• «Հավատքը ամենագեղեցիկ ժառանգությունն է».Քահանայապետի քարոզը

    «Աստված երբեք հուսախաբ չի թողնում»


    10 փետրվարի, 2016թ.

    Թարգմանված է Ռադիո Վատիկանի իտալական բաժնի լուրերից

     

    «Ամենագեղեցիկ ժառանգությունը, որ կարող ենք թողնել այլոց, հավատքն է». Սրբազան Քահանայապետն այս խոսքերն ասել է 2016թ. փետրվարի 4-ի առավոտյան Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ, որի ընթացքում կոչ է արել նաև չվախենալ մահից, քանի որ կյանքի ընթացքը շարունակվում է։

    Մահվան միտքը լուսավորում է կյանքը

    Այսօրվա ծիսական առաջին ընթերցումը պատմում է Դավիդ Թագավորի մահվան մասին։ «Յուրաքանչյուր կյանքի մեջ կա մի վերջ, մի ավարտ», ընդգծում է Ֆրանցիսկոս Պապը, «դա մի միտք է, որ այնքան էլ հաճելի չէ մեզ», «մշտապես ջանում ենք ծածկել այն, քողարկել», բայց «մեր յուրաքանչյուր օրվա իրականությունն է»։ Մտածել «վերջին քայլի մասին». դա «մի լույս է, որ լուսավորում է մեր կյանքը», «մի իրականություն է, որը միշտ պետք է մեր աչքի առաջ ունենանք»։
    Ապա Սրբազան Քահանայապետը պատմել է. «Չորեքշաբթի օրվա ունկնդրություններիցս մեկի ժամանակ, հիվանդների շարքին ներկա էր մի տարեց միանձնուհի, խաղաղությամբ ողողված դեմքով, լուսավոր ու պայծառ հայացքով։ ”Քանի՞ տարեկան եք Դուք”, հարցրեցի միանձնուհուն։ Պատասխանեց ժպիտը դեմքին. ”83 տարեկան եմ, բայց այս կյանքի իմ ընթացքը վերջացնում եմ՝ սկսելու համար մյուս ընթացքս Տիրոջ հետ, որովհետև ենթաստամոքսային հատվածի քաղցկեղ ունեմ”։ Եվ այսպես, խաղաղության մեջ, այդ կինն ամենայն սաստկությամբ ապրել էր իր միանձնական կյանքը։ Վախ չուներ մահվան դիմաց. ”Ավարտում եմ այս կյանքի ընթացքս՝ սկսելու համար մյուս ընթացքս”։ Դա մի անցում է։ Նման օրինակներն ու մտքերն օգտակար են մեզ»։

    Հավատքը. ամենագեղեցիկ ժառանգությունը
    Դավիդն Իսրայելի վրա թագավորեց 40 տարի. «Բայց 40 տարին էլ է անցնում», նկատել է տալիս Ֆրանցիսկոս Պապը։ Մահից առաջ, Դավիդն իր որդուն՝ Սողոմոնին հորդորում է պահպանել Տիրոջ Օրենքը և հետևել դրան։ Ինքը բազմաթիվ անգամներ մեղանչել էր իր կյանքի ընթացքում, բայց սովորել էր ներում հայցել և Եկեղեցին նրան անվանում է «Սուրբ Թագավոր Դավիդ։ Մեղավոր, բայց Սուրբ»։ Արդ, մահվան պահին, իր որդուն թողնում է «ամենագեղեցիկ ու ամենամեծ ժառանգությունը, որը մի այր կամ մի կին կարող է թողնել իր զավակներին. թողնում է Հավատքը»։
    «Երբ ինչ որ մեկը կտակ է գրում, ասում է. ”Այս ապրանքը թողնում են սրան, այս մյուսը՝ նրան, այս մեկն էլ՝ այն մյուսին”։ Այո՛, այսպես ճիշտ է, բայց ամենամեծ ժառանգությունը, որ մի այր կամ մի կին կարող է թողնել իր զավակներին, դա Հավատքն է։ Եվ Դավիդն հիշում է Աստծո խոստումները, հիշում է այդ խոստումների հանդեպ իր հավատքը, և այդ ամենը հիշեցնում է իր որդուն։ Թողնել Հավատքն իբրև ժառանգություն։ Երբ Մկրտության արարողության ժամանակ ծնողներին տալիս ենք վառված մոմերը, դրա իմաստը Հավատքի լույսն է, որով ասում ենք. ”Պահպանիր Հավատքը, աճեցրու Հավատքը որդուդ և դստերդ մեջ, և Հավատքը թող նրանց իբրև ժառանգություն”։ Թողնել Հավատքը որպես ժառանգություն, սա՛ է ուսուցանում մեզ Դավիդը, և մահանում է այսպես, պարզորեն, յուրաքանչյուր մարդու նման։ Բայց լավ գիտե, թե ի՛նչ խորհուրդ պետք է տա իր որդուն, և թե ո՛րն է լավագույն ժառանգությունը, որ պետք է թողնի նրան. ո՛չ թե թագավորությունը, այլ՝ Հավատքը»։

    Աստված հավատարիմ է, Հայր է և երբեք հուսախաբ չի թողնում

    «Մեր համար օգտակար կլինի հարցնել ինքներս մեզ», եզրակացնում է Սրբազան Քահանայապետը, «ինչպիսի՞ն է ժառանգությունը, որ ես թողնում եմ իմ կյանքով»։ «Արդյո՞ք թողնում եմ ժառանգությունը Հավատքի մարդու, Հավատքի կնոջ։ Իմ ժառանգներին թողնո՞ւմ եմ այս ժառանգությունը»։ «Տիրոջից երկու բան խնդրենք այսօր. առաջինը, որ չվախենանք մեր կյանքի վերջին քայլից, այն միանձնուհու նման, որ ասում էր. ”Ավարտում եմ այս ընթացքս և սկսում եմ մյուսը”։ Չվախենանք։ Իսկ երկրորդը, որ բոլորս կարողանանք մեր ապրած կյանքով թողնել Հավատքը իբրև լավագույն ժառանգություն, Հավատքն այս հավատարիմ Աստծո հանդեպ, այս Աստծո, որ միշտ մեր կողքին է, այս Աստծո, որ Հայր է և երբեք հուսախաբ չի թողնում»։

     

    Թարգմանեց՝  Տ. Մաշտոց սրկ. Ղազարյանը

     

Օրացույց

Օրացույց