«Այս նշանով պիտի հաղթես»
7 հունիսի, 2016թ
Հայ եկեղեցին հունիսի 7-ին նշեց Կոստանդիանոս թագավորի և նրա մոր` Հեղինե թագուհու հիշատակության օրը: Կոստանդիանոս թագավորը ծնվել է 275թ., Նիշ քաղաքում: Զավակն էր հայտնի զորավար Կոստանդիոսի և ծագումով հասարակ, բայց բացառիկ կարողություններով օժտված Հեղինեի: Երբ Հեղինեն արու զավակ է ունենում, անունը Կոստանդիանոս են դնում, այսինքն` որդի Կոստանդինի կամ Կոստանսի:
Կոստանդինը հաղթանակով վերադառնում է Հռոմ և, օրըստօրե մեծանալով, դառնում ավելի սիրելի Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի կողմից: Սակայն, մի քանի տարի հետո` Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերը հալածանքներ են սկսում քրիստոնյաների դեմ, բայց ապարդյուն: Ուստի, ձանձրանալով իրենց գործերից և զբաղմունքներից, և քանի որ ծերության էին հասել, որոշեցին միասին հրաժարվել կայսրությունից: Կայսրեր են դառնում`Կոստանդին և Արմենտարիոսը: Կոստանդինը բարեսեր էր և զգոն մարդ էր: Նա հոգ էր տանում իր իշխանության տակ գտնվող քրիստոնյաների մասին և ազատորեն թույլատրում էր, որպեսզի քրիստոնյաները պաշտեն իրենց միակ ու ճշմարիտ Աստծուն: Իր որդին` Կոստանդիանոս էլ խրատում էր հանգիստ թողնել բոլոր քրիստոնյաներին:
Երբ Կոստանդիանոսը գրավեց հոր աթոռը, շրջապտույտի ելավ իր հայրենի իշխանության սահմանները` Բրիտանիա, Գաղղիա և Սպանիա, և մեծ մարդասիրություն ցույց տալով իր հպատակների հանդեպ, բոլորի կողմից դարձավ սիրելի կայսր:
Կոստանդիանոսը պաշտոնապես ազատել է եկեղեցին ավելի քան 250 տարիներ տևող հալածանքներից:
Ոչ միայն Եկեղեցին է ազատել հալածանքներից, այլ քրիստոնեությունը պետական աստիճանի է բարձրացրել Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրություններում:
Մաքսենտիոս բռնակալի դեմ վճռական ճակատամարտից առաջ Կոստանդիանոսը երկնքում խաչ է տեսնում և լսում հետևյալ պատգամը. «Այս նշանով պիտի հաղթես»: Անմիջապես հետո նրա հրամանով դրոշների վրա խաչի նշանն է դրվում, որից հետո նա մեծ հաղթանակ է տանում:
313թ. Կոստանդիանոսն ընդունեց «Միլանի հրովարտակը», որով վերջ դրվեց քրիստոնյաների հալածանքներին ողջ կայսրությունով մեկ: Նրա նախաձեռնությամբ է գումարվել Առաջին Տիեզերական ժողովը Նիկիայում (325թ.), ուր դատապարտվել է արիոսական աղանդը:
Կոստանդիանոսը կառուցել է շատ եկեղեցիներ, որոնց թվում՝ Երուսաղեմի Սբ. Հարության, Համբարձման և Վերնատան եկեղեցիները և Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարը: Բարեփոխել է հռոմեական օրենքները քրիստոնեական սկզբունքների համաձայն: Թեթևացրել է գերիների վիճակը, աղքատ և ընկեցիկ մանուկների համար պետական հատկացումներ է արել, ազատել է հոգևորականներին տուրքերից և կիրակին սահմանել որպես ազատ օր: Ողջ կայսրության քաղաքական ու տնտեսական զարգացմանը զուգահեռ աշխատել է բարձրացնել կայսրության բարոյական մակարդակը:
Թեև նա խոսքով և գործով քրիստոնյա է եղել, բայց իր մկրտությունը հետաձգել էր այն հույսով, որ մի օր կմկրտվի Քրիստոսի նման Հորդանան գետում, բայց հանգամանքների բերումով նա մկրտվում է մահվան անկողնում 337թ.: Եվ այսպես, ասվածապաշտությամբ լցնելով իր օրերը, սուրբ թագավորը իր թագավորության 32-րդ տարում մահացավ Նիկոմեդիայում, 337թ. մայիսի 22-ին: Նրա հուղարկավորությունը այնքան փառավոր էր, որ մինչ այդ որևէ այլ հռոմեացի կայսր չէր տեսել:
Կոստանդիանոս Մեծի հետ Հայ եկեղեցին հիշատակում է նրա մորը՝ Հեղինեին, ով բոլոր բարեպաշտական գործերում իր որդուն քաջալերողն էր ու գործակիցը: Նա Աստծուց տեսիլքով հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել փրկչական խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցում: 326թ. նա գալիս է Երուսաղեմ և այն վայրում, որտեղ գտնում է Քրիստոսի խաչափայտը, կառուցում է Սուրբ Հարություն տաճարը: Կառուցել է նաև կուսանոցներ, որտեղ նա անձամբ սպասավորել է որպես աղախին: Մահացել է 330թ.:
Օրվա ավետարանն է`
«Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած»,
Ղկ., 7:1-10: