«Հավերի նման չլինե՛նք, այլ հայացքներս դեպի Երկի՛նք ուղղենք».Հ. Պետրոս վրդ. Եսայանի քարոզը՝ Համբարձման տոնի մասին
Հարությունից 40 օր հետո Հիսուս բարձրացավ իր Հոր մոտ: Պետք է, որ այս տոնը տխրությամբ լցներ ամբողջ Եկեղեցին, բայց գրված է, որ առաքյալները ուրախությամբ վերադարձան: Եթե բաժանվում ենք սիրելի անձից, չենք կարող ուրախ լինենք, շատ դժվար է բաժանվելը…
Ուրեմն, մի բան կա այստեղ, որ մենք չենք հասկանում: Պետք է մտածենք, թե ինչ է ուզում մեզ ասել Ավետարանը…Հիսուս ասաց իր աշակերտներին, որ իր գնալը Հոր մոտ օգտակա՛ր է.եթե Ինքը չգնա, Սուրբ Հոգին չի իջնի աշակերտների վրա: Ի՞նչ է նշանակում գնալ Հոր մոտ, որ ինքը բարձրացավ Երկինք, որ ամպը ծածկեց նրան: Բարձրանալ երկինք՝ նշանակում է մտնել աստվածային խորհրդի մեջ, դառնալ աներևույթ մեր նյութական աչքերի համար:
Դա այն երկինքը չէ, որը մենք տեսնում ենք, որ այսօր ամպամած է, ո՛չ: Որովհետև Աստծո աթոռը այս երկնքում չէ, Աստված կարիք չունի որևէ տեղի, չի սահմանափակվում որևէ տեղով, որովհետև ամբողջ երկինքն ու երկիրը Ինքը ստեղծեց…
Բայց մենք այլ կերպ չենք կարող պատկերացնել.մարդկության համար Երկինքը միշտ եղել է անհասանելի…Երկինք բարձրանալ նշանակում է լինել աստվածային վիճակի մեջ…մեր ֆիզիկական աչքերի համար անտեսանելի լինելն է…
Ի՞նչ ամպ ծածկեց նրան: Հին Կտակարանից գիտենք, որ ամպը նշանակում է Աստծո ներկայությունը: Երբ հրեա ժողովուրդը անցնում էր Եգիպտոսից դեպի Հրեաստան, ամպի սյունը, այսինքն՝ Աստծո ներկայությունն, իրենց առաջնորդում էր: Երբ Հիսուս բարձրացավ Թաբոր լեռան վրա և պայծառակերպվեց, գրված է, որ ամպը ծածկեց նրան և ամպից ձայն եկավ.«Սա՛է իմ սիրելի որդին»: Ուրեմն, ամպը աստվածաբանական խորհուրդն ունի…
Այլևս Քրիստոսին չենք կարող դիպչել ֆիզիկապես…Հիսուս այլևս սահմանափակված չէ որևէ տեղով: Եթե Հիսուս մնար, այսօր միայն Հրեաստանում կարող էին նրան տեսնել, շփվել նրա հետ, մինչդեռ Ինքն ամենուր է, որտեղ մենք ազնիվ սրտով դիմում ենք Իրեն և փառաբանում Իր անունը: Ինքը այնտեղ է, որտեղ մենք հավաքվում ենք Իր խոսքը լսելու և Սբ. Պատարագ մատուցելու: Ուրեմն, այլևս Քրիստոսին տեսնելու ենք և շփվելու ենք խորհրդավոր կերպով, սա չի նշանակում անիրիկան կերպով, այլ՝ մեզ համար անտեսանելի, բայց մի՛շտ իրական կերպով:
Հիսուսին այսօր դիպչել կարող ենք հավատքով, աղօթքով: Բարձրանում ենք Իր հետ Հոր մոտ՝ սիրո, հավատքի, հոյսի, աղոթքի թևերի վրա: Բարձրանալ Հիսուսի հետ՝ նշանակում է բարձրանալ Խաչի միջոցով, այլ բարձրացում չկա՛…Քրիստոսի հետ լինելու համար պետք է Խաչի ճանապարհո՛վ անցնենք…
Հիսուս մնաց աշխարհի հետ մի՛շտ գործունյա, մի՛շտ հասնող մեզ, մի՛շտ հետ մնացող…նա իրակա՛ն կերպով մեզ հետ է, ոչ պակաս, քան երբ մեզ հետ էր մարմնով…Սբ. Պատարագի ժամանակ մենք հաղորդվում ենք ոչ թե Քրիստոսի նմանակին, այլ՝ իրակա՛ն Քրիստոսին, որ միևնույն ժամանակ Հոր մոտ է…
Նույն Քրիստոսը մեզ հրավիրում է իր հետ միասին գնալ Հոր մոտ: Համբարձման տոնը նշանակում է, որ մենք սպասվա՛ծ ենք, որ մենք Երկնքի՛ մասին պետք է խորհենք, մեր միտքը տարանջատենք երկրի նվաստությունից…մեր մեղքերից, տկարություններից, պետք է այս աշխարհի կեղտից վե՛ր բարձրացնենք մեր աչքերը՝ դեպի Երկինք, դեպի Աստված:
Ա՛յս է համբարձման խորհուրդը.դեպի Երկի՛նք նայել…Սբ. Օգոստինոսն ասում էր.քրիստանյան այն մարդն է, որ հաստատուն քայլում է երկրի վրա, բայց գլուխը Երկնքում է: Ա՛յս է, որ մեզ այսօր պակասում է:
Մարդ, որի գլուխը Երկնքում չէ, որի միտքը Աստծո մոտ չէ, որը աշխարհին չի նայում Երկնային կյանքի բարձունքից, այդ մարդը քրիստոնյան չի կարող լինել…հավի նման միայն իր ոտքերի դիմացը պետք է տեսնի, միայն կեղտի մեջ փնտրի ինչ-որ բաներ ու երբեք չնայի դեպի վեր ու չթռչի…
Մաղթում եմ համայն Եկեղեցուն, որպեսզի մաքրվենք Քրիստոսի համբարձմամբ, որ եթե մինչև այսօր հավերի նման էինք շրջում այս աշխարհում, որ մեծ հավանոցի է նման, այլևս միայն մեր ոտքերի տակ չնայենք, այլ մեր գլուխներն ուղղենք առ Աստվա՛ծ, սավառնենք դեպի երկինք՝ չմոռանալով, որ մենք հավեր չենք, այլ՝ արծիվներ, որովհետև Հիսուս Քրիստոսը արծի՛վ է: