• Նվիրյալ կին, ում մոռանալ հնարավոր չէ.Տիրոջ գրկում հանգչեց Չնաշխարհիկ տատը (նաև՝ տեսաձայնագրություն)

    «Ապրեց Քրիստոսի սիրո մեջ, ապրեց քրիստոնավայել»:


     

    2016 թ. փետրվարի 17-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Գյումրիի հայ կաթողիկե համայնքի նվիրյալ հավատացյալներից մեկը՝ Չնաշխարհիկ Հարոյանը:  Այս կնոջը չանդրադառնալ հնարավոր չէ.նրա կերպարը յուրահատուկ է՝ իր հոգևոր ու բարոյական նկարագրով: Մի ջերմեռանդ հոգի, ով իր հայրերից ժառանգած հավատքին հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում և իր ջերմեռանդությամբ, եթե համարձակվենք ասել, սրբակենցաղ վարքով օրինակ դարձավ շատ-շատերի համար, ովքեր այսօր, մեծ, թե փոքր, դառնաղի արցունք են թափում իրենց սիրելի Չնաշխարհիկ կամ Նադեժդա տատի համար, ինչպես սովոր են ասել:

    DSC09778

     

    Հիմա ոչ ոք չի հիշում, թե ինչպես է «Չնաշխարհիկ»ը դարձել «Նադեժդա», բայց, հետաքրքիր զուգադիպությամբ ռուսերեն անվան իմաստը լիովին համահունչ է այդ եզակի կնոջ կերպարին, որը ինքնին հույս (надежда) էր իր շրջապատի համար, թեպետ հուսահատության եզրին հասնելու իր անձնական պատճառները, գուցե, մի քանի անգամ գերազանցում էին ուրիշների դժվարություններին ու ցավերին: Մանուկ հասակում կորցրել է ռազմի դաշտ մեկնած հորը և անհայր մեծացել, տեսել միայնակ մոր դժվարությունները, ապա ինքն է մայրացել, մեծացրել առողջական լուրջ խնդիրներով թոռնիկներ, երկրաշարժին զրկվել երկու եղբայրներից (նրանցից մեկը գրող Պատվական Ղուկասյանն է), ապա՝ ամուսնուց, ով զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով: Հետո սոցիալական դժվարին պայմաններում կարուձև անելով ապրուստ է վաստակել՝ իր, դստեր ու թոռնուհու համար, ովքեր այսօր արդեն մենակ են: Էլի շատ դժվարություններ ու նեղություններ է տեսել այդ արիասիրտ կինը, որոնց մասին շատերը չգիտեն, որովհետև նա բողոքել, նեղսրտել չէր սիրում, այլ ամեն բան հաղթահարում էր միմիայն աղոթքով ու Տիրոջը վստահելով: Նույնն էր սովորեցնում նաև բազում ուրիշներին, ովքեր խորհրդի, մխիթարության, պարզ լավատեսության, կորովի համար վազում էին Նադեժդա տատի մոտ ու լսում միայն քաջալերանքի խոսքեր, աղոթք, տեսնում հանդարտություն, անվեհերություն, լուսավոր մի դեմք՝ ողողված հույսի շողերով, որն արդեն իսկ վստահություն էր ներշնչում, որ Աստված իրենց հետ է:

     

     

    DSC09756Չնաշխարհիկը ծնունդով Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղից է: Շատերի նման նրանց ընտանիքն էլ ժամանակին գյուղից քաղաք է տեղափոխվել ու դարձել Գյումրիի կաթողիկէ համայնքի անկյունաքարերից մեկը: Չնաշխարհիկի մայրը, ապա ինքը և իր նման մի քանի կանայք անաստվածության տարիներին իրենց ուսերին կրեցին կաթողիկէ հավատքն ու սովորությունները պահելու պարտականությունը, որը կատարում էին մեծ նվիրումով, տներում միասին աղոթելով՝ Սբ. Վարդարան, այլ ջերմեռանդական աղոթքներ, հաճախում էին գործող առաքելական եկեղեցիները, պահեցողությամբ կրթում իրենց հոգևոր կյանքը, օգնում ուրիշներին: 1990-ականների սկբներին, երբ Գյումրիում վերստին սկսեցին գործել կաթողիկէ հայ հոգևորականները, և վերածնվեց հայ կաթողիկէ համայնքը, Չնաշխարհիկն իր ընտանիքով բաց չեր թողնում ոչ մի եկեղեցական պաշտամունք և այդպես շարունակեց մինչև կյանքի վերջին վայրկյանը: Նա գտավ իր տունը՝ Եկեղեցին, իսկ հիմա, կարող ենք վստահ ասել, որ իր Երկնավոր Հոր գրկում է՝ Երկնքի Թագուհու աղոթքների և իր բարեպաշտ կյանքի շնորհիվ:

     

     

    Անհնար է մոռանալ այդ կնոջ դեմքը՝ Սբ. Պատարագի ժամանակ.աղաչական բայց և հույսով լի ու վստահ հայացքն ակնդետ գամված էր Տիրամոր՝ պատից կախված սրբապատկերին, շրթունքներն անդադար շարժվում էին աղոթքի բառերով: Նա զրուցում էր Աստվածամոր հետ՝ ամենամտերմիկ, ամենաջերմ հարազատությամբ, ինչպես աղջիկը կարող է զրուցել իր մոր հետ ու նրան պատմել ամեն բան, վստահել ամեն բան, հուսալ ամեն բան: Տառապանքն ու դժվարություններն այդ լուսավոր գեղեցիկ դեմքին թողել էին իրենց հետքը, բայց ճերմակ մազերն ու բարձր ճակատը լույս էին արտացոլում՝ երկնառաք մի լույս՝ լի շնորհներով…

     

     

    Հուղարկավորության օրը Չնաշխարհիկ տատի մարմինը տեղափոխեցին Գյումրիի հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցին, որի կառուցումն ու բացումը, փա՛ռք Աստծո, նա տեսնել կարողացավ: Ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը մատուցեց Սբ. Պատարագ՝ հուզմունքով ու հուշերով պաշարված: Պատարագին ներկա էին Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, Չնաշխարհիկ տատի հարազատներն ու բազմաթիվ հավատացյալներ: Նրանց բոլորի համար էլ Չնաշխարհիկը եղել է մեծ մայր:

     

    Քարոզի ընթացքում Տեր Գրիգորն ասաց հետևյալը. DSC09764

     

     

     

     

    «Սիրելի՛ հավատացյալներ,  այսօր վերջին անգամ նա իր ֆիզիկական մարմնով գտնվում է այս սուրբ եկեղեցում: Վստահաբար պետք է ասեմ, որ նա այլևս իր հոգով պիտի մշտապես մասնակցի այն սուրբ և անմահ Պատարագներին,  որոնց, որ նա այս բոլոր իմ ապրած կյանքի ընթացքում մասնացել է ֆիզիկապես: Բնականաբար, կորուստ ու ցավ է, երբ մեզանից հեռանում է մեր սիրելին, առավել ևս կրկնակի ցավ է,  երբ մեզանից հեռանում է կյանքում իր ապրած վկայությամբ Քրիստոսին իրական  նվիրյալ մեկը:

     

     

    Քսանհինգ տարուց ավելի է, որ նրան ճանաչում եմ և եղել եմ նրա խոստովանահայրը: Կարող եմ մեկ պարզ վկայություն տալ ձեզ.ապրեց Աստծո սիրո մեջ, ապրեց Քրիստոսի սիրո մեջ, ապրեց քրիստոնավայել և մինչև իսկ վերջին վայրկյանին անտրտունջ, անխռով իր հոգին ավանդեց Հայր Աստծո ձեռքերի մեջ :

     

     

    DSC09790Իմ կյանքի ապրած այս տարիների ընթացքում, որ քահանա եմ,  շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, որ մահվան շեմին էլ մշտապես Աստծո հետ են, առանց բողոքի ու տրտունջի: Սա է իսկական Աստծուն նվիրյալ լինելը: Ֆիզիկապես մեր տատը մեզ հետ չէ, բայց անյքան լուսաշող ժպիտներ է պարգևել մեզ՝ սիրով, նվիվածությամբ և իր մարդկային բոլոր հատկանիշներով :

     

     

    Մեր տատի հոգին Հայր Աստծո հետ է միացած: Վստահ եղեք, որ նա այլևս մեզ համար բարեխոս պետք է լինի:  Մենք այս Սուրբ Պատարագը մատուցում ենք  իր հոգու հանգստության համար :

     

    Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեզ բոլորիս և չեմ տարբերակում ոչ տղային, ոչ աղջիկներին և ոչ էլ թոռնիկներին, որովհետև բոլորս էլ իր զավակներն ենք  հետևապես մեր բոլորի ցավն էլ նույնն է: Թող Աստված իր հոգին լուսավորի և արժանացնի երկնքի արքայությանը: ԱՄԵՆ»:

     

     

    Թաղման կարգը կատարվեց հավուր պատշաճի, մի համեստ ընտանեկան գերեզմանոցում: Գյումրիի համայնքը հրաժեշտ տվեց հավատքը կրող ու փոխանցող կենդանի անկյունաքարարերից մեկին՝ ժառանգելով բարեպաշտության գեղեցիկ մի օրինակ:

     

    Ստորև ներկայացնում ենք տեսանյութ՝ Չնաշխարհիկ Հարոյանի մասին.

    Լևոն Գալստյան, Լիլիթ Մկրտչյան

     

     

Օրացույց

Օրացույց