• Փոքրաքանակությունը խնդիր չէ, այլ աղբյուր

    «Տեր Հիսուսն Իր յուրայիններին աշխարհ չուղարկեց քաղաքական մտքեր տարածելու համար»:


    Կյանքը տալ հանուն Ավետարանի. հենց սա է քրիստոնյայի միսիոներական կոչումը: Այս մասին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց այդ կոչումով ու առաքելությամբ Մոնղոլիայում ապրող հոգևորականության ու միսիոներների հետ հանդիպման ժամանակ: Մոնղոլիայի փոքրաթիվ կաթողիկէ ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ Ուլան Բատորի Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տաճարում։

     

    Նախ, Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց վկայություն տվող քահանային, միանձնուհուն և աշխարհականին, ապա փառաբանեց Աստծուն Սաղմոս 33-րդի խոսքերով. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը»: Ճաշակել և տեսնել. Տիրոջ բերկրանքն ու բարությունը անցողիկ չեն, դրանք մնում են ներսում և համ տալիս կյանքին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և հավելեց, որ ցանկանում է մոնղոլական հողի վրա զգալ հավատքի համը և հիշատակեց նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն այս հողի ավետարանացման: Ամենից առաջ եպիսկոպոս Վենսեսլաո Պադիլյային, ով առաջին առաքելական պրեֆեկտն ու Եկեղեցու կյանքի ժամանակակից շրջանի ռահվիրան էր Մոնղոլիայում: Սակայն Նորին Սրբությունն ընդգծեց, որ  Մոնղոլիայում քրիստոնեական հավատքի ծագումն ունի հին արմատներ և այն չի սկզբնավորվել անցյալ դարի 90-ական թվականներին: Այն արմատավորվել է դեռևս առաջին հազարամյակում, երբ սիրիական ավանդույթի ավետարանացման շարժումը ընդլայնվում էր Մետաքսի ճանապարհի երկայնքով: Սրբազան Քահանայապետը հիշատակեց 13-րդ դարի դիվանագիտական ​​առաքելությունների և 1310թ. Հովհաննես Մոնտեկորվինացուն Խանբալիկում առաջին եպիսկոպոս նշանակելու մասին: Հենց այս ճգնավորն է մոնղոլերեն լեզվով թարգմանել Սաղմոսների Գիրքն ու Նոր Կտակարանը: Ավետարանացման պատմությունը շարունակվում է 1992թ. առաջին միսիոներների ժամանմամբ, որոնց թվում Նորին Սրբությունը հատուկ նշում է ջերմեռանդ կորեացի միսիոներ Ստեֆան Սոնգհյուն Քիմին:

     

    Սրբազան Քահանայապետը խոսեց Մոնղոլիայում Եկեղեցու մեծաթիվ բարեգործական ձեռնարկումների մասին, որոնք տեղի քրիստոնյաների այցետոմսն են: «Ճաշակել և տեսնել Տիրոջը» նշանակում է նորից ու նորից վերադառնալ սկզբնական հայացքին, որից ծնվեց ամեն ինչ, որովհետև առանց դրա մենք ուժ ենք կորցնում, իսկ հովվական աշխատանքը վտանգում է դառնալ անպտուղ «ծառայությունների մատուցում»:

     

    «Տեր Հիսուսն Իր յուրայիններին աշխարհ չուղարկեց քաղաքական մտքեր տարածելու համար, այլ որպեսզի նրանք իրենց կյանքով վկայություն տան Իր Հոր հետ նրանց հարաբերությունների նորության մասին, Ով դարձավ «մեր Հայրը»»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մոնղոլիայում Աստծո Սուրբ Ժողովուրդն ունի հոգևոր պարգևների ողջ լիությունը, և հոգևորականներին ու աշխարհականներին կոչ արեց հենց այդ տեսանկյունից նայել իրենց եպիսկոպոսին և նրա մեջ տեսնել «ոչ թե կառավարիչ, այլ Քրիստոսի Բարի Հովվի կենդանի պատկերը, Ով առաջնորդում է Իր ժողովրդին, նրան ընկալել՝ որպես առաքելական խարիզմայով լի աշակերտի,  ով Քրիստոսով է կառուցում մեր եղբայրությունը և այն ավելի ու ավելի արմատավորում ազնիվ մշակութային ինքնություն ունեցող այս ժողովրդի մեջ: Այն փաստը, որ ձեր եպիսկոպոսը կարդինալ է, մոտիկության ևս մեկ դրսևորում է, որովհետև դուք բոլորդ միայն ֆիզիկապես եք հեռու, սակայն շատ մոտ եք Պետրոսի սրտին», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և առանձնահատուկ շեշտեց եկեղեցական հաղորդության կարևորությունը.

     

    «Եկեղեցին չի կարելի ընկալել զուտ որպես գործառական չափանիշ, ըստ որի՝ եպիսկոպոսը տարբեր բաղադրիչների կարգավորիչն է, օրինակ՝ մեծամասնության սկզբունքի համաձայն, այլ Եկեղեցին պետք է ընկալել հոգևոր սկզբունքի զորությամբ, ըստ որի՝ Հիսուս ներկա է եպիսկոպոսի անձի մեջ, որպեսզի ապահովվի Իր խորհրդավոր Մարմնի հաղորդությունը: Այլ կերպ ասած, Եկեղեցու միասնությունը կարգ ու կանոնի, հարգանքի, և նույնիսկ թիմային աշխատանքի «լավ ռազմավարության» հարցը չէ, այլ Տիրոջ հանդեպ ունենցած հավատքի, սիրո ու Նրան հավատարիմ լինելու խնդիրն է։ Հետևապես շատ կարևոր է, որ Եկեղեցու բոլոր բաղադրիչները համախմբված լինեն եպիսկոպոսի շուրջը, ով ներկայացնում է կենդանի Քրիստոսին Իր ժողովրդի մեջ»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց Մոնղոլիայի միսիոներներին միշտ լինել ժողովրդի կողքին, սովորել նրանց լեզուն ու սիրել նրանց մշակույթը, ինչպես նաև ոչնչից չվախենալ, քանզի նույն 33-րդ Սաղմոսն ասում է. «Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու»:

     

    Մոնղոլիայի հոգևորականներն ու աշխարհականները աշակերտ-միսիոներների ճանապարհին ունեն «հուսալի հենարան» և այդ հենարանը Երկնային Մայրն է, Ում պատկերը հայտնաբերվել է աղբի մեջ. «Նա, որ անարատ էր և մեղքով արատավորված չէր, ցանկացավ այնքան մոտ լինել, որ խառնվեց հասարակության թափոնների հետ և աղբի աղտոտությունից հայտնվեց Սրբուհի Աստվածամոր մաքրությունը»։ Անդրադառնալով Ալունգո թագուհու մասին տեղական լեգենդին՝ Սրբազան Քահանայապետը հորդորեց մոնղոլ քրիստոնյաներին մտահայել Սուրբ Կույս Մարիամի Աստվածային լույսը, որը վերևից ամեն օր առաջնորդում է իրենց Եկեղեցու քայլերը։

     

    Տեղի Եկեղեցու փոքրությունը խնդիր չէ, այլ աղբյուր, հանդիպման ավարտին ասաց Նորին Սրբությունը. «Աստված սիրում է փոքրությունը և սիրում է մեծ գործեր անել փոքրության միջոցով»: Հետևաբար մոնղոլիայի կաթողիկէները չպետք է վախենան փոքր թվերից ու դանդաղ առաջընթացից, ասաց Սրբազան Քահանայապետը և ի սրտե շնորհակալություն հայտնեց հոգևորականներին ու միսիոներներին «Ավետարանին տրված կյանքերի համար»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց