• «Համարձա՛կ եղիր, գնա՛ խոստովանության».Ֆրանցիսկոս Պապի վարդապետությունը՝ խոստովանության մասին

    Խոստովանությունը հանդիպում է Տիրոջ ողորմությանը։


     

     

    Հռոմի Պապ ընտրվելուց ի վեր Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակաբար ընդգծում է Աստծո ողորմության անսահմանությունը, ով երբեք չի հոգնում մեզ օգնելուց։ Իր ուսուցումների ընթացքում Սրբազան Քահանայապետը Հաշտեցման (Խոստովանության) խորհուրդը ներկայացրել է որպես նվեր, որը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին հանդիպել Աստծո ողորմությանն՝ անձնական և լիակատար ձևով։ Խորհուրդների մեջ անշուշտ Խոստովանությու՛նն է, որ առանձնակի արդյունավետությամբ ներկա է դարձնում Աստծո Ողորմած դեմքը. այն անընդհատ և հարատևորեն իրականանում և բացահայտվում է». ասում է Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ Իր անձնական փորձով և համոզմունքով:

     

    «Խոստովանության խորհուրդը բուժման խորհուրդ է։ Երբ ես գնում եմ խոստովանության, ես գնում եմ, որպեսզի բուժվեմ, որ բուժեմ իմ հոգին, իմ սիրտը, և բուժվեմ իմ կատարած որոշ սխալ քայլերից»․նշում է Հռոմի Սրբազան Քահանայապետը (Հրապարակային Ունկնդրություն, 2014թ. փետրվար)։

     

    Ապաշխարության և Խոստովանության խորհուրդը հոսում է անմիջապես Զատկական Խորհրդից։ Զատկի երեկոյան Տերը հայտնվեց իր աշակերտներին, ովքեր փակվել էին Վերնատանը և վերջում դիմեց նրանց ողջույնով՝ «Խաղաղությու՜ն ձեզ»: Հիսուս նրանց վրա փչեց և ասաց․«Առե´ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, ապա նրանք ներված կլինեն (Հվ․ 20։21-23)։ Այս մասը բացահայտում է մեզ առավել խորը դինամիկան (ուժը), որը պարունակում է այս Խորհուրդը։
    «Աստված երբեք չի հոգնում մեզ ներելուց»։ Հա՛յր, ի՞նչն է խնդիրը»։ Խնդիրը նրանում է, որ մենք ձանձրացել ենք ինքներս մեզանից, մենք չենք ուզում խնդրել, մենք ներում խնդրելու ժամանակ դառնում ենք ալարկոտ։ Իսկ նա երբեք չի հոգնում ներելուց, բայց երբեմն մենք հոգնում ենք ներում խնդրելուց»։
    Ֆրանցիսկոս Պապ, Աստծո հրեշտակ, 2013թ․ մարտի 17
    Ինչպես Ողորմած հայրը անառակ որդու առակում, Աստված ևս ցանկանում է ներել»․ ավելացնում է Սրբազան Քահանայապետը։ «Ամեն անգամ, երբ մենք գնում ենք խոստովանության, Աստված գրկում է մեզ։ Աստված ուրախանում է (Հրապարակային Ունկնդրություն 2014թ․, փետրվար)։

     

    Գտնել Աստծո ներումը Եկեղեցու միջոցով

     

    Սրբազան Քահանայապետը ընդգծում է, որ մեր մեղքերը ներելը պարզապես մի բան չէ, որը մենք կարող ենք տալ ինքներս մեզ։ Խոստովանության ժամանակ մենք ներում ենք խնդրում Հիսուսից։ « Ներումը մեր ուժերով վաստակած պտուղը չէ, այն ավելի շատ Սուրբ Հոգու նվերն է, ով լցնում է մեզ ողորմության աղբյուրով ու շնորհով, որն անդադար հոսում է Խաչված և Հարություն առած Քրիստոսի սրտից (Հրապարակային Ունկնդրություն 2014թ․ փետրվար)։

     

    Սակայն, բավարար չէ Տիրոջից ներում խնդրել միայն սեփական մտքում և սրտում, քանի որ Հիսուս Ինքը Եկեղեցուն վստահեց մեղքերի ներման խորհրդակատարությունը։ «Անհրաժեշտ է խոնարհաբար և վստահելով՝ խոստովանել սեփական մեղքերը եկեղեցական սպասավորին։ Խոստովանության խորհրդակատարության ժամանակ քահանան ոչ միայն ներկայացնում է Աստծուն, այլ նաև ողջ համայնքը»․ նշում է Ֆրանցիսկոս Պապը։

     

    Ուրիշի առաջ մեր մեղքերի մասին խոսելու ամոթը դարձնում է մեզ ավելի խոնարհ, քանի որ մենք թեթևացնում ենք ինքներս մեզ Աստծո առաջ․ նշում է Քահանայապետը։ «Երբ ինչ որ մեկը գնում է խոստովանության, նա զգում է այս բոլորը, նույնիսկ ամոթը, սակայն հետո, երբ նա վերջացնում է Խոստովանությունը, հեռանում է ազատ, ազնիվ, գեղեցիկ, ներված, անկեղծ և ուրախ։ Սա է Խոստովանության գեղեցկությունը»։

     

    Հասկանալով այն պայքարը, որի միջով որոշ մարդիկ անցնում են այս Խորհուրդն ընդունելու, հասկանալու և դրան մասնակցելու ժամանակ, Հռոմի Սրբազան Քահանայապետը համարձակորեն կոչ է անում․ «Համարձակ եղի´ր, գնա´ Խոստովանության»։

     

    Կարևորելով հաճախակի խոստովանությունը, Հռոմի Սրբազան Քահանայապետն ասում է․ « Գնա՛, քահանան լավը կլինի, Քրիստոսն այդտեղ է և նա ավելի բարյացակամ է, քան քահանան, Հիսուս ընդունում է քեզ, նա քեզ այնքա՛ն մեծ սիրով է ընդունում (Հրապարակային Ունկնդրություն 2014թ․ փետրվար)։

     

    Նա շարունակաբար նշում է, որ Խոստովանության խորհուրդը խորիմաստ նվեր է, որը ուժեղացնում է մեր անձնական կապը Քրիստոսի հետ, բուժում է մեզ, և նորացնում է մեր մկրտությունը, երբ մենք առաջին անգամ միացանք հավատքի համայնքին։

     

    «Ապաշխարության խորհուրդը կամ Խոստովանությունն, ըստ էության, նման է «երկրորդ մկրտության», որը միշտ վերադառնում է առաջինին և ուժեղացնում ու նորացնում է այն։

     

    Այս իմաստով, Մկրտության օրը այս գեղեցիկ ճանապարհորդության մեկնարկի կետն է, սա ճանապարհորդություն է դեպի Աստված, որը մի ամբողջ կյանք է տևում, այն դարձի ուղևորություն է, որը միշտ շարունակվում է Ապաշխարության Խորհրդով։ Մտածե´ք այս մասին. երբ մենք գնում ենք մեր տկարությունը, մեր մեղքերը խոստովանելու, մենք գնում ենք Հիսուսից ներում խնդրելու, բայց մենք նաև գնում ենք նորացնելու մեր մկրտությունը՝ Նրա ներման միջոցով։ Եվ սա գեղեցիկ է, այն նման է ամեն Խոստովանության ժամանակ Մկրտության օրը տոնելուն»․ ասում է Հռոմի Սրբազան Քահանայապետը (Հրապարակային Ունկնդրություն 2013թ նոյեմբերի 13)։
    ԵՀՕ 2013-ի ընթացքում, հուլիսին Ռիո դե Ժանեյրոյի Copacabana լողափում անցկացվող տոնակատարության ժամանակ Ֆրանցիսկոս Պապը կրկին բացատրեց, թե ինչպես է Հիսուս սպասում մեզ Ապաշխարության խորհրդի ընթացքում՝ պատմելով այս տոնին մասնակցելու համար այստեղ հավաքված երիտասարդությանը․ «Իր ողորմությամբ Նա կբուժի այն բոլոր վերքերը, որոնք մեղքերի պատճառով են առաջացել։ Մի´ վախեցեք խնդրել Աստծո ներումը, քանի որ Նա, ինչպես մեզ սիրող Հայր, երբեք չի հոգնում մեզ ներելուց։ Աստված անարատ ողորմություն է»։

     

    «Ես ցանկանում եմ հիշեցնել քահանաներին, որ Խոստովանատունը խոշտանգումների պալատ չէ, այլ այն ավելի շատ հանդիպում է Տիրոջ ողորմածության հետ, որը դրդում է անել մեզ մեր ձեռքից եկած ամենալավը։ Մի փոքր քայլը մարդկային շատ սահմանափակումների մեջ կարող է ավելի հաճելի լինել Աստծո համար, քան՝ այն կյանքը, որը արտաքուստ կարգին է, բայց ամեն օր շարժվում է առաջ՝ առանց մեծ դժվարությունների դիմակայելու։ Բոլորն էլ կարիքն ունեն զգալու Աստծո փրկարար սիրո մխիթարությունը և գրավչությունը, որը, վեր լինելով մարդկային սխալներից ու բացթողումներից, առեղծվածային կերպով գործում է յուրաքանչյուրի մեջ»։

     

    Խոստովանահայրերի պարտավորությունները

     

    Քահանաների հետ այս խորհրդի մասին խոսելիս՝ Քահանայապետը նկարագրում է այն՝ որպես մի միջոց՝ օգնելու մեր քույրերին ու եղբայրներին զգալու «մարդկային և քրիստոնեական խաղաղությունը ու ըմբռնումը»։

     

    Բոլորը պետք է խոստովանատնից հեռանան՝ երջանկությունն իրենց սրտերում, ասում է նա․ «Այն պետք է լինի ազատագրման հանդիպում՝ հարստացված մարդկայնությամբ, որի միջոցով կարելի է կրթվել ողորմությամբ, որը ոչ թե բացառում, այլ ավելի շուտ ներառում է հաշտեցման պարտավորությունը, այնքանով, որքանով հնարավոր է ներել սխալ արարքը»։

     

    Այսպիսով հավատացյալ մարդը պետք է հաճախ խոստովանի, և նա կսովորի անել դա ամենալավ ձևով՝ իր հոգու ազնվությամբ, որն այնքան լավ գործեր է կատարում իր սրտի համար, և նաև խոստովանահոր սրտի համար։ Այս ձևով մե´նք, քահանաներս հնարավորություն կտանք՝ Աստծո հետ անձնական կապի աճման համար, և այդպես Նրա սիրո և խաղաղության Թագավորությունը կընդարձակվի բոլորի սրտերում»։

     

    «Ողորմած լինելը չի նշանակում լինել մեղմ խոստովանահայր և ոչ էլ ողորմություն առաջարկելիս կոպիտ լինել»․ ասում է Սրբազան Քահանայապետը։ Ո´չ մեղմ, ո´չ էլ կոպիտ խոստովանահայրը «խոստովանողի հետ չի վերաբերվում եղբոր նման՝ բռնելով նրա ձեռքը և ուղեկցելով նրան դարձի ճանապարհին»։

     

    Փոխարենը, իսկապես ողորմած խոստովանահայրը լսում, ուղեկցում, և քաջալերում է: «Ողորմություն նշանակում է տանել եղբոր կամ քրոջ բեռը, օգնելով նրան քայլել։ Խոստովանահայրը, ով աղոթում է, խոստովանահայրը, ով լալիս է, ով գիտի, որ նա ավելի շատ է մեղավոր, քան խոստովանողը, և եթե նա երբեք այնպիսի վատ բան չի արել, որի մասին խոսում է խոստովանողը, ապա դա միայն Աստծո շնորհիվ է։ Ողորմած լինելը՝ դարձի ընթացքում ապաշխարողին մոտ լինելն ու ուղեկցելն է»․ ընդգծում է Սրբազան Քահանայապետը։

     

    Քահանայապետը նաև խրախուսում է քահանաներին, որ նրանք իրենք էլ սովորեն Խոստովանության խորհրդից։ «Հաճախ մենք նաև կոչված ենք ականատես լինելու դարձի իրական հրաշքներին։ Մարդիկ, ովքեր ամիսներով և նույնիսկ տարիներով գտնվել են մեղքի տիրապետության տակ, և ովքեր, անառակ որդու նման, գիտակցության են գալիս և որոշում վերադառնալ իրենց Հոր տուն՝ աղերսելու նրա ներողամտությունը։ Ինչքան գեղեցիկ է ընդունել այդ ապաշխարող քույրերին ու եղբայրներին Ողորմած Հոր սրբացնող գրկախառնությամբ, ով այնքա՛ն շատ է սիրում մեզ և տոնում է ամեն անգամ, երբ մի զավակ իր ամբողջ սրտով վերադառնում է Նրա մոտ»։

     

    Քահանաները ևս կոչված են դարձի գալու՝ Խոստովանության խորհրդի միջոցով․ նշում է Սրբազան Քահանայապետը։ «Ինչքա՜ն շատ բան կարող ենք մենք սովորել մեր քույրերի ու եղբայրների դարձից և զղջումից»։ Նրանք մեզ էլ կոչ են անում կատարել խղճի քննություն։ Արդյո˚ք ես՝ քահանաս, այնքան շատ եմ սիրում Տիրոջն, ինչքան այս տարեց կինը։ Արդյո՞ք ես այն քահանան եմ, ում դարձրել են Տիրոջ ողորմության մատակարարը՝ ունակ լինելու այս ապաշխարողի նման ողորմած: Արդյո՞ք ես մի խոստովանահայր եմ, ով պատրաստ է փոփոխության և դարձի, ինչպես՝ այս մեղավորը, որին ծառայում եմ։ Շատ հաճախ այս մարդիկ ուղղում են մեզ։

     

    Լսելով հավատացյալի խոստովանությունները՝ քահանաները պետք է «իրենց ներքին հայացքները դեպի երկինք սևեռեն»․ ավելացնում է Քահանայապետը։ «Մենք բոլորս էլ միայն Աստծո շնորհով և ողորմությամբ նշանակված հաշտեցման սպասավորներ ենք։ Արդյո՞ք ես, այս մեղքը լսելիս, այս հոգուն լսելիս, ով այսպիսի խորը զղջում ունի, ի վիճակի եմ ամաչել իմ մեղքերից։ Սա շնորհ է։ Մենք ողորմության քահանաներ ենք՝ Աստծո ողորմության շնորհիվ։ Մենք երբեք չպետք է կորցնենք այս գերբնական հայացքը, որը մեզ դարձնում է իսկապես խոնարհ՝ ընդունող և ողորմած մեր բոլոր քույրերի և եղբայրների հանդեպ, ովքեր խոստովանություն են խնդրում։

     

    Յուրաքանչյուր հավատացյալ ապաշխարող, ով մոտենում է խոստովանատանը, «սրբազան հող» է, որը պետք է մշակվի ջերմեռանդրոն, խնամքով ու հովվական ուշադրությամբ»։

     

    Խոստովանությունը և Ողորմության Հոբելյանը

     

    Հռչակելով Ողորմության բացառիկ Հոբելյանը, Հռոմի Սրբազան Քահանայապետը բոլորին հրավիրում է կենտրոնանալ Խոստովանության խորհրդի վրա՝ որպես Աստծո ողորմությունը զգալու մի կարևոր հնարավորություն։ Քահանայապետն ասում է. «Այնքա՛ն շատ մարդիկ, նաև՝ երիտասարդներ, վերադառնում են Խոստովանության խորհրդին, այս փորձառությամբ նրանք վերաբացահայտում են Աստծո մոտ վերադառնալու ճանապարհը, ապրելով ջերմեռանդ աղոթքի մի պահ և գտնելով իրենց կյանքի իմաստը։ Եկեք մեկ անգամ ևս կենտրոնում տեղադրենք Խոստովանության խորհուրդը, որ մարդիկ կարողանան իրենց սեփական ձեռքերով դիպչել Աստծո վեհ ողորմությանը։ Յուրաքանչյուր մեղավորի համար այն կլինի ճշմարիտ ներքին խաղաղության աղբյուր»։

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց