• Հոգևոր կրթություն քահանայական դասի համար և աշխատաժողով

    <<Հույսը երբեք չի ամաչեցնում>>․ Հռմ․ 5։5


    2024թ․ դեկտեմբերի 16-19-ը Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության մեջ տեղի ունեցան Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ քահանայական հոգևոր կրթության և աշխատանքային ժողովների օրեր՝ նախագահությամբ Արհի․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի։ Մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող վարդապետներն ու քահանաները։

     

    Առաջին օրը նվիրվեց հոգևոր կրթությանը՝ բանախոսությամբ Առաջնորդ Հոր՝ <<Պատրաստում եմ իմ մսուրը>> բնաբանով։ Սրբազան Հայրը հոգևոր դասին հրավիրեց ներամփոփ խորհրդածության նյութ դարձնել հետևյալ կետերը․

     

    1․ ինչպիսի՞ն էր Հիսուս Մանկան ծննդյան քարայրը Բեթղեհեմում․ ավետարանական պատկերի հարուցած մտքերը և զգացումները,

    2․ Հիսուսի մսուրը քահանան է,

    3․ Հիսուսի մսուրը Եկեղեցին է և համայնքը, որտեղ ծառայում է քահանան,

    4․ ի՞նչ կապ կա Հիսուսի մսուրի և Խաչի միջև, ինչպե՞ս է դա արտահայտվում հոգևոր հովվի կյանքում։

     

    Առաջնորդ Հայրը իր եղբայրակից հոգևորականներին հրավիրեց այս չորս կետերի շուրջ խորհրդածությունը պսակել հետևյալ հանձնառությամբ․ սեփական քահանայական ծառայությունը վերարժևորել որպես Հիսուսի ներկայության վայր՝ մի տեսակ մսուր, Աստծո ժողովրդին Կենաց Հացով՝ Հիսուսով, ջամբելու հնարավորություն, որը պետք է օգտագործել առաքյալի ջերմեռանդությամբ։ Առաջնորդ Հայրը նաև քահանաներին հրավիրեց նորովի ընկալել Քրիստոսի հետ իրենց հարաբերությունները, նոր լույսի տակ ընկալել սրբազան խորհուրդները, մանավանդ, Սուրբ Հաղորդությունը, որի հետ քահանան առնչվում է ամենամտերիմ ձևով։

     

    Այս և շատ այլ հարցերի շուրջ քահանայական դասը խորհրդածեց աղոթական և եղբայրական մթնոլորտի մեջ՝ հույսի և նոր խանդավառությամբ հայ կաթողիկէ համայնքների համար աշխատելու պատրաստակամությամբ։

    Հույսի մասին դեկտեմբերի 18-ին առավել մանրամասն խոսեց Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արհ․ Տ․ Անտե Արքեպս․ Յոզիչը, ով ներկա գտնվեց քահանայական աշխատանքային ժողովի բացմանը՝ Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի հրավերով։ Նորին Գերազանցություն Պապական Նվիրակը, որպես հիմք վերցնելով Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2025-ը Հույսի հոբելյանական տարի հռչակելու կոնդակի ուղերձը, խոսեց քրիստոնեական հույսի մասին և միասնաբար աշխատելու իր տեսլականի մասին։ Նա իր խոսքում ասաց․

     

    <<Ամենից առաջ այսօր անհրաժեշտ է բացահայտել քրիստոնեական հույսի առկայությունը մեր հասարակության մեջ՝ ի պատասխան աշխարհի ժամանակակից մարտահրավերներին:

    Այսօր ամենից առաջ ես հարցնում եմ ինքս ինձ.

    Ինչպե՞ս քայլել միասին և զարգացնել մեր փոքր համայնքները:

    Ինչպե՞ս կարող ենք հույսով լցնել մեր հանդիպած նոր սերունդներին:

    Մենք ունե՞նք Աստծո հույսը, թե՞ պարզապես լավատես ենք:

    Արդյո՞ք մենք փորձում ենք զգուշանալ այն կեղծ հույսերից, որ աշխարհը ներկայացնում է մեզ՝ մերկացնելով դրանց անպետքությունը և ցույց տալով նրանց անիմաստությունը>>։

     

    Աշխատանքային ժողովներում հոգևոր հայրերը նախ․

    -Առաջնորդ Հորը և եղբայրակիցներին ներկայացրեցին իրենց հովվական ծառայության դժվարությունները, մարտահրավերները, հովվական ծառայության սեփական տեսլականը, համայնքի հոգևոր զարգացման սեփական պատկերացումները,

    -հաջորդիվ կազմակերպվեցին խմբային քննարկումներ, որոնց արդյունքում հստակեցվեցին Առաջնորդության առաջիկա 5 տարիների Ընդհանուր Հովվական Ռազմավարության ուրվագիծը և առաջիկա 1 տարվա գործողությունների ծրագիրը։ Տեղի ունեցավ Հովվական տեսլականի և առաքելության վերարժևորման միասնական փորձ՝ խնդրելով Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հայ կաթողիկէ հավատացյալներին առաջնորդելու համար դեպի առավել հարուստ հոգևոր ապրում և սրբություն։

    Առաջնորդ Հոր խնդրանքով նաև կազմվեց 2025-ի Հույսի հոբելյանական տարվա գործողությունների ծրագիրը և կազմակերպչական հանձնախումբը։ Հոգևոր կրթության և աշխատանքային ժողովների օրերը փակվեցին Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի օրհնությամբ և միասնական աղոթքով՝ Առաջնորդության հոգևոր խնամքին հանձնված հավատավոր ժողովրդի բարօրության համար։

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց,

    19․12․2024թ․

     

Օրացույց

Օրացույց