«Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ»
9 սեպտեմբերի, 2016թ.
Շաբաթ՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնի նավակատիքը: Սա Երուսաղեմի Գողգոթա լեռան վրա Բյուզանդիայի Հեղինե թագուհու կառուցած Սբ. Հարության տաճարի նավակատիքի հիշատակության տոնն է, որը Հայ Եկեղեցում տոնվում է Խաչվերացի տոնի նախօրյակին: Այդ նույն տաճարում Հեղինեն 327թ., ըստ ավանդության, զետեղեց Տեր Հիսուս Քրիստոսի գտնված խաչափայտը, որի տոնական հիշատակությունը Խաչվերացի տոնի խորհուրդներից մեկն է:
Բայց այս անգամ՝ Նավակատիքի մասին:
Ավետարանի հատվածը Հովհաննեսի 10:22-42 համարներն են, որտեղ նկարագրված է այն դրվագը, երբ ձմռանը, Երուսաղեմի տաճարի նավակատիքի տոնին, Հիսուս շրջում էր տաճարում և պատասխանում հրեաների հարցերին: Տաճարի նավակատիքի տոնը հրեաներին հիշեցնում էր Խորանի սրբագործման մասին (Թվ., 7:10-11), Սողոմոնի կառուցած տաճարի և երկրորդ տաճարի սրբագործման մասին:
Բայց այդ տաճարների սրբագործման տոնակատարությունն այլևս անիմաստ էր՝ Քրիստոսի հայտնությամբ, երբ ցուրտ ձմռանը, այդ հին տաճարի Սողոմոնի սրահում, որը պաշտպանում էր քամիներից ու անձրևներից, շրջում էր Հիսուս՝ այդ տաճարի Տերը, Ով Ճշմարիտ Տաճարն է Ինքնին, Ով Իր Խորհրդավոր Մարմնով այլևս փոխարինում է հին՝ քարաշեն տաճարին: Այս Նոր Տաճարն այլևս սրբագործման կարիք չունի, որովհետև «Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց» (Հվհ., 10:36): Այդ հին սրբագործված, քամածեծ, մամռակալած քարերին այլևս փոխարինում է Տեր Հիսուս Քրիստոսի սրբագործյալ, հավիտենական, միշտ Կենդանի ու կենդանացնող, Միշտ Նոր Մարմնի տաճարը, որի կենդանի քարերն ենք մենք:
Ձմռան ցուրտը պատել էր հրեաների միտքը, նրանք չէին հասկանում այս ամենը: Այդ ցրտի, քամիների ոռնոցի մեջ լսվում է դժգույն ու սառը, մանկամիտ հարց-պահանջը.
«Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: Հիսուսի պատասխանը կապված է Տաճարի նավակատիքի խորհրդի հետ.
«Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք»:
Հիսուս արդեն ասել էր նրանց իր Մարմնի Տաճարի մասին, երբ խարազանով տաճարից դուրս էր անում վաճառականներին (Հվհ., 2:19-21), բայց չէին հասկացել, չէին հասկանում և այժմ:
Երբ Հիսուս՝ որպես նախանձախնդիր Տերն Աստծու տաճարի (Հվհ., 2:17), ով հոգ է տանում իր ոչխարների մասին, որ Տաճարի քարերն են, սրբում է նրանց և առաջնորդում, ասաց «Ես և իմ Հայրը մեկ ենք», հրեաների համար սա մեծագույն սրբապղծություն թվաց. քարեր վերցրին, որ քարկործեն Հիսուսին: Հնչեց հաջորդ, է՛լ ավելի արտառոց թվացող պատասխանը, որ հրեաներին պետք է հիշեցներ սաղմոսերգուի խոսքերը, որ հաճախ արտասանում էին նրանց հայրերը՝ առանց, սակայն, դրանց իմաստը հասկանալու.
«Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»։ Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը…ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ» (Հվհ., 10:35-36):
81-րդ սաղմոսում գրված է. «Ես ասացի՝ Աստուածներ էք դուք, և բոլորդ էլ որդիներն էք Բարձրյալի: Բայց ահա մեռնում եք դուք, որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան», Սղմ., 81:6-7:
Այդ կատաղությամբ համակված աչքերում Հիսուս ուզում էր արթնացնել Աստծո որդիները լինելու հին ճշմարտությունը, որից նրանք հեռացել էին և չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր Հիսուս մի լինել Հայր Աստծու հետ կամ լինել Աստծու Որդի: Հիսուս ուզում էր, որ այդ մթագնված, սառած սրտերով մարդիկ ազատվեին իրենց հոգու ցրտից, ջերմանային՝ հասկանալով, որ իրենք Աստծո որդիներ են, որ իրենք են այլևս Աստծու տաճարը, իրենք իրենց մեջ կրում են աստվածային լույսը և ինչքան էլ, հանդուգն չհնչի, իրենք էլ «աստվածներ են» և պարտավոր են ճիշտ դատել:
Բայց ճիշտ դատելու և Աստծո Տաճարի նավակատիքը նորովի տոնելու համար հարկավոր է լինել գթասիրտ:
«Աստուած կանգնեց աստուածների ժողովում,
Եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.
«Մինչեւ երբ պիտի անիրավությամբ դատեք եւ աչառութիւն անէք մեղաւորներին:
Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու,
Արդար դատեցէ՛ք աղքատին ու խեղճին,
Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին,
Մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց:
Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ,
Եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին:
Ես ասացի՝ Աստուածներ էք դուք, և
Բոլորդ էլ որդիներն էք Բարձրյալի:
Բայց ահա մեռնում եք դուք, որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան…», Սղմ., 81:1-7
Տ. Հովսեփ քհն. Գալստյան