Երիտասարդները կարևորագույն առաքելություն ունեն Եկեղեցու կյանքում:
7 մարտի, 2016թ.
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, 2016թ.մարտի 5-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ այս տարվա երկրորդ հանդիպումը՝ համախմբելով Հայաստանի և Վրաստանի կաթողիկե համայնքների 250-ից ավելի երիտասարդների:
Ողջույնի խոսքով հանդես եկավ հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական հանձնախմբի նախագահ Գերպ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը.
«Մեր երկրորդ երիտասարդաց հանդիպումն է: Կարծեմ, ավելի գիտակից եք, թե ինչի համար ենք հավաքվել, ավելի գիտակից եք, թե ինչու եք գնում Կրակով և հարստացրել եք եկեղեցական գիտելիքները: Այսօր Սրբազան Քահանայապետը մեզ հրավիրում է խորհրդածելու Աստծո ողորմության մասին: Մարտի 4-5-ին Ֆրանցիսկոս Սրբազան Պապը խնդրել է 24 ժամ մտածել Տիրոջ ողորմության մասին: Այս ողորմությունը կայանում է երկու շատ կարևոր խորհուրդների մեջ՝ առաջին խորհուրդը Խոստովանանքն է՝ ապաշխարությունը, իսկ երկրորդը՝ Սուրբ Հաղորդությունը»:
Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը խնդրեց Գերպ. Հայր Ռաֆայել Կրավչիկին բացատրել այս երկու սրբազան խորհուրդների իմաստը.
<<Այս տարի Սրբազան Քահանայապետը երիտասարդներին խնդրում է, որ մեր կյանքում դնենք մի ծրագիր, որը կոչվում է «ՍԻՐՏ 2.0»: Ի՞նչ է նշանակում այս ծրագիրը.մարդը Աստծուց նվեր է ստացել իր կյանքը, բայց հոգևոր կյանքի համար մարդ պետք է ունենա ծրագիր: Այս ծրագրի մեջ կա աղբյուր՝ Խոստովանություն և Սուրբ Հաղորդություն: Ամենակարևորը քրիստոնյա կյանքի մեջ Խոստովանանքն ու Սուրբ Հաղորդությունն է: Այս խորհուրդները միասին են, չի կարելի, որ ես միայն հաղորդվեմ, բայց չխոստովանեմ: Չի լինի այդպես: Սրբազան Քահանայապետը գիտի, որ ամենակարևորը կաթողիկե քրիստոնյայի համար խոստովանելն է: Գլխավորն այն է, որ մենք մեր սրտերի մեջ ունենանք հենց այս ծրագիրը և առաջնորդվենք այս երկու կարևոր աղբյուրներով»:
Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը խոսեց Եկեղեցում երիտասարդների առաքելության շուրջ.
«Մենք՝ քրիստոնյաներս կանչված ենք առերեսվելու ավելի մեծ իրողության և իրականության: Այս իրողությունը և իրականությունը քրիստոնեական հավատքի կենդանի ապրումն է, որը կյանքի աղբյուր է: Ձեր հավատքը կենդանի ապրում է, և յուրաքանչյուր երիտասարդ ունի իր առաքելությունը Եկեղեցում և հասարակության մեջ: Անդրադառնանք խոստովանանքին: Ինչո՞վ է այն կարևոր Ձեր կյանքի մեջ: Յուրաքանչյուրիս ապրումը ազդում է նաև ձեր յուրայինների վրա: Ձեր մեղքը, որը կրում եք Ձեր մեջ, կարող է ազդել յուրայինի վրա: Այն բարի հավատքը, որով դրսևորում եք ձեր ապրումը, դրանով ազդում եք ձեր կողքինների վրա: Մեր հաղթանակի բանալին Ինքը՝ Քրիստոսն է: Ձեր խնդիրն է՝ ճանաչել Քրիստոսի Անձը: Որպես երիտասարդ, ամաչում եք, երբեմն բարկանում, որ ինչ-որ մարդու մոտ, հերիք չէ վատ բան եմ արել, դեռ պետք է բարձրաձայնեմ, խոստովանեմ: Եվ սա խորացնում է այն անջրպետը, որ մենք ունեինք և բարդացնում է խնդիրը՝ վերականգնելու հարաբերությունը այս Անձի հետ և յուրայինի հետ: Հոգևորականին պիտի նկատեք, որպես միջոց, միջոց՝ օգտվելու և հասնելու ձեր Սիրելիին, ձեր Անձին: Երիտասարդներիդ առաքելությունը ամենազորեղն է ոչ միայն Եկեղեցու, այլ նաև մարդկային կյանքի տարբեր շրջաններում»:
Տաշիրի հայ կաթողիկեների ժողովրդապետ Գերպ. Հայր Ներսես վրդ. Գալստյանը, խոսելով «Եկեղեցին և երիտասարդությունը» թեմայի շուրջ, ասաց հետևյալը.
«Սիրելի՛ երիտասարդներ, «Եկեղեցին և երիտասարդությունը» թեման միշտ էլ ակտուալ ու հետաքրքրական է բոլորիս համար: Առաջին հայացքից կարծես թե մենք բոլորս հասկանում ենք՝ ինչ է Եկեղեցին: Այս պահին մենք գտնվում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցում, որը եկեղեցի է և դուք, որ այստեղ եք, նույնպես խորհրդանշում է եկեղեցին: Եկեղեցին կարելի է բաժանել երկու մասերի՝ մեկը երկնավոր, մյուսը՝ երկրավոր: Երկնավորը արդեն իսկ հաղթանակած Եկեղեցին է, որ սրբերի դասն է մարմնավորում, որը միշտ աղոթում է երկրավոր Եկեղեցու համար: Երկրավոր Եկեղեցին դուք եք, մենք ենք, բոլորս… Երկրավոր Եկեղեցին մարտնչող Եկեղեցին է, յուրաքանչյուրի՛ս է կանչում այդ մարտին մասնակցելու: Բոլորս ենք կանչված մեր մասնակցությունն ունենալու Եկեղեցու առաքելությանը …»
Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» երգչախմբի նվագակցող Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ հավաքի մասնակիցները սովորել են երիտասարդաց համաշխարհային օրվա պաշտոնական օրհներգը՝ հայերեն թարգմանությամբ: Ինչպես նախորդ ընդհանրական հանդիպման ժամանակ, այս անգամ էլ երիտասարդները միասնաբար երգեցին օրհներգը՝ արդեն ավելի հղկված ու գեղեցիկ կատարմամբ:
Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը երիտասարդներին ներկայացրեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապի նվիրած խորհրդանշական քարը, որը վերցված է Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի պատից և ուղարկվել է Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցուն՝ ի նշան հաղորդության և Հռոմի Սուրբ Աթոռի հետ միության: Այս նվերը Սրբազան Քահանայապետի կողմից հռչակված ողորմության հոբելյանական տարվա առիթով է: Սուրբ Աթոռի նշանով այս քարը կտեղադրվի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու պատին:
Հանդիպման սկզբում երիտասարդներին բաժանվել էին հարցաթերթիկներ, որտեղ յուրաքանչյուրը նշել էր երգի, պարի կամ ասմունքի սեփական ունակությունների մասին, որպեսզի հանդիպումների ժամանակ և ուխտագնացության օրերին՝ Լեհաստանում նրանց հնարավորություն տրվի ինքնադրսևորվելու և ներկայանալու ուրույն դիմագծով: Հանդիպման ավարտին, երիտասարդները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ ըստ հարցաթերթիկում իրենց նշած նախասիրությունների և շնորհների: Երգի խումբը սովորեց Աստվածամորը նվիրված մի քանի գեղեցիկ երգեր: Հայր Ռաֆայելը նրանց միացավ կիթառի նվագակցությամբ: Մյուս երիտասարդները դիտեցին 2015թ. Սրբազան Պապի կողմից Տիեզերական Եկեղեցու վարդապետ հռչակված Սբ. Գր. Նարեկացու մասին պատմող «Հովիվը» ֆիլմը, որը նկարահանվել է Արհիապատիվ Տեր Ռաֆայել արք Մինասյանի հովանավորությամբ:
Հայ կաթողիկէ երիտասարդների այս մեծ խմբին է միացել նաև Գյումրիի լեհական համայնքի երիտասարդների փոքրիկ մի խումբ՝ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի համաձայնությամբ և առաջնորդությամբ: Հայր Ռաֆայելի խնդրանքով հանդիպման ընթացքում նրանք Տերունական աղոթքն աղոթեցին լեհերենով և Լեհաստանի դրոշը պարզած:
Գեղեցիկ նվեր էին պատրաստել նաև Երևանի երիտասարդները.նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով:
Վերջում ուխտագնացության կազմակերպիչները խոսեցին մեկնումի համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, անհրաժեշտ անձնական տվյալների մասին:
Հանդիպումն ավարտվեց Սուրբ Պատարագով, որը մատուցվեց ձեռամբ Հայր Ներսես վրդ. Գալստյանի: Երիտասարդներն իրենց միասնականությունը պսակեցին Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդվելով:
Հաջորդ ընդհանրական հանդիպումը տեղի կունենա 2016թ. ապրիլին՝ Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում: Այդ հանդիպմանը խոստացել է ներկա լինել նաև պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին: