Աշխարհը կազմված է իմ և քո, բոլորի պատմություններից
Հույսի հոբելյանական տարվա տրամաբանության մեջ այս օրերին Հռոմում ներկա գտնվեցի Եկեղեցու հաղորդակցամիջոցների հոբելյանին և հատուկ այդ ոլորտի պատասխանատուների համար կազմակերպված խորհրդաժողովին: Այս հոբելյանը Պապի կողմից հռչակվեց` Հույսի գաղափարը նաև հաղորդակցության աշխատակիցների հետ կիսելու նպատակով, որպեսզի նրանք էլ նախ իրենք հաղորդակից լինեն քրիստոնեական Հույսի ամբողջ իմաստային տարողությանը և ապա այդ Հույսն ուրիշներին հաղորդեն իրենց մասնագիտական միջոցներով` հոդվածեր, տեսանյութեր, սոցիալական ցանցերում գրառումներ և այլն, որոնց հնարավորություններն ընձեռում են ժամանակակից տեխնոլոգիաները:
Այս օրերին ինձ շատ տպավորեց երկու կարևոր շեշտադրություն, որոնք արեցին մասնագետները. նախ` պատմություններ պատմելու և լսելու սկզբունքը (storytelling, storylistening) և երկրորդ` արհեստական բանականության (artificial intelligence) հետ վարվելակերպը: Առաջինի մասին բավական լուրջ և մտածելու տեղիք տվող խոսքով հանդես եկավ մի իռլանդացի գրող և նորարար Քոլըմ ՄքՔենը (Colum McCann)` մի յուրահատուկ անձ, ով ջանում է մարդուն կարևորել իր անձնական պատմության հիման վրա: Քոլըմը ստեղծել է մի կազմակերպություն, որն օգնում է մեկուսացված երեխաներին և մեծահասակներին հաղորդակցվել միմյանց հետ` սեփական պատմությունները պատմելով և լսելով միմյանց: Ահա՜ նրա խոսքերից մի քանիսը, որոնց շուրջ արժե խորհրդածել.
Աշխարհը կազմված է իմ և քո, բոլորի պատմություններից,
Մենք կապված ենք միմյանց մեր անձնական պատմություններով,
Ո՞վ կարող է մերժել մարդուն, եթե գիտի նրա պատմությունը,
Եթե ուզում ես ոչնչացնել մարդուն, նախ պետք է ոչնչացնես նրա պատմությունը,
Ո՞վ կարող է արգելք դնել անվասայլակին գամված մի երեխայի առջև, երբ ծանոթ է նրա հաշմանդամության պատմությանը,
Ուրիշի նկատմամբ իշխանությունն այն է, երբ սահմանափակում կամ ոչնչացնում ես նրա պատմությունը,
Պատմություններ պատմելը կփրկի մեզ, դիմացինի պատմությունը լսելը գործողության մի ձև է, աղոթքի մի ձև է,
Երբ իրար պատմում ենք մեր անձնական պատմությունները, մենք այնքա՜ն նման ենք իրար,
Երբ լսում ենք իրար, սկսում ենք ավելի լավ հասկանալ, թեկուզ և չհամաձայնվենք իրար հետ, բայց սկսում ենք կառուցել ավելի լավ ընդհանրություն, ավելի լավ համայնք …
Գիտե՞ք, իռլանդացի այս գրողի մտքերը արձագանքում են Ավետարանին և Եկեղեցու ուսմունքին այսօրվա լեզվով. լսել իրար, ճանաչել ու հարգել միմյանց, կապվել միմյանց` իրար փոխանցելով մեր սեփական անձից մի մասնիկ` մեր պատմությունները: Ի վերջո, սա չէ՞ որ տանում է սիրո:
Սուրբ Աթոռի Ավետարանացման առաքելության բաժանմունքի պաշտոնյաներից մեկը` Կարդինալ Թագլեն` Եկեղեցում շատ սիրված իր ուղղամտության և նկարագրի համար, իրեն բնորոշ պարզությամբ Ավետարանի բառերով բացատրեց այդ նույն ճշմարտությունները.
Հիսուսը մեզ կոչեց բարեկամներ, և ոչ թե ստրուկներ, ինչպես Ինքն է ասում, որովհետև մեզ հայտնեց այն, ինչ լսեց Հորից. ճշմարիտ հաղորդակցության կատարյալ մի պատկեր, որ ստեղծում է իրական հաղորդություն` մարդու և Աստծո միջև, մարդու և մարդու միջև. հաղորդակցություն, որը ստեղծում է հաղորդություն` աստվածաբանական իմաստով (communication, which builds communion): Ո՞վ է մեկուսացված մարդը, եթե ոչ սատանայի պատկերով վերաստեղծված արարում, որը սակայն պետք է նորոգվի մեր սիրով, մեր առաջարկած հաղորդակցությամբ:
Պատմություններով կիսվելը ավետարանական է, սիրո մի յուրահատուկ անվանում է, ավելին, մի առաքելություն է, որ մարդուն տրված է բոլոր ժամանակներում: Հաղորդակցությունը կամ լրագրությունը, ժուռնալիզմը մի հրաշալի միջոց է դա կատարելու համար, Եկեղեցու համայնքը կամ աստվածամարդկային հաղորդությունը կառուցելու համար: Այս իմաստով, եկեղեցական հաղորդակցությունը կամ լրագրությունը, կարևոր ուղերձի կամ բովանդակության փոխանցումը, ինչ ճանապարհով էլ դա լինի, իր բնույթով կտրուկ տարբերվում է աշխարհային լրագրությունից: Իհարկե, չեմ ժխտում, որ արհեստավարժական սկզբունքները համանման են` իրականության հստակ ներկայացում և հաղորդակցություն, փոխանցում առաջին ձեռքից, ճշմարտության բացահայտում, իրականության առարկայական նկարագրություն և վերլուծություն` հնարավորինս ոչ սուբյեկտիվ ձևով, բայց այս ամենը եկեղեցական հաղորդակցամիջոցի պարագայում պետք է կառուցված լինի հավատքի հիման վրա և ունենա մեկ գերնպատակ` Քրիստոսին աշխարհ բերելը, Քրիստոսի ընտանիքի կառուցումը, Աստծո թագավորության հռչակումն ու հաստատումը, Ավետարանը աշխարհում թթխմոր դարձնելը, Աստծո Խոսքի տարածումը մինչև աշխարհի ծայրերը և մինչև մարդկային հոգու խորքերը:
Այս մտքերն էին անցնում մեր քննարկումների ընթացքում, և ավելի ու ավելի համոզվում էի, թե որքա՜ն անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին ճիշտ արձագանքելը, ժամանակի պահանջներին համընթաց քայլելն ու Ավետարանի բարի լուրի փոխանցման նոր ձևեր մտածելը, որովհետև տեխնոլոգիաները առաջ են վազում սրընթաց արագությամբ, սատանան օգտագործում է դրանք շա՜տ ավելի արագ և բացասական ձևով, քան մենք` հանուն բարի նպատակների:
Ֆրանցիսկյան մի վանական պրոֆեսոր Հայր Բենանթին, ով դասավանդում է Հռոմի լավագույն համալսարաններում, խոսում էր արհեստական բանականության միջոցով մարդկային հոգին կախվածության և անգործության մեջ դնելու մարդկային նկատառումների մասին, ավելին, արհեստական բանականությունն ի՜նքն է սկսում արդյունահանել նոր <<խելացի>> ալգորիթմներ, այսինքն` լուծումներ` մարդու միտքը և վարքը կառավարելու, սիրտը գողանալու համար. այսպես է ինքն իրեն ծրագրավորում <<նպատակն արդարացնում է միջոցները>> մաքիավելիական և մոդայիկ աշխարհային տրամաբանությամբ աշխատող այս Ա՜Նմարդկային բանականությունը, որը չարի մեծագույն հաղթանակներից մեկն է, որը սակայն, մարդկային բանականությունը համարում է իր հաղթանակը: Միթե՞ կա ավելի դյուրին բան մարդկային վարքը կառավարելու համար, քան ինքն իրեն ծրագրավորող և մարդուն հեշտամոլության միջոցով ստրկացնող ալգորիթմներ ստեղծելը: Հայր Բենանթին` որպես Եկեղեցու զավակ, մեզ զգուշացնում էր սոցիալական ցանցերի տրամաբանության մասին, բայց չէր առաջարկում լավագույն լուծումը` այդ թակարդ-ցանցերում չբռնվելու համար. մենք ուզում ենք Պետրոսի և առաքյալների նման այդ ցանցերի միջոցով լուսավոր իմաստով շահել մարդկային հոգիները, բայց ինքներս ենք ընկնում դրանց ալգորիթմների գերության մեջ: Ի՞նչ անել… այստեղ շատ մտածելու և հասկանալու բան կա… Վստահ եմ, որ մեզ` անհրաժեշտ է ավելի արագ մտածել և ավելի արյդունավետ, որպեսզի կարողանանք մեր առաքելության համար օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները, հարկավոր է միշտ մեկ քայլ առաջ մտածել այդ ալգորիթմներից… Կարո՞ղ ենք արդյոք: Սուրբ Հոգով կարող ենք ամեն ինչ:
Մի բան էլ հստակացավ ինձ և բոլոր եղբայրներիս և քույրերիս համար, ովքեր մասնակցում էին այդ խորհրդաժողովին, որ անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել մեր` աշխատակիցներիս և պատասխանատուներիս, կենդանի հաղորդակցության համայնքը` մեր պատմությունների և փորձառության հիման վրա, ջանալ միասին հասկանալ այսօրվա մարտահրավերները և միասին գտնել լուծումներ` լայնախոհությամբ և վստահելով Սուրբ Հոգուն:
Ի դեպ, հենց այս օրերին, Սուրբ Աթոռը հրապարակեց մի նոր փաստաթուղթ-ուսումնասիրություն` արհեստական բանականության մասին, որի շուրջ կգրեմ հաջորդիվ:
Աստված օրհնի բոլորիս` նոր Հույսով և նոր պատմություններով:
Տ. Հովսեփ
Հռոմ, 29 հունվարի, 2025թ.