• Սուրբ Հովսեփի և Մարիամի նման փնտրե՛նք Հիսուսին՝ մեր Հույսը. Պապի քարոզը

    «Որդի՛ս, այս ի՞նչ արեցիր դու մեզ: Ահավասիկ, հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում» (Ղկ. 2:48):


    Թեև Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապն այս օրերին հիվանդանոցային բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբից, բայց կամեցել է, որ Սուրբ Աթոռի մամլո գրասենյակը հրապարակի մարտի 5-ի համար նախատեսված իր ընդհանուր ունկնդրության քարոզի տեքստը:

     

    Շարունակելով կրոնագիտության իր ընթացքը՝ վերնագրված «Հիսուս Քրիստոս՝ մեր Հույսը», Ֆրանցիսկոս Պապն իր խորհրդածությունը նվիրել է Հիսուսի մանկությանը՝ մասնավորապես կենտրոնանալով այն դրվագին, որտեղ տասներկու տարեկան Հիսուսը մնաց տաճարում՝ առանց տեղյակ պահելու ծնողներին: Մարիամն ու Հովսեփը երեք օր փնտրելուց հետո միայն գտան Հիսուսին՝ տաճարում:

     

    Նորին Սրբությունը հրավիրում է հիանալ այս շատ հետաքրքիր երկխոսությամբ, որ տեղի ունեցավ Մարիամի և Հիսուսի միջև, որը մեզ օգնում է խորհրդածել Մարիամի ճամփորդության մասին, որը հեշտ չէր.

     

    «Հիրավի՛, Մարիամը սկսեց մի հոգևոր ճաանապարհ, որի ընթացքում հարստացավ նրա ընկալումը իր Որդու առեղծվածի վերաբերյալ: Եկե՛ք հայացք գցենք այդ ճանապարհի տարբեր հանգրվաններին:

     

    Իր հղիության սկզբում Մարիամն այցելեց Եղիսաբեթին և նրա հետ մնաց երեք ամիս՝ մինչև Հովհաննես Մկրտչի ծնունդը: Հետո, երբ արդեն իր հղիության իններորդ ամսում էր, մարդահամարի պատճառով Հովսեփի հետ գնաց Բեթղեհեմ, որտեղ ծնեց Հիսուսին: Քառասուն օր հետո նրանք Մանկանն ընծայեցին Տաճարին, և դրանից հետո ամեն տարի ուխտագնացության էին վերադառնում դեպի Տաճար: Բայց մանուկ Հիսուսի հետ միասին նրանք երկար ժամանակով ապաստանեցին Եգիպտոսում՝ Նրան պաշտպանելու համար Հերովդեսից: Եվ միայն թագավորի մահից հետո հաստատվեցին Նազարեթում: Երբ Հիսուսը, չափահաս դառնալով, սկսեց իր առաքելությունը, Մարիամը ներկա էր և առաջամարտիկ էր Կանայի հարսանիքին, իսկ հետո նա «հեռվից» հետևում էր Հիսուսին՝ մինչև Նրա վերջին ճամփորդությունը դեպի Երուսաղեմ և մինչև Նրա չարչարանքներն ու մահը: Հարությունից հետո Մարիամը մնաց Երուսաղեմում՝ որպես աշակերտների Մայրը, ամրապնդելով նրանց հավատքը՝ մինչ նրանք սպասում էին Սուրբ Հոգու իջմանը:

     

    Այս ճամփորդության ընթացքում Սուրբ Կույսը հույսի ուխտավոր է՝ այն լիարժեք իմաստով, որ նա դառնում է «իր Որդու դուստրը»՝ առաջինը՝ Նրա աշակերտներից: Մարիամն աշխարհ բերեց Հիսուսին՝ մարդկության Հույսը, նա սնեց Նրան, մեծացրեց Նրան, հետևեց Նրան՝ թույլ տալով, որ նախ իրե՛ն Տերը ձևավորի Աստծո Խոսքով: Ինչպես ասաց Բենեդիկտոս 16-րդը, «Մենք տեսնում ենք, թե որքան հարազատ է Մարիամի համար Աստծո Խոսքը… մենք տեսնում ենք, թե Մարիամի խոհերը որքա՜ն համահունչ են Աստծո խոհերի հետ, թե որքան միասնական է Մարիամի կամքը՝ Աստծո կամքի հետ: Քանի որ Մարիամն ամբողջովին ներծծված է Աստծո Խոսքով, նա կարողանում է դառնալ Մարմնացած Խոսքի Մայրը» (շրջաբերական նամակ՝ «Աստված սեր է», 41): Աստծո Խոսքի հետ այս բացառիկ հաղորդությունը, սակայն, չի ազատում Մարիամին Տիրոջն «աշակերտելու» անհրաժեշտ ջանքերից:

     

    Դեպի Երուսաղեմ ամենամյա ուխտագնացության ընթացքում տասներկուամյա Հիսուսին կորցնելու փորձառությունը վախեցնում է Մարիամին այն աստիճան, որ նա ևս խոսում է ի շահ Հովսեփի, երբ վերագտնում են իրենց Որդուն. «Որդի՛ս, այս ի՞նչ արեցիր դու մեզ: Ահավասիկ, հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում» (Ղկ. 2:48): Մարիամը և Հովսեփը զգում էին որդեկորույս ծնողների ցավը. երկուսն էլ մտածում էին, որ Հիսուսը իրենց բարեկամների հետ ուխտավորների քարավանում էր, բայց մի ամբողջ օր չտեսնելով Նրան՝ նրանք սկսեցին փնտրել Նրան ու ետ դարձան: Տաճար վերադառնալուց հետո նրանք հայտնաբերեցին, որ Նա, ով իրենց համար մինչև այդ պահը մի անպաշտպան երեխա էր թվում, հանկարծ ի հայտ է գալիս որպես մի չափահաս, արդեն ունակ՝ ներգրավվելու Սուրբ Գրքի մասին քննարկումներում, իր կարծիքն արտահայտելու Օրենքի ուսուցիչների առջև:

     

    Առերեսվելով մոր հանդիմանությանը՝ Հիսուսը պատասխանում է զինաթափող պարզությամբ. «Ինչու՞ էիք ինձ փնտրում: Չգիտեի՞ք, որ Հորս տանը պետք է լինեմ» (Ղկ. 2:49): Մարիամն ու Հովսեփը չեն հասկանում. Աստվածային խորհրդի շնորհիվ Մանուկը գերազանցում է իրենց բանականությունը: Ծնողներն ուզում են պաշտպանել այդ թանկագին որդուն՝ իրենց սիրո հովանու ներքո, փոխարենը, Հիսուսն ուզում է Իր կոչումն ապրել որպես Հոր Որդի՝ ծառայելով Հորը և ապրում է Իր Խոսքի մեջ խորասուզված:

     

    Ղուկասի մանկության պատմություններն, այսպիսով, փակվում են Մարիամի վերջնական խոսքերով, որոնք հիշեցնում են Հովսեփի հայրությունը Հիսուսի նկատմամբ և Հիսուսի առաջին խոսքերով, որոնք հաստատում են, որ այդ հայրությունը ծագում է Իր երկնային Հորից, Ում անվիճելի առաջնայնությունը Նա ընդունում է:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Մարիամի և Հովսեփի նման՝ լի հույսով, եկե՛ք մենք էլ սկսենք քայլել Տիրոջ ճանապարհով, ով չի թույլատրում Ինքն Իրեն սահմանափակել մեր լուծումներով, և թույլ է տալիս Ինքն Իրեն գտնվել ոչ այնքան ինչ-որ վայրում, այլ՝ աստվածային սիրառատ հայրության հանդեպ սիրո արձագանքի մեջ, սիրո արձագանքի, որը որդիական սեր է»:

     

    Աղբյուրը՝ Սուրբ Աթոռի պաշտոնական կայք

    05 մարտի, 2025թ.

    Թարգմանեց՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց