• Աստված հարգում է մեր ազատությունը

    «Աստված, Ով քեզ ստեղծել է առանց քեզ, չի կարող փրկել քեզ առանց քեզ»:


    Հոկտեմբերի 15-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց մի առակ թագավորի մասին, ով հարսանեկան խնջույք է պատրաստում իր որդու համար (Մտթ. 22,1-14):

     

    Առակի հերոսը հզոր մարդ է, սակայն ամենից առաջ նա առատաձեռն հայր է, ով մարդիկ է հրավիրում իր ուրախությունը կիսելու համար: Նա խրախճանք է պատրաստում, որպեսզի նրանց հանդիպելու և տոնելու հնարավորություն տա՝ փոխարենը ոչինչ չպահանջելով, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Նման մի խնջույք էլ Աստված մեզ համար է պատրաստում, որպեսզի մենք հաղորդակցության մեջ լինենք  Նրա և միմյանց հետ: Այսպիսով, մենք բոլորս հրավիրված ենք Աստծո խնջույքին: Սակայն հարսանեկան խրախճանքը պահանջում է մեր ժամանակն ու մասնակցությունը. այն պահանջում է մեր համաձայնությունը»։

     

    Հենց այսպիսի հարաբերություններ է մեզ առաջարկում Երկնային Հայրը. Նա կոչ է անում մեզ լինել Իր հետ, սակայն հրավերն ընդունելու կամ մերժելու կարելիությունը թողնում է մեզ: Աստծո հետ հարաբերությունների հիմքում ոչ թե հնազանդությունն է, այլ Նրա հայրությունը և մեր որդիությունը, որոնք անպայմանորեն մարդու ազատ ու կամավոր համաձայնությամբ է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և մեջբերեց Սուրբ Օգոստինոսի խոսքերը. «Աստված, Ով քեզ ստեղծել է առանց քեզ, չի կարող փրկել քեզ առանց քեզ» (Sermo CLXIX,13): Աստված մեծագույն հարգանք ունի մեր ազատության նկատմամբ, Նա առաջարկում է, սակայն երբեք չի պարտադրում։

     

    Ապա նորից անդրադառնալով առակին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ «թագավորն ուղարկեց իր ծառաներին՝ հրավիրվածներին հարսանիքի կանչելու, ու նրանք չուզեցին գալ» (տես՝ Մտթ. 22,3): Այս պատմության ողբերգությունն այն է, որ կանչվածները «ոչ» են պատասխանում Աստծուն: Սեփական գործերը նրանց համար ավելի կարևոր էին, քան խնջույքի հրավերը։ Սակայն նորապսակի հայրը չի հանձնվում, նա շարունակում է հրավիրել, մինչև որ դահլիճը ամբողջությամբ չի լցվում (տես՝ Մտթ. 22,8-10):

     

    «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, որքան հաճախ մենք չենք լսում Աստծո հրավերի ձայնը, որովհետև զբաղված ենք մեր գործերով», – շարունակեց Սրբազան Քահանայապետը: – Մենք հաճախ ենք պայքարում ազատ ժամանակ ունենալու համար, սակայն այսօր Հիսուս Ինքն է մեզ կոչ անում գտնելու այն ժամանակը, որը կազատի մեզ. ժամանակ, որը մենք կնվիրենք Աստծուն, Ով կթեթևացնի մեր բեռն ու կբժշկի մեր սրտերը, Ով մեր մեջ կավելացնի խաղաղությունը, վստահությունն ու ուրախությունը, որը մեզ կփրկի չարիքից, մենակությունից և իմաստի կորստից: Իհարկե այս ամենը շատ կարևոր է, դրա համար էլ լավ է լինել Տիրոջ հետ՝ Նրա համար ժամանակ ու տարածություն ազատել: Որտե՞ղ: Սուրբ Պատարագի ժամանակ՝ Աստծո Խոսքերը լսելիս, աղոթելիս, ինչպես նաև ողորմածության գործեր կատարելիս, որովհետև օգնելով թույլերին ու աղքատներին, ընկերակցելով միայնակներին, լսելով նրանց, ովքեր ուշադրության կարիք ունեն, մխիթարելով տառապյալներին՝ մարդը մոտ է գտնվում Տիրոջը, Ով միշտ կարիքավորների մեջ է»:

     

    Սակայն շատերը մտածում են, որ դա «ժամանակի անիմաստ կորուստ է». ասաց Նորին Սրբությունը և կոչ արեց խորհել, թե մենք ինքներս ինչպես ենք պատասխանում Աստծո հրավերին. արդյո՞ք մենք Նրան ինչ-որ տեղ հատկացնում ենք մեր առօրյա կյանքում: Ինչպե՞ս ենք մենք չափում մեր կյանքի որակը՝ աշխատանքում ունեցած մեր  հաջողությամբ և ազատ ժամանակի առկայությամբ, թե՞ Տիրոջ, եղբայրների և քույրերի հանդեպ ունեցած սիրով, հատկապես նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատ են զգում:

     

    «Օրհնյալ Սուրբ Կույս Մարիամը, ով համաձայնությամբ պատասխանեց Աստծուն, թո՛ղ օգնի մեզ խուլ չմնալ Նրա հրավերների հանդեպ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց