«Հիսուս Քրիստոս՝ մեր Հույսը»
Սիրելի՛ ընթերցող, ստորև ներկայացնում ենք Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի Ընդհանուր ունկնդրության՝ «Հիսուս Քրիստոս՝ մեր Հույսը» խորագրով ուսուցումների շարքից մի քարոզ, որը պատրաստել է Պապը, թեև բուժում է ստանում իր նստավայրում և չի կարողացել քարոզը տալ հրապարակավ:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Այսօր կշարունակենք խորհրդածել մի քանի մարդկային կերպարների հետ Հիսուսի հանդիպումների մասին, որոնք պատմվում են Ավետարաններում: Այս անգամ կուզենայի կենտրոնանալ Զակքեոսի վրա, որովհետև այն հատուկ տեղ ունի իմ հոգևոր ճամփորդության մեջ:
Ղուկասի Ավետարանը Զակքեոսին ներկայացնում է մեզ որպես մեկն, ով անդառնալիորեն կորած է թվում: Գուցե, մենք ևս ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ այսպես ենք զգում՝ անհույս: Փոխարենը, Զակքեոսը կհայտնաբերի, որ Տերն արդեն իսկ փնտրում էր իրեն:
Պատմությունը հետևյալն է. Հիսուսը եկավ Երիքով՝ մի քաղաք, որը գտնվում էր ծովի մակերևույթից ցածր և համարվում էր ստորգետնյա աշխարհի մի պատկեր, ուր ուզում է գնալ Հիսուսը՝ փնտրելու և գտնելու համար նրանց, ովքեր իրենք իրենց կորած են զգում: Եվ իրականում, Հարուցյալ Տերը շարունակում է իջնել մերօրյա անդրաշխարհներ՝ պատերազմի վայրերը, անմեղների տառապանքի մեջ, այն մայրերի սրտերի մեջ, ովքեր տեսնում են իրենց զավակների մահը, սովյալ աղքատների մեջ:
Զակքեոսը որոշակի իմաստով կորած է. նա, գուցե, սխալ որոշումներ է ընդունել, կամ, գուցե, նրա կյանքն իրեն դրել է իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար նա պայքարում է: Հիրավի, Ղուկասը ջանում է նկարագրել այդ մարդուն. նա ոչ միայն մաքսավոր է՝ մի մարդ, ով հարկեր է հավաքում իր համաքաղաքացիներից՝ հռոմեացի նվաճողների համար, այլ նաև նա մաքսավորների առաջնորդն է՝ առանց չափազանցության, և սա ինչ-որ իմաստով բազմապատկում է նրա մեղքը:
Ղուկասն ավելացնում է, թե Զակքեոսը հարուստ է՝ ի նկատի ունենալով, թե նա հարստացել է ուրիշների հաշվին, չարաշահելով իր դիրքը: Բայց այս ամենն ունի հետևանքներ. Զակքեոսը, հավանաբար, ինքն իրեն զգում է բացառված, արհամարհված բոլորի կողմից:
Երբ նա իմանում է, որ Հիսուսն անցնում է քաղաքով, Զակքեոսը Նրան տեսնելու ցանկություն է զգում: Զակքեոսը չի համարձակվում պատկերացնել, որ կհանդիպի Նրան, իր համար բավական կլիներ, որ հեռվից էր նայեր Նրան: Սակայն, մեր ցանկությունները հանդիպում են արգելքների և ինքնաբերաբար չեն իրականանում: Զակքեոսը կարճահասակ է: Դա մեր իրականությունն է. մենք ունենք սահմանափակություններ, որոնց հետ ստիպված ենք առերեսվել: Եվ հետո կան ուրիշներ, ովքեր երբեմն չեն օգնում. ամբոխը խանգարում է Զակքեոսին՝ տեսնելու Հիսուսին: Գուցե, ամբոխն այդպիսով վրեժ էր լուծում:
Բայց երբ ունես մեծ ցանկություն, սիրտդ չի կոտրվում: Լուծում ես գտնում: Սակայն, կարիք ունես լինելու քաջ և անվախ, մի քիչ կարիք ունես երեխաների պարզության և չմտահոգվելու քո սեփական կերպարով: Զակքեոսը, ճիշտ ինչպես մի երեխա, մագլցում է ծառի վրա: Դա պետք է, որ դիտելու հարմարավետ անկյուն լիներ, հատկապես, աննկատ դիտելու համար՝ ճյուղերի հետևում թաքնված:
Բայց Աստծո օգնությամբ միշտ մի անսպասելի բան է պատահում: Երբ Հիսուսը մոտենում է, բարձրացնում է իր աչքերը: Զակքեոսը զգում է, որ իրեն հայտնաբերել են, և հավանաբար, սպասում է, որ հրապարակավ հանդիմանվելու է: Մարդիկ, գուցե, հույս ունեին, որ այդպես կլիներ, բայց նրանք հիասթափվեցին. Հիսուսը Զակքեոսին խնդրում է անմիջապես իջնել և գրեթե զարմացած է, որ Զաքկեոսը ծառի վրա էր բարձրացել: Եվ Տերն ասում է նրան. «Այսօր քո տանն եմ գիշերելու» (Ղկ. 19:5): Աստված չի անցնում կողքից՝ առանց նայելու նրանց, ովքեր կորած են:
Ղուկասը շեշտում է, որ Զակքեոսն իր սրտում ուրախանում է: Դա ուրախությունն է նրա, ով զգում է, որ իրեն նկատել են, ի գիտություն են ընդունում, և ամենակարևորը, ներում են: Հիսուսի հայացքը չի նախատում, այլ ողորմած է: Այդ ողորմությունն է, որ մենք երբեմն դժվարանում ենք ընդունել, հատկապես, երբ Աստված ներում է նրանց, ովքեր մեր կարծիքով, արժանի չեն դրան: Մենք սրտնեղում ենք, որովհետև կուզենայինք սահմաններ դնել Աստծո սիրո վրա:
Տանը տեղի ունեցած տեսարանում Զակքեոսը, Հիսուսի ներման խոսքերը լսելուց հետո ոտքի է կանգնում, կարծես վեր է կենում մահվան վիճակից: Եվ նա ոտքի է կանգնում մի հանձնառություն ստանձնելու համար, քառապատիկ անգամ վերադարձնելու համար այն ամենի դիմաց, ինչ գողացել է: Դա գին չէ, որի համար պետք է վճարել, որովհետև Աստծո ներումը ձրի է, դա, ավելի շուտ, ցանկությունն է նմանվելու Նրան, ում կողմից սիրված էր զգում: Զակքեոսը ստանձնում է մի հանձնառություն, որի պարտավորությունը չուներ, բայց նա այդպես է վարվում, քանի որ հասկանում է, որ դա իր սիրելու ձևն է: Եվ նա այդպես է վարվում՝ միավորելով գողության մասին հռոմեական օրենսդրությունը և ապաշխարության մասին րաբբիական օրենքը: Զակքեոսն, ուրեմն, ոչ միայն ցանկության մարդ է, այլ նաև մեկն է, ով գիտի կատարել գործնական քայլեր: Նրա նպատակը մտացածին կամ վերացական չէ, այլ բխում է հենց պատմությունից. նա նայեց իր կյանքին և գտավ այն կետը, որտեղից պետք էր սկսել վերափոխումը:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եկե՛ք Զակքեոսից սովորենք չկորցնել հույսը, նույնիսկ երբ զգում ենք, որ արհամարհված ենք կամ չենք կարող փոխվել: Եկե՛ք խորացնենք մեր ցանկությւոնը՝ տեսնելու Հիսուսին և, ամենից առաջ, թույլ տանք ինքներս մեզ, որ Աստծո ողորմությունը գտնի մեզ, Աստված միշտ գալիս է մեզ փնտրելու, ինչպիսի իրավիճակում էլ կորսված լինենք:
Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակ
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
2 մարտի, 2025թ.