<<Երեք մկրտություններով` ջրի, գրի և արյան, հաստատվեց հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը>>
2025թ. փետրվարի 27-ին՝ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Սրբոց Վարդանանց տոնին նվիրված Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Հղության հայ միաբան քույրերի տանը՝ մասնակցությամբ Գյումրիի միաբան քույրերի և նրանց հոգածության տակ գտնվող Տարեցների կենտրոնի և Արհեստի և արվեստի կենտրոնի տարեցների և սաների: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ Վարդանանց զորավարների հիշատակին և նրանց պատմական դերին՝ հայ ժողովրդի գոյության և հավատքի նկարագրի պահպանության մեջ: Նա ասաց.
«Վարդանանք մտածում էին, որ իրենց կրոնը միայն ու միայն քրիստոնեությունն էր, հայկականությունն էր, և իրենք պատրաստ եղան դա պահպանելու համար պատերազմ տալու պարսիկների դեմ… Հեթանոսությունից հետո Քրիստոսը մեր ժողովրդի կյանքին իմաստ տվեց: Հիսուսի հանդեպ հավատքը նաև գիր ու գրականություն տվեց մեր ժողովրդին. Սուրբ Մեսրոպը և Սահակը քրիստոնյա դարձած ժողովրդին նաև գիր տվեցին: Մեսրոպի աշխատանքով Հիսուսը սկսեց հայերեն խոսել հայի հետ: Մեր ժողովուրդը Աստծո հետ երկխոսության մեջ մտավ առանց թարգմանչի, իր մայրենի լեզվով: Մեր Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարվում է «թագուհի թարգմանութեանց»: Հայ ժողովուրդը առաջին մկրտությունն ընդունեց ջրով և Հոգով, իսկ երկրորդ մկրտությունն ընդունեց հայերեն գրությամբ»:
Նույն օրը երեկոյան միաբան քույրերի նախաձեռնությամբ կենտրոնի դահլիճում բեմադրվեց սուրբ Վարդանանց նվիրված մի գեղեցիկ ներկայացում՝ քույրերի հոգածության տակ գտնվող Արհեստի և արվեստի դպրոցի սաների դերախաղով և ռեժիսոր Նառա Սանթոյանի բեմադրությամբ և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կատարմամբ (գեղ. ղեկավար` Ռ. Մլքեյան): Ներկա գտնվեցին Առաջնորդ Հայրը՝ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, Գերպ. Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանը և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը: Ք. Նարինե Սիմոնյանը բեմադրությունից առաջ ներկաներին ուղղված իր խոսքում ասաց, որ Վարդանաց հերոսներն իրենց նահատակությամբ մեզ ավանդել են հայրենիք և հավատք ու հիշեցրեց Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԱ Աղաջանյանի խոսքերը. «Հավատքն ու հայրենիքը թռչնի երկու թևերն են, որոնցից մեկի բացակայության դեպքում թռչունը չի կարող ճախրել»: Ք. Նարինեն հիշեց նաև Տիրոջ երանիներից մեկը. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար»:
Հրաշալի և հուզիչ բեմականացումից հետո Սրբազան Հայրը խոսք առավ և խոսեց նախ դարձյալ հայ ժողովրդի երկու մկրտությունների մասին, որոնց ավելացրեց ևս մեկը` արյան մկրտությունը, այսինքն` Վարդանանց նահատակությունը Ավարայրի դաշտում` 451-ին. «Այս երեք մկրտություններով` ջրի, գրի և արյան, հաստատվեց հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը: Այս պատճառով է, որ մենք` հայերս, հազար հինգ հարյուր տարի է` չենք ձանձրանում ամեն տարի հիշել Վարդանանց և Ղևոնդյանց նահատակությունը, և դեռ հիշելու ենք մշտապես և հաջորդ հազար տարիներին էլ պետք է երկնքից տեսնենք այս նույն բեմադրությունները` նույն խանդավառությամբ, նույն շնչով: Արյան մկրտությունը կրկնվում է, և այդպես եղավ հայոց ցեղասպանությամբ, և մինչև այսօր` մինչև վերջին պատերազմը: Կորցնում ենք զինվորների կյանքեր, բայց մնում են ուրիշների կյանքերը»:
27.02.2025թ.
Դիվան Առաջնորդության