• Անդադար հուսալ և հավատալ

    «Արդյո՞ք մենք վկայում ենք այն հույսը և ուրախությունը, որ Հիսուս տալիս է մեզ»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց հարություն առած Ղազարոսի ավետարանական դրվագի շուրջ (Հվհ. 11,1-45): Սա Հիսուսի վերջին հրաշքն է Սուրբ Զատիկից առաջ, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ղազարոսը Հիսուսի մտերիմ ընկերն է, և Տերը գիտի, որ Ղազարոսը շուտով մահանալու է: Քրիստոս ճամփա է ընկնում, սակայն իր ընկերոջ տուն է հասնում նրա թաղումից չորս օր անց, երբ այլևս ոչ մի հույս չկար, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը: Հիսուսի ներկայությունը որոշակի վստահություն է առաջացնում Մարթայի և Մարիամի սրտերում և նրանք կառչում են այդ լույսից՝ նույնիսկ իրենց վշտի մեջ: Տերը նրանց հավատքի կոչ է անում և խնդրում բացել գերեզմանը, աղոթում է Երկնային Հորը, իսկ հետո բարձրաձայն կանչում Ղազարոսին: Մահացածը կենդանանում է ու դուրս գալիս: Հիսուս կյանք է պարգևում նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե այլևս հույս չկա, – ընդգծեց Նորին Սրբությունը և պարզաբանեց, որ մտերիմ մարդու կորուստը, հիվանդությունները, դառը հիասթափությունը, դավաճանությունը կամ անհաջողությունը մեզ գցում է հուսահատության մեջ, մենք կորցնում ենք հույսը և մեզ միայնակ զգում: Սակայն հենց այդ պահերին Հիսուս էլ ավելի մոտ է մեզ՝ մեզ կյանքի վերադարձնելու համար: Նա մեզ հետ լաց է լինում այնպես, ինչպես լացեց Ղազարոսի համար: Միևնույն ժամանակ Հիսուս հորդորում է մեզ շարունակել հավատալ և չմնալ բացասական զգացմունքների փլատակների տակ: Նա մոտենում է մեր գերեզմաններին և, ինչպես այն ժամանակ, ասում. «Այդ քարը մի կողմ դրեք» (տես՝ Հվհ. 11,39): Հիսուս ասում է մեզ. մի թաքցրեք ցավը, սխալները, անհաջողությունները: Քարը մի կողմ տարեք, համարձակորեն դուրս հանեք այն ամենը, ինչը ներսում է, քանզի Ես ձեզ հետ եմ, Ես սիրում եմ ձեզ և ուզում եմ, որ դուք նորից ապրեք: Ինչպես Ղազարոսին, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրին Նա ասում է. «Վե՛ր կաց, դուրս արի՛, վերականգնի՛ր վստահությունդ: Ես կբռնեմ քո ձեռքը, ինչպես մանուկ ժամանակ, երբ դու առաջին քայլերդ էիր անում: Ազատվի՛ր կապանքներից (տես՝ Հվհ. 11,45), մի՛ եղիր հոռետես, մի՛ վախեցիր, մի՛ հուսահատվիր: Ես ուզում եմ, որ դու լինես ազատ ու կենդանի, Ես քեզ չեմ թողնի, Ես քեզ հետ եմ: Լիահույս եղի՛ր և կյանք վերադարձի՛ր»:

     

    Հովհաննեսի Ավետարանի տասնմեկերորդ գլխի այս հատվածը կարելի է անվանել կյանքի օրհներգ, իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մենք այն կարդում ենք, երբ Զատիկը մոտ է։ Հնարավոր է, որ հիմա նույնպես մենք մեր սրտում ինչ-որ ցավ կամ տառապանք ենք կրում, որը շատ է ճնշում մեզ: Այդ դեպքում եկել է քարը մի կողմ տանելու և Քրիստոսին ընդառաջ գնալու ժամանակը: Արդյո՞ք մենք կարող ենք Նրա առաջ բացել մեր սրտերը և Նրան վստահել մեր մտահոգությունները: Արդյո՞ք կարող ենք գերեզմանից քարը մի կողմ տանել և Նրա լույսին ընդառաջ գնալ: Արդյո՞ք կկարողանանք Աստվածային սիրո խոսքերով և գործերով լուսավորել այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Արդյո՞ք մենք վկայում ենք այն հույսը և ուրախությունը, որ Հիսուս տալիս է մեզ»:

     

    Թո՛ղ Հույսի Մայր Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ «լուսավորելու մեզ շրջապատող խավարը», աղոթեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց