• Սրբազան Քահանայապետը կրկին կոչ արեց բացել Լաչինի միջանցքը՝ «անմարդկային» համարելով արցախահայության ապրած իրավիճակը։

    «Մոտ եմ բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններին»:


    2023թ. հունվարի 29-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքը հատկանշական էր Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կոչով, որն էր անհապաղ լուծում գտնել Լաչինի միջանցքի հարցին՝ «անմարդկային» համարելով Արցախում շրջափակված հայ բնակիչների իրավիճակը:

     

    2022թ. դեկտեմբերի 18-ին Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտել էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ ինքը «հատկապես մտահոգ է բնակչության մարդասիրական անկայուն պայմանների», և այդ պայմանների հետագա «վատթարացման վտանգի» համար։ Այնուհետև Սրբազան Քահանայապետը իր կոչն ուղղեց այս հարցի մեջ ներգրավված անձերին, որպեսզի «հանձնառու լինեն խաղաղ լուծումներ գտնելու՝ հանուն մարդկանց բարօրության»։

     

    Նորին Սրբության մտահոգությունն ու կոչը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչությանը, որոնց շարքում կան 30,000 մանուկներ։

     

    Ադրբեջանցիենրի «բնապահպական» նկատառումներով արված շրջապատումն ու աշխարհից մեկուսացումը, մարդասիրական ճգնաժամի մեծ սպառնալիք է, դրա համար է, որ մեկ ամիս անց Սրբազան Քահանայապետը չզլացավ կրկին բարձրացնելու իր ձայնն ու մի անգամ ևս կոչ ուղղել Լաչինի միջանցքի հարցին լուծում գտնելու համար, իր մոտիկությունն արտայայտելով անմեղ բնակչությանը, որ դիմակայում է անմարդկային պայմաններին։

     

    «Ես նորոգում եմ կոչս՝ Հարավային Կովկասի Լաչինի միջանցքի տարածքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակին ի տես։ Մոտ եմ բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության», իր կոչում ասաց Նորին Սրբությունը:

     

    Պապական նվիրակ՝ Գերապայծառ Խոսե Պեթանքուրի հայտարարությունը

     

    Նշենք, որ ՀՀ մոտ Քահանայապետական առաքելական նվիրակ` գերապայծառ Խոսե Պեթանքուրը, Սրբազան Քահանայապետի կոչի առիթով իր դիմատետրի վրա հրապարակեց մի հայտարարություն, որտեղ արձագանքելով Քահանայապետի կոչին ընդգծեց, որ «Ֆրանցիսկոս Պապը նորոգեց իր կոչերը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական ծանր իրավիճակին լուծում գտնելու առնչությամբ» և «բնակչության ապրած անմարդկային պայմանների համար», կոչ ուղղելով նաև միջազգային հասարակությանը, որպեսզի սատարեն հարցի խաղաղ լուծման համար»։

     

    Գերապայծառ Պեթանքուրը ակնարկեց նաև Սրբազան Քահանայապետի անցյալ տարվա հունավրի 9-ին արված մեկ այլ կոչի մասին, որն էր «հարգել հրադադարը» և «ազար արձակել քաղաքացիական և զինվորական բանտարկյալներին», որպես «կարևոր քայլ դեպի այդքան ցանկալի խաղաղության համաձայնագիր» (հատված Նորին Սրբության ելույթից` Սուրբ Աթոռում մոտ հավատարմագրած դիվանագիտական Մարմնի անդամներին ուղղված ճառից)։

     

    Պապական նվիրակը հիշեց նաև 2022թ. սեպտեմբերի 18-ին Սրբազան Քահանայապետի արած կոչը, որտեղ նա մոտիկություն է հայտնում հայկական կողմի զոհերի ընտանիքներին՝ խնդրելով, որ հարգվի հրադադարը, ու հաստատելով, որ «խաղաղություն հնարավոր է միայն, երբ կլռեն զենքերը և կսկսվի երկխոսությունը»։ Նորին Սրբությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ կոչեր էր արել նաև 2022թ. դեկտեմբերի 18-ին և հունվարի 10-ին՝ Սուրբ Աթոռի մոտ հավատարմագրված դիվանագիտական մարմնի անդամներին ուղղված ճառի ընթացքում, որպեսզի «կայուն և ընդունելի լուծումներ գտնեն հարցերին»։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց