• Ներումն առաքելական եռանդի աղբյուր է

    «Ներումը մեզանից ոչինչ չի խլում, սակայն մարդուն տալիս է արժանապատվություն»:


    Հոկտեմբերի 11-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց նշանավոր սրբերի օրինակով ներկայացնել քրիստոնեական ուսուցումների շարքը՝ առաքելական եռանդի վերաբերյալ և այս անգամ խոսեց Սուդանի բնակչուհի Սբ. Ժոզեֆինա Բախիտայի մասին (1868-1947):

     

    Դիմելով ուխտավորներին Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այդ սրբի հայրենիքը արդեն մի քանի ամիս շարունակ տառապում է զինված բախումներից, և կոչ արեց հավատացյալներին աղոթել Սուդանի ժողովրդի և խաղաղության համար։ Ժոզեֆինա Բախիտան ծնվել է Դարֆուրում 1869թ., յոթ տարեկան հասակում նրան առևանգում են իր ընտանիքից և նա դառնում է ստրկուհի, ասաց Սրբազան Քահանայապետը: Նրա առևանգիչներն իրեն «Բախիտա» են անվանում, որը նշանակում է «բախտավոր»: «Ո՞րն է այս սրբուհու գաղտնիքը», – հարց տվեց Նորին Սրբությունը: Նա ունեցել է ութը տերեր և մանկուց տառապել բռնությունից. նրա մարմնին հարյուրից ավելի սպիներ կային: Մենք գիտենք, որ նման տառապանք ու վիրավորանք տեսած մարդիկ հաճախ հենց իրենք են ցավ պատճառում ուրիշներին: Սակայն «հալածվածների կոչումն է ազատել իրենց և իրենց հալածիչներին՝ վերականգնելով մարդկայնությունը»:

     

    Մի անգամ Բախիտայի խնամակալը նրան մի փոքրիկ խաչ է նվիրում որը նա պահում է՝ որպես մեծ գանձ։ Նայելով խաչին՝ նա ներքին ազատագրում է զգում. նա իրեն զգում է հասկացված և սիրված, իսկ դա նշանակում է ուրիշներին հասկանալու, սիրելու և ապրումակցելու ունակություն: «Կարեկցանք» նշանակում է «տառապանք զոհի հետ միասին», այն նաև վերաբերում է նրանց, ովքեր սխալներ են թույլ տալիս և չեն արդարացնում դրանք, սակայն ներում են՝ օգնելով նրանց դառնալ առավել մարդկային, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ժոզեֆինա Բախիտան քրիստոնյա դարձավ, նրան փոխակերպեցին Քրիստոսի խոսքերը, որոնց շուրջ նա ամեն օր խորհրդածում էր. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղկ. 23,34): Կարելի է ասել, որ Սբ. Բախիտայի կյանքը դարձավ գոյութենապաշտական առակ ներման մասին: Ըստ Նորին Սրբության, հենց ներումն է ազատագրում մարդուն ներքին հալածչից, ով խանգարում է ապրել և վայելել ամենօրյա հասարակ ժեստերի ու անկեղծ հարաբերությունների բերկրանքը: Սբ. Բախիտան մեզ սովորեցնում է մեծահոգաբար ներողամիտ լինել և ցույց տալիս ստրկությունից ու վախերից ազատվելու ճանապարհը, օգնում է բացահայտել կեղծավորությունն ու եսասիրությունը, հաղթահարել վիրավորանքն ու լարվածությունը:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Սիրելի՜ եղբայրենր և քույրեր, ներումը մեզանից ոչինչ չի խլում, սակայն մարդուն տալիս է արժանապատվություն: <…> Ներումը եռանդի աղբյուր է, որը դառնում է ողորմածություն և հանգեցնում ուրախ ու խոնարհ սրբության»:

     

    Ընդհանուր ունկնդրության ավարտին Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս օրերին ընթանում է Սինոդի XVI Ընդհանուր ժողովը, որը Վատիկանում է հավաքել կարդինալների, եպիսկոպոսների, քահանաների, վանականների և աշխարհականների աշխարհի տարբեր ծայրերից: «Ձեր աղոթքներում հիշեք Եպիսկոպոսների Սինոդի բոլոր մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան լսել այն, ինչը Սուրբ Հոգին ցանկանում է ասել Եկեղեցուն», – ասաց Սրբազան Քահանայապետը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորնեիրն:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց