• Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքը անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց նորօծ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում

    «Քրիստոսի սերը կրում ենք մեր սրտերի մեջ»


    24 սեպտեմբերի, 2015թ.

    Սեպտեմբերի 24-ին, Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունից ժամեր անց՝ ժամը 17:00, Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը Սբ. Պատարագ մատուցեց նույն տաճարում: Այսպիսով, նորօծ մայր եկեղեցու անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց նորընտիր Հոգևոր Տերը: Սբ. Պատարագին ներկա էին նաև Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին և պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին: Հոգևոր Տիրոջը առընթերականերն էին Արհ. Տ. Գրիգոր եպս. Գուսան և Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, սարկավագի ծառայությունը կատարում էր Գյումրիի ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը: Ներկա էին հայ կաթողիկէ վարդապետներն ու քահանաները՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի գլխավորությամբ:

     

    Մայր տաճարում խմբված հավատացյալների հոծ բազմությունը լսեց Վսեմաշուք Կարդինալ Սանդրիի խոսքը՝ թարգմանությամբ Գերհ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի.

     

    «Մեծ հաճույքով վերադարձել եմ Հայաստան, ուրախ եմ, որ ճամփորդությանս առաջին հանգրվանը այս հրաշալի Մայր Տաճարի օծումն է, որի սկզբին ականատես եղա՝ որպես Նախագահ Արևելյան Եկեղեցիների ժողովի, 2012թ.: Այսպիսով, սա հանդիսանում է Մայր Եկեղեցի՝ ամբողջ թեմի՝ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների, մի իրականություն, որ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը ուզում էր կառուցել 1991թ., Խորհրդային Միության փլուզումից հետո:

     

    Վերանորոգ վստահության և հույսի նշաններից մեկն է եղել կրոնական և եկեղեցական պաշտամունքի ամբողջական ազատությունը վերստանալը, ինչպես նաև՝ հարատև նշան՝ ավելի խոր մտերմության Հայ Առաքելական Եկեղեցու եղբայրների հետ, այն րոպեից, երբ Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը ընդունեց Մխիթարյան կրոնավորներին, Երանելի Պողոս Զ-ի Քահանայապետության ընթացքում, որպեսզի Հայաստանի կաթողիկէ հասարակության խնամքը ստանձնեն:

     

    Աստծուց շնորհ ենք խնդրում՝ կարողանալու շարունակել ամեն օր՝ ուրախության, հույսի և ի Քրիստոս հարազատ եղբայրության ճանապարհով, ինչպես կանխանշել էր Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը իր 2001թ. Հայաստան այցելության ժամանակ և ինչպես Ֆրանցիսկոս Քահանայապետն է ցանկանում՝ ըստ հայ ազգի զավակների հանդեպ իր սիրո, որը բազմիցս ցույց է տվել իր քահանայապետության ընթացքում: Ֆռանկիսկոս Քահանայապետը ցանկացել է, որ որպես նվեր բերեմ մի սկիհ, ինչպես նաև՝ իր սրտի պատգամը, որը պիտի ընթերցվի և որում ուղարկում է իր օրհնությունները:

     

    Սրտանց շնորհակալ եմ ՀՀ նախագահի ներկայության համար, ում համար աղոթում ենք,  ինչպես նաև՝ երիտասարդ հանրապետության համար, որը դիմագրավել է և դիմագրավում է  բոլոր մարտահրավերներին: Ի մասնավորի, ուզում էի Սուրբ Աթոռի շնորհակալությունները հայտնել Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանում ապաստան են տվել սիրիացիների:

    Այն եպիսկոպոսներին, ովքեր ներկայացրեցին  Ն.Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին, խնդրում եմ խաղաղության ողջույն ուղարկել Վեհափառին՝ որպես երախտագիտություն իր մաղթանքների և բարյացակամության համար: Վստահեցնում ենք ձեզ, որ մեր հասարակությունը միանում է Սուրբ Հոգու կոչմանը, որպեսզի իջնի և սրբագործի մյուռոնը առաջիկա կիակի օրը տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ:

     

    Այն ցավալի դեպքերից հետո, որ բաժին ընկան հայ, սիրիացի և քաղդեացի ժողովուրդներին 1 դար առաջ, մի հայ հեղինակ գրել է այս բավական խորքային խոսքերը.

    «Ամենուրեք շնչում եմ Կենդանի Աստծո շունչը,

    Ամեն տեղ լսում եմ Իր կոչը, որ չի կորում,

    Իր ձայնը, որ հնչում է,

    Տիեզերքի խոր ներդաշնակությունն է և

    Մրմունջը, որ ազնվացնում է և բարձրացնում հոգիս ու դարձնում պատրաստ՝ լսելու»:

    Հովհանենս Թումանյան, Ռեքվիեմ:

     

    Եկեղեցու օծման արարողությունը շատ հատկանշական է: Այս իրականությունը Աստծու կողմից Իր Ներկայության նշանն է: Այն, որ ստեղծված է, դառնում է նշան և կոչ այն բանի, որն անստեղծ է: Այս ձևով բոլոր նրանք, ովքեր հավաքվում են Աստծու տաճարի մեջ, իրենց հերթին դառնում են Աստծո տաճար՝ սուրբ և հաճո Աստծուն: Եկեղեցին՝ որպես կառույց, աստվածահայտնությունն է քարաշեն կենդանի Եկեղեցու:

     

    Ի՞նչ է նշանակում լինել կենդանի քարեր.

     

    Նշանակում է հատկապես ամուր կառչած մնալ Նրան, Որ Է Անկյունաքարը՝ Քրիստոս՝ Խաչյալ և Հարուցյալ:

     

    Սա մեզ տալիս է ժայռի զորության և դիմացկունության կայունությունը:  Կենդանի ենք, որովհետև ապրում ենք Հոգում մեջ Իր նույն կյանքը մկրտությունից սկսյալ եղել են արգանդը Աստծո Որդու կյանքի վերածնության: Սիրում ենք այնպես, ինչպես Քրիստոս սիրեց, նվիրում ենք ինքներս մեզ, ոչինչ մեզ չենք պահում, փափագում ենք Աստծու ներկայության մշտական գալուստը մեր մեջ և համագործակցում ենք մեր կյանքով՝ սպասելով Տիրոջ ամբողջական հայտնությանը:

    Հայկական ավանդությունը պահպանել է խաչքարը՝ որպես ճշմարիտ սրբապատկերներ հոգեղենության…

     

    Հայ ժողովուրդը դարեր շարունակ կարողացել է իր հավատքի գանձը պահպանել, նույնիսկ անաստվածության իշխանության ժամանակ, ովքեր ուզում էին հավատքը փոխարինել պետությամբ, սակայն Աստծո Ավետարանը կենդանի մնաց, իսկ մյուս բոլորը փլվեցին…»:

    Յավարտ Սուրբ Պատարագի, Վսեմաշուք Կարդինալը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին նվիրեց Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի նվերը՝ մի մեդալ, որի վրա գրված է.«Քրիստոսի սերը կրում ենք մեր սրտերի մեջ», ինչպես նաև՝ ծրարով դրամական օգնություն՝ առաջնորդության կարիքները հոգալու համար, ինչպես ասաց Կարդինալը: Իր հերթին Ռաֆայել Սրբազանը Կարդինալին նվիրեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյանի» մեկ օրինակ: Սրբազանը շնորհակալություն հայտնեց Վսեմաշուք Կարդինալին՝ առաջնորդության գործերին «պահապան հրեշտակի» նման մշտապես օժանդակելու համար, ինչպես արտահայտվեց Սրբազանը:

     

    Նվերների փոխանակումից հետո, շարականների հնչյունների ուղեկցությամբ, Հոգևոր Տերը, Վսեմաշուք Կարդինալը և հոգևորականների ամբողջ թափորը շարժվեց դեպի Մայր Տաճարի հետնամասում տեղադրված խաչքարը, որը Զմմառի միաբանների նվերն է Սրբոց Նահատկաց եկեղեցուն: Ամենապատիվ Հոգևոր Տերը և Վսեմաշուք Կարդինալ Սանդրին օրհնեցին և օծեցին խաչքարը:

     

    DSC06405 DSC06406 DSC06412 DSC06413 DSC06419 DSC06420 DSC06424 DSC06426

     

     

Օրացույց

Օրացույց