• Սերն արտահայտվում է կոնկրետ արարքներով

    «Արդյո՞ք մենք ունակ ենք լսել մարդկանց»:


    Փետրվարի 11-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որտեղ նկարագրվում է բորոտի բժշկումը (Մկ. 1,40-45):

     

    Հիվանդն աղաչում է Հիսուսին. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Հիսուս պարզապես պատասխանում է. «Կամենում եմ, մաքրվի՛ր», և «բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց» (տես՝ Մկ. 1,42): «Հենց այսպես է Հիսուս հաղորդակցվում նրանց հետ, ովքեր տառապում են. կոնկրետ գործողություններ և քիչ խոսքեր», – հիշեցրեց Նորին Սրբությունը:

     

    Ավետարանի էջերում Տերը հաճախ է նման կերպ վարվում տառապանքի բեռը կրող մարդկանց հետ՝ խուլուհամրեր (Մկ.7,31-37), անդամալույծներ (Մկ. 2,1-12) և օգնության կարիք ունեցող այլ մարդիկ (Մկ. 5): Նա միշտ է այդպես վարվում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. քիչ է խոսում, Նրա խոսքերին անմիջապես հետևում է որևէ գործողություն, Նա պարզապես բռնում է ձեռքը և բժշկում: Նա ժամանակ չի վատնում դատողությունների կամ հարցաքննության վրա: Տերն ուշադիր լսում է մարդուն, նրբանկատություն ցուցաբերում և արագորեն գործում՝ միաժամանակ փորձելով բժշկել առանց մարդկանց ուշադրությունը գրավելու:

     

    Դա սիրո գեղեցիկ արտահայտում է, և մեզ համար օգտակար կլինի այն սովորել, ընդգծեց Նորին Սրբությունը: Երբեմն մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր իրենց հենց այդպես էլ պահում են. նրանք քչախոս են, սակայն առատաձեռնորեն գործում են, նրանք չեն ցանկանում իրենց ցուցադրել, սակայ պատրաստ են օգտակար լինել, նրանք արդյունավետորեն օգնում են, որովհետև պատրաստ են լսել: Նրանք ընկերներ են, որոնց կարելի է ասել. «Արդյո՞ք ցանկանում ես ինձ լսել: Ադյո՞ք ցանկանում ես ինձ օգնել» և վստահ լինել, որ նրանք կպատասխանեն Հիսուսի նման. «Այո, ուզում եմ: Ես այստեղ եմ քեզ օգնելու համար»։ Այս գործնականությունը շատ կարևոր է հիմա, երբ հարաբերությունների վիրտուալությունը մեծ թափ է հավաքում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց լսել մեզ ուղղված Աստծո Խոսքը. «Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է» (Հակոբոս 2,15-16):

     

    Սերն ունի շոշափելիության, ներկայության, հանդիպման կարիք, սերն արտահայտվում է ժամանակի և տարածության մեջ, որը մենք տալիս ենք ուրիշներին. այն չի կարող սահմանափակվել վիրտուալ հաղորդակցությամբ, որտեղ կան միայն սելֆիներ և SMS հաղորդագրություններ, որովհետև «սրանք օգտակար գործիքներ են, որոնք կարող են օգնել, բայց բավարար չեն սիրո համար, նրանք չեն կարող փոխարինել իրական ներկայությանը»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք ունակ ենք լսել մարդկանց, պատրա՞ստ ենք ընդառաջել նրանց խնդրանքներին, թե՞ մենք արդարանում ենք, ժամանակ ձգում, թաքնվում վերացական և անօգուտ խոսքերի հետևում: Եկե՛ք հիշենք՝ ե՞րբ ենք վերջին անգամ այցելել հիվանդ կամ միայնակ մարդու, ե՞րբ ենք վերջին անգամ փոխել մեր ծրագրերը՝ մեզանից օգնություն խնդրած մարդուն օգնելու և կարիքները բավարարելու համար:

     

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի միշտ սիրով սատարենք ու աջակցենք մեր մերձավորներին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց