• Տոն հիշատակության Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների

    «Մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։ (Ղուկաս. 10:16-20)


    3 օգոստոսի, 2016թ.

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցին 2016թ. օգոստոսի 6-ին հիշատակում է Եփեսոսի 200 հայրապետներին:

     

    Եփեսոսի տիեզերական ժողովը գումարվել է 431 թ. հունիսի 22-ին, բյուզանդական Թեոդոսիոս Բ Փոքր կայսեր հրամանով, Եփեսոս քաղաքում` 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Կ. Պոլսի պատրիարք Նեստորը սովորեցնում էր, թե Հիսուս Քրիստոսն ունի ոչ միայն երկու՝ իրար հակադիր բնություն, այլև խոսում էր երկու առանձին անձերի գոյության մասին, ավելին, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա  անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին:

     

    430թ. ժողովի մասնակից հայրերը իրենց վեճերին լուծում գտնելու համար դիմել են Հռոմի Սուրբ Աթոռին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կեղեստինոս պապն, իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից, սպառնաց բանադրել Նեստորին։ Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով գումարեց, դատապարտեց Նեստորին և ժողովի որոշմանը կցեց իր 12 նշանավոր նզովքները։ Դրանց ի պատասխան, Նեստորը հրապարակեց իր 12 հականզովքները։ Նեստորի կողմն են անցել Անտիոքի պատրիարք Հովհաննես Անտիոքացին, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները։ Հայտնի է Թեոդորետ եպիսկոպոսի հակակյուրեղյան նամակը։ Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը։ Հակամարտությունը աստիճանաբար բորբոքվեց, և բյուզանդական կայսրը հրավիրեց տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը։ Եփեսոսի ժողովը դատապարտեց Նեստորի վարդապետությունը և ընդունեց Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը՝ որպես ուղղափառ դավանություն, համաձայն որի Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով՝ մեկ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա  ծնեց Աստծո Որդուն:

     

    Այս ժողովին հրավիրված է եղել նաև Հայոց Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը, բայց նույն ժամանակահատվածում զբաղված լինելով այլ գործերով, նամակով հայտնել է իր համակարծությունը  ժողովի որոշումներին  և իր միաբանությունը հայտնել Սուրբ Հայրերին:

     

    Ժողովից հետո` սրբազան հայրերը Ս. Սահակին են ուղարկում ժողովի վճիռը և կաննոները` Երանելի Ղևոնդ և մյուս աշակերտների միջոցով:

     

    Մեծն Սահակ Պարթևը քաջատեղյակ լինելով եղելությանը` նույն ճշմարտությունը հաստատեց եպիսկոպոսների և վարդապետների ժողովում` և բոլոր միջոցներով զգուշացրեց և ամրապնդեց իր հոտը` Քրիստոսի անարատ խոստովանությամբ:

    Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

     

    Հայ Եկեղեցին Եփեսոսի ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

     

     

    Օրվա Ավետարանական ընթերցման հատվածն է

     

    «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։

     

    Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»։ Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը։ Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու։ Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։ (Ղուկաս. 10:16-20)

Օրացույց

Օրացույց