• Ոչ թե վախ, այլ՝ Հույս․ Պապը երազում է նոր տեսակի հաղորդակցության միջոցների մասին

    Նրբանկատորեն կիսե՜ք այն հույսը, որ ձեր սրտերում է (հմմտ.` 1 Պետ. 3:15-16) 


    Ն. Ս. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ

    ՈՒՂԵՐՁԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 59-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Ապատեղեկատվության և բևեռացման այս ժամանակաշրջանում, երբ ուժի մի քանի կենտրոններ վերահսկում են տվյալների և տեղեկատվության աննախադեպ ծավալ, կցանկանայի դիմել ձեզ որպես մեկը, ով քաջ գիտակցում է ձեր կարևորությունը, այժմ առավել քան երբևէ: Ձեր խիզախ ջանքերը կենսական ու անգնահատելի են հաղորդակցության ոլորտում:

    Անդրադառնալով Հոբելյանին, որը մենք նշում ենք այս տարի` որպես շնորհի պահ այս ոչ խաղաղ ժամանակներում, կցանկանայի այս Ուղերձով կոչ անել ձեզ դառնալ «հույսի կրող հաղորդակիցներ»` Ավետարանի ոգով նորոգելով ձեր գործն ու առաքելությունը:

     

    Ապազինել հաղորդակցությունը

     

    Այսօր շատ հաճախ հաղորդակցությունը ծնում է ոչ թե հույս, այլ` վախ ու հուսահատություն, նախապաշարմունք և դժգոհություն, ֆանատիզմ և նույնիսկ ատելություն: Շատ հաճախ այն խեղաթյուրում է իրականությունը՝  տարածելով կեղծ, աղավաղված ու սադրող տեղեկատվություն:  Բազմիցս  խոսել եմ հաղորդակցությունը «զինաթափելու» և այն ագրեսիվությունից մաքրելու անհրաժեշտության մասին։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես՝ սկսած հեռուստատեսային թոք-շոուներից մինչև սոցիալական մեդիայի վրա հարձակումներ, ռիսկ կա, որ կհաղթի մրցակցության, ընդդիմության, գերիշխելու և տիրապետելու կամքը և հասարակական կարծիքի մանիպուլյացիան:

     

    Կա նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. այն, ինչ մենք կարող ենք անվանել «ուշադրության ծրագրավորված ցրում»` թվային համակարգերի միջոցով, որոնք, կանոնավոր կերպով շուկայի տրամաբանության համաձայն, փոփոխում են իրականության մեր ընկալումը: Արդյունքում, մենք ականատես ենք լինում, հաճախ մեր համայնքի գոյության հիմքերի խարխլման մի փորձի։ Ըստ դոն Տոնինո Բելլոյի, բոլոր հակամարտությունները «սկսվում են այն ժամանակ, երբ կորսվում է անհատականությունը»: [1] Չպե՛տք է այս մտածելակերպի զոհը դառնանք։

     

    Փաստորեն, դյուրին բան չէ հուսալը։ Ժորժ Բերնանոսը մի անգամ ասել է, որ «հուսալու ընդունակ են միայն նրանք, ովքեր քաջություն են ունեցել հրաժարվելու այն պատրանքներից և ստերից, որոնցում ժամանակին ապաստան են գտել, և որոնք նրանք թյուրիմացաբար շփոթել են հույսի հետ … Հուսալ` նշանակում է ռիսկի դիմել»։ [2] Հույսը թաքնված առաքինություն է, համառություն, համբերություն: Քրիստոնյաների համար սա տարբերակ չէ, այլ` անհրաժեշտ պայման։ Ինչպես նշել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Spe Salvi շրջաբերական նամակում, հույսը անգործ լավատեսություն չէ, այլ, ընդհակառակը, «կատարողական» առաքինություն, որն ընդունակ է փոխելու մեր կյանքը. «Հույս ունեցողն ապրում է այլ կերպ. նա, ով հույս ունի, ստացել է նոր կյանքի պարգև» (թիվ 2):

     

     Հարգանքով պատասխան տալ այն հույսի մասին, որ մեր մեջ է

     

    Սուրբ Պետրոսի առաջին նամակում (3:15-16) մենք գտնում ենք հիացական մի համակցություն, որտեղ հույսը կապված է քրիստոնեական վկայության և հաղորդակցության հետ. «Ձեր սրտերում սու՜րբ պահեցեք Տիրոջը` Քրիստոսին: Միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու հարգանքով պատասխան տալու յուրաքանչյուրին, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը»: Ես կցանկանայի կանգ առնել երեք ուղերձների վրա, որոնք մենք կարող ենք քաղել այս խոսքերից:

     

    «Ձեր սրտերում սուրբ պահեցե՜ք Տիրոջը` Քրիստոսին»: Քրիստոնյաների հույսը ամփոփվում է հարություն առած Տիրոջ կերպարում։ Սուրբ Հոգու պարգևի միջոցով միշտ մեզ հետ մնալու Նրա խոստումը մեզ հնարավորություն է տալիս հուսալ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կորսված է թվում:

    Երկրորդ ուղերձը մեզ հուշում է, որ պատրաստ լինենք ներկայացնել մեր մեջ եղած հույսը։ Քրիստոնյաներն առաջին հերթին մարդիկ են, ովքեր չեն «խոսում» Աստծո մասին, այլ մարդիկ են, ովքեր արձագանքում են նրա սիրո գեղեցկությանը և ամեն ինչ ընկալելու նոր ուղուն: Նրանց ապրած սե՜րն է, որը հարցեր է բարձրացնում և պատասխաններ  պահանջում։ Ինչո՞ւ եք այսպես ապրում։ Ինչու՞ եք այսպիսին:

    Սուրբ Պետրոսի խոսքերում, վերջապես, մենք գտնում ենք երրորդ ուղերձը. յուրաքանչյուր պատասխանը այս հարցին պետք է տրվի «հեզությամբ և հարգանքով»: Քրիստոնեական հաղորդակցությունը, կամ հաղորդակցությունն ընդհանրապես, պետք է լինի նրբանկատ և մտերմիկ, ինչպես ճանապարհի զրուցակիցների զրույցը: Սա բոլոր ժամանակների մեծագույն ուսուցչի՝ Հիսուս Նազովրեցու մեթոդն էր, ով քայլելով Էմմավուսի երկու աշակերտների կողքին, ստիպեց նրանց սրտերին բոցավառվել՝ մեկնաբանելով իրադարձությունները Սուրբ Գրքի լույսի ներքո:

    Ես երազում եմ մի հաղորդակցության մասին, որը կարող է մեզ դարձնել ուղեկցող ճամփորդներ` քայլելով մեր եղբայրների և քույրերի կողքին և քաջալերելով նրանց հուսալ այս դժվարին ժամանակներում: Հաղորդակցություն, որը կարող է խոսել սրտի հետ` նպաստելով  մտերմիկ և բարեկամական հարաբերություններին, ոչ թե սադրել կամ զայրույթ բորբոքել: Հաղորդակցություն, որը կարող է բացահայտել գեղեցկությունն ու հույսը` նույնիսկ ակնհայտ հուսահատ իրավիճակներում: Հաղորդակցություն, որը կարող է օգնել մեզ «ճանաչելու յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը և միասին աշխատելու մեր ընդհանուր տան համար» (Dilexit Nos, 217):

    Ես երազում եմ այնպիսի հաղորդակցության մասին, որը չի տարածում պատրանքներ կամ վախեր, այլ հուս է տալիս։ Մարտին Լյութեր Քինգը մի անգամ ասել է. «Եթե ես կարողանամ օգնել ինչ-որ մեկին, եթե կարողանամ որևէ մեկին ուրախացնել որևէ խոսքով կամ երգով, ապա իմ ապրելն իզուր չի լինի»: [3] Այնուամենայնիվ, սրան հասնելու համար մենք պետք է բժշկվենք մեր «հիվանդություններից», խուսափենք ագրեսիայից՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար: Այս կերպ հաղորդակցվելն օգնում է մեզ դառնալ «հույսի ուխտավորներ», ինչը այս Հոբելյանի կարգախոսն է։

     

    Հուսալ միասին

     

    Եկե՛ք մի պահ մտածենք այս Շնորհի Տարվա պատգամի վեհության մասին: Բոլորս հրավիրված ենք, բոլո՜րս – նորից սկսելու, թույլ տալու, որ Աստված բարձրացնի մեզ, թույլ տալու, որ Նա գրկի մեզ և ողորմի մեզ: Այս առումով անձնական և համայնքային հայեցակետերն անքակտելիորեն փոխկապակցված են. մենք միասին ճանապարհ ենք ընկնում, ճանապարհորդում ենք մեր բազմաթիվ եղբայրների ու քույրերի կողքին և միասին անցնում ենք Սուրբ Դռնով։

     

    Հոբելյանը տարատեսակ սոցիալական նշանակություն և դրսևորումներ ունի: Մենք կարող ենք մտածել, օրինակ, ողորմության և հույսի ուղերձի մասին, ովքեր ապրում են անազատության մեջ, կամ գթասրտության կոչի մասին  նրանց համար ովքեր տառապում են և անտեսված են: Հոբելյանը հիշեցնում է մեզ, որ նրանք, ովքեր խաղաղարար են, «Աստծո զավակներ կկոչվեն» (Մտթ. 5:9), և այդպիսով այն հույս է ներշնչում, մատնանշում է մեզ ուշադիր, նրբանկատ և մտածող հաղորդակցության անհրաժեշտությունը, որը կարող է մատնանշել երկխոսության ուղիները։ Այդ իսկ պատճառով, ես խրախուսում եմ ձեզ բացահայտել և հայտնի դարձնել բարություն քարոզող բազմաթիվ պատմությունները, որոնք թաքնված են լուրերի ծալքերում, ընդօրինակելով այն ոսկի որոնողներին, ովքեր անխոնջ մաղում են ավազը՝ փնտրելով մի փոքրիկ բեկոր: Լավ է հույսի այդպիսի սերմեր փնտրել և դրանք լուսաբանել։ Դա օգնում է մեր աշխարհին մի փոքր ավելի քիչ խուլ լինել աղքատների աղաղակի հանդեպ, մի փոքր պակաս անտարբեր: Թո՛ղ որ դուք մի՛շտ գտնեք բարության այդ շողերը, որոնք մեզ հույս են ներշնչում: Այս տեսակի հաղորդակցությունը կարող է օգնել հաղորդություն հաստատել, մեզ ավելի քիչ միայնակ զգալ և վերաարժևորել միասին քայլելու կարևորությունը։

     

    Մի՜ մոռացեք սրտի մասին

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ի դեմս տեխնոլոգիական նորանոր ապշեցուցիչ նվաճումների, ես կոչ եմ անում ձեզ հոգ տանել ձեր սրտի, ներաշխարհային կյանքի մասին: Ի՞նչ է դա նշանակում։ Թույլ տվեք կիսվել մի քանի մտքերով։

    Եղե՛ք հեզ և երբեք մի՛ մոռացեք այն մարդկանց, որոնց դուք ծառայում եք ձեր աշխատանքն իրականացնելիս:

    Թույլ մի՛ տվեք, որ բնազդային ազդակներն առաջնորդեն ձեր հաղորդակցության մեջ: Միշտ հույս տարածեք, նույնիսկ երբ դա դժվար է, նույնիսկ երբ դա գին է պահանջում, նույնիսկ երբ թվում է, թե պտուղ չի տալիս:ա

    Փորձե՛ք խթանել հաղորդակցությունը, որը կարող է բուժել մարդկության վերքերը:

    Եղե՛ք ոչ ագրեսիվ հաղորդակցության վկաներ և խթանողներ. օգնե՛ք տարածել հոգատարության մշակույթը, կառուցել կամուրջներ և քանդել ներկա ժամանակի տեսանելի և անտեսանելի պատնեշները:

    Ներկայացրե՛ք հույսով պարուրված պատմություններ, մտահոգվե՛ք մեր ընդհանուր ճակատագրով և ձգտե՛ք միասին կերտել մեր ապագայի պատմությունը:

    Այս ամենը դուք և մենք կարող ենք անել Աստծո շնորհով, որն առատորեն պարգևում է մեզ  Հոբելյանական տարին: Այս է իմ աղոթքը, և այս աղոթքով ես օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին և ձեր աշխատանքը:

     

    Հռոմ, Սուրբ Հովհաննես Լաթերանյան Տաճար, 24 հունվարի 2025 թ.

    Սուրբ Ֆրանցիսկոս դե Սալի տոն

     

    [1] “La pace come ricerca del volto”, in Omelie e scritti quaresimali, Molfetta 1994, 317.

    [2]  La liberté, pour quoi faire?, Paris 1995.

    [3] “The Drum Major Instinct”, Sermon (4 February 1968).

    Աղբյուրը՝ Vatican News

    Թարգմանեց՝ Ուլյանա Կոստանյանը

     

Օրացույց

Օրացույց