• Ազատանի հայ կաթողիկէ համայնքը.պատմական ակնարկ

    Կաթողիկէ ինքնության արժևորման ճանապարհին


    27 ապրիլի, 2016թ.

     Հատված՝ Ազատան գյուղի մասին պատմ. գիտ. թեկն. Հակոբ Թորոյանի պատմական ակնարկից:

     

     

     

     

     Ազատան գիւղի աշխարհագրական դիրքը եւ հիմնադրումը:

     

    Ազատան գիւղը ունեցել է տարբեր անուանումներ: Դրանցից են եղել Գանդմա, Գալդեմա, Խըլի Ղարաքիլիսա, Խըլղարաքիլիսա, Խըլի-Ղարաքիլիսա Ներքին, Խըլի-Ղարաքիլիսա Փոքր[1]: Գանդմա անունը վերցուած է Յիշատակարանից եւ գրաբար նշանակում է՝ գան՝ գալիս են «դմա՝ դրան»: XIX դարի առաջին տասնամեակից գիւղը սկսուել է կոչուել նաեւ Խլի Ղարաքիլիսա:

     

    Խլի Ղարաքիլիսա անունը ժողովուրդը ստուգաբանում է այսպէս. V-VI դարերում կառուցուած եկեղեցու զանգը այնքան մեծ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս ղողանջները տարածվում էին Շիրակի դաշտավայրով մէկ: Երբ Նադիր Շահը յայտնուում է Շիրակում հրամայում է զանգն իջեցնել եւ տեղափոխել Իրան: Ճանապարհին զանգը շուռ է գալիս եւ գլորւում Կարաչան գետի ճահիճները: Գիւղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզուակը եւ թաքցնում: Զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող իւրաքանչիւր անցորդ քար է նետում դէպի զանգը, նրա ձայնը լսելու համար: Քարերից ծանրանալով հսկա զանգը աւելի է խրւում ճահճուտը եւ անհետանում: Այս դէպքից յետոյ Ղարաքիլիսա գիւղի անուան տակ աւելանում է «Խլի» («խուլ») մասնիկը, դառնալով Խլի Ղարաքիլիսա, այսինքն՝ խուլ կամ խլացած Ղարաքիլիսա:

     

    «Ղարաքիլիսա» թուրքերէն բառ է, նշանակում է սեւ եկեղեցի: Այդպէս են կոչել գիւղը, հաւանաբար, այն պատճառով, որ նրա կարմիր քարով կառուցուած եկեղեցու  եզրաքարերը եղել են սեւ:

    Մէկ այլ ստուգաբանութեամբ էլ ղարա նշանակում է մեծ, քանի որ գիւղի հին եկեղեցին եղել է բաւականաչափ մեծ: [2]

    Զանգի վերոյիշեալ լեզուակը այժմ պահուում է  եկեղեցու մօտ գտնուող մատուռում: Այն ունի 1,37 մ երկարութիւն եւ կշռում է 72 կգ: Մատուռում պահուում է նաեւ մետաղեայ մի հսկայ խաչ, որը նոյնպէս պատկանել է հաւանաբար, գիւղի հին եկեղեցու զանգակատանը:

    Խլի Ղարաքիլիսան աւելի ուշ կոչուեց Փոքր Ղարաքիլիսա, տարբերուելու համար Փամբակի Ղարաքիլիսայից, այսինքն՝ ներկայիս Վանաձորից:

    Գիւղը Ազատան է վերանուանուել ՀԽՍՀ գերագոյն Խորհրդի Նախագահութեան 1945թ Յունուարի 7-ի հրամանագրով:

    Ազատանը գտնւում է Մանթաշ գետի աջ ափին, Գիւմրիից 5 կմ հարաւ, տափարակ հարթավայրի վրայ, Գիւմրիից Երեւան տանող ավտոմայրուղու մօտ: Գիւղի թիկունքին բարձրանում է բլուրների մի շարան՝ հասնելով Կարկաչան գետին: Բլուրներից ամենից խոշորը Շիշթափեն է, որի թիկունքում վեր է խոյանում Արագած լեռնազանգուածը: Գիւղի հարաւային կողմից դէպի հիւսիս-արեւմուտք հոսում է Կարկաչան գետը, որը սկիզբ է առնում Մանթաշի հովտից: Նուաճողները նրան տուել են Էդդի Բոլուկ անունը, որը նշանակում է □նախիր քշող□, հաւանաբար կապուած գետի վարարման հետ, որի հետեւանքով գետը քշել է անասունների նախիրը: Ղեւոնդ Ալիշանի մօտ Կարկաչան գետը կոչւում է նաեւ Ղարանղու, որը ստուգաբանուած չէ. «Գետակ, զոր յիշեցաք, զուգակցին ի բազում վտակաց իջելոյ յոստրոց Արագած լերին, յորդանա եւ յորդէ ի վերին կողմանսըն Գարանկա (Ղարանղու) կոչի եւ ի հայոց Կարկաչ»:[3]

     

    Գիւղի միւս կողմից անցնում է Ջաջուռ գետակը, որը սկիզբ է առնում Ջաջուռի լեռներից: Գիւողի մօտ Ջաջուռ եւ Կարկաչան գետակները միանում են եւ թափւում Ախուրեան գետը, իսկ վերջինս էլ թափվում է Մայր Արաքսը:

     

    Ազատանը հարուստ է պատմական յուշարձաններով: Գիւղի հիւսիս արեւմտեան կողմում աւազուտ բլուներից մէկում 1934թ. գտնուել է մամոնտի 8 կգ քաշ ունեցող կտոր, որի երկարութիւնը 70 սմ էր: Այստեղ յայտաբերուել են նաեւ Էնեոլիթի ժամանակաշրջանի դամբարաններ, կենդանիների բրածոյ մնացորդներ, կորեկի հատիկներով լի կաւէ սափորներ: Ղռեր կոչուող հանդամասում յայտնաբերուել են բրոնզէդարաշրջանեան կացարաններ, որտեղ գտնուել են նիզակի բրոնզէ ծայրակալներ, պրիմիտիւ աղորիքներ, խեցեղէն, ուլունքներ:

     

    Խլի Ղարաքիլիսան Շիրակի ամենախոշոր եւ խիտ բնակեցուած վայրն էր դեռ XIX դարի սկզբից: 1825թ գրած իր մի յօդուածում հայ մեծ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանը գրում է, որ Գիւմրիի բերդից ոչ հեռու կայ Խլի Ղարաքիլիսա անունով մի գիւղ, որի բնակիչների մեծ մասը գաղթել են Սասունից եւ Մուշից ու նրանց թիւը կազմում է 600-700 մարդ:

     

    1831թ գիւղը ուներ 1450 մարդ, 1873ին՝ 2276, 1879ին՝ 3379, 1908ին՝ 3704, 1914ին՝ 4722: 1912թ, ըստ Հայ Կաթողիկէ օրացոյցի, հայ կաթողիկէների թիւը ընդհանուր բնակչութեան Զ մասն էր կազմում, այսինքն՝ 1030 մարդ:[4] Գիւղի բնակչութեան թուաքանակի աճի վրայ խիստ բացասաբար անդրադարձան Առաջին աշխարհամարտը, 1918 եւ 1920թթ թուրքական արշաւանքները: Արդէն 1922թ Ազատանը ունէր 2940 բնակիչ, որոնց դարձեալ մէկ քառորդը Հայ Կաթողիկէներ էին, այսինքն շուրջ 800 մարդ: Բնակչութեան աճի վրայ իր բացասական ազդվածութիւնը գործեց նաեւ Երկրորդ աշխարհամարտը, հետպատերազմական ծանր ժամանակաշրջանը եւ 1949թ ստալինեան բռնութիւնները: 1959ին գիւղը ունէր 3039 բնակիչ, իսկ 1970ին 3616բնակիչ:[5] Ներկայումս գիւղում ապրում է 5400 բնակիչ, 1272 տնտեսութեամբ, որոնց մէկ քառորդը հայ կաթողիկէներ են, այսինքն 1500 մարդ:

     

    Դրուագներ պատմական անցեալից:

     

    Խլի Ղարաքիլիսան ունեցել է հերոսական անցեալ: Առաջին յիշատակութիւնը վերաբերում է 1804ին, երբ 1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ. առաջին լուրջ ճակատամարտը տեղի է ունեցել 1804թ յունիսի 10-ին Արփաչայի ափին՝ Խլի Ղարաքիլիսայի մօտ: Թէպէտ պարսիկներն ունէին 8000 սարբազ (զինուոր) եւ գերակշռում էին ռուսներին, բայց շնորհիւ ռուսական հրետանու եռանդուն գործողութիւնների եւ ռուսական զօրքին օգնող հայ աշխարհազօրայինների, ճակատամարտն աւարտուեց ռուսների փայլուն յաղթանակով: Ռուսական կորպուսի առաջապահ զորամասերի տարած այս յաղթանակի շնորհիւ պարսկական գերութիւնից ազատուեցին 400 հայ ընտանիք: Բացի այդ Երեւանի Խանի Կարսի փաշայութիւնից  արտաքսուող 7000 հայ ընտանիքի համար էլ ճանապարհ բացուեց անցնելու Փամբակ-Լոռի, ապաստան գտնելու ռուսական հպատակութեան տակ:[6]

     

    Անշուշտ ճակատամարտի ժամանակ ռուսական առաջապահ զօրամասերին մեծ աջակցութիւն  են ցուցաբերել տեղի բնակիչները:

     

    Դեռ չէր աւարտուել 1804թ. ռուս-պարսկական պատերազմը, երբ սկսուեց ռուս-թուրքական (1806-1812թթ) պատերազմը: Պարսկական թագաժառանգ Աբաս-Միրզան 12 000-անոց զօրամասով մօտենում է ռուս-թուրքական սահմանին՝ մտադրութիւն ունենալով միանալ թուրքական բանակին, համատեղ ուժերով ջախջախել ռուսական զօրաբանակը եւ շարժուել դեպի Թիֆլիս:

     

    Թուրքական բանակին միանալու Աբաս-Միրզայի մտադրութիւնը խափանելու համար 1807թ յունիսի 18-ին Գուդովիչի գլխաւորած ռուսական զօրքերը յարձակւում են թուրքական բանակի վրայ: Արիւնալի ճակատամարտ է տեղի ունենում դարձեալ Ախուրեանի ափին, Խլի Ղարաքիլիսա գիւղի մօտ: Ռուսներից մասնակցում էր 7000 զինուոր, իսկ թուրքերից՝  20 000: Հակառակ թուրքերի թուական գերակշռութեանը թուրքական բանակը ծանր պարտութիւն կրեց եւ դիմեց փախուստի, իսկ Աբաս-Միրզան չհամարձակուեց ճակատամարտի մէջ մտնել: Այս յաղթանակով ոչ միայն ձախողուեց Վրաստան արշաւելու թուրքական պլանը, այլեւ ի չիք դարձաւ թուրք-պարսկական ռազմական դաշինքը:[7]

     

    Յաջորդ կարեւոր տեղեկութիւնը կապուած է 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմի եւ Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միացնելու պատմական իրադարձութեան հետ: Աբաս-Միրզան խախտելով Գիւլիստանի (1813թ) պայմանագիրը, առանց պատերազմ յայտարարելու Ռուսաստանին, ներխուժում է Լոռի-Փամբակի եւ Շիրակի մարզերը: Շիրակում Հասան խանի կատարած չարագործութիւնների, հայկական գիւղերի աւերման մասին սրտի կսկիծով է գրում Խ. Աբովեանը իր «Վերք Հայաստանի» վէպում:

     

    Անդրադառնալով Խլի Ղարաքիլիսայի աղէտին՝ նա գրում է.

    «Խլղարաքիլիսէն մխումը կորաւ. հենց բռնես՝ երկինքն յանկարծ փուլ էկաւ, ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր. էսպէս էր նրանց խեղճ հալը էս օր: Տաւարը մէկ կողմից քշեցին, տարան. գեղը մէկ կողմից կրակ տուին, առան»:[8]

     

    Հասան խանը գիւղի վրայ գրոհում է 2 կողմից, փորձելով գիւղը մէկուսացնել դրսից սպասուող օգնութիւնից: Գիւղի պաշտպանները նախօրօք իմանալով այդ մասին դիմում են ինքանապաշտպանութեան տանուտէր Սարգիսի գլխաւորութեամբ: Չորս օր անընդհատ թշնամին կատաղի գրողներ է ձեռնարկում գիւղի վրայ եւ տալով հարիւրաւոր զոհեր ստիպուած ետ է քաշւում. «Հարիւր անգամ պարսից սեւագունդ զորքը ղու արին, երիշ քաշեցին, ամէն անգամ էլ հարւիրով կոտորուեցան, իրանք իրանց լաշերի վրայովը էլ եդ փախան, շունչ առան՝ էլի կրկին էկան, էլի կըրկին մէկ բուռ խալխի թուանքի համըն առան, էլի ամոթով ետ դարձան» [9],-գրում է Խ. Աբովեանը։

     

    Դրանից յետոյ Հասան խանը հրամայում է թնդանոթներով հրետակոծել գիւղը, որը հետագայ դիմադրութիւնը դարձնում է անհնար, քանի որ գիւղը աւերակների կոյտի էր վերածուել։ Պարսիկների կողմից սպանուել էր 400 մարդ եւ վիրաւորուել՝ 800-ը։ Տանուտէր Սարգիսը հրամայում է կռուողներին ճեղքել շրջապատուած օղակը եւ հեռանալ։ Շատ քչերին է յաջողւում փրկուել։ Պարսիկները ներխուժելով գիւղ կոտորում են բնակիչներին, չխնայելով անգամ ծերերին, կանանց եւ երեխաներին, իրենց հետ հեռանալով գերի են տանում 150 տղամարդու։

    Մինչեւ այսօր էլ գիւղից ոչ հեռու գտնուող աւազաբլուրի մօտ յայտնաբերւում են մարդկանց կմախքներ, պարսկական զինանշան ունեցող հրացաններ եւ այլ զինատեսակներ։

     

    Պարսկական խաներն անկարող էին ընկճել հայ ժողովուրդի ազատագրական ոգին։ Ամենուրէք ստեղծւում են աշխարհազօրային ջոկատներ, որոնք միանալով ռուսական սահմանապահ զօրքերին հերոսաբար մարտնչում են թշնամու դէմ, մինչեւ ռուսական հիմնական ուժերի ժամանումը։ Այս պատերազմում Պարսկաստանը ծանր պարտութիւն է կրում եւ Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին է զիջում Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւնները, ինչպէս նաեւ Օրդուբադի շրջանը։

     

    Հայ Կաթողիկէ Համայնքի կազմաւորումը Խլի Ղարաքիլիսայում։

     

    Խլի Ղարաքիլիսայի Հայ Կաթողիկէ համայնքի հիմնադրման մասին կան երկու տեսակէտներ։ Առաջին եւ աւելի տարածուածը պատկանում է Հրաչեա եւ Հրայր Իկիլիկեաններին, որոնք գտնում են, որ հայ կաթողիկէները Խլի Ղարաքիլիսայում բնակութիւն են հաստատել 1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմից յետոյ, ինչի մասին նրանք ուղղակիօրէն նշում են իրենց «Գիւղ Ախուրեանի ափին գրքում». «1828-1829թթ ռուս-թուրքական պղատերազմից յետոյ մեծ թուով հայեր Գաբեշենից, Վահեւանից գաղթում եւ բնակութիւն են հաստատում Ազատանում, նրանց խոսակցական լեզուն Ալաշկերտի եւ Բասէնի խառը բարբառն էր։ Բոլորն էլ դաւանանքով կաթոլիկ էին»։[10]

     

    Երկրորդ տեսակէտը յայտնում է հայ ազգագրագէտ, բանահաւաք, հնագէտ Երուանդ Լալայեանը (1864-1931), որ ծնունդով Ալէքսանդրապոլից էր. վեց ամիս աշխատել էր Վիեննայի Մխիթարեանների մօտ եւ դաւանանքով հայ կաթողիկէ էր։ Նա գտնում է, որ 1818-1820թթ Օսմանեան կայսրութիւնում ապրող հայ կաթողիկէների նկատմամբ սկսւում են դաժան հալածանքներ, ինչպէս օսմանեան իշխանութիւնների, այնպէս էլ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի կողմից: Միւս կողմից էլ պարսկա-թուրքական կռիւները եւ Երեւանի խաների ձեռնարկած աւերիչ արշաւանքները Արեւմտեան Հայաստան, եւ մասնաւորապէս, Ալաշկերտ, համարեայ անհնարին են դարձնում հայ կաթողիկէների դրութիւնը, որոնք էլ օր առաջ ձգտում են ապահովութիւն փնտրել Ռուսական կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող Շիրակ-Շորագեալում եւ Գուգարք-Տաշիրում: Այսպիսով 1918-1920թթ Ալաշկերտից Շիրակի դաշտ փոխադրուած հայ կաթողիկէ գաղթականները հիմնադրել են Խլի-Ղարաքիլիսա, Թափադոլակ, Քաւթառլու ապա փոխադրուել են Բորչալու եւ հաստատուել ներկայիս Շահնազար գիւղում: Այս տեղեկութիւնները Երուանդ Լալայեանը յայտնում է իր

    «Բորչալուի գաւառ» աշխատութեան մէջ:

     

    Պատմաբան Լէօն իր «Հայոց պատմութիւն» IV հատորում միանգամայն ճիշտ է գնահատել այս շրջանում ստեղծուած դրութիւնը գրելով. «Ամենուրէք հայ ժողովուրդը ինքնաբերաբար, իր սեփական բնազդի թելադրութեամբ միակերպ է լուծում իր ֆիզիկական գոյութեան պահպանման ահեղ առեղծուածը, այն է՝ մտնել ռուսաց տիրապետութեան տակ, որ գոնէ կեանքի ու գոյքի ապահովութեան երաշխաւորութիւն էր»:[11]

     

    Պատմաբան Լէօն անդրադառնալով Կ. Պոլսի հայոց պատրիաքարանի, մեղմ ասած, ոչ ազգանպաստ գործելակերպին դէպի հայ կաթողիկէները աւելացնում է. «Հիմնուելով այն հանգամանքի վրայ, որ կաթոլիկ հայերը եւրոպացիների (ֆռանգների) դաւանակիցներն են, իսկ եւրոպացիները Թուրքիայի անհաշտ թշնամիներն են, լուսաւորչական կղերը հասկացնում էր կառաւարութեանը, որ հայ կաթոլիկներն այսպիսով հանդիսանում են եւրոպացիների բնական գործակալները եւ լրտեսները, ուստի եւ ինքը չի կարող երաշխաւորել նրանց հաւատարմութիւնը թուրք պետութեան վերաբերմամբ: Այս մատնութիւնը պատճառ դարձաւ հարիւրաւոր անմեղների բանտարկութեան, խոշտանգման, աքսորի, նոյնիսկ մահուան»[12]:

     

    Մեր կարծիքով իրականութիւնը աւելի մօտ է Երուանդ Լալայեանի տեսակէտը, այսինքն՝ գիւղի Հայ Կաթողիկէ համայնքը կազմաւորուել է 1818-1820թթ., Ալաշկերտից գաղթած հայ գաղթականներից: Մեր տեսակէտը կարող ենք հիմնաւորել հետեւեալ կարեւոր փաստով: 1837թ վերջերին եւ 1838թ սկզբներին Շիրակում տեղի են ունենում գիւղացիական բուռն հուզումներ, որոնք ուղղուած էին ցարական կառաւարութեան գաղութային ճնշման, շահագործման եւ հարկային ծանր քաղաքականութեան դէմ: Դրանք այնքան տեւական են լինում, որ լուրջ անհանգստութիւն են պատճառում անգամ Վրաստանի գլխաւոր կառաւարչապետ, գեներալ Գրիգորի Ռոզենին: Տեղամասի պրիստաւը յայտնում է Գ. Ռովենին, որ Փոքր Ղարաքիլիսա գիւղի բնակիչները հրաժարւում են պարհակն ու միւս տուրքերը, պատճառաբանելով, թէ  ռուս ցարը իրենց արտոնութիւն է տուել: Միաժամանակ տեղեկացնում է, որ անկարգութիւնների առաջացման գլխաւոր յանցագործներից են տեղացի կաթոլիկ քահանայ Տէր Գրիգորը, նրա որդի Սահակը եւ Պետրոս Յաւալյովը: Նրանք ուղեւորուել են նաեւ շրջակայ մի քանի գիւղեր եւ բնակիչների մէջ հրահրել են անբացատրելի անկարգութիւններ, գժտութիւններ եւ տարածել կեղծիքներ:Քահանայի որդին՝ Սահակը, ի միջի այլոց ունի չորս աստիճան եւ երեք մեդալ, որոնք ստացել է անձամբ գրաֆ Պասկեւիչից: Նման անհնազանդութիւններ տեղի են ունենում յատկապէս կաթոլիկներով բնակեցուած գիւղերում:

     

    Այս փաստը վկայում է այն մասին, որ մինչեւ 1826-1828թթ ռուս-պարսկական եւ 1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմները Խլի-Ղաարաքիլիսայում ապրել են հայ կաթողիկէներ, նրանք ունեցել են իրենց քահանան՝ Տէր Գրիգորը, որի որդին աչքի է ընկել վերոյիշեալ պատերազմների ժամանակ կատարել է անօրինակ սխրագործութիւններ, որի համար էլ անձամբ մեդալներ է ստացել ռուսական զորքերի գլխաւոր հրամանատար, գեներալ Պասկեւիչից: Նշանակում է նրանք այստեղ բնակութիւն են հաստատել 1818-1820թթ:

     

    1826թ ամռանըՀասան խանի դէմ մղած չորսօրեայ հերոսական ինքնապաշտպանական մարտերին մասնակցել են նաեւ հայ կաթողիկէներ, որոնցից քչերին է յաջողուել փրկուել: Ռուսական զորքերի կողմից գիւղը վերագրաւելուց յետոյ, վեդրադառնում են նաեւ փախած բնակիչները եւ կենդանի մնացածները: Եւ ահա հայ կաթողիկէների երկրորդ հոսքը սկսւում է արդէն 1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմից յետոյ Գաբեղենից եւ Վահեւանից, որոնց խոսակցական լեցուն Ալաշկերտի եւ Բասէնի խառը բարբառն է: Նրանք մի քանի տարով ազատւում էին մաքսերից, հարկերից ու տուրքերից, պետական գանձարանից նրանց համար բաց էր թողնւում գումարներ, մի մասը անվերադարձ նպաստների ձեւով, միւս մասն էլ իբրեւ փոխառութիւն: Բացի դրամից կարիքաւորներին տրւում էին նաեւ մթերքներ, տնտեսական գործիքներ, հում նիւթեր եւ այլն, մի խոսքով կառավարութիւնը հոգում էր, որ գաղթականները ամուր նստեն հողի վրայ եւ լինեն հաւատարիմ հպատակներ:

     

    1830-ական թթ. Խլի-Ղաարաքիլիսայի Հայ Կաթողիկէ համայնքը հիմնականում կազմուած էր հետեւեալ գերդաստաններից՝ Թովմասեաններ, Մոսոյեաններ, Պետիկեաններ, Մկրտչեաններ, Պետրոսեաններ, Ստամբոլցեաններ, Բաղդասարեաններ, Առաքելեաններ, Մարդոյեաններ, Բարսեղեաններ:

     

    Եկեղեցաշինութիւնը եւ հոգեւոր կեանքը:

     

    Ինչպէս արդէն վերեւում նշել էինք, գիւղում առաջին եկեղեցին կառուցուել է V-VI դարերում, այն եղել է սիւնազարդ եւ թաղածածկ: Եկեղեցին ունեցել է մեծ չափեր, ինչի մասին է վկայում 1մ 37սմ երկարութիւն ունեցող եւ 72կգ կշռող զանգի լեզուակը, որը հասել է մինչեւ մեր օրերը: Ի դէպ եկեղեցու մօտ կայ մի մատուռ, որտեղ պահւում է մետաղեայ մի հսկայ խաչ, այն նոնպէս պատկանել է եկեղեցուն: Ասում են, որ այս եկեղեցին կործանուել է 1795թ, երբ աղա Մահմեդ խանը արշաւում է Անդրկովկաս:

     

    1891536_362235843915868_965374646_o

    Ազատանում երկրորդ եկեղեցին կառուցուել է 1460թ:Այդ մասին յիշատակութիւն կայ Ազատանի ներկայիս Հայ Լուսաւորչական եկեղեցու գլխաւոր մուտքի վերեւի արձանագրութիւնում. □Ի 1865 ամի արդեամբ ծիսական ժողովրդոց Խլի-Ղաարաքիլիսա գեղջ նորոգեցա-ի եկեղեցիս անուն Ս. Ստեփանոս կառուցեալ 1460թ արձանագրեց Աշոտ քահանայ Ս. Յ. Ե. – ան:

    Արձանագրութիւնից երեւում է, որ 1460թ կառուցուած եկեղեցին կոչուել է նախավկայ Ս. Ստեփանոսի անունով:

     

    Ինչպէս տեսնում ենք երկրորդ եկեղեցու փլատակների վրայ կառուցուած երրորդ եկեղեցին, որը կառուցուել է 1865թ նոյնպէս կոչւում է Ս. Ստեփանոսի անունով: Եկեղեցին կոչուել է Ս. Ստեփանոս նախավկայի անունով, որովհետեւ այնտեղ պահուել է Ս. Ստեփանոսի մասունքներից:

     

    Գիւղի Հայ Կաթողիկէ համայնքի առաջին քահանան եղել է Տէր Գրիգորը, որի եռանդուն ջանքերի շնորհիւ ներկայիս Սբ. Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցու մոտերքում կառուցուել է 1830-ական թթ կեսերին փայտաշէն եկեղեցի: Այն եղել է փոքր եւ Հայ Կաթողիկէ համայնքի մեծանալու հետ միաժամանակ չի կարողացել իր մէջ տեղաւորել բոլոր հաւատացեալներին, ուստի պահանջ է առաջադրել կառուցել աւելի մեծ ու քարաշէն եկեղեցի: Եկեղեցու շինարարութիւնը սկսուել է 1845թ եւ աւարտուել է 1852թ: Այդ մասին յիշատակութիւն կայ Ղեւոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատութեան մէջ.

     

    «Ի 1500 Չ. բարձու հայ գեօղաւանն հայաբնակ փոքր կամ Խըլի Գարագիլիսէ 250 եւ աւելի տումբք, յորս եւ կաթոլիկ հայք. մեծ եւ գմբեթաւոր է եկեղեցի աւանին, իսկ կաթոլիկացն փոքր եւ անշուք, շինեալ յանուն Ս. Աստուածածնի յամին 1852[13] »:

     

     

    Մօտ 35 տարի անց երկրաշարժի հետեւանքով այս եկեղեցին փուլ է գալիս եւ Հայ Կաթողիկէ համայնքը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերաշինման գործին: 1890թ Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վեր է յառնում փլատակներից: Եկեղեցին ունէր ուղղանկիւն կառուցուածք, որի առաջին մասում վեր էր յառնում զանգակատունը: Գիւղացիները իրենց սայլերով Սարիղամիշից բերում են գերաններ եկեղեցին ծածկելու համար, որոնք աչքի էին ընկնում իրենց դիմացկունութեամբ եւ ամրութեամբ, մասնակի վերանորոգումից յետոյ մինչեւ այսօր եկեղեցու ծածկը ծառայում է իր նպատակին: Խլի-Ղաարաքիլիսայի Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետն էր Տէր Միքայէլ (Արշակ) Արարատեանը, որը եղել է նաեւ գիւղի վերջին ժողովրդապետը:

    1524770_344635312342588_5306067_n

    Հայ Կաթողիկէ համայնքի ջանքերով եկեղեցուն կից 1883թ բացւում է դպրոց, որը ընդմիջումներով, կապուած ցարական կառավարութեան հայկական դպրոցները փակելու որոշման հետ, գործում է մինչեւ 1918թ թուրքական արշաւանքը: Դպրոցը ունէր հոգաբարձուների խորհուրդ:

     

    Կաթողիկէ եկեղեցին ունէր մօտ 10 հա հող, գինետուն, ջրաղաց, որոնցից ստացուած հասոյթներից, ինչպէս նաեւ հաւատացեալների նուիրատուութիւնից եւ խաչհամբիւրներից պահում էր դպրոցը եւ հոգում համայնքի խիստ կարեւոր ծախսերը:

     

    Ս. Աստուածածինը այն հազուագիւտ եկեղեցիներից էր, որի յատակը փայտից էր եւ ամեն առաւօտ Հայ Կաթողիկէ հաւատացեալները իրենց հետ վերցնելով այծի կամ ոչխարի մորթուց կարուած տակաշորը ծնկաչոք մասնակցում էին պատաարագին, իսկ կրօնական տօների օրերին կատարում էին դրամական նուիրատուութիւններ՝ փող գցելով «Սկի »-ի (գանձարկղի) մէջ:

     

    Երկու համայնքները գիւղում ապրելով կողք-կողքի, համարեա միմեանց հետ առընչութիւններ չեն ունեցել, չեն յաճախել միմեանց եկեղեցիները, անգամ արգելուած է եղել նրանց միջեւ ամուսնութիւնները: Աղջիկ փախցնելու պատճառով, երբեմն ծագել արիւնալի վէճեր եւ անհաշտ թշնամանք:

     

    1900-ական թուականներին անգամ եղել է մի դէպք, որը մինչեւ այսօր յիշւում է գիւղում: Հայ Լուսաւորչական Ստեփանեան Արսենը փախցնում է Հայ Կաթողիկէ Պետիկեան Մարանին: Աղջկայ ծնողները իրենց բարեկամ հարազատներով փորձում են ետ բերել իրենց աղջկան, որը չի յաջողւում: Երկու համայնքների միջեւ լարուածութիւնը աճում է, սպառնալով վերածուելու արիւնալի բախման:  Տանուտերը այդ մասին տեղեակ է պահում Ալէքսանդրապոլի պրիստաւին, որը գիւղ է ուղարկում կազակների զինուորական մի ջոկատ, եւ միայն այդ ջոկատի միջոցով է հնարաւոր լինում ծնողներին վերադարձնել Մարանին: Երկու համայնքների միջեւ դաւանաբանական տարաձայնութիունները, վէճերը եւ թշնամանքը վերանում է միայն Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատուելուց յետոյ:

    1658632_376738725798913_904443596504548662_o

    1920-ական թուականների վերջերից իշխանութիւնների կողմից սկսւում է աննախադէպ ճնշում, հալածանքներ եկեղեցու նկատմամբ: Ինչպէս ողջ երկրում, այնպէս էլ Հայաստանում յայտնի էր բոլշեւիկեան մի առած՝ «Կորչի զատիկը, կեցցէ հնգամեակը չորս տարում »[14]:

     

    Երկրում նոր թափով սկսեցին աւերել վանքերն ու եկեղեցիները: Երեւանի Նորքի թաղամասի Սիմոն Ծերունի եկեղեցին պայթեցուեց 1930թ: Մոսկուայում քանդուեց Կազանեան տաճարը: Հալածանքների ու աքսորի ենթարկուեցին բազմաթիւ հոգեւորականներ:

     

    1930թ փակուեց Ս. Ստեփանոս եկեղեցին եւ վերածուեց պահեստի մինչեւ 1940թ: Առաւել դրամատիկ ծաւալուեցին իրադարձութիւնները Ս. Աստուածածին եկեղեցու փակման շուրջը: Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Միքայել Արարատեանը հրաժարուեց կատարելու իշխանութիւնների պահանջը՝ փակելու եկեղեցին: Գիւղ ուղարկուեց ոստիկանների մի խումբ եկեղեցին փակելու: Կաթողիկէ հաւատացեալ կանայք գոգնոցները քարերով հարձակուեցին ոստիկանների վրայ: Վերջիններս չհամարձակուելով զէնքի դիմել՝ խուճապահար փախան գիւղից: Միայն մի քանի օր անց ոստիկանական ջոկատը լուսաբացին մտնելով գիւղ եւ ջարդելով դռան կողպէքը դատարկեցին եկեղեցին: Եկեղեցու գոյքի մեծ մասը տարան Լենինականի Եօթ Վէրք եկեղեցի, իսկ հոգեւոր գրքերեը տարաւ Մովսիսեան Մկրտիչը, որի տեղը այսօր անյայտ է: Եկեղեցու Աթոռակալին՝ Պետրոսեան Աւետիսին յաջողւում է եկեղեցին փակելուց վերցնել դեռեւս 1852թ եկեղեցու հիմնադրման ժամանակ Հռոմից բերուած «Կենաց փայտ» խաչի սուրբ մասունքը, որը այսօր պահւում է նրա ժառանգների մօտ՝ Պետրոսեան Վալերի տանը:

    1015026_376739569132162_1448019311296470040_o

    Եկեղեցին վերածում են ակումբի, սակայն ներկայացումներին ոչ մի հանդիսատէս ներկայ չի լինում, բացի կոլտնտեսութեան վարչութեան ապարատից, ուստի ստիպուած 1932թ եկեղեցին վերածում են պահեստի, որտեղ ամբարում են ցորեն ու գարի:

     

    Խիստ պատիժ էր սպասւում նաեւ Միքայէլ Արարատեանին: Նա դիմում է համարձակութեան եւ որոշում է դիմել անձամբ Հայաստանի ներքին գործերի նախարար Մացակ Պապեանին: Վերջինս ընդունում է վարդապետին եւ ուշադիր ունկնդրում նրան: Թէ ինչի՞ մասին են նրանք զրուցել մի ժամ, մեզ անյայտ է: Վերադառնալուց յետոյ, նա միակ Հայ Կաթողիկէ վարդապետն էր, որ աքսորի չենթարկուեց եւ մնաց գիւղում: Նա այլեւ չզբաղուեց հոգեւոր գործունէութեամբ, հինգ տարի անց՝ 1936թ մահացաւ եւ թաղուեց գիւղի գերեզմանատանը:

     

    Միջազգային իրադրութեան սրման եւ թուրքական վտանգի աճման պայմաններում երկու եկեղեցիներն էլ վերածուեցին զօրանոցի, որտեղ տեղակայուեցին երկու զինուորական վաշտեր:  Եօթ տարի՝ 1940-1947 Աստծու տաճարը ծառայեց որպէս զօրանոց: 1947թ-ից մինչեւ 1950թ-ը Ս. Աստուածածին եկեղեցին ծառայեց որպէս ալրաղաց, այնտեղ տեղադրուեց անասնակեր աղացող մեքենա: Եւս 40 տսրի՝ 1950-1990թթ եկեղեցին ծառայում էր որպէս կոլտնտեսութեան պահեստ:

    10257986_376738572465595_7655671527234572058_o

    Եւ վերջապէս Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից վերանորոգուելուց յետոյ, կրկին իր դռները հաւատացեալների առջեւ բացեց Ս. Աստուածածնի եկեղեցին 1998թ Յունուարի 6-ին: Այստեղ ամեն կիրակի մատուցւում է Սուրբ Պատարագ:

     

    Թուրքական արշաւանքները

     

    1918թ մայիսի 15ին թուրքական առաջապահ զօրամասերը, խախտելով նախօրօք ձեռք բերուած զինադադարը, անցնելով Ախուրեան գետը շարժուեցին դէպի Ալէքսանդրապոլ: Հայկական զօրամասերը նահանջեցին Արարատեան դաշտ: Բախտի քմահաճոյքին թողնուեց ողջ Շիրակի դաշտավայրի բնակչութիւնը: Թշնամու ոչ մեծ մի հեծեալ ջոկատ Ջեմալ փաշայի գլխաւորութեամբ շարժուեց դէպի Խլի-Ղարաքիլիսա, որտեղ գաղթականների հետ միասին կենտրոնացուած էր 8000 բնակիչ: Այդ օրերին գիւղում էր գտնուում նաեւ Գարեգին Նժդեհը իր 600 մարդկանցից բաղկացած զօրախմբով, զգալով վիճակի անյոյսութիւնը, նա որոշում է նահանջել: Գիւղի երիտասարդութիւնը Մեխակ Վալեսեանի գլխաւորութեամբ որոշում է դիմադրել թշնամուն: Մօտ 350 հոգի կիսաշրջանաձեւ պաշտպանական բնագծեր են զբաղեցնում եւ վեց ժամ շարունակ կատաղի դիմադրութիւն են ցոյց տալիս թուրքական կանոնաւոր զօրախմբերին, որը արդէն հնարաւորութիւն է տալիս բնակիչներին հեռանալու եւ ապաստան գտնելու գիւղի յայլաղներում, իսկ երբ մութը վրայ է ընկնում նրանց են միանում կռուողները։ Երբ թուրքերը մտան գիւղ այնտեղ ոչ ոք չէր մնացել։

    Թւում էր, թէ ամէն ինչ բարեյաջող է աւարտուել։ Ընդամենը երկու շաբաթ անց յայլաղներում ապաստանածները հաւատալով թուրքերի կեղծ խոստումներին՝ անձի եւ գոյքի ապահովութեան վերաբերեալ միամտօրէն իջան յայլաղներից եւ սկսեցին վերաշինել իրենց աւերուած տները։ Նրանք առաջարկում են ամենքին գալ ու ներկայանալ եւ վկայականներ ստանալ, որպէսզի նրանց ոչ տաճիկ ասկեարները եւ ոչ էլ թաթար ու քուրդ խուժանը չհամարձակուեն դիպչել։ Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են ստանալ այդպիսի վկայականներ։ Նոյնիս ներկայացւում են այնպիսիք, որոնք մինչեւ այդ զանազան տեղերում թաքնուած են եղել։ Եւ նրանց բոլորին ցուցակագրում են իրենց դիւային ծրագրերի համար։

    1918թ յունիսի 2ին բոլորը հաւաքուեցին տաճիկների նշուած վայրում՝ գիւղամիջում։ Թուրք մարդասպանները 18-40 տարեկան 577 երիտասարդ տղամարդկանց գերեվարեցինն եւ ուղարկեցին երկրի խորքը տաժանակիր աշխատանքի: Նրանցից հազիւ 4 տասնեակին յաջողուեց դուրս պրծնել թուրքական գեհենից: Նրանք, ովքեր դիմադրութիւն էին ցոյց տուել թուրքական զորքերին դաժանօրէն կոտորուեցին: Այս փաստական տուեալները վերցուած են «Տաճկական վայրագութիւնները Ալեքսանդրապոլի գաւառում ՀՅԴ կուսակցութեան յայտնի գործիչ, Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Տէր-Յակոբեանի 1919թ հոկտեմբերի 17ին «Յառաջ» օրաթերթում տպուած յօդուածից. Անցեալ անգամին մենք տեսանք այն միջոցները, որոնցով տաճիկ զօրահրամանատարութիւններն աշխատել են իրականացնել իրենց դիւային ծրագիրը Արեւելեան Շիրակում, այն է՝ կոտորել, ոչնչացնել հայ ժողովրդի կենսունակ սեռը:

    Խլի-Ղարաքիլիսայում սպանուած է 400 մարդ, գերի է տարուած 577ը, որոնցից վերադարձել է 44ը:

    Ամբողջ Ալէքսանդրապոլի գաւառում սպանուած է 5086 հոգի, գերուած է 4660ը, որոնցից վերադարձել են 257ը[15] »:

    1920թ սեպտեմբերին սկսուեց երկրորդ թուրքական արշաւանքը Հայաստանի Հանրապետութեան դէմ: Հայկական բանակը չկարողացաւ լուրջ դիմադրութիւն ցոյց տալ թուրքական հորդաներին: Նոյեմբերի 7ին թուրքերը մտան Ալէքսանդրապոլ եւ գրաւեցին գաւառի գիւղերի մեծ մասը: Գիւղի բնակչութեան մեծ մասը կարողացաւ հեռանալ յայլեաները: Այնուամենայնիւ թուրքերը 300ից աւելի երիտասարդների գերեցին եւ ուղարկեցին Թուրքիա, որոնցից հազիւ 2 տասնեակին յաջողուեց յետ վերադառնալ, նոյնքան մարդ էլ սրախողխող արուեց իրենց պապենական օջախերի վրայ: Մօտաւոր հաշիւներով թուրքերը գիւղից տարել են 100 000 փութ հացահատիկ եւ կարտոֆիլ, 5000 գլուխ մանր եւ խոշոր եղջերաւոր անասուն, 200 սայլ, 50 քամահար մեքենա, բազմաթիւ այլ կարգի գիւղատնտեսկան գոյք, հրկիզել են 300ից աւելի տուն եւ մարագ[16]:

    Միայն 1921թ ապրիլի 21ին Բոլշեւիկեան կառաւարութեան համառ պահանջներից յետոյ Քյազիմ Կարաբեքիրը ստիպուած էր թողնել Ալէքսանդրապոլի գաւառը եւ քաշուել Արաքսի միւս ափը: Թուրքական սպանդից փախածները սկսեցին վերադառնալ իրենց հայրենի շեները՝ վերականգնելով դրանք:

     

    Գիւղի դպրոցը, լուսաւորութիւնը եւ մշակոյթը:

     

    Ազատանի դպրոցը հիմնադրուել է 1867թ: Այդ մասին ուղղակի յիշատակութիւն կայ Երեւանի կենտրոնական պատմական արխիւում. «Ալէքսանդրապոլի գւաւառի Խլի-Ղարաքիլիսա գիւղի դպրոցը հիմնադրուել է 1867ին: Այն մէկդասեայ ծխական դպրոց է, արականոց ա դասարան, ա բաժանմունք: 1887թ ունէր 40 աշակերտ: Դասաւանդել է Ալեքսանդր Տէր-Յարութիւնեանը, որն ունեցել է տնային կրթութիւն: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 70 ռուբլի: Դասաւանդել է հայոց լեզու, թուաբանութիւն,  երգ վայելչագրութիւն[17]»:

    Հետագայում դպրոցում դասաւանդում է Գարեգին Տէր-Յակոբեանը, որն աւարտել է Ս. Փրկչի դպրոցը: Դպրոցը պահուել է աշակերտներից գանձուող գումարներով, նպաստներով, եկեղեցու հողամասից ստացուող եկամուտներով: Դպրոցական աշխատանքները ղեկավարելու համար ընտրուել են 3 հոգուց բաղկացած մի մարմին, հոգաբարձու եւ երեսփոխաններ: Դպրոցը տեղաւորուած էր մի շէնքում, որի ներսը խաւար էր եւ սենեակներում նեղուացք:

    1887թ. ցարական կառավարութեան հրամանով փակւում են հայկական դպրոցները եւ միայն 6 տարի անց, չհասնելով յաջողութեան, ցարական կառավարութիւնը գնում է զիջումների եւ նորից է թոյլատրում հայկական դպրոցների վերաբացումը:

    1893-1894թթ ուսումնական տարում դպրոցում դասաւանդել են հետեւեալ առարկաները՝ Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Կրօն, Թուաբանութիւն, Վայելչագրութիւն: Այդ ժամանակ դպրոցը եղել է երկդասեայ եւ երկսեռ, այսինքն՝ ունեցել է երկու դասարան, որտեղ սովորել են տղաներ եւ աղջիկներ, որը մեծ առաջադիմութիւն էր: Այստեղ կազմակերպուել են հետաքրքիր միջոցառումներ, երեկոյթներ, անգամ փոքրիկ բեմադրութիւններ, որին արձագանքել է նաեւ ժամանակի մամուլը: «Ուսուցիչ պ. Հ. Խրխոյեանի ղեկավարութեամբ նոյն գիւղի աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ ներկայացրին Վ. Փափազեանի «Ժայռը» դրաման եւ «Սոնայի Նշանդրէքը» ոդեւիլը: Ներկայացումը յաջող անցաւ: Ներկայ էր գիւղի գրեթէ ողջ ժողովուրդը, որը գոհ եւ ուրախ սրտով հեռացաւ: Սա երկրորդ թէ երրորդ օրինակն է Շիրակի գիւղական ներկայացումների»[18]:

    1900թ Փոքր Ղարաքիլիսայում բացւում է մէկդասեայ ռուսական պետական դպրոց, որի տնօրէն է նշանակւում Ալեքսանդր Չմշկեանը: Երկու տարի անց Ալեքսանդր Չմշկեանի խնդրանքով ռուսական մէկդասեայ դպրոցը դառնում է երկդասեայ եւ նոր տեսուչ է նշանակւում յանձին Ալեքսանդր Զախարովի:

    1900թ նորից փակւում է հայկական երկդասեայ դպրոցը, որը մեծ վրդովմունք  է յառաջ բերում գիւղի հասարակութեան մէջ: 150 Մարդ բողոքի դիմում է ուղարկում Երեւանի նահանգական դպրոցների տնօրէնին, գործին միջամտում է նաեւ Երեւանի նահանգապետը եւ Ազատանում կրկին բացւում է մէկդասեայ դպրոց 60 աշակերտի համար, որը շատ քիչ էր 800 տնտեսութիւն ունեցող գիւղի համար: Գիւղացիները շարունակում են պայքարը, որ դպրոցը դառնայ երկդասեայ: Այն պսակւում է յաջողութեամբ: 1903ին գիւղում բացւում է երկդասեայ դպրոց, որի տնօրէն է նշանակւում Ներսիսեան դպրոցի սան Թադեւոս Գեւորգեանը: Դպրոցը երկսեռ էր եւ այնտեղ դասաւանդւում էր հետեւեալ առարկաները. Կրօն, Հայոց լեզու, Ռուսաց լեզու, թուաբանութիւն, Ազգային բնական պատմութիւն եւ նկարչութիւն: 1907-1908թթ ուսումնական տարում դպրոցում սովորել են 162 երեխաներ, դպրոցում դասաւանդել են 3 ուսուցիչներ՝ Յովհաննէս Սխրիկեանը, Հարութիւն Խրխոյեանը եւ Ռուբէն Ասլանեանը: Դպրոցը պահպանուել է գինետնից, եկեղեցու արտից, բազարի կրպակից եւ նուիրատուութիւններից ստացուած միջոցներից:

    1915-1916թթ դպրոցը դարձեալ երկսեռ էր, ուսման 3 տարի տեվողութեամբ, 3 ուսուցիչներով:

    Ինչպէս նշել ենք արդէն 1883թ գիւղի Հայ Կաթողիկէ համայնքի ջանքերով Ս. Աստուածածին եկեղեցուն կից բացւում է ուսումնարան, որը տեղաւորուած էր մի փոքրիկ կաւածեփ շէնքում: Դպրոցը պահուել է Հայ Կաթողիկէ համայնքի միջոցներով, նուիրատուութիւններով ու եկեղեցուց ստացուած եկամուտներով, խաչհամբոյրներից եւ այլն: Աշակերտների թիւը եղել է սահմանափակ՝ 20-25 աշակերտ: Այս դպրոցը իր գործունէութիւնը շարունակել է մինչեւ 1918թ. թուրքական առաջին արշաւանքը:

    Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ նպաստաւոր պայմաններ ստեղծուեցին կրթութեան զարգացման համար: Փոքրիկ Ղարաքիլիսայում նորից ստեղծուեց եռամեայ տարրական դպրոց եւ հասակաւոր բնակչութեան անգրագիտութիւնը վերացնելու համար՝ Խրճիթ-ընթերցարան:

    1933-1934 ուսումնական տարում Ազատանում բացւում է եօթնամեայ դպրոց, իսկ 1937-1938 ուսումնական տարում բացւում է միջնակարգ դպրոց: Նոյնիսկ Հայրենական մեծ պատերազմի ահեղ տարիներին՝ չդադարեց գործելուց միջնակարգ դպրոցը:

    Ազատանի դպրոցի տնօրէններ են աշխատել Գասպարեան Պարոյրը, Սահակեան Շատերը, Յամբարեան Յակոբը, 1959-1965թթ Իկիլիկեան Միսակը, 1965-1998թթ Մահտեսեան Վահագը, իսկ 1998-ից մինչեւ այժմ Վարժապետեան Վիտեան: Ներկայումս Ազատանի դպրոցը ունի 1049 աշակերտ, 45 դասարան, 101 ուսուցիչ: 2000-2001 ուսումնական տարում I դասարան են յաճախել 103 երեխա, որը վառ ապացոյց է այն բանի, որ գիւղում բնական աճը չի դադարել:

     

    10256550_376740535798732_5515253800183471215_o

    Հետպատերազմեան շրջանում գիւղում բացւում է մանկամսուր եւ մանկապարտեզ, որը գործում էր մինչեւ 1988թ երկրաշարժը: Այժմ գործում է միայն մանկապարտեզը:

    1920-ական թուականների կէսերին գիւղում ստեղծուած գրադարանը այսօր ունի 5000 կտոր գիրք եւ գրադարանի վարիչն է Հունոյեան Գիւլնարան:Այսօրուայ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շարունակում է գործել Ազատանի Արուեստի դպրոցը, որի տնօրէնն է Յամբարեան Սվետան: Արուեստի դպրոցը ունի 2 բաժին՝ երաժշտական եւ կերպարուեստի՝ 72 աշակերտով:

    Գիւղում գործում է նաեւ մարզադպրոց, որը բաղկացած է ըմբշամարտի, բռնցքամարտի եւ Արեւելեան մարզաձեւերի բաժիններից: Մարզադպրոցը հիմնուել է 1982-1983թթ:

     

     

     

    Կոլեկտիւացումը եւ բռնաճնշումների ծաւալումը:

     

    1928թ աշնանը 16 կոլտնտեսութիւններ միացան եւ կազմեցին գիւղատնտեսական արտել: Նրանք հիմնականում կոմունիստներ էին եւ գտնւում էին ծայրահեղ չքաւոր դրութեան մէջ: Նորաստեղծ արտելը ունէր միայն 5 զոյգ եզ, նոյնքան սայլեր, 8 կով, 1 ձի: Իբրեւ գրասենեակ օգտագործւում էր Աղէկեաններին պատկանող բնակարանը: Կոլտնտեսութեան նախագահ է ընտրւում Հրաչ Վալէսեանը: Պետութիւնը հանրային տնտեսութեանը տրամադրեց 80 հա վարելահող, 10 հա  խոտտարք, անհրաաժեշտ չափով վարկ:

    1929թ վերջին Հրաչ Վալէսեանին փոխարինեց Խլղաթ Դիլոյեանը: Կոլտնտեսութեան շարքերը ընդգրկուեցին հարիւրից աւելի տնտեսութիւն. 1930թ սկսուեց համատարած կոլլեկտիվացումը եւ 750 տնտեսութիւն ունեցող գիւղը ենթարկուեց կոլեկտիվացման, գործածութեան մէջ դրուեց աշխօրի սիստեմը: 1931թ պետութիւնը կոլտնտեսութեանը յանձնեց հայրենական արտադրութեան □ֆորզօն□ տիպի տրակտոր: 1938-1947թթ կոլտնտեսութեան նախագահ է ընտրւում Ծատուր Ծատուրեանը: 1934թ ցանքաշրջանառութեան մէջ մտաւ շաքարի ճակնդեղի մշակութիւնը, իսկ մինչ այդ կոլտնտեսութիւնը զբաղւում էր հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: 1935թ միջազգաային բանւորական շարժման ղեկավարներից մէկը՝ Գէորգի Դիմիտրովը ընդառաջելով Ազատանի կոլտնտեսականների խնդրանքին, նրանց է նուիրում բեռնատար մի մեքենա:

    Կոլտնտեսութեան կազմաւորումը ուղեկցւում էր բռնաճնշումների լայն ծաւալումով: Ունեւոր, աշխատասէր գիւղացիները, որոնք չէին ցանկանում մտնել կոլտնտեսութիւն յայտարարուեցին «կուլակ», «ժողովրդի թշնամի» եւ ենթակայ էին աքսորի: Ազատանից որպէս «ժողովրդի թշնամի» 1937-1938 թուականներին աքսորուեցին մօտ 40 ընտանիք, որոնցից էին Վալէսեան Յակոբի, Չարխիֆալակեան Գրիշայի, Մահտեսեան Գարազի, Մահտեսեան Վաղինակի, Հայկեան Սէթի եւ ուրիշների ընտանիքները, որոնցից քչերը միայն Ստալինի մահից յետոյ յետ վերադարձան: Մարդիկ աքսորի էին ենթարկւում անգամ չնչին առիթի դէպքում, որպէս անբարեհոյս տարրեր: Ստալինեան տոտալիտար ռեժիմը չէր խնայում անգամ երեխաներին, կանանց եւ ծերերին:

    Ըղբերգական աւարտուեց Ազատանի դպրոցի 10-րդ դասարանի 10 աշակերտների ճակատագիրը, որոնք համարձակուել էին գաղտնի կերպով ընթերցել Րաֆֆու «Սամուել» վէպը: Հայ մեծ վիպասան Րաֆֆուն բոլշեւիկեան իշխնանութիւնները համարում էին ազգայնամոլ եւ խստագոյն կերպով արգելուած էր նրա ստեղծագործութիւնների հրատարակելը եւ անգամ ընթերցումը: Այս 10 պատանիներից յետ վերադարձան՝ Տոնոյեան Արամը, Գալոյեան Սէթոն եւ Չարխֆիլակեան Վաչագանը, որոնք 1955թ՝ Ստալինի Մահից յետոյ էլ թոյլ չտուեցին բնակուելու Ազատանում:

    Նոյնիսկ անմեղ կատակի պատճառով խեղուել է մարդկանց ճակատագիրը: Այսպէս օրինակ՝ առաջաւոր ճակնդեղագործուհի Սիրուշը հրաւիրւում է Մոսկուա մասնակցելու հանդիսաւոր մի ժողովի: Գիւղի տղամարդկանցից մէկը՝ Թովմասեան Սիմաւոնը՝ գիւղամիջում նրան կատակով ասում է. «Սիրո՛ւշ, զգոյշ եղիր, Ստալինը աչքից շոռ է»: Այո՜, մի նախադասութիւնը բաւական էր, որ Սիմաւոնը ստանար 10 տարուայ աքսոր Սիբիրի համակենտրոնացման ճամբարներում առանց նամակագրական իրաւունքի, որտեղից էլ նա այլեւս չվերադարտձաւ:

     

    Ազատանը եւ II համաշխարհային պատերազմը:

     

    1939թ սեպտեմբերի 1ին սկսուեց II համաշշարհային պատերազմը, իսկ 1941թ յունիսի 22ին Հայրենական մեծ պատերազմը: Ազատանից ռազմաճակատ մեկնեցին մօտ 1000 18ից 45 տարեկան տղամարդիկ, գիւղում մնացին կանայք, ծերերը եւ անչափահանները, որոնք փոխարինեցին ռազմաճակատ մեկնող իրենց ամուսիններին եւ որդիներին:

    Քաջարի ազատանցիները կռուեցին պաշարուած Լենինգրադում, Կերչում, Սեւաստոպոլում, Թամանեան թերակղզում, Դնեպրի ափերին, Հիւսիսային Կովկասի  լեռներում: Նրանցից շատերը մասնակցեցին Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի ազատագրմանը, իսկ 16ը Բեռլինի գրոհին, շուրջպար բռնելով ռայխստագի շուրջը: Այդ 16ից այսօր կենդանի է միայն Ազատեան Աղասին:

    Ռազմաճակատ մեկնողների թւում էին 4 եղբայրներ՝ Գեւորգ, Սէթ, Վաչագան, Մկրտիչ Ազատեաննեերը, Մանթաշ, Ազատ, Սարգիս, Աղասի Բահրիկեաննեերը, երեք եղբայրներ՝ Գառնիկ, Աւետիք, Վահագն Յարայեանները, Վելիխան, Լեւոն, Հմայեակ Հայկեանները, Հրաչ, Յարութիւն, Վահէ Շահբազեանները եւ այլն: Ռազմաճակատ մեկնեցին նաեւ կանայք, այդ թւում  ուսուցչուհիներ Այծեմնիկ Գաբոյեանը, Նազան Գիւլնազարեանը, բուժքոյր Հրանուշ Սմբատեանը եւ այլն:

    Ռազմաճակատ մեկնող ազատանցիներից 60ը հրամանատարներ էին եւ քաղաքական աշխատողներ: Նրանց թւում էին ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախկին երկրորդ քարտուղար, Թամանեան 89րդ դիւիզիայի կոմիսար Խաչիկ Յակոբջանեանը, Փոխգնդապետներ Գարեգին Ջանոյեանը, Արարատ Վարժապետեանը, Գառնիկ Իսահակեանը, Հովհաննէս Աւագեանը, մայորներ Յ. Խամբարեանը, Բ. Հայրապետեանը, Ս. Ոսկանեանը, կապիտաններ Մ. Ազատեանը, Խ. Միքայելեանը, Վ. Իկիլիկեանը, Ս. Պետրոսեանը եւ ուրիշներ: Անւախ ու քաջ ընդհատակային էր Բայրոն Միքայելեանը, որը մէկ տարի շարունակ գործելով ընդհատակում, կապ պահպանելով Լխովցացի պարտիզանների հետ փորձեց իր ջոկատով ապստամբութիւն բարձրացնել քաղաքում եւ դարձաւ մատնութեան զոհ:

    Պատերազմի 4 դժուարին տարիների ընթացքում հարիւրաւոր մարդկանց կեանք փրկեց բուժքոյր, աւագ լետյենանտ Հրանուշ Ամբարդարեանը՝ պարգեւատրուելով Կարմիր Աստղի 2 շքանշանով եւ բազմաթիւ մեդալներով:

    Պատերազմին մասնակցած 1000 ազատանցիներից 221ը տուն չվերադարձան: Նրանց յաշատակը յաւէրժացնելու համար կառուցուել մի գեղեցիկ յուշարձան համալիր հենց այն բարձունքի վրայ, որտեղ նրանք իրենց վերջին հրաժեշտը տուեցին հարազատներին: Յուշարձանի պատի վրայ փորագրուած է զոհուած 221 ազաատանցիների անունները, սակայն վերջին տարիների ուսումնասիրութիւններից պարզուեց, որ զոհուածները աւելի շատ են. գիւղապետարանի տուեալներով 1939-1945թթ II համաշխարհային պատերազմում զոհուածների թիւը կազմում է 346 հոգի:

     

    Ազատանը 1945-2000թթ:

     

    Ազատանը Ախուրեանի շրջանի ամենաառաջաւոր տնտեսութիւններից մէկն է եղել: Ազատանի տնտեսութիւնը Ծատուր Ծատուրեանից յետոյ ղեկավարել են Մովսիսեան Եզնիկը, Հայկեան Հմայեակը եւ ամենավերջում Եսայեան Գառնիկը (1978-1991): Կոլտնտեսութիւնն զբաղուել է հացահատիկային կուլտուրաների մշակութեամբ, պտղաբուծութեամբ եւ անասնապահութեամբ: Հողերի հիմնական մասը ոռոգելի է եւ ոռոգւում է ջրամբարից:

    Գիւղում հետպատերազմեան շրջանում կառուցուեց ամբուլատոր բուժկէտ, կապի բաժանմունք, հեռախոսակայան, նոր մշակոյթի տուն, խանութներ, կենցաղի տուն, մանկապարտեզի շէնք, նոր դպրոց, գիւղի նոր վարչական շենք, մարզադպրոց, գործարան:

    Ինչպէս ամբողջ երկրում, այնպէս էլ Ազատանում նոր աղէտ պայթեց 1949թ յունիսի 14ին: Ստալինեան ամբողջատիրական վարչակարգը իր □շնորհակալութիւնը□ յայտնեց իր ժողովրդին II Համաշխարհային պատերազմում կրած տառապանքների եւ զոհողութիւնների համար: Միայն Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորուեց 12 հազար անմեղ մարդ, այդ թւում Ազատանից 20 ընտանիք՝ շուրջ 80 մարդ: Աքսորի ենթակայ էին այն մարդիկ, որոնք □անհուսալի□ էին, այսինքն պատերազմի ժամանակ գերի էին ընկել, հայրենադարձներ էին, հաւատացեալներ, որոնք չէին վախենում թաքցնելուց իրենց հաւատը առ Աստուած, գիւղում ակտիվ հասարակական դիրք ունէին եւ չէին վախենում ընդդիմանալու ղեկավարութեան կամայականութիւններին:

    1949թ յունիսի 14ին աքսորուածների թուում էին Սուքիասեան Հրաչի, Յարութիւնեան Գարեգինի, Ազատեան Աւետիքի, Թովմասեան Լիւդվիգի, Սիմոնեան Արտուշի, Ջնդոյեան Սատգսի եւ միւսների ընտանիքները: Աքսորուածների մօտ 90 տոկոսը յետ վերադարձաւ Ստալինի մահից յետոյ եւ միայն 10 տոկոսը մնաց այնտեղ:

    Այսօր Ազատանում կայ 1272 տնտեսութիւն 5400 բնակչութեամբ: Այն համարւում է Հայաստանի ամենամեծ գիւղական բնակավայրերից մէկը: Գովելի է, որ այսօր արտահոսքը չնչին տոկոս է կազմում, տարեկան 4-5 ընտանիք:Երիտասարդութեան մեծ մասը, մօտ 700 մարդ, արտագնայ աշխատանքի է մեկնում Ռուսաստանի դաշնութիւն եւ մօտաւոր հաշիւներով տարեկան կէս միլիոն ԱՄՆ դոլար է բերում գիւղ: Նրա ամբողջ հողատարածքը կազմում է 2660 հա:

    Ինչպէս ամենուրէք Հայաստանում, այնպէս էլ Ազատանում սեփականաշնորհումը կատարուեց ոչ արդարացիօրէն եւ նպատակային: Փոշիացուեց տարիներով ստեղծուած կաթնաանասնապահական համալիրը: Ճիշտ է դրա հիման վրայ ստեղծուեց □Բելգիա-Հայաստան□ համատեղ ձառնարկութիւնը նախկին կոլտնտվարչութեան նախագահ Մեխակ Եսայեանի տնօրինութեամբ 191 գլուխ խոշոր եղջերաւոր անասնաքանակով, սակայն բելգիացիների հիասթափութիւնը շուտ վրայ հասաւ, եւ ձեռնարկութիւնը լուծարուեց: Տեխնիկան եւ հողը շուտ սեփականաշնորհուեց:

    Ազատանում այսօր գործում են մի քանի մանր ձեռնարկութիւններ, որոնք իրենց ամբողջ հզօրութեամբ չեն աշխատում:

     

    Գյուղի նշանավոր կաթողիկէ հոգևորականներից է Ալեքսանդր Ազատեանը՝ գրող, առաւել յայտնի է նրա «Անի քաղաք նստէր կու լայ… » բանաստեղծութիւնը, որը վերածուել է ժողովրդական երգի: Նա XIX դարի եւ XX դարի սկզբին Ալեքսանդրապոլի Հայ Կաթողիկէների ժողովրդապետն էր…

     

     

     

    [1] Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, Երեւան, 1986թ., էջ 39:

    [2] Հրաչյա Իկիլիկյան, Հրայր Իկիլիկյան, «Գյուղ Ախուրեանի Ափին«, Երեւան, 1986թ., էջ 6:

    [1] Ղեւոնդ Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881թ., էջ 156:

    [2] Календарь и каталог армяно-католического духовенства и церквей в Российской Империи. На 1912 год Тифинсб, 1912, стр. 78.

    [1] Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան – 1974, էջ 97:

     

    [1] Հայ Ժողովրդի պատմութիւն: Հայաստանը 180-1870թթ.: Երեւան – 1974թ., հ. 5, էջ 118:

    [2] Հայ Ժողովրդի պատմութիւն: Հայաստանը 180-1870թթ.: Երեւան – 1974թ., հ. 5, էջ 124:

    [3] Խաչատուր Աբովյան, Երկերի փակատար ժողովածու, հատ. երրորդ, էջ 99:

     

    [1] Խաչատուր Աբովյան, Երկերի փակատար ժողովածու, հատ. երրորդ, էջ 100:

    [2] Հրաչյա Իկիլիկյան, Հրայր Իկիլիկյան. «Գիւղ Ախուրեանի Ափին», Երեւան 1986շ էջ 15:

     

    [1] Լեո, Հայոց Պատմութիւն, (IXI  դարի առաջին կէս¤, Երեւան, Հայաստան, 1984, հ. 4,, էջ 390:

    [2] Լեո, Հայոց Պատմութիւն, (IXI  դարի առաջին կէս¤, Երեւան, Հայաստան, 1984, հ. 4,, էջ 452:   

     

    [1] Հայր Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ – Ս. Ղազար, 1881, էջ 156:

    [1] «Անաստուած», (գիտա-աթեիստական¤ ամսագիր, 1930թ., թիւ 4, էջ 3:

    [1] «Հառաջ», 17 հոկտեմբեր, 1919թ.:

    [1] Հրաչյա Իկիլիկյան, Հրայր Իկիլիկյան, «Գիւղ Ախուրեանի ափին», Երեւան 1986թ., էջ 57:

    [2] Հայաստանի Պետական Կենտրոնական արխիւ (ՀՊԿԱ¤, ֆոնդ 48, ցուցակ 1, գործ 511, էջ 14:

    [3] «Ախուրյան», 1908թ., 5 մարտի, թիւ 17:

     

     

    12119187_935721729832968_3622647794144612103_n

    Պատմ. գիտ. թեկն. Հակոբ Թորոյան

     

     

Օրացույց

Օրացույց