• Լեհ պատմաբան Քրշիշտոֆ Ստոպկայի հոդվածը Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին, Մաս Ա

    «Դուք կիմանաք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի», Հվհ.8:32


    3 օգոստոսի, 2016թ.

     

     Հրապարակում ենք Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Լեհաստանում հայ կաթողիկէ համայնքի պատմության շուրջ Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քրշիշտոֆ Ստոպկայի (Krzysztof Stopka) հեղինակած, երեք մասից բաղկացած հոդվածը՝ երեք մասերով: Հոդվածը թարգմանված է լեհերենից:

     

    Մաս Ա

     

    Քրիստոնեության սկիզբը Հայաստանում

     

    Ըստ հայկական ավանդության, Հայաստանում քրիստոնեական առաքելություն են իրականացրել են առաքյալներ սբ. Թադեոսն ու սբ. Բարդուղիմեոսը: Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը չորրորդ դարասկզբին ստեղծեց Գրիգոր Լուսավորիչը: Այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Տրդատ Գ Արշակունին, ով հալածում էր քրիստոնեությունը և ով սուրբ կույսեր Հռիփսիմեի և Գայանեի, ինչպես նաև նրանց ուղեկցուհիների նահատակության հեղինակն էր: Նա հրամայել էր նաև բանտարկել Գրիգորին, ով, սակայն, կարողացավ դարձի բերել թագավորին և նրա արքունիքը: Եպիսկոպոս ձեռնադրվելով Կեսարիայում (314/315 թթ.)՝ Գրիգորը քրիստոնեությունը ամրապնդեց Հայաստանում, որն այնուհետ դարձավ պետական կրոն: Գրիգորի առաջին աթոռանիստը Աշտիշատն էր: Նրա հետնորդները ժամանակի ընթացքում ընդունեցին կաթողիկոսների տիտղոս և տեղափոխվեցին Վաղարշապատ (ներկայիս Էջմիածնի մի մասը), որտեղ, ըստ ավանդության, Գրիգորին հայտնվեց ինքը՝ Քրիստոսը՝ իջնող լույսի մեջ: Մայր Աթոոը Հայաստանի քաղաքական կենտրոնների փոփոխության հետ մեկտեղ հետագայում փոխադրվեց Դվին, Ախթամար, Արգինա, Անի, Սեբաստիա, Կարմիր-Վանք, Ծովք, Հռոմկլա և Սիս:

     

    Հինգերորդ դարասկզբին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, ինչն իր հերթին թույլ տվեց ծիսակարգի մեջ ներդնել հայոց լեզուն: Հայտնվեցին Աստվածաշնչի և պաշտամունքային գրքերի թարգմանություններ, սկսեց ձևավորվել ինքնուրույն հայկական ծեսը: Թարգմանվեցին նաև հունական և սիրիական փիլիսոփաների և աստվածաբանների աշխատանքներ: Շնորհիվ սեփական ծիսակարգի՝ հայերն հաստատվեցին որպես  առանձին քրիստոնեական եկեղեցի: Այն փորձում էր մասնակցել ողջ քրիստոնեության կրոնական կյանքին, որն այդ ժամանակ ծվատվում էր ուսմունքային վեճերով (արիոսականություն, նեստորականություն, մոնոֆիզիտություն): Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակեսը, մասնակցեց Նիկիայի Ա տիեզերական ժողովին, իսկ նրա հետնորդները ընդունեցին Կոստանդնուպոլսի (381) և Եփեսոսի (431) տիեզերական ժողովների որոշումները:

     

    Քաղկեդոնի տիեզերական ժողովի դոգմաների մերժումը, եկեղեցական մեկուսացման ծագումը

     

    Հայոց թագավորության անկումից հետո (428թ.) պարսիկներն իրենց ենթակա դարձրած տարածքը վերափոխեցին Պարսկահայք նահանգի և փորձեցին այնտեղ վերականգնել նախկին կրոնը (զրադաշտականությունը): Ի պաշտպանություն քրիստոնեության, ապստամբություն բռնկվեց Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ: Չնայած «Վարդանանք» կոչված և Հայ Եկեղեցու կողմից հետագայում սրբերի շարքը դասված ապստամբների կրած պարտությանը (451թ.)՝ երկրի քրիստոնեական բնույթը պահպանվեց:

     

    Քաղկեդոնի 4-րդ տիեզերական ժողովին (451թ.), որը սահմանեց «Մեկ Քրիստոս՝ երկու բնությամբ» ուսմունքը, մասնակցեցին եպիսկոպոսներ միայն Հայաստանի այն հատվածից, որն այդ ժամանակ գտնվում էր Հռոմեական Կայսրության ենթակայության ներքո: Մյուս կողմից, Պարսկահայքում եկեղեցին Քրիստոսի բնության մասին մեծ բանավեճի ընթացքում ընտրեց այն աստվածաբանական միտումը, որը քրիստոնեության մեծամասնության կողմից հավանության չէր արժանացել և Դվինի Բ ժողովին (555թ.) հավանություն տվեց Քաղկեդոնի տիեզերական ժողովի կողմից դատապարտված մոնոֆիզիտությանը (միաբնակությանը)՝ համոզված, որ պաշտպանում է Եփեսոսի տիեզերական ժողովում մշակվածՍբ. Երրորդության մասին ուսմունքը: Ընդունվեց քննարկվող հարցի այն մեկնաբանությունը, որը մի ժամանակ առաջարկում էր Կյուրեղ Ալեքսանդրացին, գրելով՝ «Մի է բնութիւն Բանին մարմնացելոյ»: Ժամանակի ընթացքում հայ դոկտրինալ մեկնաբանությունները մոտեցան Քաղկեդոնում ընդունված սահմանմանը, սակայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հետևողականորեն հրաժարվում էր այդ ժողովի (և հետագա ժողովների) ներառմանը՝ տիեզերական՝ «Էկումենիկ» ժողովների ցանկում:

     

    Հայերը շրջանառության մեջ մտցրեցին նաև սեփական օրացույց, որը սկիզբ էր առնում Հուլյան դարաշրջանի 552 թվականից: Այդ քայլի հետևանքն էր ժամանակ առ ժամանակ Զատկի տոնի չհամընկնելը: Հայերը սկսեցին այլ քրիստոնյաների Զատիկն անվանել կեղծ («ծուռ»):

     

    Հարկ է, սակայն, նշել, որ Հայկական Եկեղեցում միշտ էլ գոյություն է ունեցել միտում, որը միասնական է եղել Ընդհանրական՝ Կաթողիկէ Եկեղեցու հետ և այսօրվա Հայ Կաթողիկէ Եկեղեցին այդ միտման ուղղակի շարունակողն է:

     

     

    Հայ Եկեղեցու դիրքորոշումը Բյուզանդիայի և Հռոմի  նկատմամբ

     

    Բյուզանդական Եկեղեցին բազմիցս փորձել է մնացած հայերին հակել կրոնական միասնականության՝ հայ քրիստոնեությանը վերաբերվելով՝ որպես հերետիկոսականի: Առավել սուր ձևով դա տեղի ունեցավ տասնմեկերորդ դարի առաջին կեսին: Այդ ժամանակ բազում հայեր միացան բյուզանդական եկեղեցուն: Արդյունքում ինքն իրեն ազգային համարող եկեղեցին նրանց համարեց ոչ միայն հավատքի, այլ նաև ազգի դավաճաններ՝ մերժելով այդ խմբի՝ իրենք իրենց «հայ» անվանելու իրավունքը: Քաղկեդոնական (այսինքն՝ Քաղկեդոնի ժողովի ձևակերպումներն ընդունող) հայերի փոքրիկ համայնքներ գոյատևեցին դարեր շարունակ, սակայն, դրանք այլևս մեծ դեր չխաղացին:

     

    Հայաստանի և Հռոմի եկեղեցիների միջև առաջին պաշտոնական շփումները տեղի ունեցան Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի և Գրիգորիոս VII պապի օրոք, 1080 թվականին: Հռոմի Սրբազան Պապը, ում խնդրել էին միջամտել հույների հետ ունեցած վեճերին, ճանաչեց Հայ Եկեղեցին՝ որպես ուղղափառ (այսինքն՝ ուղղադավան)՝ կոչ անելով, սակայն, ընդունել քաղկեդոնական որոշումները և իրականացնել ծիսակարգային բարեփոխումներ: Այս առաջին շփումը խոշոր հետևանքներ չունեցավ, քանի որ աշխարհագրական հեռավորությունը դրան խոչնդոտ հանդիսացավ: Դրությունը փոխեցին խաչակրաց արշավանքները:

     

    Կիլիկյան Հայաստանի Թագավորություն. Կաթողիկէ Եկեղեցու հետ առաջին միավորումը

     

    Սելջուկյան թուրքերի և թուրքմենների ներխուժումից հետո թափ առավ հայ բնակչության միգրացիան՝ դեպի Կիլիկիա, ուր 12-րդ դարում ձևավորվեց Կիլիկյան Հայաստանի Թագավորությունը: 1199 թ. Լևոն Ա Ռուբինյանը թագավոր հռչակվեց Տարսոնում և թագադրվեց Մայնցի կաթողիկէ արքեպիսկոպոս Կոնրադ ֆոն Վիտտելսբախի կողմից, ով կատարում էր երկու գործառույթ՝ որպես պապական լեգատ և կայսեր՝ Հայնրիխ VI Հոհենշտաուֆի, ներկայացուցիչ: Հռոմի Սրբազան Քահանայապետի առաջնորդությունը ընդունվում էր թագավորության քաղաքական-եկեղեցական վերնախավի կողմից: Թագավորները և բարոնները  դիմում էին պապերին՝ արձակումների, շնորհների և վճիռների համար: Խաչակրաց միապետություների կոալիցիայում Կիլիկյան Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի Եկեղեցին լատինական չէր, բայց, չնայած դրան, հայ ժողովուրդը համարվում էր եվրոպական մշակույթի կրող:

     

    Այդ ժամանակ անգամ մի ավանդություն ստեղծվեց, որի համաձայն Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի հետ միասին այցելել են  կայսր Կոստանդին Մեծին և Հռոմի Պապ Սեղբեստրոս I-ին՝ Հռոմում և համաձայնություն կնքել, որի կարևոր մասն էր կազմում ողջ Արևելքում առաքելություններ իրականացնելու համար Գրիգորին պապական լիազորությունների շնորհումը: Այդ ավանդությունն արդարացնում էր Հայ Եկեղեցու ավտոկեֆալիայի (ինքնուրույնության) հռոմեական ծագման և նրա կաթողիկէ բնույթի մասին այն ժամանակվա համոզումը:

     

    Սուրբ Աթոռը հայերին համարում էր ուղղափառ, իսկ նրանց Եկեղեցին, հատկապես Կիլիկյան Հայաստանում, իր հետ միության մեջ գտնվող Եկեղեցի: Թեպետ, բյուզանդական աստվածաբաններին հետևելով, Հռոմում քննադատվում էին հայկական ծիսական առանձնահատկությունները, սակայն դրանք կապակցված չէին դավանաբանական հարցերի հետ: Բացի այդ, Հայ Եկեղեցում ընդունվում էին որոշ լատինական սովորույթներ՝ եպիսկոպոսների խույրերն ու գավազանները, Խոստովանության աղոթքը, Սբ. Պատարագի սկզբին Սաղմոս 42 (43) աղոթելը, իսկ դրա ավարտին՝ Ավետարանի ընթերցումը (Հվհ.Ա:1-14), խորհուրդների թիվը (յոթ) և այլն:

     

    Հայ կաթողիկէությունը 14-րդ դարում՝ Մեծ Հայք, Սարա, Ղրիմ, Չինաստան, Իտալիա

     

    14-րդ դարում ֆրանցիսկյան միաբանությունը կարողացավ Հռոմեական Կաթողիկէ Եկեղեցու հետ միասնության բերել Արտազի Սբ. Թադևոս վանքի արքեպիսկոպոսին, ով համարվում էր Մեծ Հայքի կաթողիկոսի փոխանորդը (դպիրը): Կաթողիկէությունն այնտեղ տևեց մինչև հաջորդ դարի սկիզբը, այսինքն՝  տեղական դքսության փլուզումը, կաթողիկէների տեղահանումը և նոր (թուրքմեն) տիրակալների կողմից արքեպիսկոպոսության աթոռանիստի հանձնումը ոչ կաթողիկէ հայերին: Ֆրանցիսկյանների ազդեցության տակ Հռոմի Սուրբ Աթոռին իրենց հնազանդությունը ճանաչեցին նաև Վոլգա գետի ափերին տեղակայված Սարա քաղաքի եպիսկոպոս Ստեփանոսը և Ղրիմի արքեպիսկոպոս Առաքելը: Կաթողիկէ հայերը կարևոր ներդրում կատարեցին ֆրանցիսկյանների կողմից մոնղոլական կայսրության ընդարձակ տարածքներում քրիստոնեության տարածման գործում: Նրանք կաթողիկէ տաճար հիմնեցին Պեկինում և եկեղեցի՝ Քվանչժոու քաղաքում (Զայթոնում)՝ Թայվանի Նեղուցի հարևանությամբ:

     

     

    Իրենց հերթին, դոմինիկյանները հայերեն էին թարգմանում կաթողիկէ փիլիսոփաների և աստվածաբանների, այդ թվում` Սբ. Թովմա Աքվինացու գրությունները, ինչը նպաստեց հայ փիլիսոփայական և աստվածաբանական մտքի աշխուժացմանը, նույնիսկ, Հռոմի հետ միասնության հակառակորդների շարքերում: Այդ գործողությունների մտավոր կենտրոնն էր հանդիսանում Նախիջևանի մոտ գտնվող  Քռնայի Սբ. Մայր Աստվածածնի վանքը: 1331 թվականին տեղի հայ վանականներն ընդունեցին դոմինիկյան հագուստն ու կանոնը: Արդյունքում հիմնադրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի միասնական եղբայրների միաբանական կոնգրեգացիան, որն օգտագործում էր լատինական ծիսակարգը՝ հայերեն լեզվով: Նախիջևանի հայ կաթողիկէ թեմը սկզբում ընդգրկվեց Պարսկաստանի Սոլթանիե մետրոպոլիայի կազմում:

     

     

    Մերձավոր Արևելքում խաչակրաց երկրների անկման հետ մեկտեղ բազում հայ վանականներ ապաստան գտան Իտալիայում, որտեղ հիմնադրվեց դոմինիկյանների հետ կապված Սբ. Բարսեղ Կեսարացու  հայ եղբայրների միաբանական կոնգրեգացիան, որի կենտրոնական նստավայրը գտնվում էր Ջենովայի Սբ. Բարդուղիմեոս վանքում: Երկու հայ կաթողիկէ կոնգրեգացիաները 1356 թ. հաստատեցվեցին Իննովկենտիոս VI Հռոմի Սրբազան Պապի կողմից: Հայկական վանքերը Իտալիայում թիկունք և ապաստարան էին հանդիսանում Արևելքից եկող վանականների համար:

     

    Պրոֆ. Քրշիշտոֆ Ստոպկա,

    Յագելոնյան Համալսարանի պրոֆեսոր

     

     շարունակելի

     

     

    Քրշիշտոֆ Ստոպկայի անգլերեն հարցազրույցը՝ Լեհաստանում հայ կաթողիկէ համայնքի մասին

Օրացույց

Օրացույց


Recent Comments