• Նահատակները հույսի ամենահամոզիչ վկաներն են

    «Նահատակները նրանք են, ովքեր ընդօրինակելով Հիսուսին, վերցրել են իրենց խաչը և դարձել փրկարար սիրո զորության վկաները»:


    Նոյեմբերի 14-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդունեց Սրբերի Դատի Վերատեսչության կազմակերպած համաժողովի մասնակիցներին, որի թեման էր նահատակությունը և անձնազոհությունը, կատեգորիաներ, որոնք 2017 թվականին Ֆրանցիսկոս Պապը ներառեց սրբադասման գործընթացի մեջ:

     

    Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այդ համաժողովի առանցքային բառը Հիսուսի պատգամն էր. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հվհ. 15,13): Սրբության պահանջ հանդիսացող անձը զոհաբերելու պատրաստակամության առաջին քայլը` Աստծո սիրո զորությամբ վերափոխվելն է, որը վեր է մեզնից և մեզ անսահմանորեն սիրելու ունակ է դարձնում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Միայն սերը կարող է դառնալ խաչի վրա մահվան պատճառ. սերն այնքան մեծ է, որ իր վրա է վերցնում բոլոր մեղքերը և ներում նրանց, մտնում մեր տառապանքի մեջ և դիմակայելու ուժ տալիս, այն նույնիսկ մահվան մեջ է մտնում, որպեսզի հաղթի նրան և փրկի մեզ: Քրիստոսի Խաչում է Աստծո ամբողջ սերը, Նրա անսահման ողորմությունը»:

     

    Անդրադառնալով համաժողովում քննարկվող նահատակության և անձնազոհության թեմաներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ սրբության այդ ձևերը միշտ էլ եղել են Եկեղեցու պատմության մեջ. նահատակների  մասին հիշողությունը զորացնում է քրիստոնեական համայնքը, իսկ նրանց օրինակը ոգեշնչում է նոր սերունդներին՝ իրականացնելու սրբության համընդհանուր կոչը:

     

    Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Սրբազան Քահանայապետն ասեց.

     

    «Ձեր աշխատանքի կարևորությունն այն է, որ Եկեղեցին միշտ ունեցել է սրբության կենդանի օրինակներ: Նահատակները նրանք են, ովքեր ընդօրինակելով Հիսուսին, վերցրել են իրենց խաչը և դարձել փրկարար սիրո զորության վկաները»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօր, ինչպես և նախկինում, շատ քրիստոնյաներ հալածվում են իրենց հավատքի և ճշմարտությունը, արդարությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար: Նա նաև պարզաբանեց, թե որն է սրբերին փառաբանելու գործընթացներում ներառված անձնազոհության կատեգորիան.

     

    «Անձնազոհությունը, երբ բացակայում է հալածվողի կերպարը, բնորոշվում է արտաքին օբյեկտիվ պայմանների առկայությամբ, որոնց Քրիստոսի աշակերտն ինքնակամ ենթարկվում է և որոնք էլ հանգեցնում են մահվան: Սրբության այս արտասովոր վկայության մեջ շողշողում է քրիստոնեական կյանքի գեղեցկությունը, որը դառնում է անսահման պարգև, ինչպես Հիսուսը Խաչի վրա»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ գալիք Հոբելյանական  տարին հռչակող բուլլայում նա նահատակությունն անվանել է «հույսի ամենահամոզիչ ապացույցը»։ Այդ համատեքստում Նորին Սրբությունը հիշեցրեց նոր նահատակների՝ հավատքի վկաների, նոր հանձնաժողովի կարևորության մասին, որը ստեղծվել է Սրբերի Փառաբանության վերատեսչության շրջանակներում, որի նպատակն է պահպանել բոլոր նրանց հիշատակը, ովքեր ունենալով քրիստոնեական տարբեր դավանանքներ, իրենց կյանքը զոհաբերել են հանուն Քրիստոսի հավատարմության:

     

    Հավելենք, որ մասնակիցների շարքում էր Ալեսանդրա Սկոտոն` Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի սրբադասման դատի պատմական հանձնախմբի անդամը, ով Ֆրանցիսկոս Պապին նվիրեց «Եկեղեցին և առաքելությունը իրարից չեն տարբերվում. Աղաջանյանը Քրիստոսի կրքոտ աշակերտ» խորագրով Կարդինալ Աղաջանյանի մասին հեղինակած իր գիրքը։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց