• Նորին Սրբությունը կիսվեց իր աղոթական կյանքի գաղտնիքներով

    «Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալ Եկեղեցու իրականությունը և Աստծո խորհուրդը»:


    «Ինչպես Հիսուս սովորեցրեց մեզ: Հույսի ուխտավորների աղոթքը» գրքի նախաբանում, որը լույս կտեսնի հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Պողոսի հրատարակչությունում (Edizioni San Paolo) Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրազան Քահանայապետը կիսվում է աղոթական խորհրդածություններով, որոնցից շատերը հրապարակվում են առաջին անգամ: Նորին Սրբությունը հիշում է, որ իրեն աղոթել սովորեցրել է իր տատիկը, որը նաև սերմանել է խորը ջերմեռանդություն Սբ. Հովսեփի նկատմամբ: Ճեմարանում և վանական միաբանությունում հոգևոր հայրերը շարունակում են կատարելագործել նրա աղոթական փորձառությունը: Ֆրանցիսկոս Պապի հիշողություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արգենտինացի ճիզվիտ հ. Միգել Անխել Ֆիորիտոն՝ նրա փիլիսոփայության ուսուցիչը և հոգևորության գիտակը: Հենց նա է օգնել Հռոմի ապագա Եպիսկոպոսին մշակել ու զարգացնել աղոթական անհատական ոճ, որի նպատակը մխիթարություն փնտրելը չէ: Նա սովորեցրել է, որ միշտ չէ, որ աղոթքը հեշտ է, որովհետև այն կարող է ուրախություն բերել, իսկ երբեմն էլ ներքին դատարկության պատճառ դառնալ, սակայն այս ամենը հոգևոր կյանքի բնական փուլերն են:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ այդ ժամանակներից ի վեր իր աղոթական ոճը մնացել է անփոփոխ, նույնիսկ Առաքելական Աթոռը զբաղեցնելուց հետո. նա աղոթում է, ինչպես միշտ է աղոթել՝ հավատարիմ մնալով արդեն իսկ հաստատված ռիթմին: Ժամանակ առ ժամանակ նրա անձնական աղոթքները բարձրաձայն են, իսկ երբեմն Սուրբ Հաղորդությունից առաջ հոգևոր չորության պահեր է ապրում: Սակայն աղոթքը անդադար հնչում է և՛ լուսավոր, և՛ մթին ժամանակներում: Երբեմն նրան թվում է, որ պիտի ավելի շատ աղոթի, և, չնայած իր սուղ ժամանակին, նա միշտ ներկա է Պատարագներին. մայրամուտին՝ Երեկոյան, այնուհետև Ընթերցումների ժամ, արևածագին՝ Առավոտյան և Սուրբ Պատարագ: Նորին Սրբությունը նույնիսկ իր շատ կարճ ազատ ժամանակն է տրամադրում Տիրոջը. զրուցում է Նրա հետ և ինչ-որ բան խնդրում, բայց վախենում է, որ Նա կարձագանքի…

     

    Ֆրանցիսկոս Պապը հատկապես առանձնացնում է «Հայր մեր» աղոթքը, որը Տերը կտակել է Իր աշակերտներին.

     

    «Այն ունի ամեն ինչ: Երբ աշակերտները խնդրեցին Քրիստոսին իրենց աղոթել սովորեցնել, Նա չկանչեց որևէ հոգևորականի կամ այլ մասնագետի՝ աղոթքի մեթոդաբանություն սովորեցնելու համար: Նա ասաց. «Երբ աղոթքի կանգնեք, ասացե՛ք. Հայր մեր» (Ղկ. 11,2): «Հայր մեր»-ը յուրահատուկ աղոթք է, որովհետև այն աղոթք է երեխաների համար, այն վստահության, արիության և խոնարհության աղոթք է: Այն հզորագույն աղոթք է»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է իր առանձնահատուկ պաշտամունքը Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ, որին անընդհատ դիմում է Սուրբ Վարդարանի օգնությամբ։ Ֆրանցիսկոս Պապը նրա մեջ տեսնում է հարազատ, մայրական կերպար, որն առաջնորդում է նրան կյանքի փուլերում: Նա պատմում է մի գեղեցիկ լեգենդ Տիրամոր՝ ավազակների հովանավորի մասին, որը փրկում է նրանց նույնիսկ մահից հետո, որովհետև նրանք աղոթում են: Նա երկնային պատուհանով նրանց տանում է դրախտ, քանի որ Սուրբ Պետրոսը թույլ չէր տա ներս մտնել:

     

    «Դա ինձ դուր է գալիս. Տիրամայրը մեզ թույլ է տալիս ներս մտնել պատուհանից, որը գրեթե մաքսանենգություն է: Նման մի բան տեղի ունեցավ Կանայում, երբ Տերը մերժելու ազատություն չուներ։ Ահա թե ինչ է անում Մայրն իր Որդու հետ, և նա ամենակարող է աղոթքի բարեխոսության մեջ»:

     

    Նորին Սրբությունը բացատրում է, թե ինչու հավատացյալներին անընդհատ խնդրում աղոթել իր համար.

     

    «Եկեղեցուն ծառայելու համար ինձ պետք է ամբողջ համայնքի օգնությունը: Եթե Եկեղեցին չի աջակցում աղոթքով, ուրեմն ամեն ինչ վատ է: Համայնքը կոչված է աջակցելու իր եպիսկոպոսին, իսկ եպիսկոպոսը պետք է աղոթի համայնքի համար»։

     

    Աղոթքը սիրտը բացում է Աստծո համար և Սուրբ Հոգու միջոցով մեր կյանքը փոխակերպվում է, ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Թեև մենք հաճախ աղոթքով դիմում ենք Հիսուսին, Հորը կամ Աստվածամորը, սակայն Սուրբ Հոգին է, որ օծում է մեզ Իր ներկայությամբ, և Սուրբ Հոգու օծումն է, որ օգնում է մեզ հասկանալ Եկեղեցու իրականությունը և Աստծո խորհուրդը:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց