• Քրիստոնեական հավատքը հագեցնում է ծարավը

    «Մենք երջանկություն փնտրող ուխտավորներ ենք, սիրո ծարավ թափառականներ»։


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր առաքելական 43-րդ ճամփորդության ժամանակ կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց Մոնղոլիայի մայրաքաղաք «La steppe Arena» սառցե պալատում: Սուրբ Պատարագը գլխավորեց Նորին Սրբությունը՝ առընթերակայությամբ տարբեր երկրներից ժամանած եպիսկոպոսների, Ուլան Բատորի առաքելական պրեֆեկտ կարդինալ Ջորջիո Մարենգոնի և Կենտրոնական Ասիայի եպիսկոպոսների համաժողովի ու Ալմաթայում Սուրբ Երրորդության թեմի նախագահ մոնսինյոր Խոսե Լուիս Մումբիելա Սիերանի:

     

    Սրբազան Քահանայապետն ավելի քան 2000 ուխտավորներին ուղղված իր քարոզը սկսեց հետևյալ սաղմոսով. «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, … Հոգիս ծարավ է Քեզ, առավել ևս մարմինն իմ, ինչպես մի անապատ և անջուր երկիր» (Սղմ. 62,2):

     

    «Այս հիանալի աղերսը, – պարզաբանեց Նորին Սրբությունը, – առաջնորդում և ուղեկցում է մեր կյանքի ճանապարհը անապատում, որը մենք պիտի անցնենք և հենց այդ չորացած հողի վրա մեզ է հասնում Բարի լուրը.  մեր ճանապարհին մենք միայնակ չենք»: Մենք բոլորս «կանչված ենք ընդունելու և ճանաչելու, որ ծարավ ենք. սաղմոսերգուն աղաղակում է առ Աստված, որովհետև նրա կյանքը նման է անապատի: Այս խոսքերն առանձնահատուկ ձևով են արձագանքվում պատմությամբ ու մշակույթով հարուստ մոնղոլական հողի վրա, սակայն տեղի տափաստաններն ու անապատները ծարավ են մաքուր ջրի:

     

    «Ձեզանից շատերը՝ դիմելով հավատացյալներին ասաց Սրբազան Քահանայապետը, սովոր են գեղեցիկ ու դժվար քայլքին, մի արարք, որը հիշեցնում է աստվածաշնչյան հոգևորության էական կողմի մասին, և որը ներկայացված է Աբրահամի, իսկ ավելի լայն իմաստով, Իսրայելի ժողովրդի, ինչպես նաև Տիրոջ ամեն մի աշակերտի կերպարներով. իրականում մենք բոլորս «Աստծո քոչվորներ» ենք, երջանկություն փնտրող ուխտավորներ, սիրո ծարավ թափառականներ»։

     

    «Սիրելի եղբայրներ և քույրեր, քրիստոնեական հավատքը հագեցնում է այդ ծարավը, լուրջ է վերաբերվում այդ ամենին, այն արմատախիլ չի անում, ոչ էլ փորձում է հանգստացնել ամոքիչ կամ փոխարինող միջոցներով։ Որովհետև այդ ծարավի մեջ մեծ խորհուրդ կա. այն մեզ բացահայտում է կենդանի Աստծո, Սեր-Աստծո առջև, Ով մեզ ընդառաջ է գալիս, որպեսզի մենք դառնանք իր զավակները և եղբայրներ ու քույրեր միմյանց համար»:

     

    Հենց սերն է հագեցնում ծարավը. Աստված հոգ է տանում մեր մասին և մեզ առաջարկում Սուրբ Հոգու մաքուր, կենդանի ջուրը, որը մեզ թարմացնում է ու չի թողնում ջրազրկվենք: Նորին Սրբությունն անդրադարձավ Սուրբ Օգոստինոս Երանելիին, ով պնդում էր, որ եթե մենք ընդունում ենք, որ մենք ծարավ ենք, ապա ընդուոնում ենք նաև, որ ծարավ հագեցնողներ ենք: Մեր կյանքում մենք հաճախ ենք ապրում անապատի, միայնության, չբերության փորձառությունը, և, Սուրբ Օգոստինոսի խոսքերի համաձայն, այդ անապատում մեզ համար մխիթարանք են դառնում «Նրա Խոսքի քարոզիչները»: Թեև Մոնղոլիայի կաթողիկէները փոքրաթիվ են և մի փոքր համայնք են ներկայացնում, սակայն Տիրոջ Խոսքի ջրի պակասը չունեն՝ հատկապես քարոզիչների և միսիոներների շնորհիվ։

    Կիրակնօրյա Ավետարանը մեզ պատմում է, թե ինչպես Պետրոս առաքյալը չի ընդունում Հիսուսի չարչարանքների փաստը և հանդիմանում Նրան: Հիսուս նրան պատասխանում է. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով Ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մտթ. 16,24-25):

     

    «Եղբայրնե՛ր, քույրե՛ր, ահա հենց սա է լավագույն ճանապարհը. գրկել Քրիստոսի խաչը։ Քրիստոնեության հիմքում կա այս զարմանահրաշ, արտասովոր նորությունը. երբ կորցնում ես քո սեփական կյանքը և այն առատաձեռնորեն նվիրում ու անշահախնդիր տալիս հանուն ուրիշների, ապա այն լիուլի վերադառնում է քեզ»:

     

    Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց Մոնղոլիայի հավատացյալներին՝ «լավ կաթողիկէներ և ազնիվ քաղաքացիներ» լինելու համար, շնորհակալություն հայտնեց նաև եպիսկոպոսներին, վանականներին և հոգևորականներին, ովքեր ժամանել էին ասիական այլ երկրներից, մասնավորապես՝ Հոնկոնգից ժամանած եպիսկոպոսներին և այդ առիթով ջերմ ողջույններ փոխանցեց չինացի կաթողիկէներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մոնղոլերեն լեզվով երախտագիտություն, շնորհակալություն բառի հիմքում «ուրախություն» բառն է, և նա հենց այդ իմաստն էլ դնում է դրա մեջ:

     

    Պատարագը դա Հաղորդություն է, գոհություն, շարունակեց Սրբազան Քահանայապետը և հիշատակեց ճիզվիտ քահանա Պիեռ Տեյար դը Շարդենին, ով հարյուր տարի առաջ երկրաբանական պեղումներ է արել այս հողերում։ Հայր Տեյարը ցանկացել է Սուրբ Պատարագ մատուցել, սակայն ոչ հաց է ունեցել, ոչ էլ գինի։ Այդ ժամանակ նա հորինել է հայտնի «Պատարագ աշխարհի վրա» աղոթքը, այդպես ցույց տալով իր զոհն ու ընծան. «Ընդունի՛ր, Տե՜ր, այս ամբողջական հացը, որը նոր լուսաբացին Քեզ է բերում Քո գրավչությամբ ու ձգողականությամբ առաջնորդված Արարչությունը»: Նմանատիպ մի  աղոթք էլ նա կարդացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ծառայել է՝ որպես բեռնակիր-հիվանդապահ։

     

    «Հաճախ չհասկացված ու ոչ ճիշտ ընկալված այս քահանան, հասկացել էր, որ որոշակի առումով Սուրբ Հաղորդություն միշտ կատարվում է  աշխարհի խորանի վրա», – պարզաբանեց Նորին Սրբությունը և կոչ արեց աղոթել Հայր Տեյարի խոսքերով. «Դու լուսավոր Խոսքն ես, Դու կրակե ուժ ու զորություն ես, Դու քանդակագործում ես բազմություն, որպեսզի նրա մեջ փչես Քո կյանքի ոգին: Ես աղոթում եմ Քեզ, դիպչիր մեզ Քո հոգատար և ամենագո ձեռքերով»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց