• Մենք բոլորս ինչ-որ բանից վիրավոր ենք և կարող ենք օգնել ուրիշներին

    «Տառապյալի կարեկցանքը տառապողի հանդեպ ծնում է համերաշխության ու հույսի պատմություն»:


    Հիվանդների Համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է  փետրվարի 11-ին՝ Տիրամայր Լուրդի տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց Հռոմի թեմի բժշկական բաժանմունքի ներկայացուցիչներին։

     

    Հիշեցնելով գալիք տոնի թեման՝ «Խնամի՛ր նրան», որը վերցված է Բարի Սամարացու առակից, Նորին Սրբությունը այս հայտնի ավետարանական պատմությունը նորովի մեկնաբանեց.

     

    «Եթե ուշադիր լինենք, ապա կնատենք, որ և՛ հարձակման ենթարկվածը, և՛ սամարացին իրենց վրա վերքեր են կրում. առաջինին վիրավորել են ավազակները՝ բռնություն գործելով, իսկ երկրորդին՝ արհամարհական հայացքները բոլոր նրանց, ովքեր նրա մեջ տեսնում էին միայն անցանկալի անծանոթի։ Եվ այնուամենայնիվ, տառապյալի կարեկցանքը տառապողի հանդեպ ծնում է համերաշխության ու հույսի պատմություն՝ տապալելով մեկուսացման ու վախի պատերը»։

     

    Հենց այսպես է ծնվել Հռոմի թեմի բժշկական բաժանմունքը. նրա աշխատակիցները փորձում են մերձավոր դառնալ տառապյալների համար, լսելի դարձնել լուռ ցավը և լինել ողորմության թթխմոր։

     

    Տառապյալին մերձավոր դառնալու համար հարկավոր է «եղբոր ցավի մեջ տեսնել առաջնահերթության ճանապարհային նշանը, որը մեր սրտի խորքում ստիպում է կանգ առնել և անտարբերությամբ չանցնել»: Կարևոր է նաև լսելի դարձնել լուռ տառապանքը, քանզի հաճախ, երբ հիվանդները, զրկվում են տնտեսական կամ բարոյական աջակցությունից, ընկնում են հուսահատության մեջ և կորցնում հավատը, ինչպես, օրինակ, ֆիբրոմիալգիայի կամ քրոնիկական ցավի ժամանակ: Աշխարհում ողորմության թթխմոր դառնալու համար պետք է «ուռկաներ ստեղծել»՝ գիտակցելով, որ մենք բոլորս ինչ-որ բան կարող ենք տալ և ինքներս էլ ինչ-որ բանի կարիք ունենք, նույնիսկ ժպիտի: Նման ցանցերը ոչ թե բռնում են, այլ, ընդհակառակը, բաց թողնում, քանզի դրանք կարծես դիմացինին պարզած, մեկնած ու միասին աշխատող ձեռքեր լինեն, և աղոթքի ու կարեկցանքի մեջ միավորված սրտեր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Ցավի մեջ գտնվող մարդու հետ մոտ լինելը հեշտ չէ», – ասաց Նորին Սրբությունը: Սակայն մենք պետք է հիշենք, որ Հիսուս, Ով ցանկացավ կիսել մեր տկարությունը, միշտ մեզ հետ է, հետևաբար Նրա մեջ մենք կարող ենք ուժ և զորություն գտնել՝ նույնիսկ ամենադժվար պահերին չհանձնվելու համար:

     

    Ունկնդրության ավարտին Սրբազան Քահանայապետը դիմեց հիվանդներին և ասաց.

     

    «Հավատքով ապրած ձեր տառապանքն այսօր մեզ համախմբեց այս կարևոր պահին։ Ձեր փխրունության մեջ դուք մոտ եք Աստծո սրտին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց