասին, բոլորին բերում Աստծո քնքշանքն ու մտերմութունը: Թո´ղ Սուրբ Հոգին օգնի մեզ, թո´ղ որ Սուրբ Հոգին մեր մեջ բորբոքի ցանկությունը, որպեսզի մենք ևս ապրենք այսպես: Արդյո՞ք մի օր մեզանից գոնե մեկը կդառնա այդպիսին, գեթ մեկը: Եկեք մեկ անգամ ևս անգիր սովորենք ողորմության նյութական ու հոգևոր գործերը, և Տիրոջը խնդրենք օգնել մեզ գործածել դրանք ամեն օր և այն պահին, երբ մենք տեսնում ենք Հիսուսին այն մարդու մեջ, ով օգնության կարիք ունի»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց