• Հիսուսի համար իսկական մեծությունը ծառայության մեջ է և ոչ թե իշխանության

    «Հաղթում է ոչ թե նա, ով գերիշխում է, այլ նա, ով ծառայում է սիրով»:


    Հոկտեմբերի 20-ին Լատին Եկեղեցին հիշատակում է Միսիոներականության համաշխարհային 98-րդ Օրը, որի այս տարվա Քահանայապետական Պատգամի բնաբանը վերցված է Մատթեոսի Ավետարանից. «Արդ, գնացե՛ք հրապարկները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի» (Մատթ 22,9)։

     

    Սրբադասման արարողություն

     

    Նույն օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց 14 երանելիների սրբադասման արարողությունը՝ սինհոդոսականությանը նվիրված սինհոդոսի անդամների, կարդինալական դասի, եպիսկոպոսների, քահանաների ու Սրբերի երկրներից ժամանած հազարավոր հավատացյալների ներկայությամբ, այդ թվում նաև Միջին Արևելքի երկրներից հավատացյալներ: Արարողությանը ներկա էին քաղաքական բարձրաստիճան անձնավորություններ, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերժո Մատտարելլան:

     

    Սրբերի շարքին դասվեցին Մանուել Ռուիս Լոպեսը՝ իր յոթ ընկերներով, Ջուզեպպե Ալլամանոն, Մարի Լեոնի Պարադին և Ելենա Գուերան: Ֆրանցիսկ, Մուտի ու Ռաֆայել Մասաբկի երեք մարոն եղբայրները, որոնք սպանվել էին Սիրիայում հավատի հանդեպ ատելության պատճառով՝ 1860 թվականի հուլիսին։

     

    Սուրբ զոհի սկզբում տեղի ունեցավ սրբադասման արարողությունը, որի ժամանակ կատարվեց վերոնշյալ սրբերի կենսագրականի ու սրբադասման դատի գործընթացի ներկայացումը, որի ավարտին սրբադասման բանաձևի ընթերցումով Քահանայապետը հայտարարեց նրանց սրբադասումն ու արձանագրությունը սրբերի ոսկեմատյանի մեջ՝ մինչ երգչախումբը և հավատացյալները միաձայն երգեցին «ԱՄԵՆ»-ը։

     

    Քահանայապետի քարոզը

     

    Օրվա Սուրբ Գրային ընթերցումներից հետո Նորին Սրբությունը մեկնաբանեց Մարկոսի Ավետարանից վերցված հատվածը (Մրկ. 10,36-38), որը պատմում է Հակոբոս և Հովհաննես առաքյալների Հիսուսին ուղղած խնդրանքի մասին, որպեսզի նրանցից մեկը նստի Նրա աջ, մյուսը՝ ձախ կողմում: Իսկ Հիսուս նրանց պատասխանում է և ասում, որ պետք է խորհել իսկական իղձերի ու սպասումների մասին, որովհետև խնդրելով բազմել Իր աջ ու ձախ կողմը, բացահայտում են իրենց փառավոր Մեսիայի սպասումը՝ իշխանության տրամաբանության համաձայն, բայց Հիսուս պարզաբանում է իրենց այս ձգտման իմաստը:

     

    Ծառայության առաքելությունը

     

    Հիսուս հարցնում է. «կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ»: Նրանց օգնում է հասկանալ, որ իր առաքելությունը գերիշխելու առաքելություն չէ, այլ ծառայության։ Եվ իսկապես, Նա ներկայանում է որպես մեկը, ով նվաստանում է, սիրում և զոհում իրեն ուրիշների փրկության համար: «Հիսուսի համար իսկական մեծությունը ծառայության մեջ է և ոչ թե իշխանության»։ «Հաղթում է ոչ թե նա, ով գերիշխում է, այլ նա, ով ծառայում է սիրով», ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Աստծո  սիրո արտացոլանք

     

    Հիսուս աշակերտներին ասում է, որ նա, ով կամենում է մեծ լինել, պետք է ծառա դառնա՝ մարդկային տրամաբանություններից անդին. այս մտայնությամբ պետք է  հետևել Հիսուսին: Հետևաբար, ծառայելը դառնում է քրիստոնյայի ապրելաոճը, արարք,  որը բխում է սիրուց, այլ ոչ թե պարտավորությունից կամ հաշվարկներից:

     

    «Ծառայությունը ծնվում է սիրուց, իսկ սերը սահմաններ չի ճանաչում, հաշվարկներ չի անում, այն նվիրվում է և զոհվում», ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Հետևելով Հիսուսին, քայլելով Նրա ճանապարհով և ընդունելով Նրա միտքը փոխակերպող սիրո պարգևը՝ մենք նույնպես կարող ենք սովորել Աստծո ծառայության ոճը: Չմոռանանք երեք բառերը, որոնք ցույց են տալիս Աստծո ծառայության ոճը՝ մտերմություն, կարեկցանք և հեզություն: Աստված դառնում է մտերիմ, կարեկից և քնքուշ, որպեսզի ծառայի»:

     

    «Երբ մենք սովորենք ծառայել, մեր ուշադրության ու խնամքի ամեն մի արարք, ամեն մի քնքուշ արտահայտություն, ամեն մի ողորմության գործ կդառնա Աստծո սիրո արտացոլանքը և այդպիսով մենք կշարունակենք Հիսուսի գործը աշխարհի մեջ», ասաց Ֆրանցիսկոս Պապը և կոչ արեց այդ լույսի ներքո նայել ու հիշել Ավետարանի աշակերտներին, որոնք այսօր սրբադասվում են:

     

    Նոր սրբերը ապրեցին Հիսուսի ոճը` ծառայությունը

     

    «Նրանք եղան հավատարիմ ծառաներ, մարդիկ ու կիներ, որոնք ծառայեցին մինչև մարտիրոսություն, նման եղբայր Մանուել Ռուիս Լոպեսին և նրա ընկերներին, նման Ջուզեպպե Ալլամանոնին, քույր Մարի Լեոնի Պարադին և քույր Ելենա Գուերային: Այս նոր սրբերը ապրեցին Հիսուսի ոճը` ծառայությունը», ասաց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով հայցել նրանց բարեխոսությունը, որպեսզի մենք ևս կարողանանք հետևել Քրիստոսին, հետևել ծառայության մեջ և աշխարհի համար դառնալ հույսի վկաներ։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց