• Զայրույթ

    «Արեգակը ձեր բարկության վրա թո՛ղ մայր չմտնի»:


    Հունվարի 31-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց զայրույթի մասին, որը դժվար է թաքցնել ուրիշներից և երբեմն անհնար է զսպել:

     

    Եթե զայրույթի պատճառն ակնհայտ կամ ենթադրվող  անարդարությունն է, ապա այն հաճախ թափվում է ոչ թե մեղավորի, այլ առաջինը պատահած մարդու վրա։ Որոշ տղամարդիկ կարողանում են զայրույթը պահել ու զսպել աշխատավայրում, սակայն դա անտանելի է դառնում տնեցիների համար: Նորին Սրբության խոսքերի համաձայն, այս արատը ոչնչացնում է մարդկային հարաբերությունները, որովհետև այն ունակ չէ ընդունելու դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա, հատկապես, երբ ունեն տարբեր աշխարհայացքներ: Զայրույթը չի սահմանափակվում սխալ և ոչ բարեզուսպ պահվածքով, այլ «ամեն ինչ գցում է կաթսայի մեջ». վրդովմունքի պատճառ կարող է լինել դիմացինի ձայնի տոնայնությունը, ամենօրյա սովորական ժեստերը, շարժանքը, մտածելակերպն ու զգացմունքները:

     

    Երբ փոխհարաբերությունները վատթարացման նման մակարդակի են հասնում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, մարդը կորցնում է մտքի պայծառությունն ու լուսամտությունը, որովհետև զայրույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ժամանակի ընթացքում չի մեղմանում։ Նման դեպքերում նույնիսկ հեռավորությունն ու լռությունը չեն կարող մեղմել վրդովմունքը, այլ միայն սաստկացնում են այն: Հենց դրա համար էլ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս քրիստոնյաներին խնդիրն անմիջապես լուծել և հաշտության եզրեր գտնել. «Արեգակը ձեր բարկության վրա թո՛ղ մայր չմտնի» (տես՝ Եփես. 4,26): Հակառակ դեպքում, զայրույթը թույլ չի տա քնել և կստիպի նորից պատճառներ հորինել ու խարանել սխալները, «որոնք երբեք մերը չեն և միշտ պատկանում են ուրիշին»։

     

    «Հայր մեր» աղոթքում խոսք կա նաև մարդկային հարաբերությունների մասին, որոնք «ականադաշտ» են և երբեք կատարյալ ներդաշնակության մեջ չեն, հիշեցրեց Նորին Սրբությունը: Կյանքում ստիպված ենք լինում գործ ունենալ մեր պարտապանների հետ, սակայն մենք նույնպես միշտ չէ, որ բոլորին բավականաչափ սիրել ենք», որովհետև մենք բոլորս մեղավորներ ենք՝ մեր «չմարած պարտքերով»: Մարդկանց դժվար է միասին լինելն ու ապրելը, եթե նրանք իրենց կյանքում չեն կիրառում «ներելու արվեստը», որքան դա հնարավոր է մարդկայնորեն: Պատերազմների և բռնությունների հիմքում ընկած զայրույթի սարսափելի արատին հակադրվում է բարյացակամությունը, սրտաբացությունը, հնազանդությունը և համբերությունը: Թեև հույզերն ու զգացմունքները որոշ առումով ի հայտ են գալիս անգիտակցաբար, այնուամենայնիվ, մենք պատասխանատու ենք մեր անկառավարելի զայրույթի համար:

     

    Մյուս կողմից էլ, «երբեմն օգտակար է, որ զայրույթը ճիշտ ձևով արտահայտվի», ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու պարզաբանեց, որ «եթե մարդուն երբեք չի զայրացնում անարդարությունը, եթե մարդը ներքին դող չի զգում՝ թույլերին տանջված ու կեղեքված տեսնելիս, ապա նրան շատ մեծ դժվարությամբ է կարելի մարդ անվանել, իսկ քրիստոնյա՝ առավել ևս»։

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, գոյություն ունի «սուրբ բարկություն», որը Հիսուս զգացել ու ապրել է մի քանի անգամ (տես՝ Մրկ. ​​3,5). «Նա երբեք չարին չարությամբ չի պատասխանել, սակայն իր հոգում ապրել է այդ զգացումը՝ վաճառականներին Տաճարից դուրս հանելիս, բայց դա եղել է զորեղ և մարգարեական մի արարք՝ թելադրված ոչ թե բարկությամբ, այլ՝ Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ» (տես՝ Մտթ. 21,12-13):

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ քրիստոնյաները՝ Սուրբ Հոգու օգնությամբ, պետք է գտնեն «իրենց հույզերի ու զգացմունքների ճիշտ չափաբաժինը և փոխակերպեն բարու»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց