«Համընդհանուր եղբայրությունը կենդանի կապ է մարդկանց և նրանց պատմությունների միջև»:
Կյանքի պաշտպանության Քահանայապետական ակադեմիայի կողմից կազմակերպած «Համընդհանուր բարօրություն. տեսություն և գործադրություն» վերտառությամբ համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց դուրս գալ շահերի նեղ շրջանակներից՝ եղբայրություն կառուցելու համար, որի հիմքում ոչ թե տեսությունն է, այլ մարդկային իրական հարաբերությունները և նրանց պատմությունները:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ համընդհանուր բարօրությունն ամենից առաջ եղբայրական հյուրընկալության, ճշմարտության ու արդարության համատեղ փնտրտուքի ոգով դրսևորվող գործադրություն է: Եկեղեցու սոցիալական ուսմունքի այս հիմնարար սկզբունքի հիշատակումը հատկապես կարևոր է հակամարտությունների, տարանջատումների և հակադրությունների մեր այս ժամանակաշրջանում, որոնց առաջացման պատճառը «սեփական շահերից դուրս նայելու» անկարողությունն է:
Սրբազան Քահանայապետը խոսում է համաժաղովի առանձնահատկության մասին և ընդգծում է, որ մարդկային կյանքի պաշտպանությունը և նույնիսկ «բիոէթիկական բանավեճի ամենադասական թեմաներն» անհնար են առանց հաշվի առնելու այն սոցիալական և մշակութային համատեքստը, որում ծագում են այդ խնդիրները։ Կյանքի պաշտպանությունը, որը սահմանափակվում է միայն որոշակի գաղափարներով և հաշվի չի առնում գոյութենապաշտական (էկզիստենցիալ), սոցիալական և մշակութային բոլոր գործոնները, «վտանգում է լինել անարդյունավետ և ենթարկվել գաղափարական մոտեցման գայթակղությանը, որտեղ պաշտպանվում են վերացական սկզբունքները, այլ ոչ թե կոնկրետ մարդիկ»:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ համընդհանուր բարօրության և արդարության ձգտումը ամեն մի մարդկային կյանքի պաշտպանության կենտրոնական և ամենակարևոր գործոններն են:
Սրբազան Քահանայապետը հատուկ ուշադրություն է դարձնում համաժողովի կին մասնակիցներին. «Անհրաժեշտ է, որ հասարակությունում և Եկեղեցու մեջ հնչեն կանացի ձայներ»: Բացի այդ, համաշխարհային տարբեր մշակույթների և գիտության ոլորտների համագործակցությունը կարևոր է մարդկության ապագայի վերաբերյալ իմաստուն և լայնախոհ որոշումներ մշակելիս, որովհետև միայն այդպես է հնարավոր ստեղծել առավել ընդգրկուն աշխարհ: Անդրադառնալով իր Fratelli tutti շրջաբերականին՝ Նորին Սրբությունն ընդգծում է, որ համընդհանուր եղբայրությունը պարզապես գաղափար, քաղաքական կամ սոցիալական նախագիծ չէ, այլ կենդանի կապ է մարդկանց և նրանց պատմությունների միջև:
Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը հույս է հայտնում, որ կմշակվեն «ամուր տնտեսական տեսություններ», որոնք կկարողանան համընդհանուր բարօրություն հասկացությունը փոխակերպել քաղաքական որոշումները բնորոշող իրական սկզբունքի:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը