«Հայ Եկեղեցին մի բացառիկ գանձ է՝ Կաթողիկէ Եկեղեցու ծոցում»
Հոբելյանական տարվա խորհրդի շրջանակներում 2025թ. մայիսի 12-14-ը Հռոմում տոնակատարվեց Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների հոբելյանը, որին մասնակցեցին 23 Եկեղեցիների հավատացյալներ՝ այդ թվում և՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալներ՝ իրենց եպիսկոպոսների, վարդապետների և Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի առաջնորդությամբ: Հոգևոր Տիրոջ նախագահությամբ մայիսի 12-ին հայածես Սուրբ Պատարագ մատուցվեց Հռոմի Մարիա Մաջորե Մայր Տաճարի Սբ. Պողոսի մատռան մեջ: Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաև Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների Վերատեսչության նախագահ Վսեմ. Կարդինալ Քլաուդիո Գուջերոթթին, Արևելյան այլ Եկեղեցիների ներկայացուցիչ հոգևորականներ, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը, Իտալիայում ՀՀ դեսպանը:
Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան Պատրիարքն իր քարոզում ասաց.
«Այսօր այս հավիտենական քաղաքում, որ աղոթքի և ջերմեռանդության վկա է, հավաքվել ենք որպես հավատքի և հույսի ուխտավորներ՝ ուրախությամբ և հուզումով լի սրտերով: Եվ Մարիա Մաջորեի այս հրաշակերտ Մայր Տաճարում, Տիրամոր պաշտպանիչ ստվերի ներքո միասին տոնում ենք պարգևը հավատքի և հոգևոր ժառանգության, որը մեզ է փոխանցվել Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի կողմից՝ Հույսին նվիրված այս սուրբ տարվա առիթով»:
Ներկա ժամանակները Հոգևոր Տերը բնութագրեց որպես «շնորհով լի նորոգման ժամանակ» և «հնարավորություն՝ հեռացնելու ամեն տեսակ ատելություն»: Նա հիշեցրեց Ֆրանցիսկոս պապի բառերը և կոչը՝ «վերագտնելու համընդհանուր եղբայրության ճշմարիտ իմաստը»: Արևելյան հայ կաթողիկէների մասին ասաց. «Մենք՝ Արևելքի մեջ Հայ Կաթողիկէ Եկեղեցու զավակները, դարերի ընթացքում հավատքի և նահատակության ժառանգորդները, այսօր կոչված ենք Մերձավոր Արևելքն ու աշխարհը ավերող պատերազմների և նահատակությունների լույսի տակ լինելու Քրիստոսի հավատարիմ վկաները»:
Սբ. Պատարագի ավարտին ներկաներին դիմեց նաև Կարդինալ Գուջերոթթին՝ նախ խոսելով հայերեն, ապա՝ իտալերեն: Նա հիշեց, թե ինչպես Ֆրանցիսկոս Պապը 2015-ին Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակեց Սբ. Գրիգոր Նարեկացուն: Հիշեց նաև ապրիլի 24-ի մասին՝ ասելով, թե այդ օրը ցավալի հիշողության օր է հայ ժողովրդի համար: Նա կոչ արեց միասնական լինել.
«Դուք այնքա՛ն մոտ եք Տիրոջ խաչին, Ում հետ միասին կիսել եք երկար տառապանքներ… Հայ Եկեղեցին մի բացառիկ գանձ է՝ Կաթողիկէ Եկեղեցու ծոցում»: Նա հույս հայտնեց, որ Հոբելյանական տարին թույլ կտա, որ այդ գանձը ճառագի գեղեցկություն և հույս:
Վերջում նա ներկաներին հրավիրեց աղոթել Լևոն ԺԴ Պապի համար, ում հետ Արևելյան Եկեղեցիների ուխտավորները հանդիպեցին մայիսի 13-ի առավոտյան Սուրբ Պողոսի սրահում: Ն.Ս. Լևոն Սրբազան Պապը հանդիպման ժամանակ նախ ասաց, որ ուրախ է իր առաջին հանդիպումներից մեկը նվիրելու Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիներին. «Ձեզ նայելով՝ ես մտածում եմ ձեր ծագումների զանազանության մասին, ձեր փառավոր պատմությունների մասին և այն տառապաննքների, որոնք ձեզանից շատերը կրել են և շարունակում են կրել… Եկեղեցին ունի ձեր կարիքը, այն նպաստը, որ այսօր Արևելյան քրիստոնեությունը կարող է մեզ բերել, հսկայական է», ասաց նա՝ բացատրելով, թե անհրաժեշտ է վերահայտնագործել այն խորհրդավոր իմաստը, որ ունեն արևելյան ծեսերը, խորհրդապաշտությունը, «ապաշխարության, ծոմապահության, սեփական մեղքերի համար սգալու կարիքը… Հետևաբար, շատ կարևոր է, որ դուք անփոփոխ պահեք ձեր ավանդույթներն»: Նա հիացմունքով խոսեց մարդկային թշվառության գիտակցությունը Աստծուն ապավինելու վսեմ հոգևոր ապրումի հետ համադրելու արևելյան կարողության մասին. «Ո՞վ կարող է ձեզանից ավելի լավ երգել հույսի երգ՝ բռնության անդունդի մեջ»:
Նա ցավ հայտնեց այն բռնության համար, որ շարունակում է քայքայել Սուրբ Երկիրը, Ուկրաինան, Միջին Արևելքը և Կովկասը: Նա հայտնեց իր հանձնառությունը «ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի»՝ վստահեցնելով, որ Սուրբ Աթոռը ամեն ջանք գործադրում է, որպեսզի «թշնամիներին մոտեցնի իրար, դեմ առ դեմ, խոսելու միմյանց հետ, որպեսզի մարդիկ ամենուրեք գտնեն հույս և վերագտնեն խաղաղության արժանապատվությունը»:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց