«Արդյո՞ք այլ մարդկանց դեմքերին նայելիս՝ մենք տեսնում և հասկանում ենք Տիրոջ ներկայությունը»:
Նոյեմբերի 3-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հոգևոր կյանքում կարևոր է ոչ թե արտաքին պրակտիկան, ինչպիսիք են ողջակիզումը և զոհաբերությունը, այլ սրտի դիրքը, որը մենք սիրով բացում ենք Աստծո և մեր մերձավորների առաջ:
Նորին Սրբությունը՝ խորհրդածելով կիրակնօրյա Ավետարանի շուրջ (Մկ. 12,28-34), հիշեցրեց, որ Երուսաղեմի տաճարում Հիսուսի ունեցած բազմաթիվ զրույցներից մեկի ժամանակ մի օրենսգետ հարցնում է Նրան. «Ո՞ր պատվիրանն է առաջինը» (Մկ. 12,28): Հիսուս պատասխանում է՝ միահյուսելով Մովսեսի օրենքի երկու հիմնական բառերը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն» և «Սիրի՛ր քո մերձավորին» (տես՝ Մկ. 12,30-31):
Իր այս հարցով օրենսգետը փնտրում է «առաջին» պատվիրանը, այսինքն՝ ամբողջ օրենքի հիմքում ընկած սկզբունքը։ Հրեաները շատ պատվիրաններ ունեին և փորձում էին գտնել հիմնականը, որի պատճառով էլ նրանց միջև վեճեր էին ծագում, քանի որ նրանք փնտրում էին ճշմարտությունը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և ընդգծեց, որ այդ հարցը կարևոր է նաև մեզ համար.
«Մենք նույնպես երբեմն կորցնում ենք ինքներս մեզ և հարցնում, թե, ի վերջո, ո՞րն է ամենակարևորը: Ո՞րն է կյանքի կենտրոնը, հավատքի կիզակետը: Հիսուս տալիս է պատասխանը՝ միահյուսելով երկու գլխավոր պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն» և «Սիրի՛ր քո մերձավորին»: Հենց սա է մեր հավատքի առանցքը»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է վերադառնալ կյանքի և հավատքի սրտին. «Տեր Հիսուսն ասում է, որ ամեն ինչի աղբյուրը սերն է, որ մենք երբեք չպիտի Աստծուն բաժանենք մարդուց»: Մենք շատ բան կարող ենք անել ուրիշների համար, սակայն միայն մեր շահը հետապնդելով, առանց սիրո և փակ սրտով. «Դա վատ է, քանի որ ամեն ինչ պետք է անել սիրով», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը՝ հիշեցնելով, որ երբ Տերը վերադառնա, Նա ամենից առաջ մեզանից կպահանջի սիրո հաշվետվություն. այն սիրո մասին, որը մենք կարողացանք առաջարկել ու տալ, և այն սիրո մասին, որը մենք, ընդհակառակը, չցուցաբերեցինք ու չտվեցինք:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին սրտում ամրապնդել ամենակարևոր պատվիրանը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն և քո մերձավորին քո անձի պես»: Ամեն օր խղճի փորձության ժամանակ պետք է տալ հետևյալ հարցերի պատասխանները. արդյո՞ք Աստծո և մերձավորի հանդեպ սերը մեր կյանքի կենտրոնն է: Արդյո՞ք Աստծուն աղոթելն օգնում է մեզ սրտաբաց լինել մեր եղբայրների ու քույրերի հետ և անշահախնդրորեն սիրել նրանց։ Արդյո՞ք այլ մարդկանց դեմքերին նայելիս՝ մենք տեսնում և հասկանում ենք Տիրոջ ներկայությունը:
«Թո՛ղ Կույս Մարիամը, ում անարատ սրտում դրոշմված էր Աստծո օրենքը, օգնի մեզ սիրել Տիրոջը և մեր եղբայրներին ու քույրերին»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը