• Մարդը՝ գերի տեխնոկրատ համահավասարեցող աշխարհայացքին.հատվածներ՝ «Laudato si’» շրջաբերականից

    «Չհանձնվե՛նք այս ամենին և շարունակենք փնտրել ամեն ինչի նպատակն ու իմաստը», 113։


    29 օգոստոսի, 2016թ.

    «Laudato si’` Գովեմ զՔեզ»

     

    II.Տեխնոկրատ աշխարհայացքի համընդհանրացումը (globalization)

     

    106․Հիմնախնդիրը էլ ավելի է խորանում․ այս կերպ են մարդիկ ընդունում տեխնոլոգիան և նրա զարգացումը՝ ըստ միակողմանի և միաչափ աշխարհայացքի (paradigm)։ Այս աշխարհայացքը կարևորում է մի հասկացություն սուբյեկտի, ով տրամաբանական և բանական գործընթացների միջոցով, աստիճանաբար մոտենում ու հասնում է  վերահսկողության՝ արտաքին օբյեկտի վրա։ Այսպիսի սուբյեկտը գործադրում է ցանկացած ջանք՝ հիմնելու գիտական և փորձարարական մեթոդ, որն ինքնին արդեն տիրապետելու, տիրելու ու ձևափոխելու գործիք է։ Կարծես, սուբյեկտը հայտնվել է ինչ-որ անձև մի բանի առջև, որն ամբողջովին բաց է ձեռնածության (manipulation) համար: Տղամարդիկ և կանայք անընդհատ միջամտել են բնության գործընթացներին, սակայն երկար ժամանակ սա եղել է համահունչ և հարգանքով՝ այն հնարավորությունների հանդեպ, որոնք առաջարկել է բնությունը։ Պետք էր միայն ընդունել այն, ինչ թույլ էր տալիս բնությունը՝ կարծես, իր իսկ ձեռքով:

     

    Իսկ հիմա, հակառակը, մե՛նք ենք, որ ձեռք ենք դնում բնության վրա՝ փորձելով նրանից քաղել ամեն հնարավոր բան՝ հաճախ արհամարհելով կամ մոռանալով մեր առջև գտնվող իրականությունը։

     

    Մարդկային էակներն ու նյութական օբյեկտները այլևս ընկերական ձեռք չեն մեկնում միմյանց, հարաբերությունները դարձել են հակամարտ։ Սա հեշտացրել է անվերջ կամ անսահմանափակ աճի գաղափարի ընկալումը, որը, փաստորեն, այդքան գրավիչ է տնտեսագետների, ֆինանսիստների և տեխնիկայի փորձագետների համար։ Դա հիմնված է այն ստի վրա, թե իբր երկրի պաշարներն անսահման են.սրա հետևանքով մոլորակը ի սպառ չորանում է։ Սխալ է այն կարծիքը, թե «էներգիան և ռեսուրսներն անսպառ են ու հասանելի, և որ հնարավոր է դրանք արագորեն վերականգնել, որ բնության այսպիսի  շահագործման բացասական հետևանքները կարող են հեշտությամբ վերանալ»։

     

    107․ Կարելի է ասել, որ ժամանակակից աշխարհի շատ խնդիրներ բխում են մի կանխատրամադրվածությունից՝ երբեմն անգիտակցական, որը ձգտում է գիտության ու տեխնոլոգիայի մեթոդն ու նպատակը դարձնել փիլիսոփայական աշխարհայացք, որը ձևավորում է անհատների կյանքն ու հասարակության գործունեությունը։

     

    Այս մոդելը մարդկային և սոցիալական իրականությանը պարտադրելու հետևանքները տեսանելի են շրջակա միջավայրի ապականման մեջ, բայց սա անկման (reductionism) նշաններից միայն մեկն է, որն ազդում է մարդկային ու սոցիալական կյաքնի բոլոր կողմերի վրա։ Մենք պետք է ընդունենք, որ տեխնոլոգիական արտադրանքները չեզոք չեն, քանի որ դրանք ստեղծում են շրջանակ, որը պայմանավորում է կենցաղավարության ձևերը և ձևավորում սոցիալական հնարավորություններ` ըստ այն ուղղությունների, որոնք թելադրվում են որոշակի ուժային խմբերի կողմից։

     

    Որոշումները, որոնք կարող են թվալ զուտ գործիքներ (միջոցներ), իրականում որոշումներ են հասարակության այն տեսակի մասին, որը մենք ցանկանում ենք կառուցել։

     

    108․ Այլ մշակութային աշխարհայացք զարգացնելու և տեխնիկան զուտ որպես գործիք կիրառելու գաղափարն այսօր անըմբռնելի է։ Տեխնոլոգիական աշխարհայացքն այնքան գերիշխող է  դարձել, որ դժվար կլիներ ապրել առանց դրա ռեսուրսների և առավել դժվար` դրանց օգտագործումը` առանց ենթարկվելու դրանց ներքին տրամաբանությանը։

     

    Հակամշակութային է դարձել` ընտրելը մի կենսաձև, որի նպատակը գոնե մասամբ անկախ լինի տեխնոլոգիայից, դրա համար վճարվելիք գնից և դրա իշխանությունից, որը համընդհանրացնում է և բոլորիս դաձնում միևնույնը։

     

    Տեխնոլոգիան հակված է ամեն ինչ կլանելու իր հզոր տրամաբանության մեջ, և նրանք, ովքեր շրջապատված են տեխնոլոգիայով «շատ լավ գիտեն, որ այն վերջին հաշվով առաջ է շարժվում ոչ թե շահույթի և ոչ էլ մարդկային սերնդի բարեկեցության համար», այլ` ամեն ինչի հանդեպ գերիշխանության համար, որն «իշխանություն եզրույթի առավել արմատական իմաստն է»։ Որպես հետևանք, «մարդը զավթում է թե բնության և թե մարդկային բնության մերկ տարրերը»։

     

    Մեր որոշումներ կայացնելու կարողությունը, ճշմարտագույն ազատությունը և յուրաքանչյուրի այլընտրանքային ստեղծարարական տարածությունը ոչնչացված են։

     

    109․ Տեխնոկրատական աշխարհայացքը նաև հակված է գերակշռել տնտեսական և քաղաքական կյանքում։

     

    Տնտեսությունն ընդունում է տեխնոլոգիական ցանկացած առաջընթաց` շահի ակնկալիքով և առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ բացասական ազդեցությունը մարդկության վրա։ Ֆինանսը գերիշխում է իրական տնտեսության մեջ։

     

    Համընդհանուր ճգնաժամի դասերը չեն յուրացվել, և մենք շատ ավելի դանդաղ ենք սովորում շրջակա միջավայրի ապականման դասերը։ Որոշ ոլորտներ վստահ են, որ ներկայիս տնտեսությունն ու տեխնոլոգիան կլուծեն բնապահպանական բոլոր խնդիրները, և հանրամատչելի ու ոչ-տեխնիկական հասկացություններով պնդում են, որ համընդհանուր սովի և աղքատության խնդիրները կլուծվեն պարզապես շուկաների աճով։ Նրանց ավելի  քիչ են մտահոգում տնտեսական որոշ տեսություններ, որոնք այսօր համարյա ոչ ոք չի համարձակվում պաշտպանել. նրանք ավելի մտահոգ են տնտեսության  փաստացի գործունեությամբ։

     

    Այդպիսի տեսությունները նրանք կարող են բառերով չհաստատել, բայց այնուամենայնիվ աջակցել այդ տեսություններին  իրենց արարքներով, հետաքրքրություն ցույց չտալով արտադրանքի, հարստության ավելի հավասարակշռված և լավ բաշխման, շրջակա միջավայրի և ապագա սերնդի իրավունքների պաշտպանության հանդեպ։

     

    Նրանց վարքագիծը ցույց է տալիս, որ նրանց համար բավարար է շահույթն ավելացնելը։ Սակայն շուկան ինքնին չի կարող երաշխավորել մարդկային լիարժեք զարգացումն ու սոցիալական ներառումը։ Միևնույն ժամանակ մենք ունենք «մի տեսակ շռայլ և սպառողական «գերզարգացում», որը ձևավորում է մի անընդունելի հակադրություն` մարդկային իրավունքների շարունակաբար ոտնահարման իրավիճակների հետ», մինչդեռ մենք բոլորս դանդաղում ենք  տնտեսական  կառույցներն ու սոցիալական նախաձեռնությունները զարգացնելու մեջ, որը աղքատներին կարող է տալ հիմնական ռեսուրսների կանոնավոր հասանելիություն։ Մենք չենք տեսնում մեր ներկայիս ձախողումների խորը արմատները, որոնք կապ ունեն տեխնոլոգիական ու տնտեսական աճի հետևանքների, ուղղութան, նպատակների, իմաստի հետ։

     

    110․ Տեխնոլոգիայի  մասնագիտացումը դժվարացնում է տեսնել ավելի ընդարձակ պատկերը։

     

    Գիտելիքների մասնատումը (fragmentation) օգտակար է  կոնկրետ գործադրման համար, սակայն, այն հաճախ տանում է ամբողջի, իրերի փոխհարաբերությունների և ավելի լայն հորիզոնի  արժեվորման լիակատար կորստին, որն այնուհետև դառնում է անտեղի։ Հենց այս փաստը դժվարացնում է գտնել այսօրվա աշխարհի ավելի բարդ խնդիրների լուծման համապատասխան ուղիներ, որոնք վերաբերում են հատկապես շրջակա միջավայրին և աղքատներին․ այս խնդիրները չեն կարող լուծվել մեկ հեռանկարից կամ միակողմանի շահերի գերակայությամբ։ Գիտություն, որը կարող է լուծում առաջարկել մեծ խնդիրներին, անպայման պետք է հաշվի առնի տվյալներ, որոնք պտուղն են գիտելիքի այլ ոլորտների՝ ներառելով փիլիսոփայությունը և սոցիալական էթիկան, բայց այս հատկությունն այսօր դժվար է ձեռք բերել։ Ոչ էլ կան իսկական էթիկական հորիզոններ, որոնց վրա կարելի է հենվել։

     

    Կյանքն աստիճանաբար դառնում է զիջում՝ իրավիճակներին, որոնք պայմանավորված են տեխնոլոգիայով, որը համարվում է գոյության իմաստը գտնելու գլխավոր բանալին։

     

    Մեզ հանդիպող կոնկրետ իրավիճակներում կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, թե ինչն է սխալ, օրինակ՝ շրջակա միջավայրի քայքայումը, անհանգստությունը, կյանքի նպատակի և համայնական կենցաղավարության կորուստը։ Մեկ անգամ ևս մենք տեսնում ենք, որ «իրողություններն ավելի կարևոր են, քան գաղափարները»։

     

    111․ Բնապահպական մշակույթը չի կարող փոխարինվել աղտոտման, շրջակա միջավայրի քայքայման և բնական պաշարների սպառման անմիջական  խնդիրներին տրված մասնակի և հրատապ պատասխանների շարքի։ Պետք է լինի այս ամենին նայելու մի  առանձնահատուկ մի ուղի, մտածողության ձև, քաղաքականություն, կրթական ծրագիր, ապրելակերպ և հոգևոր կյանք, որոնք միասին առաջացնում են դիմադրություն՝ տեխնոկրատական աշխարհայացքի գրոհի դեմ։ Հակառակ դեպքում,  նույնիսկ լավագույն բնապահպանական նախաձեռնությունները կարող են գերի դառնալ միևնույն ընդհանրացված (globalized) տրամաբանությանը։ Փնտրել  յուրաքանչյուր առկա բնապահպանական խնդրի միայն տեխնիկական լուծման միջոցը, նշանակում է բաժանել այն, ինչը իրականում ներկապակցված է, և դիմակավորել ճշմարտությունն ու ընդանուր համակարգի խորագույն խնդիրները։

     

    112․Մինչդեռ, կարող ենք մեկ անգամ ևս ընդլայնել մեր հայացքը։ Ունենք անհրաժեշտ ազատությունը՝ սահմանափակելու և ուղղորդելու տեխնոլոգիան․մենք կարող ենք այն ծառայեցնել մեկ այլ տեսակի առաջընթացի, որն ավելի առողջ է, ավելի մարդկային, ավելի սոցիալական, ավելի ամբողջական։ Ազատագրումը գերիշխող տեխնոկրատական աշխարհայացքից իրականում տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ մանր արտադրողների կոպերատիվները որդեգրում են արտադրության ավելի քիչ աղտոտող միջոցներ և ընտրում են  կյանքի ոչ-սպառողական մոդելը, վերստեղծումն ու համայնքը։ Կամ, երբ տեխնոլոգիան առաջին հերթին ուղղված է լուծելու մարդկանց կոնկրետ խնդիրները, իսկապես օգնելու նրանց ապրել ավելի արժանապատվորեն և ավելի քիչ տառապելով։ Կամ, հիրավի, երբ գեղեցկություն ստեղծելու և գեղեցկության մասին խորհրդածելու ցանկությունը կարողանում է հաղթահարել անկումայնությունը (reductionism)` մի այնպիսի փրկության միջոցով, որը գոյություն ունի գեղեցկության մեջ և նրանց մեջ, ովքեր սևեռված են այդ գեղեցկությանը։ Իսկական մարդկությունը, որը սպասում է նոր սինթեզի, թվում է, թե ապրում է մեր տեխնոլոգիական մշակույթի  մեջ, համարյա աննկատ, ինչպես դռան ներքևից ներս հոսող մի մշուշ։ Չնայած ամեն ինչի, արդյո՞ք ամենայն ճշմարիտի խոստումը կպահպանվի՝ համառ դիմադրության պայմաններում։

     

    113․ Կա նաև մի փաստ, որ մարդիկ թվում է, թե այլևս չեն հավատում երջանիկ ապագային, նրանք այլևս կուրորեն չեն վստահում ավելի լավ վաղվա օրվան՝ հիմնված աշխարհի ներկա վիճակի և մեր տեխնիկական կարողությունների վրա։ Կա մի աճող վստահություն, որ գիտական և տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հավասարեցվել մարդկության և պատմության առաջընթացի հետ, կա մի աճող զգացողություն, որ դեպի ավելի լավ ապագայի ճանապարհը այլ տեղում է։ Սա չի նշանակում  մերժել  այն հնարավորությունները, որոնք տեխնոլոգիան շարունակում է առաջարկել մեզ։ Բայց մարդկությունը մեծապես փոխվել է, և մշտական նորարությունների կուտակումը առաջ է բերում մի մակերեսայնություն,  որը քաշում է մեզ մեկ  ուղղությամբ:

     

    Կանգ առնելն ու վերագտնելը կյանքի խոր իմաստը դժվարանում է։ Եթե ճարտարապետությունն արտացոլում է դարի ոգին, ապա մեր մեգակառույցները և մռայլ բազմաբնակարան շենքերը արտահայտում  են համընդհանուր տեխնոլոգիայի ոգին, որտեղ նոր արտադրանքի հաստատուն վիթխարի աճը գոյակցում է ձանձրալի միապաղաղության հետ։

     

    Չհանձնվե՛նք այս ամենին  և շարունակենք փնտրել ամեն ինչի նպատակն ու իմաստը։ Այլապես, մենք պարզապես կօրինականացնենք ներկա իրավիճակը և կարիք կզգանք խուսափողականության (escapism) նոր ձևերի, որոնք կօգնեն մեզ տանել դատարկությունը։

     

    114․ Այս ամենը ցույց է տալիս հրատապ անհրաժեշտությունը՝ գնալու դեպի խոր մշակութային հեղափոխություն։ Գիտությունն ու տեխնոլոգիան չեզոք չեն․ գործընթացի սկզբից մինչև վերջ տարբեր մտադրություններ ու հնարավորություններ են խաղարկվում, որոնք կարող են ընդունել տարբեր ձևեր։ Ոչ ոք չի առաջարկում վերադառնալ Քարե Դար, բայց մենք չպետք է հապաղենք և պետք է իրականությանը նայել այլ ձևով, յուրացնել արձանագրված դրական և կայուն առաջընթացը, բայց նաև վերականգնել արժեքներն ու մեծ նպատակները որոնք մի կողմ են շպրտվել մեր վեհության անզուսպ մոլորություններով։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց