• Ֆաթիմայի գաղտնիքները

    «Շատերի փրկությունը կախված է աղոթքներից և Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Մարմնի անդամների կամավոր ապաշխարական վարժություններից»:


    Ո՞րն է Ֆաթիմայի գաղտնիքների էությունը: Ինչու՞ է Աստվածամայրը մեղքերի հատուցման զոհեր խնդրում, չէ որ Հիսուսն արդեն մեկընդմիշտ մատուցել է այդ զոհաբերությունը:

     

    Ֆաթիմայի գաղտնիքներ են կոչվում ուղերձների այն շարքը, որոնք Եկեղեցուն են վերապատմել երեք հովիվները՝ Հակինթան, Լուսիան և Ֆրանչեսկոն, ովքեր Ֆաթիմայում Աստվածամոր երևումների վկաներն են: Այդ երևումները պատկանում են Եկեղեցու կողմից ընդունված, այսպես կոչված, մասնավոր հայտնություններին: Ֆաթիմայի մարգարեների պատմությունների էությունը Սուրբ Կույս Մարիամի մտահոգությունն է մարդկության ճակատագրի համար, որին սպառնում էին տարբեր աղետներ: Այդ արհավիրքներից խուսափելու համար անհրաժեշտ է ապաշխարություն, Վարդարանի աղոթք և մարդկանց նվիրում Նրա Անարատ Սրտին: Սուրբ Աստվածամայրը խնդրում է նաև, որ իր պատվին մատուռ կառուցվի, որպեսզի այն ուխտագնացության վայր դառնա աղքատների, տառապյալների և ապաշխարողների համար։ Սուրբ Կույս Մարիամի այս ուղերձներն երկար ժամանակ մոռացության են մատնված եղել՝ միայն ոչ այնքան հայտնի Ֆաթիմա գյուղի բնակիչներն են ինչ-որ բաներ իմացել, մի գյուղ, որի անունը պարզապես նույնացվել է Մուհամմադ մարգարեի դստեր անվան հետ: 1919 թվականին սկսվում է Աստվածամոր Երևումների մատուռի շինարարությունը։ Միայն 1930թ. եպիսկոպոս Լեիրիան Քովա-դա-Իրիա հովտի երեխաների տեսիլքները «արժանահավատ» է հռչակում և թույլ տալիս Ֆաթիմայի Տիրամոր պաշտամունքը: 1931թ. մայիսի 13-ին Պորտուգալիայի եպիսկոպոսությունը՝ հետևելով Տիրամոր կոչ աղերսին, առաջին անգամ Պորտուգալիան նվիրում է Մարիամի Անարատ Սրտին։ 1942թ. հատուկ ռադիոուղերձի ժամանակ Հռոմի Պապ Պիոս XII Մաիրամի Անարատ Սրտին է նվիրում ամբողջ աշխարհը, իսկ 1952թ. հուլիսի 7-ին՝ «Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին», ինչպես խնդրել էր Աստվածամայրը Ֆաթիմայում:

     

    Իսկապես, առաջին երևումի ժամանակ Սուրբ Կույս Մարիամը հարցնում է երեխաներին. «Արդյո՞ք դուք ցանկանում եք Աստծուն զոհաբերել այն բոլոր տառապանքները, որոնք Նա ի վերուստ ուղարկել է ձեզ՝ որպես փոխհատուցում այն ​​մեղքերի, որոնք վիրավորել են Իրեն, և որպեսզի խնդրեք մեղավորների դարձի գալու համար»: Երիտասարդ մարգարեները դրական պատասխան են տալիս և Ֆաթիմայի Տիրուհին հավելում է. «Այդ ժամանակ դուք շատ կտառապեք, սակայն Աստծո ողորմածությունը ձեզ ուժ կտա»:

     

    Ի՞նչ հատուցման մասին է խոսքը, եթե Հիսուս Քրիստոսն արդեն մեկընդմիշտ մատուցել է այդ զոհաբերությունը: Անկասկած, այս խոսքերը պետք է կարդալ Սբ. Պողոս առաքյալի Կողոսացիներին ուղղված նամակի լույսի ներքո. «Լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը Իր մարմնի համար, որ Եկեղեցին է»: Այս խոսքերի մեկնաբանությունը մենք կգտնենք Հռոմի Պիոս XII Mystici corporis (1943) շրջաբերականում։ «Պետք չէ… կարծել, – կարդում ենք այս վարդապետության փաստաթղթի տեքստում, – որ Քրիստոսը՝ մեր Գլուխը, նման բարձր դիրք զբաղեցնելով՝ չի պահանջելու աջակցություն Իր Մարմնին: Քանզի խորհրդավոր Մարմնին է վերաբերում այն, ինչը Սբ. Պողոսն ասում է մարդկային օրագիզմի մասին. «Գլուխը ոտքերին չի կարող ասել, թե ինձ պետք չեք»: Ակնհայտ է, որ Քրիստոսի հավատացյալները բացարձակապես Աստվածային Քավության օգնության կարիք ունեն, քանզի հենց Ինքն է ասել. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող», որովհետև, ըստ առաքյալի խոսքերի, այս խորհրդավոր Մարմնի ամեն մի աճ՝ ինքն իրեն ստեղծելիս, գալիս է Քրիստոսից՝ Գլխից: Միևնույն ժամանակ, որքան էլ դա տարօրինակ թվա, պետք է հաշվի առնել, որ Քրիստոսը պահանջում է Իր անդամների օգնությունը։ Մեր Փրկիչը, քանի որ Ինքն է անձամբ և անտեսանելի կերպով ղեկավարում Եկեղեցին, ցանկանում է Իր խորհրդավոր Մարմնի անդամների համագործակցությունը՝ փրկագնման գործն իրականացնելու համար: Սա տեղի է ունենում ոչ թե կարիքի կամ թուլության պատճառով, այլ որովհետև հենց Ինքն է կարգել, որ այդպես լինի Իր անարատ Հարսի ավելի մեծ փառքի համար: Այն ժամանակ էր, երբ Նա մահանում էր Խաչի վրա, Իր Եկեղեցուն է կտակում փրկագնման անհաշվելի գանձեր՝ առանց Իր կողմից որևէ մասնակցության: Սակայն, երբ խոսքը վերաբերում է այդ գանձերի բաշխմանը, Նա ոչ միայն օրհնում է Իր անարատ Հարսի հետ միասին, այլ նաև ցանկանում է, որ այդ ամենը, որոշակի իմաստով, բխի նրա գործողություններից»:

     

    Այնուհետև Պիոս XII Պապը պնդում է մի բան, որը շատ կարևոր է մեր հարցի պարզաբանման համար. «Իսկապես ցնցող է այն գաղտնիքը, որը մարդ երբեք չի կարող ամբողջությամբ ընկալել. շատերի փրկությունը կախված է աղոթքներից և Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Մարմնի անդամների կամավոր ապաշխարական վարժություններից, որոնք հենց իրենք են հանձն առնում այդ նպատակի համար, ինչպես նաև այն աջակցությունից, որը մեր Աստվածային Փրկչին են ցուցաբերում հովիվներն ու հավատացյալները, հատկապես՝ ընտանիքի հայրերն ու մայրերը»:

     

    Հենց այդպես պետք է ընկալել Տիրամոր խոսքերը, որոնք նա ասաց 1917թ. մայիսի 13-ին. «Ձեզ զոհաբերեք մեղավորների համար և ամեն մի զոհաբերություն անելիս՝ հաճախ կրկնեք հետևյալը. Ո՜վ Հիսուս, այս ամենը Քո սիրո, մեղավորների դարձի գալու և Մարիամի Անարատ սրտի դեմ կատարած մեղքերի հատուցման համար է»:

     

    Հավատացյալները հատկապես կարևորում են Ֆաթիմայի «երրորդ գաղտնիքը», որովհետև այդ ուղերձը, որն ավանդաբար կոչվում է երրոդ գաղտնիք, շարադրվել է միայն 1944թ.՝ երևումներից շատ ավելի ուշ: Այն գրի է առել քույր Լուսիան, ով այդ ժամանակ միանձնուհի էր Սուրբ Դորոթեայի ինստիտուտում: Փաստաթուղթն ուղարկվում է Վատիկան, որն ուսումնասիրում են բոլոր Հռոմի Պապերն ու նրանց մի քանի մերձավոր աշխատակիցները։ Փաստաթուղթը պահվում էր Հավատքի Վարդապետության միաբանությունում: Սուրբ Կույս Մարիամի այս բոլոր ուղերձները երկար ժամանակ տարբեր կերպ են մեկնաբանել կաթողիկէ և այլ աստվածաբաններ: Այդ երրորդ ուղերձը երկար ժամանակ չի հրապարակվել, քանի որ այնտեղ նկարագրվում են այնպիսի աղետներ, որոնց մասին մարգարեությունները կարող են ցնցել եկեղեցական կյանքը, դրա համար էլ Պապերն այդ ուղերձը կարդալուց հետո ծրարը կնիքած վերադարձրել են Միաբանությանը։

     

    2000թ. մայիսի 13-ին Ֆաթիմայում, Հռոմի Պապ Վոյտիլայի ներկայությամբ, ընթերցվեց Վարդապետության Միաբանության փաստաթուղթը, որը ստորագրել էր կարդինալ Ջոզեֆ Ռատցինգերը, որտեղ նա տալիս էր «երրորդ գաղտնիքը» կարդալու բանալին։ «Այս տեքստը մի մարգարեական տեսիլք է, որը համեմատելի է Սուրբ Գրքի տեսիլքների հետ, գրված էր փաստաթղթում: Այն չի նկարագրում ապագա իրադարձությունների մանրամասները, այլ ընդհանրացնում է այն փաստերը, որոնք տարածվում են ժամանակի մեջ, չեն հստակեցվում նաև այդ իրադարձությունների հերթականությունն ու տևողությունը: Հետևաբար, տեքստը կարդալու այդ բանալին կարող է միայն խորհրդանշական բնույթ ունենալ: Ֆաթիմայի տեսիլքը վերաբերում է հիմնականում աթեիստական ​​համակարգերի պայքարին Եկեղեցու և քրիստոնյաների դեմ ու նկարագրում է հավատքի վկաների հրեշավոր տառապանքը երկրորդ հազարամյակի վերջին դարում: Սա անվերջ ու անսպառ Via Crucis է, որը ղեկավարում էին ХХ դարի Պապերը: Հովիվների մեկնաբանության համաձայն, որը վերջերս հաստատել է նաև քույր Լուսիան, – գրում է Ռատցինգերը, – սպիտակ զգեստներով եպիսկոպոսը, ով աղոթում է բոլոր հավատացյալների համար, դա Պապն է։ Նա նույնպես նահատակների դիակների միջով (եպիսկոպոսների, քահանաների, վանականների և բազմաթիվ աշխարհականների) դժվարությամբ շարժվելով դեպի Խաչը՝ հրազենի կրակոցից կարծես մահացած ընկնում է գետնին: 1981 թվականի մայիսի 13-ի մահափորձից հետո Նորին Սրբությանն ակնհայտ էր, որ մայրական ձեռքն է ուղղորդել գնդակի հետագիծը՝ թույլ տալով մահամերձ Պապին կանգ առնել մահվան շեմին»:

     

    Ըստ կարդինալ Ռատցինգերի, երրորդ գաղտնիքի էությունը կարելի է ընդհանրացնել հետևյալ կերպ. «Այս գաղտնիքի պատասխանը երեք անգամ «ապաշխարությու՜ն, ապաշխարությու՜ն, ապաշխարությու՜ն» բացականչելն է: Քույր Լուսիայի համար ի սկզբանե ակնհայտ էր, որ Ֆաթիմայում Տիրամոր բոլոր երևումների նպատակը հավատքի, հույսի և սիրո մշտական ​​աճն է, որովհետև հետո տեղի ունենալիք ամեն ինչը միայն դրան է նպաստելու»: Տիրամոր ապաշխարության այս կոչը չի վերաբերում մեկ ուրիշին, մյուս ժողովուրդներին, ազգերին, ինչ-որ մարդկանց կամ պատմական փաստերին, ապաշխարության այս կոչն ուղղված է անձամբ մեզանից յուրաքանչյուրին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց