• Սուրբ Ներսես Շնորհալի՝ Մեծ հայրապետն հայոց: Սուրբ Ներսես Շնորհալու Հավատով Խոստովանիմ աղոթքը

    «Իր հոտի հոգևոր առողջությամբ մտահոգ՝ նա օրվա յուրաքանչյուր ժամին հարմար դեղահատ պատրաստելուն ձեռնամուխ եղավ»:


    Հաղորդաշար (9) – Պատրաստեց Մխիթարյան Միաբանության ուխտից՝ Հայր Սերոբ վրդ. Ջամուրլյանը, Սուրբ Ներսես Դ Կաթողիկոսի (1102 – 1173թթ.) մահվան 850 ամյակի առիթով:

     

    Շնորհալու սիրակեզ հոգին չգոհացավ «Բան Հավատո» երկարաշունչ «սիրավեպով», ուզեց անպայման Ս. Հոգուց բորբոքած՝ հրդեհած սրտից բոցկլտացող կայծերով բոցակիզել ամենքին անխտիր, սիրո կրակի բո-վով անցած մաքրամաքուր ոսկեղեն աղոթքներով՝ կարճ, դիպուկ և կուռ, խոսուն և մինչև սրտի խորքը խոցող և անմիջապես զովացնող, ամոքող, բուժող և անմահական բալասանի նման վերականգնող և կենսագործող խնկաբույր աղոթքով։ Իր հոտի հոգևոր առողջությամբ մտահոգ՝ նա օրվա յուրաքանչյուր ժամին հարմար դեղահատ պատրաստելուն ձեռնամուխ եղավ, և հոգեսիրտ աղբյուրից հորդառատ զեղումով ծնվեցին 24 ադամանդակուռ տուներ, 24 անգին ակ, 24 մարգա-րիտ ու գոհար, որ պարունակում են քրիստոնյայի կարևորագույն հա-վատալիքները, խնդիրները, կարիքները, իղձերը, արցունքներն ու սե-րը։ Եվ այսպես ծնվեց «Հավատով խոստովանիմ» աղոթքը։

     

    «Իր սիրտն այնքան վառ ու պայծառ էր, – գրում է Հ. Ղևոնդ Ալիշանը, – այնքան լցված սուրբ գաղափարներով և իղձերով, որ կարծեմ, երբ մտածեց քրիստոնյայի համար աղոթք գրել, ապա շուտով շարադրեց. գուցէ մեկ շնչով, մեկ օրվա մեջ, առանց փնտռելու ուրիշ լույս բացի ճշ-մարիտ լույս Քրիստոսը»։

     

    Աղոթքին կցված հիշատակարանի մեջ Շնորհալին նշում է, թեև պիտի փափագեր, որ հավատացյալները մեկական տուն աղոթք բարձրացնեին ամեն ժամը մեկ, սակայն հասկանալով, որ քչերը դա կանեին, հանձնարարում է, որ այս աղոթքը օրական հինգ, չորս կամ երեք անգամ՝ առավոտ, կեսօր և իրիկուն կատարեն, իսկ անկարելիության պարագայում գոնե մի անգամ ասեն, կամ մի քանի տուն սովորեն և եկեղեցու բոլոր օրական աղոթքների փոխարեն արտասանեն։ Ահա, թե որքան հովվական գուրգուրանքով էր տոչորված իսկական հոգևոր բարի հովիվը։

     

    Ցանկանում եմ հիշեցնել, որ այս աղոթքը մինչև այսօր հավատացյալ ժողովրդի շուրթերին է և շատ շատերը՝ ծեր թե երիտասարդ, շարունակում են ոչ միայն արտասանել, այլ սրբալույս հայրապետի խոսքերը յուրացնելով, նրա հանձնարարածի նման՝ այս խնկաբույր աղոթքն առ Աստված բարձրացնում են սրտի խորքից, յուրովի, անձամբ հորինածի թարմությամբ։

     

    Շատերը սովորություն են դարձրել կարևոր քննություններից առաջ մտքի բացություն խնդրելու համար՝ «Իմաստություն Հոր Հիսուսն» արտասանել, կամ ճամփորդությունից առաջ աղոթելու համապատասխան «Պահապան ամենայնի» տունը, և կամ չար սատանայի ազդեցությունից ազատվելու համար՝ «Խնամող արարածոցը», զղջման համար՝ «Դարձուցիչ մոլորելոցը», իսկ «Աղբյուր անմահությանը»՝ գործած մեղքերի վրա լալու համար, մահվանը լավագոյն կերպով պատրաստ գտնվելու համար՝ «Պարգևիչ ողորմությանը», հոգին խաղաղությամբ ավանդելու համար՝ «Բարերար Տերը», արժանի լինելու համար  Քրիստոսի լույսը տեսնելու՝ «Լոյս ճշմարիտ Քրիստոսը», վերջին դատաստանին չդատապարտվելու համար՝ «Դատավոր արդարը», բոլոր սիրելիներին Աստծո բարեխնամ հոգատարության հանձնելու համար՝ «Ամենախնամ Տերը», և ի վերջո, որպեսզի Աստված ընդունի մեր աղոթքները և կատարի մեր խնդրանքները՝ «Փառավորյալ Տեր» սկզբնավորությամբ տունը։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց