Գնահատելով մեր պատմական անցյալն ու հոգևորականներին…
31 մայիսի, 2016թ.
Ջավախքի հայ կաթողիկէ Տուրցխ գյուղի եկեղեցու սպասավորներից մեկը՝ Ստեփան Ավետիսյանը մեր կայքին է փոխանցել պատմական կարևոր տեղեկություններ իրենց գյուղի քահանաներից մեկի՝ Տեր Ստեփան Ավետիսյանի մասին, որ Տուրցխի հոգևոր սպասավորն է եղել 1916-1920թթ.: Ուշագրավ տեղեկություններ և լուսանկարներ կան Տեր Ստեփանի ծոռնուհու տանը, որոնք հարկավոր է ավելի լավ ուսումնասիրել, ինչն էլ պատրաստվում ենք անել առաջիկայում: Առայժմ հրապարակում ենք մի քանի տեղեկություններ և լուսանկարներ, որոնք քաղված են Տեր Ստեփանի ձեռագրերից և այլ փաստաթղթերից:
Տեր Ստեփանը ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է Ախալքալաքի գավառի Տուրցխ գյուղում հողագործ Հովսեփ Ավետիսյանի ընտանիքում, 1882թ.: Նախնական կրթությունը ստանալու համար հայրը 12 տարեկան հասակում տղային ուղարկել է սովորելու Կոստանդնուպոլիս: Ընդունվում է Հովհանես Կոլոտ Պատրիարքի հիմնած առաջին կանոնավոր դպրոցը՝Սկյուտարում, ուր պատրաստում էին ուսյալ եկեղեցականներ: Լինելով նշանավոր վարդապետների հատուկ խնամքի ու ուշադրության կենտրոնում, իր պարտաճանաչությամբ, ընդունակություններով կարճ ժամանակում նկատվել է բարձրաստիճան հոգևորականների կողմից:
1908 թվականին Կոստանդնուպոլսից մեկնել է Իտալիա, նախ ընդունվել Ուրբանյան դպրանոց: Սովորել և տիրապետել է մի քանի լեզուների: Ստանալով լավ կրթություն փիլիսոփայության, բարոյագիտության, հոգեբանության և աստվածաբանության ոլորտներում՝ուղարկվել է Սարատով և ձեռնադրվել քահանա: Այնուհետև վերադարձել է հայրենի գյուղ:
1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, չկարողանալով սառն ու անտարբեր դիտողի դերում մնալ, զորակոչվել է բանակ: Ալեքսանդրապոլում հեղափոխական զինվորների հետ պայքար է մղել թուրքերի դեմ: 1916թ. օգոստոսի 21-ին կառավարության և փոխգնդապետ Գուսակովի թույլտվությամբ, որպես պահեստային սպա, արձակվել ու վերադարձել է հայրենի գյուղ:
Մինչ քահանայի վերադարձը, Տուրցխը հովվել է Տեր Հակոբ Գրիգորյանը, որից հետո 1916թ. նոյեմբերից գյուղի հովվությունը հանձնվել է Տեր Ստեփանին: Իսկ 1917 թ. հունվարի 16-ին նշանակվել է Տուրցխի ժողովրդապետ:
Մինչև 1920թ. Տեր Ստեփանը ծառայել է Տուրցխում, այնուհետև Ռուսիայի, Վրաստանի, Հայաստանի հայ կաթողիկէների առաքելական կառավարիչ Սարգիս Վարդապետ Տեր-Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ժողովրդապետ:
Բազում զրկանքներ կրած Տեր Ստեփանի առողջությունը շատ էր թուլացել: Երկարատև հիվանդությունից հետո, գարնանային մի օր՝ 1927թ. մարտին, Տեր Ստեփանը հոգին ավանդեց առ Աստված՝ շուրթերին ունենալով իր վերջին և այդպես էլ իրականություն չդարձած փափագը. «Տեր, օտար տեղ չտաս մահս, հասնեմ տունս, Աստված»:
Աննա երեցկինը իր եղբոր` Տեր Հովհանես Տեր-Պողոսյանի օգնությամբ, ով այն ժամանակ հովվում էր Շահնազար գյուղը (որը ներկայիս Տաշիրի շրջանի Մեծավան համայնքն է), Տեր Ստեփանի աճյունը տեղափոխել է հայրենի գյուղ և բազմաթիվ հոգևորակաների մասնակցությամբ պատշաճ արարողությամբ հողին են հանձնել գյուղի եկեղեցու բակում:
Այս լուսանկարներում Տեր Ստեփանի քահանայական ծառայության հետ կապված իրերն են, սկիհը, նաև նամակ՝ առաքելական կառավարիչ Սարգիս Վարդապետ Տեր-Աբրահամյանից: