«Առատ հույսով լի լինել և այն կիսել աշխարհի հետ»:
Դեկտեմբերի 11-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ավարտեց քրիստոնեական ուսուցումների շարքը Սուրբ Հոգու և Եկեղեցու վերաբերյալ: Նա խոսեց Սուրբ Հոգուց բխող հույսի մասին, որը շատ կարևոր դեր ունի քրիստոնյայի կյանքում:
Նորին Սրբությունը մեջբերեց մի հատված Հայտնության Գրքից. «Հոգին ու հարսը ասում են. “Ե՛կ”» (22, 17): Այս խոսքերը ուղղված են հարություն առած Քրիստոսին և արտահայտում են ոչ միայն Նրա փառավոր վերադարձի սպասումը, այլ նաև Փրկչի ներկայությունը այստեղ և հիմա, Եկեղեցու կյանքում: Սրբազան Քահանայապետն ընդգծեց.
«Սուրբ Հոգին հարություն առած Քրիստոսի ճշմարիտ alter ego-ն է. նա զբաղեցնում է Հիսուսի տեղը և բացահայտում է Նրա ներկայությունն ու գործերը Եկեղեցում»:
Հենց Նա է «խոսում գալիք բաների մասին» (տես՝ Հվհ. 16,13) և այն դարձնում ցանկալի ու սպասելի: Քրիստոսն ու Սուրբ Հոգին անբաժան են, այդ թվում նաև փրկության տնտեսության մեջ:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, Սուրբ Հոգին է Եկեղեցին առաջ տանում, ինչպես որ առագաստն է պատմության ծովում առաջ մղում նավին: Սուրբ Հոգուց ոգեշնչվող հույսը պարզապես լավատեսություն կամ սպասում չէ, այլ վստահություն, որի հիմքում Աստծո հավատարմությունն է Իր խոստումներին: «Հույսը, – ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը, – պասիվ առաքինություն չէ, որը միայն սպասում է, թե երբ ինչ-որ բան տեղի կունենա: Այն գործուն առաքինություն է, որը նպաստում է փոփոխությունների իրականացմանը»:
Սուրբ Հոգին, ըդգծեց Սրբազան Քահանայապետը, խրախուսում է աղքատներին բարձր աղաղակել, Նա տկարների ամրոցն է և շարժիչ ուժը՝ հանուն արդարության ու հալածյալների ազատության պայքարում:
Քրիստոնյան պետք է ոչ միայն հույս ունենա, այլև պիտի այն կիսի իրեն շրջապատող մարդկանց հետ ու դառնա սերմնացան: «Սա ամենագեղեցիկ պարգևն է, որը Եկեղեցին կարող է առաջարկել ողջ աշխարհին, հատկապես այն պահերին, երբ թվում է, թե ամեն բան մեզ դրդում է վայր դնել մեր առագաստները», – ընդգծեց Նորին Սրբությունը և հիշեցրեց Պետրոս առաքյալի խոսքերը. «Պատրաստ եղե՛ք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը» (Ա Պետ. 3,15): Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ճշմարիտ ավետարանումը փաստարկների զորությունը չէ, այլ սերն է, որը մենք կարողանում ենք ներդնել այդ ամենի մեջ:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը մաղթեց հավատացյալներին, որ Սուրբ Հոգին օգնի նրանց «առատ հույսով լի լինել» և այն կիսել աշխարհի հետ:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը