• Քրիստոնեական հույսը քահանայի կյանքում․ Պապական Նվիրակի խոսքը՝ հայ կաթողիկէ հոգևոր դասին

    <<Ամենից առաջ անհրաժեշտ է բացահայտել քրիստոնեական հույսի առկայությունը մեր հասարակության մեջ>>


    2024թ․ դեկտեմբերի 18-ին Առաջնորդ Արհի․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի հրավերով հոգևոր դասի համար կազմակերպված աշխատաժողովին մասնակցեց նաև Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպս․ Անտե Յոզիչը։ Նրա խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

     

    Գերապայծառ Տեր,

    Սիրելի՛ եղբայրակից քահանաներ,

    Շատ ուրախ եմ, որ այսօր ինձ առիթ ընձեռնվեց՝ հանդիպելու ձեզ և ձեր եպիսկոպոսին Հիսնակաց այս շրջանում՝ սպասելով Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին, երբ Կաթողիկէ Եկեղեցին կբացի նոր հոբելյանական տարվա դռները:

     

    Հաշվի առնելով, որ Հիսնակաց շրջանը համարվում է հույսի ժամանակ, իմ այսօրվա մտորումների համար ես ընտրել եմ քրիստոնեական հույսի թեման, հատկապես, քահանայի կյանքում՝ ներշնչվելով Սուրբ Պողոսի Եփեսացիներին ուղղված նամակից (2։12-22), ինչպես նաև՝ Սուրբ Ղուկասի Ավետարանից (12։35-38):

     

    Սուրբ Պողոսը եփեսացիներին հորդորում է.

     

    <<․․․քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայէլի քաղաքացիութիւնից, օտարացած խոստման ուխտերից եւ ոչ մի յոյս չունէիք ու առանց Աստծու էիք աշխարհում: Իսկ այժմ, Յիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձաւորներ եղաք Քրիստոսի արեամբ, որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. քանդեց իր մարմնի մէջ միջնորմը՝ թշնամութիւնը, եւ հրամաններով տրուած պատուիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի ու իր խաչով հաշտեցնի երկուսին մէկ մարմնի մէջ Աստծու հետ. քանզի թշնամութիւնն սպանեց իր խաչով: Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ. որովհետեւ նրանով է, որ երկուսս էլ արտօնութիւն ունենք մերձենալու Հօրը մէ՛կ Հոգով: Ապա ուրեմն, օտար եւ պանդուխտ չէք, այլ՝ համաքաղաքացի սրբերին եւ ընտանի՝ Աստծուն, կառուցուած առաքեալների եւ մարգարէների հիմքի վրայ, որի անկիւնաքարը Քրիստոս Յիսուսն է: Նրա վրայ ներդաշնակութեամբ հաստատուած ամբողջ կառոյցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով>>:

     

    Իսկ Սուրբ Ղուկասի Ավետարանում ասվում է.

     

    «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու: Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները>>:

     

    Հարգելի եղբայրներ, Հին և Նոր Կտակարանների աստվածաշնչյան տեքստերում հաճախ առկա է <<հույս>> բառը:

    Հին Կտակարանում հույսը ներկայացնում է լիակատար վստահություն Աստծո խոսքի նկատմամբ, որն էլ դառնում է հավատքի օրինակ: «Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը» (Հռմ․ 4։18)։ Հավատալ նույնիսկ այն դեպքում, երբ հույս չկա, նշանակում է ընդունել Աստծո խոսքը մեր կյանքում, ինչպես որ Աբրահամն ընդունեց այն իր կյանքում:

    Մենք գիտենք, որ Աբրահամը հավատում էր Աստծո խոսքին, որը նրան որդի էր խոստանում: Եվ դա իսկապես վստահություն էր Աստծո նկատմամբ «հակառակ ամեն անհուսության», չնայած որ անհավանական էր այն, ինչ Տերն էր հայտարարում նրան, քանի որ նա տարեց էր, իսկ կինը՝ ամուլ։ Այսպիսով, այդ պահին մարդկային հույս չկար, բայց նա ամեն դեպքում հավատում էր: Եվ ոչ միայն հավատաց, այլեւ ճամփա ընկավ՝ թողնելով սեփական հողը, դառնալով օտար, սակայն հուսալով Աստծո խոստացած այս «անհնար» որդու վրա։

     

    Աբրահամը հավատում էր ի սկզբանե, և նրա հավատքը բացվում էր ակնհայտ անհիմն հույսի առաջ. դա մարդկային բանականությունից, աշխարհի իմաստությունից դուրս գալու կարողությունն է, այն, ինչը սովորաբար համարվում է ողջախոհություն, հավատալ՝ անհնարինին:

     

    Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Քահանայապետը հաճախ է ասում, որ հույսը բացում է նոր հորիզոններ, մեզ ունակ է դարձնում երազելու այն, ինչը նույնիսկ անհնար է պատկերացնել։ «Հույսը թույլ է տալիս մեզ մտնելու անորոշ ապագայի խավարը՝ լույսի մեջ քայլելու համար: Հույսի առաքինությունը գեղեցիկ է. դա մեզ այնքա՜ն ուժ է տալիս կյանքում ընթանալու առաջ»,- ասում է Պապը:

     

    Հռոմի Պապի համար դա դժվար ճանապարհ է, քանի որ գալիս է հուսահատության ճգնաժամի պահը։ Ինչ վերաբերում է Աբրահամին, Աբրահամը վստահեց, թողեց իր տունը, հողը, ընկերներին … Ամեն ինչ: Նա մեկնեց՝ հասնելու այն երկիրը, որը Աստված ցույց էր տվել և խոստացել։

     

    Աստվածաշնչից տեսնում ենք, որ Աբրահամը հարցեր է տալիս Տիրոջը՝ բողոքելով. <<Աբրահամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»: Աբրահամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»: Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»: Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»: Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց» (Ծննդոց 15:2-6):

     

    Աբրահամի սրտում հայտնված այս տեսարանը չհիասթափեցրեց և չհուսահատեցրեց նրան, բայց նա շարունակում էր հուսալ ինչ-որ անհնարին բանի: Նույնիսկ եթե նա իրեն միայնակ, ծեր ու հոգնած էր զգում, նույնիսկ եթե բողոքում էր, նա շարունակում էր վստահել Տիրոջը: Նրա համար հույսը երբեք չէր մեռնում:

     

    Ահա և մեզ համար պատասխանը. երբեք չպետք է հիասթափվենք, վհատվենք մեր կոչումից, առաքելությունից, մեր կյանքից:

    Մեր հավատքն ու հույսը, նույնիսկ եթե դրանք երբեմն կասկած ու տարակուսանք են առաջացնում մեր մեջ, քաջալերում են մեզ չվախենալ տեսնել այսօրվա աշխարհի իրականությունը, մեր սահմանափակումները և առաջ գնալ մեր առաքելության մեջ, առաքելություն, որը Եկեղեցին տվել և վստահել է մեզ:

     

    Աբրահամը դիմեց Աստծուն՝ օգնելու նրան շարունակել հուսալ: Նա ոչ թե որդի խնդրեց, այլ հույս հայտնեց, և Նա պատասխանեց՝ պնդելով իր անհավանական խոստումը. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»։ Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը» (Ծննդոց 15.5):

     

    Մեզ նույնպես հանել են աշխարհից և հրավիրել, որպեսզի կարողանանք տեսնել աստղերը հավատքի աչքերով, որոնք մենք կարող ենք նկատել հորիզոնում և որոնք մեզ համար պետք է դառնան Աստծո հանդեպ հավատարմության նշան:

     

    Սա է հավատքը, սա է հույսի ճանապարհը, որով պետք է անցնենք յուրաքանչյուրս՝ համոզված, որ չնայած դժվարություններին, հույսը երբեք չի հիասթափեցնում։

     

    Հետևաբար, հավատքի և հույսի միջև շատ սերտ կապ կա: Հույսը հնարավորություն է, որը բխում է հավատքից և հիմնված է հարություն առած Քրիստոսին հավատարիմ մնալու, այլ ոչ թե իրականության փիլիսոփայական և մարդաբանական ընկալման վրա: Սա նշանակում է, որ քրիստոնեական հույսն ունի խիստ քրիստոսաբանական հարթություն։ Քրիստոսը դառնում է դրա աղբյուրը և միավորում է մեզ բոլորիս: Սուրբ Պողոսն ասում է. «Քրիստոսը մեր հույսն է»:

     

     

     

    Երբ խոսում ենք հույսի մասին, մեզ՝ քրիստոնյաներիս համար, դա պարզապես ցանկություն չէ, որը կարող է իրականանալ, ինչպես հաճախ էինք ասում՝ «հուսանք, որ կլինի», «հուսանք, որ վաղը լավ եղանակ կլինի»։

     

    Քրիստոնեական հույսը մի բանի ակնկալիքն է, որն արդեն իրականացել է, և որը անպայման կիրականանա մեզանից յուրաքանչյուրի համար: Մենք գնում ենք մի բանի, որն արդեն կա, ոչ թե մի բանի, որը չգիտենք, տեղի կունենա թե ոչ։

     

    Մի քանի օրից Հռոմում կբացվի հոբելյանական տարին, կնշվի եկեղեցական և հովվական տարբեր միջոցառումներով։ Հուսով եմ, որ Հայաստանում մեր Եկեղեցին ևս կարող է ծրագիր մշակել ամբողջ 2025 թվականի համար, որով կկարողանա հիշել Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու Սուրբ Ծնունդը, ով մուտք գործեց մեր պատմություն և մեր կյանք։

     

    Հռոմում կազմակերպված վերջին երկու սինոդներով, սուրբ հայրը ցանկանում էր ստեղծել ավելի ընդգրկուն Եկեղեցի, որը բաց է երկխոսության համար: Սինոդականությունը հասկացվում է որպես Եկեղեցու կեցության ձև, որը կենտրոնանում է միմյանց լսելու և պարտականությունների բաշխման վրա: Վերջերս Սինոդն անդրադարձավ Եկեղեցու այսօրվա կյանքի համար վճռորոշ խնդիրներին, ինչպիսիք են աշխարհիկ մարդկանց մասնակցությունը, կանանց դերը, տեղական համայնքների կառավարումը, ավետարանելու առաքելությունը և ժամանակակից հասարակության մարտահրավերները: Նման հարցերը բազմիցս բանավեճեր են առաջացրել Եկեղեցու ներսում և նրա սահմաններից դուրս՝ երբեմն նույնիսկ պառակտելով եպիսկոպոսներին և հոգևորականներին:

     

    Ուստի գալիք հոբելյանական տարին պետք է լինի աղոթքի, ուխտագնացությունների, հոգևոր նորոգության և մեր հավատքի ու հույսի ամրապնդման տարի, գիտակցելու, որ Քրիստոսը մեր խաղաղությունն է մի աշխարհում, որը, ցավոք, ողողված է պատերազմներով, որոնք կարող են հանգեցնել մեր աշխարհի լիակատար կործանմանը:

     

    Տեղին կլինի, որ Հայաստանում մեր Եկեղեցին ծրագրի ոչ միայն աշխարհիկ, այլ նաև զանազան հոգևոր, կրթական միջոցառումներ՝ նորոգվելու հավատով, հույսով և գթությամբ:

     

    Ամենից առաջ անհրաժեշտ է բացահայտել քրիստոնեական հույսի առկայությունը մեր հասարակության մեջ այսօր ի պատասխան աշխարհի ժամանակակից մարտահրավերներին:

     

    Այսօր ամենից առաջ ես հարցնում եմ ինքս ինձ.

    Ինչպե՞ս քայլել միասին և զարգացնել մեր փոքր համայնքներն այսօր:

    Ինչպե՞ս կարող ենք հույսով լցնել մեր հանդիպած նոր սերունդներին:

    Մենք ունե՞նք Աստծո հույսը, թե՞ պարզապես լավատես ենք:

    Արդյո՞ք մենք փորձում ենք զգուշանալ այն կեղծ հույսերից, որ աշխարհը ներկայացնում է մեզ՝ մերկացնելով դրանց անպետքությունը և ցույց տալով նրանց անիմաստությունը։

     

    Կա մի սաղմոս, որը լի է իմաստությամբ, որը լիովին պատկերում է ժամանակակից կուռքերի կեղծիքը, որը գայթակղում է բոլոր ժամանակների մարդկանց, և որին ապավինում են մարդիկ:

     

    Խոսքը 115-րդ սաղմոսի մասին է, որտեղ ասվում է.

     

    <<Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր են, բերան ունեն, բայց չեն խօսում. աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում. ականջներ ունեն, բայց չեն լսում. քիթ ունին՝ բայց հոտ չեն առնում. ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում. ․․․ դրանց նման են դրանք շինողները ու բոլոր դրանց յուսացողները>>։

     

    Սաղմոսի պատգամը շատ պարզ է. եթե հույսդ դնում ես կուռքերի վրա, դու նմանվում ես նրանց. դատարկ պատկերներ՝ ձեռքեր, որոնք չեն կարող դիպչել, ոտքեր, որոնք չեն կարող քայլել, բերաններ, որոնք չեն կարող խոսել: Այլևս ասելիք չունես, անկարող ես դառնում օգնելու, ինչ-որ բաներ փոխելու, անկարող ես ժպտալու, ինքդ քեզ տալու, անկարող ես սիրելու: Եվ մենք՝ Մենք՝ «Եկեղեցու մարդիկ», այս ռիսկին ենք ենթարկվում, երբ ինքներս մեզ «աշխարհայնացնում ենք»: Մենք պետք է մնանք աշխարհում, բայց պաշտպանվենք աշխարհի պատրանքներից և այս կուռքերից:

     

    Ինչպես շարունակվում է Սաղմոսում, մենք պետք է վստահենք և հուսանք Աստծուն, և Աստված կտա մեզ Իր օրհնությունը:

    «Իսրայել, վստահիր Տիրոջը, […]

    Ահարոնի տուն, վստահիր Տիրոջը, […]

    Դուք, որ վախենում եք Տիրոջից, ապավինե՛ք Տիրոջը […]

    Սա մեր հույսն է, որը երբեք չի հիասթափեցնում: Կուռքերը միշտ հիասթափեցնում են>>։

     

    Գերապայծառ Տեր, սիրելի քահանաներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք Սուրբ Ծնունդը և հոբելյանական նոր տարին, որը հարուստ է Աստվածային օրհնությամբ և խաղաղությամբ: Մենք աղոթում ենք խաղաղության համար Սուրբ Երկրում, Ուկրաինայում և տարբեր հակամարտությունների պատճառով մարտահրավեր նետված բոլոր երկրներում։

    Շնորհակալություն։

     

     

    Երեւան, 18 դեկտեմբեր 2024թ., ժամը 12.00

    + Արքեպս․ Անտե Յոզիչ,

    Առաքելական Նվիրակ՝ Հայաստանում և Վրաստանում

Օրացույց

Օրացույց