• Սուրբ ընկերություն

    «Ընկերությունը, որը ձևավորվում է միևնույն կամ տարբեր սեռի մարդկանց միջև, մեծ օրհնություն է բոլորի համար»:


    Ո՞րն է իսկական ընկերությունը: Արդյո՞ք կարող են տղամարդն ու կինը ընկերներ լինել: Ի՞սկ եթե մենք խոսում ենք երկու սրբերի մասին: Ներքին խորը միասնություն ապրած տղամարդկանց և կանանց ընկերության պատմությունները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Այդ պատմությունները ցույց են տալիս, որ հակառակ տարածված կարծիքի, ընկերությունը խոչընդոտներ չի առաջացնում դեպի սրբություն տանող ճանապարհին, այլ ընդհակառակը, հաճախ նախասահմանում է հենց այդ ճանապարհը: «Ընկերությունը, որը ձևավորվում է միևնույն կամ տարբեր սեռի մարդկանց միջև, մեծ օրհնություն է բոլորի համար, ասում է Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը: Դա հանգեցնում է հոգևոր ընկերակցության»:

     

    Միանգամայն տարբեր պատմություններ, տարբեր ճանապարհներ, սակայն դրանք բոլորն ունեն մեկ սկզբնաղբյուր, որը հենց Աստծո էությունն է, Ով միայնակ չէ, այլ հենց Սերն է, Հիպոստասի հաղորդությունը, Ով իրեն հայտնի է դարձնում տղամարդու և կնոջ արարման միջոցով՝ Իր պատկերով ու նմանությամբ: Տղամարդն ու կինը կանչված են միմյանց հետ ապրելու և հարաբերություններ զարգացնելու համար՝ իրար սիրելով ու Սուրբ Երրորդության կյանքը արտացոլելով: Խոսքը գոյաբանական իրականության մասին է, որը վերաբերում է մարդու ողջ էությանը, այլ ոչ միայն կենսաբանական և սեռական ոլորտին։ Տղամարդու և կնոջ միջև եղած տարբերությունները, նույնիսկ մինչև որդեծնություն, նախատեսված են փոխադարձ սիրո համար, իսկ սերը, որպես այդպիսին, պատկանում է հոգևոր ոլորտին, այն աճում է մարդկանց միջև խորը հաղորդակցության շնորհիվ, այդ սիրուն ծաղկեցնում են մարդկայնությամբ լցված խոսքերն ու արարքները, որոնք էլ առատ պտուղներ են տալիս:

     

    Մտքերի և նպատակների մոտիկությունը տղամարդկանց ու կանանց միջև, որոնց ընկերությունը հիմնված է խորը հոգևոր փորձառության վրա, միշտ ուղեկցվում է մաքրման և հասունացման գործընթացով: Այս ընկերությունը զարգացնում է մարդու ընդունակությունները, այնպես, որ «էրոսը ամբողջանում է ինքն իր մեջ և դառնում է սեր՝ բառի բուն իմաստով», ինչպես գրում է Բենեդիկտոս XVI Պապն իր «Աստված սեր է» շրջաբերականում։ Էրոսը՝ «բարձրացող» սերը, որը «լի է տենչանքով և սեփականատիրական է», հանդիպում է «ագապե՝ իջնող սիրուն», այնպես որ այս երկու ասպեկտներն երբեք իրարից ամբողջությամբ չեն բաժանվում, և մարդը հասկանում է, որ ինքը «միշտ չի կարող միայն տալ, նա պետք է նաև ստանա»: Նա, ով ցանկանում է սեր նվիրել, ինքը ևս պետք է ստանա այն՝ որպես պարգև: Անշուշտ, ինչպես Տերն է ասում, մարդը կարող է դառնալ աղբյուր, ում ներսից կենդանի ջրերի գետեր կբխեն (տես՝ Հվհ. 7,37-38): Սակայն այդպիսի աղբյուր դառնալու համար մարդն ինքը պետք է նորից ու նորից խմի այդ սկզբնական աղբյուրից, որը Հիսուս Քրիստոսն է, որի խոցված սրտից բխում է Աստծո սերը (տես՝ Հվհ. 19, 34), (DC 7):

     

    Անձնուրաց սիրո հիման վրա ձևավորվեցին հզոր ընկերության, տղամարդկանց և կանանց պատմություններ, ովքեր պատկանում էին տարբեր մշակույթների, սակայն միևնույն ժամանակ խորապես հարգում էին միմյանց ինքնությունն ու արժանապատվությունը. Այդ մարդկանց միավորում էր Աստծո հետ հանդիպելու ընդհանուր նպատակը:

     

    Դարերի ընթացքում հոգևոր ընկերության պատմությունները հաճախ սխալ են մեկնաբանվել, իսկ նրանց վերաբերվել են որոշակի կասկածամտությամբ: Այդ իսկ պատճառով հոգևոր ընկերությունը բնորոշվում էր «սուրբ» բառով, որպեսզի ընդգծվեր դրա բացառիկ բնույթը, որ նման ընկերությունն անհասանելի է հասարակ մարդկանց համար։

     

    Ամեն դեպքում, այս պատմությունները պետք է դիտարկել իրենց պատմամշակութային համատեքստում, որովհետև նրանց հերոսները պատկանում են բոլորովին տարբեր դարաշրջանների, անհատականություններ են և ունեն տարբեր կենսամակարդակ:

     

    Պետք է ասել, որ մշակութային տեսանկյունից ընկերությունը պատկանում է «տղամարդկանց» աշխարհին։ Ոչ եբրայերենում, ոչ էլ հունարենում «ընկերուհի» բառ չկա, գույություն չունի: Հին Կտակարանում ընկերությունը՝ որպես խորը ներքին մտերմություն բնորոշվում է մի բառով, որը բառացիորեն հնչում է այսպես «նա, ով մոտ է, կողքիդ է»: Ռուսերեն և որոշ այլ թարգմանություններում դա «սիրելի»-ն է, Վուլգատայում՝ «amica», համապատասխանաբար և իտալերենում՝ «amica», այսինքն՝ «ընկերուհի»: Նոր Կտակարանում միայն Ղուկաս ավետարանիչն է համարձակվում կիրառել իգական սեռը՝ նշելու նրանց, ում կանչում է կինը «Կորած դրամը» առակում. «Գտնելով դրամը՝ նա կկանչի ընկերուհիներին և հարևաններին ու կասի. ես գտա իմ կորցրած դրամը»:

     

    Թեև քրիստոնեությունը պայմաններ ստեղծեց ընկերության համար, այդ թվում նաև տղամարդու և կնոջ միջև, սակայն առաջին դարերում այդ ընկերությունը գրեթե միշտ դիտարկվում էր ճգնավորության և մերժման համատեքստում: Մարմնի և նրա վերարտադրողական ֆունկցիայի նկատմամբ վերաբերմունքը հաճախ միայն «հանդուրժողականությունն էր», այնպես որ քրիստոնյա տղամարդկանց և կանանց մնում էր միայն ընկերություն անելը: Սակայն մեր պատմությունները գուցե կարողանան ցույց տալ, որ ընկերությունն այն չէ, «ինչը մնում է, երբ այլ բան լինել չի կարող»: Ընկերությունը Եկեղեցու պատմության ամենահիասքանչ երևույթներից մեկն է՝ անկախ նրանց սեռից, ովքեր ապրել և զգացել են այս փորձառությունը:

     

    Հիերոնիմոս ու Պավլա Հռոմեացի, Հովհաննես Ոսկեբերան ու Օլիմպիա «հայտնի զույգերին» միավորում էր խոր նախամեծարանքը, որը վեր էր այնպիսի օբյեկտիվ իրադարձությունների սահմաններից, ինչպիսին է օրինակ հարկադիր բաժանումը: Նման նախամեծարման հիմքը սերն է Աստծո Խոսքի և Եկեղեցու հանդեպ:

     

    Ընկերությունը միշտ չէ, որ մնում է ընկերություն, սակայն դա չի նշանակում, որ այն ավարտվում է ամուսնական սիրով։ Պատահում է, որ հենց ամուսնական սերն է նախորդում ընկերությանը: Կնոջ համար, հատկապես, եթե նրա ընտրությունը չի համապատասխանում իր ժամանակի պայմանականություններին, դա կարող է կործանարար լինել: Մենք բոլորս էլ գիտենք Էլոիզի և Աբելարի պատմությունը, դա ավելի շուտ պարտության պատմություն է: Սակայն այս պարտությունը մեզ ցույց է տալիս կնոջ հաղթանակը, ով գլուխը բարձր պահած պաշտպանում էր իր ընտրությունը։ Այս սիրո պատմությունն արտացոլված է հոգևոր կապի մասին վկայող նամակագրության մեջ, որը հանդգնել է դառնալ մարմնավոր: Էլոիզի և Աբելարի վանական ուխտի պատմությունը մտորումների տեղիք է տալիս բուն վանական կյանքի, դրա հիմքերի և բնութագրերի մասին:

     

    Օգոստինոս Երանելին Պրոբային ուղղված նամակում ընդգծում է, որ քրիստոնյաները միշտ ունենում են «երրորդ մեկին, ով կոտրում է երկուսի ինքնասիրահարվածությունը»։ Այդ երրորդը Քրիստոսն է, Սուրբ Հոգով լեցուն Սերն է:

     

    Տղամարդու և կնոջ ընկերությունը Եկեղեցում միայն անցյալին չի պատկանում: Նման պատմություններ կան նաև ХХ դարում: Այդ պատմությունները ցույց են տալիս, որ ընկերական հարաբերությունները հանգեցնում են ոչ թե համակեցության, այլ դիալեկտիկայի, բեղմնավոր փոխանակման, սեփական շնորհի իրականացման: Հենց այդ պատմություններն են վկայում, որ մարդու հանդիպումը մարդու հետ բացահայտում է մի Այլ բան, առանց որի մարդկանց միջև փոխադարձ ճանաչում չի կարող լինել:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց