• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի շնորհավորական խոսքը և խնդրանքը` Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ընտրության առիթով

    Habemus Papam


    Հու՜յժ սիրելի կաթողիկէ հավատացյալ եղբայրներ և քույրեր` ի Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Արևելյան Եվրոպա,

     

    Ուզում եմ ձեզ հետ կիսել հոգևոր մեծ բերկրանքս` Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ընտրության առիթով, որը տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 8-ին Վսեմաշուք Կարդինալների Կոնկլավում` Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Ահավասիկ, Աստծո կամքով ունենք մի Քահանայապետ` երկարամյա առաքելագործ հովվական գործունեության փորձառությամբ և վճռական` շարունակելու իր նախորդ Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումները` Ավետարանի Բարի Լուրի հռչակման առաջնահերթությամբ, աղքատ, կարիքավոր, խոցելի մարդկային հասարակություններին օգնելու, մարդու արժանապատվությունը վերահաստատելու, մարդու իրավունքները պաշտպանելու, սոցիալական արդարությունը վերականգնելու, պատերազմները կանխելու, խաղաղության հաստատմանը նպաստելու, միջկրոնական երկխոսությունը խթանելու հովվական մեծ տեսլականով:

     

    Այս ամենին ի լրումն, նորընտիր Պապը որդեգրեց ականավոր հայասեր Քահանայապետ Լևոն ԺԳ Պապի անունը, ինչը խորհրդանշական և սիրելի է մեր տառապյալ հայ ժողովրդի համար: Կուզենայի հիշեցնել, որ Լևոն ԺԳ Պապը առանձնահատուկ հոգատարություն էր տածում հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության զարգացման նկատմամբ: Այս Սրբազան Պապն էր, որ 1883թ. Հայ Կաթողիկէ Եկեղեցուն նվիրաբերեց Հռոմում գտնվող մի հսկա հաստատություն, որը հայտնի դարձավ որպես «Լևոնյան Քահանայապետական Հայ Վարժարան», որտեղ կրթություն են ստացել հայ կաթողիկէ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, և մինչև այսօր էլ մեր ճեմարանականները շարունակում են ուսում ստանալ այդ վարժարանում` զուգահեռ բարձրագույն աստվածաբանական ուսումնառությամբ Հռոմի լավագույն պապական համալսարաններում: Լևոն ԺԳ Պապն այդպիսով հայ կաթողիկէ սաներին հնարավորություն տվեց հավասար պայմաններով ստանալու լավագույն հոգևոր կրթություն` պայծառացնելով Հայ Կաթողիկէ Եկեղեցին և բարձրացնելով հայ հոգևորականի նկարագիրը, ընդ նմին նաև` նրան վստահված հայ հավատացյալ ժողովրդի հոգևոր բնութագիրը` խարսխված Կաթողիկէ Եկեղեցու հաղորդութենական միության մեջ և հարստացնելով հայ ազգային ինքնությունը, ինչպես այդ մասին վկայում են այդ վարժարանի լավագույն շրջանավարտ հոգևոր անձինք, որոնցից մեկն էլ Աստծո Ծառա Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանն Պատրիարքն էր: 1888թ. Լևոն ԺԳ Պապը գրել է նաև հատուկ հայ ժողովրդին ուղղված մի շրջաբերական նամակ` ”Paterna Caritas”` «Հայրական սեր» վերտառությամբ, որտեղ իր հայրական գնահատանքն է արտահայտել հայ ժողովրդի հոգևոր ձեռքբերումների և, մանավանդ, եկեղեցական հաղորդության ուղղությամբ գործադրված մեծ ջանքերի համար:

    Ես ունեմ մի ներքին համոզում` առ այն, որ նորընտիր Լևոն ԺԴ Պապը կշարունակի իր անվանակից նախորդի նաև հայասեր այս մոտեցումը` հայ ժողովրդի մերօրյա կարիքներին համահունչ տրամաբանությամբ և մեզ իր հայրական սիրով դեպի ավելի լավ ապագա առաջնորդելու տեսլականով:

     

    Հայրական խնդրանքս է, որ մեր բոլոր համայնքներում և ընտանիքներում ջերմեռանդորեն աղոթենք մեր նորընտիր Լևոն ԺԴ Սրբազան Պապի համար` վստահելով նրան Բարի Խորհրդի Տիրամոր բարեխոսությանը, ում ինքն այնքա՜ն սիրում է և նվիրված է եղել իր ողջ կյանքում, խնդրելով, որպեսզի Տերը նրան շնորհի իմաստություն և հարկ եղած բոլոր կարողությունները` հովվելու համար իրեն վստահված աշխարհածավալ ողջ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցին և առաջնորդելու դեպի «դալար վայրերն ու հանգստավետ ջրերը» (Սղմ. 22):

     

     

    11 մայիսի, 2025թ.

     

    ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց