• Աղքատների բժիշկն ու խաղաղության առաքյալը

    «Առաքելական եռանդը չի հետևում սեփական նկրտումներին, այլ պատրաստակամություն է ցուցաբերում Աստծո ծրագրերին»:


    Սեպտեմբերի 13-ին Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Ավետարանի վկաների վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց վենեսուելացի բժիշկ, գիտնական և Ֆրանցիսկյան միաբանության աշխարհականների անդամ երանելի Խոսե Գրեգորիո Էռնանդես Սիսներոսի մասին (1864-1919):

     

    Ըստ Նորին Սրբության խոսքերի, այս երանելին իր ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես «աղքատների բժիշկ» ու ողորմածության առաքյալ: Երիտասարդ տարիքում Խոսե Գրեգորիոն բազմիցս փորձել է վանական ու քահանա դառնալ, սակայն դրան խանգարել են առողջական խնդիրները: Այնուամենայնիվ, ֆիզիկական թուլությունը չի կանգնեցնում երիտասարդին, որովհետև նա դառնում է բժիշկ, ով չափազանց զգայուն էր այլ մարդկանց կարիքների նկատմամբ: «Առաքելական եռանդը չի հետևում սեփական նկրտումներին, այլ պատրաստակամություն է ցուցաբերում Աստծո ծրագրերին», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Այսպիսով, Խոսե Գրեգորիոն բժշկությունն ու հոգատարությունն ընկալում էր որպես «մարդկային ցավի քահանայություն» և խոնարհաբար առաքելական եռանդ էր ստանում Աստծո շնորհից ու Տիրոջ հետ մոտիկությունից: Նա բարի, կենսուրախ, կարեկից, աղոթասեր մարդ էր, ով ամեն օր մասնակցում էր Սուրբ Հաղորդությանը: Նա գոհանում էր Ավետարանի հարստությամբ: Նա իր կյանքը նվիրեց կարիքավորների խնամքին ու հոգատարությանը, որովհետև աղքատների, հիվանդների ու գաղթականների մեջ տեսնում էր Հիսուսին:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երանելի Խոսեն «խաղաղության առաքյալ» լինելու կոչում զգաց և իր կյանքը մատուցեց Աստծուն՝ որպես պարգև Եվրոպայում խաղաղության համար։ Իմանալով խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ նա հասկացավ, որ իր զոհաբերությունն ընդունված է, և, այդպիսով, իր երկրային առաքելությունն ավարտվել է։ Նույն օրը՝ 1919թ. հունիսի 29-ին, Պատարագից հետո հիվանդ մարդուն դեղորայք տանելու ճանապարհին նա ընկնում է ավտոմեքենայի անիվների տակ։ Երանելին մահանում է հիվանդանոցում՝ Սուրբ Աստվածածնի անունը շուրթերին։

     

    Բժիշկ Էռնանդեսի անձնուրաց կյանքի օրինակը ցույց է տալիս, որ քրիստոնյաները չեն կարող անտարբեր մնալ ժամանակակից սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրների նկատմամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մեզանից յուրաքանչյուրը կանչված է աղոթելու, համընդհանուր բարօրությանը նպաստելու և իրական խաղաղությանն ու արդարությանը ձգտելու համար. սա նաև առաքելական եռանդի դրսևորվում է, քանի որ, ըստ Հիսուսի խոսքերի, «Երանի՜ խաղաղարարներին» (Մտթ. 5,9), իր խորհրդածության ավարտին ուխտավորներին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց