«Սիրեց յուրայիններին…ի սպառ սիրեց նրանց», (Հվհ., 13:1):
2016թ. Սեպտեմբերի 11-ին տոնում ենք Սուրբ Խաչի կամ Խաչվերացի տոնը: «Խաչվերաց» նշանակում է Խաչը վեր բարձրացնել: Տոնի պատմական ֆոնը կապված է երեք իրադարձությունների տոնական հիշատակության հետ.
ա)Հակոբոս Տեառնեղբայրը Քրիստոսի Հարությունից հետո ի վկայություն հրեաների, Տիրոջ Խաչափայտին հրապարակային երկրպշագություն արեց՝ հռչակելով այն մարդկության փրկության հաղթանակած գործիք՝ նախկին անպատվության գործիքի փոխարեն:
բ)Բյուզանդական Հեղինե թագուհին Քրիստոսի խաչափայտը Գողգոթայի վրա գտնելուց հետո մեծ տոնախմբությամբ այն տեղադրեց նույն լեռան վրա իր կողմից կառուցված Սբ. Հարության տաճարում՝ 327թ.:
գ)627թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը Երուսաղեմ վերադարձրեց 614թ. Պարսից Խոսրով Բ արքայի կողմից գերեվարված Խաչափայտը:
Պատմական այս իրադարձությունները ցույց են տալիս Տեր Հիսուս Քրիստոսի Խաչի նկատմամբ համաքրիստոնեական հարգանքը և սերը, որը ցուցանիշ է Խաչելության խորհրդի նկատմամբ ընդհանրական խոր հավատքի ու պատմական ընկալման: Բայց պետք է մտածել, թե արդյոք պատմական հիշողությունը կամ համընդհանուր այդ ընկալումը այսօր էլ կենդանի է այնքան, որ առաջնորդի հավատացյալին՝ կյանքի կոնկրետ իրավիճակներում:
Ի՞նչու ենք տոնում Քրիստոսի Սուրբ Խաչը:
Խաչը, որ հռոմեական կայսրության կառավարիչների համար դաժան մահապատժի գործիք էր, Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ սրբացվեց և արմատապես այլ իմաստ ստացավ` ամբողջ տիեզերքի համար: Եթե նախկինում այն մահաբեր էր, Տիրոջ արյամբ սրբվելուց հետո, այն դարձավ կենսաբեր, այն ծաղկեց, դարձավ կյանքի աղբյուր, մահվանը հաղթելու գործիք, որովհետև Աստծո Որդին այն դարձրեց Աստծո և մարդու նկատմամբ կատարյալ սիրո խորհրդանիշը, միջոցը: Այսինքն, Խաչի խորհուրդը տոնելով՝ վերապրում ենք, փորձում ենք ավելի խորությամբ ըմբռնել Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության խորհուրդը՝ սիրո գերագույն քայլը, որ երբևէ եղել է տիեզերքի պատմության մեջ: Այս քայլով ամբողջ արարչագործությունը նորացավ, ամբողջ տիեզերքը նորացավ և ստացավ ապականությունից ազատվելու և անապականության վիճակի մեջ վերադառնալու հույս, որովհետև Աստված չթողեց մարդուն և տիեզերքը մեղքի ապականության մեջ, այլ՝ իր անսահման սիրուց մղված՝ տվեց նրան նորոգվելու, անարատությունը վերականգնելու, դեպի Իր արարչական գիրկը վերադառնալու ճանապարհը: Այսօրվա ավետարանական հատվածում կարդում ենք.
«Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը», (Հվհ., 3:16):
Մարդկությունն իր ազատ կամքով չարն ընտրելու հետևանքով այնքան էր թաղված մեղքի մեջ, որ Տիրոջ հետ հաշտվելու ճանապարհին դառնալ իր ուժերով, արդար գործերով կամ Հին Ուխտի զոհաբերություններով այլևս չէր կարող.մարդկությունը Տիրոջը հասցրած իր վիրավորանքի դիմաց համաչափ վճար այլևս չէր կարող անել: Այդ վիճակից մարդուն դուրս բերելու և Իր հետ հաշտեցնելու համար, մարդու փոխարեն և հանուն մարդու հատուցում կատարելու համար, Աստված իր անսահաման Ողորմածությամբ Ինքը իջավ մարդու մոտ, Աստծո Որդին Ինքը եկավ, դարձավ մարդկանց նման, «ծառայի կերպարանք առնելով՝ խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ, այն էլ՝ մահվան խաչի վրա» (Փիլ., 2:7-8), ինչպես գրում է Սբ. Պողոսը:
Սա հայրական հոգատարության, եղբայրական սիրո, անձնվիրության և անշահախնդրության մեծագույն դրսևորումն է տիեզերքում՝ կատարյալ սեր՝ Աստծո նկատմամբ և կատարյալ սեր՝ մարդու նկատմամբ, այլ խոսքով՝ սեր՝ ուղղված դեպի վեր և սեր ուղղված յուրայիններին, ինչպես խաչի պատկերն իսկ հուշում է:
«Սիրեց յուրայիններին…ի սպառ սիրեց նրանց», (Հվհ., 13:1): Քրիստոս սպառվեց խաչի վրա՝ Ինքը լինելով այդ երկու ուղղությամբ տածվող սիրո հատման կետը, կիզակետը, որտեղ դրեց իր կյանքը, մատնեց իր կյանքը յուրաքանչյուրիս համար: Ավարտուն, համընդգրկուն սիրո այդ կիզակետը եղավ նաև ամբողջ տիեզերքի կյանքի կիզակետը, աղբյուրը՝ մեր հավիտենական կյանքի, այն դուռը («Ես եմ դուռը», Հվհ., 12:9), որը մարդու և ամբողջ տիեզերքի համար իր մահով և Հարությամբ բացեց Տեր Հիսուս, այն դուռը, որտեղից մարդը կարող է գնալ դեպի Աստված, դեպի իր ճշմարիտ ինքնությունը, դեպի իր ինքնաճանաչումը.«…այն ժամանակ կգիտենամ, ինչպես որ Նա ճանաչեց ինձ», Ա Կոր., 13:12:
Հիսուս Խաչի վրա իր կամավոր ինքնազոհությամբ մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է սիրել, ինչպես պետք է ապրել ճշմարտության մեջ, որպեսզի կարողանանք ազատագրվել մեղքի ճիրաններից: Խաչին նայելով մենք պետք է միշտ կարողանանք վերապրել այն մեծ սերը, որ Հիսուս ուներ յուրաքանչյուր արարածի հանդեպ, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր իրեն ծաղրում էին, և ովքեր թքեցին իր վրա ու խաչեցին: Բայց Նա՝ իր Աստվածային մեծահոգությամբ և մեղավորներիս հանդեպ անսահման սիրով և համբերությամբ, Տիրոջ կամքի առջև իր խոնարհությամբ «խուզողի առջև անմռունչ կանգնած գառան» (Ես., 53:7) պես ոչ թե Իր Հորից պատիժ խնդրեց Իրեն խաչողների համար, այլ՝ ողորմություն.
«Հայր ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», Ղկ., 23:34:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան