• Նորին Սրբության ուղերձը՝ Աստծո արարչագործության պահպանման համար Համաշխարհային Աղոթքի օրվա կապակցությամբ

    «Հուսալ և գործել արարչության հետ միասին»:


    Սեպտեմբերի 1-ին Կաթողիկէ Եկեղեցին ուղղափառների հետ միասին կտոնի Աստծո արարչագործության պահպանման համար Համաշխարհային Աղոթքի օրը: 2015թ. Ֆրանցիսկոս Պապի կողմից հաստատված այս տոնը ««Արարման ժամանակը» – աղոթքներ և նախաձեռնություններ մեր ընդհանուր տան պաշտպանության համար» ծրագրի մի մասն է:

     

    Այդ առիթով հունիսի 27-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց հատուկ ուղերձ, որում մարդկությանը դարձի գալու կոչ է անում. անհրաժեշտ է ընդունել պատերազմի աղետալի հետևանքները և էթիկական սահմանափակումներ դնել արհեստական բանականության զարգացման վրա:

     

    Այս տարի Համաշխարհային Աղոթքի օրվա թեման է «Հուսալ և գործել արարչության հետ միասին»: Քրիստոնյաները պետք է հոգ տանեն շրջակա միջավայրի մասին՝ Հիսուսի սիրելու պատվիրաններին համապատասխան, ընդգծում է Նորին Սրբությունը, սակայն և՛ արարչությունը, և՛ մարդկությունը դարձել են ստրուկներ և չեն կարող իրականացնել իրենց կոչումը. շրջակա միջավայրը ոչնչանում է մարդու չարաշահումների պատճառով: Այնուամենայնիվ, Քրիստոսով մարդկության փրկությունը արարչագործության բարձրագույն հույսն է, որը կմաքրվի ապականությունից և ձեռք կբերի ազատություն։ Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ Սուրբ Հոգին հոգատարությամբ աջակցում է հավատացյալների համայնքին՝ մշտապես ուղղորդելով նրան. Նա խրախուսում է փոխել ապրելակերպը և դիմադրել ու պայքարել շրջակա միջավայրի վատթարացման ու քայքայման դեմ:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում քրիստոնյաներին ապրել հույսով, վկայել սիրո և արդարության մասին, աննկուն հաղթահարել փորձությունները և ձգտել ներդաշնակության մարդկանց ու բնության միջև: Ցավոք, մեր աշխարհում է շատ է չարիքը, անարդարությունը, պատերազմներն ու ավերածությունները. Աշխարհը տենչում է հոգատարություն և վերածնունդ: Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ մարդկային ուժը դարձել է «անկառավարելի և ծնում է հրեշներ, որոնք էլ գործում են հենց մեր դեմ»: Ահա թե ինչու են այդքան կարևոր արհեստական ​​բանականության զարգացման էթիկական սահմանափակումները:

     

    «Բնությանը տիրելու և իշխելու մարդու անդադար նկրտումները՝ այն իր սեփական հայեցողությամբ շահագործելու համար, կռապաշտություն է, մարդու պրոմեթևյան տեսակն է, ով hարբած իր տեխնոկրատական հզորությամբ՝ ամբարտավանորեն աշխարհը գցում է այնպիսի իրավիճակի մեջ, որը զուրկ է Աստծո շնորհից»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ արարչագործության պաշտպանությունը էթիկական ու աստվածաբանական հարց է, որը կապված է մարդու և Աստծո առեղծվածի հետ: Հավատացյալները պետք է հիշեն, որ իրենք պատկանում են Աստծուն և ձգտեն սրբության՝ փոփոխություններ և լիառատ կյանք ունենալու համար. չէ որ վտանգված է ոչ միայն ներկան, այլև ապագա հավերժությունը: Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը ցանկանում է, որ հավատացյալների կյանքը դառնա «սիրո երգ Աստծո, մարդկության և արարչագործության հանդեպ»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց